Logo

Սոֆիի օրագրից. ինչու՞ օրագիր

Հեղինակ
Ասպրամ Սարատիկյան
00:00 / 03.06.2020Հոդվածներ
Բացառիկ
97522170 610457023155792 518136698446544896 n - Սոֆիի օրագրից. ինչու՞ օրագիր

Ես Սոֆին եմ` 26 տարեկան: Ծնվել և ապրում եմ Երևանում, ասում են, թե շփվող եմ եւ գերակտիվ, ինձ թվում է, թե դա ճիշտ չէ, ես ուղղակի քաղաքավարի եմ և ատում եմ կոնֆլիկտները, այլ մարդկանց կյանքի, խոհանոցում փշրված ափսեների եւ անկողնու մանրամասները, դրանք ինձ ձանձրացնում են, երբ դառնում են ուղղակի տեղեկացված լինելու պատմություններ, բայց ինձ գրավում են այդ պատմությունների հոգեբանական ու մարդկային հարաբերությունների կողմը: Մի խոսքով, ընկերուհուս նախկին ընկերն ինձ ասում էր, թե մարդկային հոգիների ճարտարապետ եմ: 

Իմ կյանքը չափից դուրս խառը ստացվեց: Ես անկախության սերնդից եմ, ազատ եւ անկախ Հայաստանի մի կտորը: Անցումային ժամանակներում հասարակությունները բեւեռացված են լինում, եւ ես այդ բեւեռներից մեկում եմ, սակայն հասկանում եմ, որ մեր հիմնական խնդիրը երկխոսության բացակայությունն է, ուստի փորձում եմ որքան էլ բեւեռներից մեկի արժեհամակարգի կրողն եմ, չդիրքավորեմ ինձ էդպիսին: 

Այս հասարակությունում աղջիկ լինելը, մեղմ ասած, բարդ է:

Եթե աղջիկ ես, ապա պիտի լինես կույս, անկախ տարիքից եւ անձնական կյանքում ունեցած կամ չունեցած փորձից, եթե աղջիկ ես, ապա պիտի չձգտես ղեկավար դիրքերի, եթե աղջիկ ես, ապա պիտի ապրես այնպես, որ քեզնից գոհ լինի քո մաման, պապան, դասղեկը, կուրսղեկը, կուրսի տղերքը, կողքի ֆակուլտետի Լառան, Լառայի քեռու տղան, որ քեզ հավանում ա, իրա ընկերը, ընկերոջ շունը, շան տիրոջ մերը, մի խոսքով, քո կյանքում քայլերը պիտի լինեն բոլորի սրտով, անկախ ձեր մտերմությունից, անգամ անկախ նրանից, որ դուք առհասարակ ոչ մի շփում չունեք:
Հայաստանում կամ այսպես է կամ դու թքում ես բոլորի վրա ու քո սիրուն կամ տգեղ ոտքերին ու ոտքերի թաթերին չի, թե շրջապատն ինչ է մտածում քո մասին: 

Այս երկու ծայրահեղությունների մեջ Սոֆին գտել է ոսկե միջինը: 

Իմ կյանքն անցնում է երեւանյան աղմկոտ երեկոների եւ բարեկամների հետ երեկոյան խնջույքների արանքում: Ես գրում եմ, նայում եմ ֆիլմեր, փորձում եմ նոր հմտություններ ձեռք բերել, նվագում եմ կիթառ, սիրում եմ խոհանոցում համեղ կամ ոչ այնքան համեղ բայց նորարար բաներ պատրաստել: Վերջին մեկ տարին իմ կյանքում իմ եւ Էդի հարաբերությունների բուռն միացումներով եւ բաժանումներով է ընթացել, խելահող պատմություն է, որին կանդրադառնամ ընթացքում, եթե մեկ բառով, ապա հեղափոխական տարի էր, իսկ հիմա բոլորիս միավորում է նույն դարդը, նույն կռիվն ու անհանգստությունները: Համավարակի ընթացքում ես մի քանի անգամ մտածեցի օրագիր պահելու մասին, հա, մոռացա ասել, այսօր արտակարգ դրության 75-րդ օրն է, ես երբեւէ օրագիր չեմ ունեցել, այս օրերին իմ կյանքի փոփոխություններից մեկն էլ այս օրագիրն է: 

Թվային ժամանակներում մենք օրագրեր պահելու կարիք կարծես չունենք, քանզի ֆեյսբուքը շատերի համար օրագիր է, շատերի համար քոմեդի ժանրի նոթատետր, ոմանք էլ այն դարձրել են քաղաքական գործիք, ես համարվում եմ ակտիվ օգտատեր, սակայն այնտեղ Սոֆիին ճանաչելը գրեթե անհնար է: Սոցցանցերում ես չեմ տեղադրում իմ առօրյայից շատ նյութեր, այնտեղ չկան իմ ընկերների հետ իմ նկարները, անձնական կյանքիցս մանրամասներ եւ այլն: Ես այն մարդկանցից չեմ, որ քննադատում է բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը ֆեյսբուքյան էջերում են տեղադրում, ես ինքս եմ առաջին լայքողն այդ գրառումների: 

Թվային ժամանակներում մեր թվային կերպարը պիտի միշտ հաղթի իրականին, դա ներանձնային եւ միջանձնային խնդիրների պատճառ է դառնում հաճախ, ընկերները միմյանցից հեռանում են, ոմանք իրենց արյունակցական բարեկամներին բլոկլիսթերում են ավելացնում, միայն թե չլինի իրականի ու թեվայինի բախումը: 

Ինձ համար դա տրագիկոմեդիայի էֆեկտն է տալիս: Ես քմծիծաղում եմ եւ տխրում այդ առիթով: Էլ չեմ խոսում, որ իդեալական կյանքերի հավերժ միֆն է այդ էջերում: 

Երեւի այս ամենն է պատճառը, որ ես օրագիրս չտվեցի ֆեյսբուքյան պատերին: 

Ինչեւէ, ես Սոֆին եմ, եւ որոշել եմ գրել օրագիր, որտեղ կլինեն իմ կյանքի մասին նոթեր: Ես իհարկե հասկանում եմ, որ հնարավոր է, որ իմ աշխարհն այնքան էլ հետաքրքիր չլինի ընթերցողներին, բայց կարծում եմ, որ կկարողանամ այնպիսի 

թեմաներ քննարկել, որ ասեք՝ տեսնենք Սոֆին ի՞նչ է գրել: 

 

Ձեր Սոֆի