Logo

Telegram-ը գործարկել է վճարովի Premium բաժանորդագրություն․ ահա՛, թե ինչ է այն տալիս 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:29 / 20.06.2022Լրահոս
Telegram-2022

Կան բազմաթիվ բարելավումներ և բոնուսներ, բայց գինն էլ սպասվածից բարձր է:

Telegram-ն իր բլոգում հայտնել է, որ մեսենջերի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 700 միլիոնը։ Պրեմիում բաժանորդագրության պաշտոնական մեկնարկը համընկնում է այդ իրադարձության հետ և կնպաստի ծառայության հետագա զարգացմանը:

Telegram Premium-ի միջոցով հավելվածի գրեթե բոլոր լիմիտները կրկնապատկվում են. կարող եք բաժանորդագրվել մինչև 1000 ալիքի, ստեղծել մինչև 20 թղթապանակ, որոնցից յուրաքանչյուրը կտեղավորի 200 չաթ, ավելացնել չորրորդ հաշիվը հավելվածում, միացնել մինչև 10 զրույց հիմնական ցուցակում և պահել մինչև 10 ստիկեր:

Telegram-Premium

Բաժանորդագրությունն օգտատերերին թույլ կտա նաև՝

  • վերբեռնել ֆայլեր մինչև 4 ԳԲ նախկին 2 ԳԲ-ի փոխարեն,
  • թաքցնել ալիքների գովազդային հաղորդագրությունները,
  • բեռնել ֆայլերն առավելագույն արագությամբ, առանց սահմանափակումների,
  • ուղարկել եզակի ստիկերներ և արձագանքներ,
  • ավելացնել ավելի երկար նկարագրություն «Իմ մասին» բաժնում, ինչպես նաև օգտագործել ցանկացած հղում,
  • ավելացնել ավելի երկար ենթագիր լուսանկարին կամ տեսանյութին,
  • ցանկացած թղթապանակ դարձնել լռելյայն, որպեսզի հավելվածը միշտ բացվի, օրինակ՝ «Աշխատանք» կամ «Չընթերցված» թղթապանակում «Բոլոր զրույցների» փոխարեն,
  • միաժամանակ օգտագործել մինչև 20 հարմար կարճ հանրային հղումներ, ինչպիսին է t.me/-ը սեփական խմբերի և ալիքների համար.
  • ավտոմատ արխիվացնել նոր զրույցները և անջատել դրանց մասին ծանուցումները, որպեսզի նույնիսկ ամենաերկար զրույցների ցուցակները միշտ մնան կատարյալ հերթականությամբ,
  • ձայնային հաղորդագրությունները դարձնելլ տեքստային՝ կոճակի մի հպմամբ,
  • օգտագործել նոր հավելվածի պատկերակները (iOS)՝ Telegram Premium խորհրդանիշ, գիշերային երկինք և ռեակտիվ թղթե ինքնաթիռ:

Չաթի ցուցակի բոլոր բաժանորդները չաթի վերին տողում և խմբի անդամների ցանկում կունենան աստղանիշով հատուկ Premium պատկերակ, որը խորհրդանշում է նրանց ներդրումը Telegram-ին աջակցելու գործում: Նրանք նաև կունենան միշտ ակտիվ վիդեո ավատարներ, որոնք կերևան բոլոր օգտատերերի համար հավելվածի բոլոր բաժիններում:

Պրեմիում բաժանորդագրության արժեքն ամսական մոտ 3000 դրամ է: Առայժմ այն հասանելի է միայն iOS-ի համար: