Logo

Թիմ Քուկի՝ 2022 թվականի կանխատեսումները

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 28.12.2021Լրահոս
Թիմ Քուկ

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկը մեր ապագան տեսնում է ընդլայնված իրականության մեջ և խաղադրույք է կատարում հեռաբժշկության զարգացման վրա: RBC Trends-ը հավաքել է թոփ-մենեջերի կանխատեսումները 2022 թվականի համար:

Քուկը խոստովանում է, որ 2022 թվականին հիմնական տեխնոլոգիական միտում ընդլայնված իրականությունը կօգտագործվի բոլոր ոլորտներում։

Ի՞նչ այլ միտումներ է կանխատեսում Apple-ի գործադիր տնօրենը՝

AR ականջակալ՝ iPhone-ի փոխարեն

Apple-ը կարող է ներկայացնել ընդլայնված իրականության երկար սպասված ականջակալը 2022 թվականին։ Այն շատ ավելի հզոր կլինի, քան iPhone-ը և կփոխարինի սմարթֆոններին առաջիկա 10 տարում։ AR-ի օգնությամբ հնարավոր կլինի խաղալ, շփվել և փոխանակել մուլտիմեդիա ֆայլեր։ Ականջակալը կաշխատի Apple-ի սեփական չիպով և հզորությամբ համեմատելի կլինի MacBook-ի հետ: Գաջեթը կարժենա 300-900 դոլար:

Կրիպտոարժույթներ Apple Pay-ում

Թիմ Քուկը չի թաքցնում, որ անձամբ է ներդրումներ կատարել կրիպտոարժույթում և «որոշ ժամանակ» հետաքրքրվել է դրանով։ Նրա խոսքով «խելամիտ է ունենալ կրիպտո՝ որպես դիվերսիֆիկացված պորտֆոլիոյի մաս»: Այնուամենայնիվ, Apple-ը չի նախատեսում կրիպտոարժույթ ընդունել Apple Pay-ում «մոտ ապագայում»։ Բայց ամեն դեպքում Apple-ը դիտարկում է նման հնարավորությունը։

Բժշկական գրառումներ iPhone-ում 

Դեռևս 2018 թվականին Apple-ը Կալիֆորնիայում կլինիկաների ցանց էր բացել AC Wellness անվամբ: Առայժմ նրանց հեռաբժշկության ծառայությունները հասանելի են միայն Apple-ի աշխատակիցներին, հիմնականում Սանտա Կլարա շրջանում, որտեղ գտնվում է ընկերության գլխավոր գրասենյակը:

Այնուամենայնիվ, Apple-ը պատրաստվում է «զգալի ներդրում ունենալ» առողջապահության ոլորտում։ Ընկերությունը ներկայումս ջանքեր է գործադրում բժշկական գրառումները iPhone-ին փոխանցելու համար։ Այն դեռ գտնվում է բետա թեստավորման փուլում, սակայն մոտ հարյուր հիվանդանոց արդեն գրանցվել է, և ընկերությունը նախատեսում է ընդլայնել շրջանակը ԱՄՆ ողջ առողջապահական համակարգում։ 2022 թվականին ամերիկացի վնասվածքաբանները նաև կկարողանան օգտագործել T6 հավելվածը iPad-ում, որն իրական ժամանակում հետադարձ կապ կտրամադրի հիվանդանոցի թիմին:

Սարքերի ինքնուրույն վերանորոգում 

2021 թվականի աշնանը Apple-ը հայտարարել է ինքնավերանորոգման ծրագրի մասին, որը հաճախորդներին հնարավորություն կտա օգտվել ընկերության իսկական մասերից, գործիքներից և ձեռնարկներից՝ որոշ սարքեր վերանորոգելու համար՝ սկսած iPhone 12-ից և 13-ից: Ծրագրի շրջանակներում սկզբում հնարավոր կլինի փոխարինել սարքի էկրանը, մարտկոցը և տեսախցիկը, իսկ ավելի ուշ հասանելի կդառնա չիպերի փոխարինումը Mac-երում՝ սկսած M1-ից, ներառյալ MacBook Air-ը, MacBook Pro-ն, Mac mini-ն և iMac-ը:

Թիմ Քուկը խոստացել է, որ ծրագիրը կմեկնարկի 2022 թվականի սկզբին ԱՄՆ-ում և կտարածվի այլ երկրներում մեկ տարվա ընթացքում: