Logo

Սթրեսն արագացնում է իմունային համակարգի ծերացումը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:08 / 15.06.2022Լրահոս
Իմունային համակարգ

Հարավային Կարոլինայի համալսարանն իմունային համակարգի արագացված ծերացումը պայմանավորել է սթրեսի հետ

Հարավային Կարոլինայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սթրեսն արագացնում է իմունային համակարգի ծերացումը՝ պոտենցիալ մեծացնելով քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների և վիրուսային վարակների ծանրության ռիսկը: Հետազոտության արդյունքները հրապարակված են «Proceedings of the National Academy of Sciences» ամսագրում։

Տարիքի հետ իմունային համակարգը բնական ճանապարհով սկսում է կտրուկ նվազեցնել իր ակտիվությունը: Մարդու իմունային պրոֆիլը թուլանում է և արտահայտվում է մաշված լեյկոցիտների ավելցուկով և թարմ, «միամիտ» լեյկոցիտների պակասով, որոնք պատրաստ են դիմակայել վարակներին և վնասված բջիջներին: Իմունային ծերացումը կապված է ոչ միայն քաղցկեղի, այլ նաև սրտանոթային հիվանդությունների, թոքաբորբի ռիսկի բարձրացման, պատվաստանյութի արդյունավետության նվազման և օրգանների դիսֆունկցիայի հետ:

Գիտնականները վերլուծել են 50-ից բարձր 5744 մեծահասակների տվյալները, որոնք լրացրել են հարցաթերթիկ կյանքի տարբեր հանգամանքների պատճառով սթրեսի մակարդակը գնահատելու համար: Կամավորների արյան նմուշներն ուսումնասիրվել են հոսքային ցիտոմետրիայի միջոցով՝ արյան բջիջները լազերի միջոցով հաշվելու և դասակարգելու մեթոդ:

Պարզվել է, որ սթրեսի ավելի բարձր միավորներ ունեցող մարդիկ ավելի հին իմունային պրոֆիլ են ունեցել՝ մաշված լեյկոցիտների բարձր տոկոսով: Կյանքի սթրեսային իրադարձությունների և ավելի քիչ ակտիվ բջիջների միջև կապը զգալի է մնացել նույնիսկ անկախ կրթության մակարդակից, ծխելուց, ալկոհոլի գործածումից, մարմնի զանգվածի ինդեքսից, ռասայից կամ էթնիկ պատկանելությունից:

Հետազոտողները ասում են, որ տարեցների սննդակարգի և ֆիզիկական վարժությունների բարելավումը կարող է օգնել՝ փոխհատուցելու սթրեսի հետ կապված իմունային ծերացումը: