Logo

Սպիտակ տան տիկնայք մեկ ֆիլմաշարում

Հեղինակ
Ելենա Մարգարյան
13:29 / 25.04.2022Կինո
White House ladies


The Crown-ը ներկայացնում է Սպիտակ տան առաջին տիկնանց նվիրված «փառահեղ տեսարաններով» շոու-ֆիլմաշար՝  նրանցից յուրաքանչյուրի հասարակական դերի ներկայացմամբ:


ԱՄՆ առաջին տիկնոջ դերի ներկայացումը որպես ամուսնու ստվերում ապրող, բերանփակ, սեփական կարծիքը չարտահայտող, Սպիտակ տունը Սուրբ ծննդին զարդարող՝ արդեն անախրոնիզմ է՝ հնօրյականություն, որի սկիզբը դրեց Հիլարի Քլինթոնը: Ամուսնու՝ Բիլ Քլինթոնի նախագահ դառնալուց հետո նա ստանձնեց Սպիտակ տան առողջապահական աշխատանքային խմբի ղեկավարումը: Հակազդեցությունն այս ամենին այնքան ակնառու և ազդեցիկ էր, որ հետագայում նույնիսկ «դաս» էր բոլոր առաջին տիկնանց համար որևէ աշխատանքային գործունեություն ծավալելիս. նրանք հետայդու փորձում են գործել որպես մայրական ջերմ ու քնքուշ վերաբերմունքի տարածող: Ներկայիս առաջին տիկին՝ դոկտոր Ջիլ Բայդենը շարունակում է դասավանդել, սակայն, հանրության մեջ իր ներկայությունն արդարացվում է ավանդական օրակարգով՝ օգնել զինծառայողների ընտանիքներին: Հասարակական գործունեություն ծավալելու «փորձերը» Միշել Օբամայի դեպքում ևս հարձակումների առիթ դարձան հատկապես Բարաք Օբամայի քաղաքական հակառակորդների կողմից՝ չնայած նրան, որ մանկական գիրության կանխարգելման ծրագիրը միայն դրական հետևանքներ կարող էր թողնել ամերիկյան հասարակության վրա: Քանի որ այս ամենը կարող էր ամուսնու քաղաքական կարիերայի և ինքնության վրա մեծ ու վտանգավոր ազդեցություն ունենալ, սահմանափակել նրա նպատակների իրագործումը, որպես սիրող կին՝ Միշել Օբաման սանձազերծեց ամուսնուն որևէ կերպ վնասելու՝ իր կողմից եկող վտանգը: 


Առաջին տիկին լինելն անե՞ծք է, թե՞ նվեր: 


Շարքը սկսվում է տիկնանց՝ իրենց պաշտոնական դիմանկարները նկարելու տեսարաններով, ինչն ազդակ է այն մասին, որ սպասվում է ներթափանցում դեպի նկարներ: Երեք պատմությունները՝ նվիրված Էլեոնոր Ռուզվելտին, Բեթի Ֆորդին և Միշել Օբամային՝ համադրված են տասը դրվագներում, որտեղ տիկնայք հանդես են գալիս տարբեր իրադրություններում՝ գրավելով հերոսուհիներին իրենց կյանքի միանման պահերին: Ֆիլմաշարում նրանց կարելի է դիտարկել պարզապես որպես երիտասարդ կանանց, որոնց մարմնավորում են տարբեր դերասանուհիներ: Մեկը կարող է տեսնել, որ կրտսեր Բեթի Ֆորդը (Քրիստին Ֆրոզեթ) պար է սովորում Մարթա Գրեհեմի հետ,  բաժանվում է իր առաջին դաժան ամուսնուց, մեկ ուրիշը կարող է տեսնել նրանց իրենց ամուսինների՝ պաշտոն ստանձնելու նախապատրաստական աշխատանքների ժամանակ, և այդպես շարունակ մինչև Սպիտակ տան հետընտրական տարիները:


Էլեոնոր Ռուզվելտի կերպարը ֆիլմաշարում մարմնավորում է Ջիլիան Անդերսոնը՝ ներկայացնելով նրա կերպարը որպես ռադիոհաղորդում, թերթի առանձին բաժին ունեցող, ինչպես նաև կանանց իրավահավասարությունը և քաղաքացիական իրավունքները պաշտպանող հերոսուհու: Նա 20-րդ դար բերեց առաջին տիկնոջ մի կերպար, որը, ցավոք, նահանջ ապրեց հետագայում: Ֆիլմում պատկերվում է Էլեոնոր Ռուզվելտի և Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի ամուսնության պատմությունը՝ զտված շերտերով (պատերազմական շրջանում նա ճնշում է գործադրել ամուսնու վրա՝ պատերազմի փախստականների համար վիզա ձեռք բերելու համար, մամուլի ասուլիսներ է հրավիրել միայն կին լրագրողների համար՝ չնայած այդ ժամանակահատվածում նրանց քիչ լինելուն): Սերիան իր հոգեպարար հանգուցալուծման է հասնում այն պահին, երբ ի հայտ են գալիս տիկնոջ փխրուն զգացմունքները՝ ջախջախիչ հիասթափություն, ինքնասիրության կոտրված զգացում՝ Ֆրանկլինին (Քեֆիր Սազերլենդ) իր իսկ քարտուղար Լյուսի Մերսերից (Մարիա Դիզիա) ստացված սիրային նամակների բացահայտմամբ: Երկար տարիների միայնակության, հոգեկան անապահով զգացողություններից հետո ֆիլմում շեշտվում է, թե որքան կարևոր էր այս կնոջ համար կրկին սիրված ու գնահատված լինելը: Սա բացահայտվում է լրագրող Լորենա Հիքոքի (Լիլի Ռեյբ) հետ սիրային կապի ստեղծման ժամանակ: Լրագրողը կարողանում է կյանքի կոչել Ռուզվելտին՝ նրա արած գործին, համբավին ու ձեռք բերված հաջողություննրին մեծ կարևորություն տալով, կարծես նրա ունեցած դերն ու դիրքն իր իսկ համար բացահայտելով:

լեոնոր Ռուզվելտ


Բեթի Ֆորդն առաջին տիկնանց շարքում առանձնացել է կրծքագեղձի քաղցկեղ հիվանդության մասին Սպիտակ տանն իրազեկվածությունը բարձրացնելու գործունեությամբ:  Ունենալով այդ հիվանդության ախտորոշումը և օգտագործելով այն՝ նա հասավ նրան, որ հիմնեց այժմ հայտնի Բեթի Ֆորդի կենտրոնը Կալիֆորնիայում՝ թմրանյութերի և ալկոհոլի բուժման համար: Ֆորդի դերում հանդես է գալիս Միշել Պֆայֆերը՝ կրելով նրա խելքը, ուժն ու խոցելիությունը: Բեթի Ֆորդը ներկայացվում է ամենադինամիկ պատմություններում, ոչ անթերի, սակայն խիստ համակրելի կերպարով: Իր անձնական ողբերգությունները վերածելով հանրային առողջության արժեքավոր խնդիրների՝ նա կարող է շատ ամերիկացիների կյանքում փոխել ավելին, քան պատմության մեջ որևէ այլ առաջին տիկին: Ամուսնու՝ նախագահ դառնալուց հետո նա բարձրաձայնում է քաղցկեղի՝ իր ախտորոշման մասին՝ կոչ անելով կանանց մամոգրաֆիա անել այն ժամանակ, երբ քաղցկեղը դեռ պարզապես շշուկով մի բառ է: Սպիտակ տանը նա պայքարում է հավասար իրավունքների փոփոխության ընդունման համար և տարաձայնությունների մեջ է հայտնվում Ֆորդի աշխատակազմի ղեկավար Դոնալդ Ռամսֆելդի (Դերեկ Սեսիլ) և Ռամսֆելդի տեղակալ Դիկ Չեյնիի (Ռիս Ուեյքֆիլդի) հետ, որոնք փորձում են նրան չեզոք գոտում պահել։

Բեթի Ֆորդ

Միշել Օբամային վերաբերող շարքը սկսվում է՝ ներկայացնելով Օբամայի կարիերան որպես իրավաբան և ադմինիստրատոր, որը զբաղվում է համայնքի իրազեկմամբ Չիկագոյի հիվանդանոցում: Միշելը խնամում է Սպիտակ տան իր խոհանոցային պարտեզը, ինչպես դա անում էր իրական կյանքում: Իսկ ահա կուլիսներում հորինված Միշելն անընդհատ կռվի մեջ է մտնում ամուսնու աշխատակազմի ղեկավար Ռահմ Էմանուելի (Մայքլ Արոնով), իսկ ավելի ուշ՝ Հիլարի Քլինթոնի (Քեյթ Բերթոն) հետ: Միշելի և Քլինթոնի միջև առերեսում է տեղի ունենում 2008 թվականի նախագահական արշավում՝ Բարաք Օբամայի հետ հակամարտության հետ կապված: Այստեղ փորձ է արվում ցույց տալ Միշել Օբամային որպես սկզբունքային և կոշտ մտածելակերպի տեր կին, սակայն այս ամենը դառնում են նրա՝  քաղաքականապես միամիտ լինելու փաստարկներ: Ֆիլմի որոշ տեսարաններում Մ. Օբաման հանդես է գալիս մուլտֆիլմային կերպարով՝ կարծես ամուսնու խղճի մարմնավորմամբ:

Միշել Օբամա

Շոու-ֆիլմաշարի պրեմիերան տեղի է ունեցել հենց այս ամիս, նրան շարունակականություն տալու միտում կա, որպեսզի այլ տիկնանց անդրադառնալու առիթ ևս լինի: