Logo

Tesla-ն հետ է կանչում 130 000 մեքենա սենսորային էկրանի խնդիրների պատճառով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:54 / 11.05.2022Լրահոս
Tesla-2022

Tesla-ն ԱՄՆ-ում հետ է կանչում 130 000 մեքենա` սենսորի հետ կապված խնդրի պատճառով։ Մեքենաների տեղեկատվա-ժամանցային համակարգերի կենտրոնական պրոցեսորը գերտաքանում է արագ լիցքավորման ժամանակ, ինչը կարող է հանգեցնել մեքենայի սենսորային էկրանի անսարքությանը կամ ամբողջովին անջատմանը: Էլեկտրական մեքենաներ արտադրողը սկսել է տարածել ծրագրային ապահովման թարմացում` վերը նշված խնդրով մեքենաների խնդիրը կարգավորելու համար, այդ թվում՝ 2022-ի Model 3-ը և Y-ը, ինչպես նաև 2021 և 2022 թվականների Model X-ն ու S-ը:

«Արագ լիցքավորման ժամանակ կամ դրան նախապատրաստվելիս տեղեկատվա-ժամանցային կենտրոնական պրոցեսորային միավորը («CPU») կարող է բավականաչափ սառը չլինել՝ կանխելու համար սպասվող ջերմաստիճանի բարձրացումը, իսկ դա կարող է հանգեցնել պրոցեսորի դանդաղ աշխատանքին կամ վերագործարկմանը։ Դրա հետևանքով կենտրոնական էկրանը դանդաղ կբացվի կամ դատարկ ցույց կտա»,- հաղորդում է Ազգային մայրուղիների երթևեկության անվտանգության վարչությունը (NHTSA): 

Tesla issues

Հստակ չի բացատրվում, թե ինչն է առաջացրել նման խնդիր, կամ ինչպես կլուծի այն ծրագրային ապահովման թարմացումը, բայց, կարծես թե, դա կապված է նրա հետ, թե ինչպես է մեքենան պատրաստում մարտկոցը Supercharger-ն օգտագործելու համար:

Ըստ NHTSA-ի՝  խնդիրը կարող է խանգարել վարորդներին օգտագործել պահուստային տեսախցիկ, սենսորային էկրանով փոխանցում կատարել և կարգավորել դիմապակու մաքրիչների արագությունը (Tesla-ի որոշ մոդելներ ավտոմատ կարգավորում են դիմապակու մաքրիչների արագությունը, իսկ ձեռքով կառավարումը գործում է միայն կենտրոնական կառավարման համակարգից): Ամեն դեպքում, առայժմ այդ խնդրով պայմանավորված միջադեպեր, մահվան ելքով վթարներ տեղի չեն ունեցել։

Tesla-ն տարիների ընթացքում մի քանի անգամ հետ է կանչել իր մեքենաները։ Անցյալ տարվա դեկտեմբերին ընկերությունը հետ էր կանչել գրեթե կես միլիոն Model 3 և Model S մեքենա՝ բեռնախցիկի համակարգի անսարքության պատճառով: Վերջերս Tesla-ն հետ կանչեց ևս 579 000 էլեկտրամեքենա՝ «boombox» գործառույթը հեռացնելու համար: