Logo

Toshiba-ն վաճառքի է հանվել․ բաժնետոմսերը թանկացել են

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:05 / 25.04.2022Լրահոս
Toshiba

Ճապոնական Toshiba կորպորացիայի ղեկավարությունը հայտարարել է «պոտենցիալ ներդրողներից ու հովանավորներից ռազմավարական այլընտրանքների, այդ թվում՝ սեփականաշնորհման» համար դիմումների հավաքագրման մեկնարկի մասին։ Որպես գնորդների որոնման և հայտերի քննարկման ֆինանսական խորհրդատու՝ ընտրվել է Nomura Securities ներդրումային բանկը։

«Հայտերը կընդունվեն մինչև հունիսին կայանալիք Toshiba-ի բաժնետերերի ընդհանուր ժողովը»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ընկերության վաճառքի փաստացի հայտարարությունը հանգեցրել է Տոկիոյի ֆոնդային բորսայում դրա բաժնետոմսերի ավելացմանը գրեթե 5%-ով։ Ֆոնդային շուկան այս հայտարարությունը դրական նորություն է համարել. 146 տարի առաջ ստեղծված Toshiba-ի վերջին տասնամյակը լի էր բազմաթիվ խնդիրներով և սկանդալներով։ 2015-ին ֆինանսական հաշվետվությունների սկանդալից և ամերիկյան ստորաբաժանման՝ Westinghouse Electric-ի հետ կապված խնդիրներից հետո Toshiba-ն 2017-ին փոխեց ղեկավարությունը և ծավալեց մասշտաբային վերակազմավորում:

Մեկ տարի առաջ CVC Capital Partners ներդրումային հիմնադրամը Toshiba-ն գնելու առաջարկ է արել։ Գործարքի ծավալը կարող էր կազմել մոտ 20 մլրդ դոլար, սակայն այն չկայացավ, քանի որ տնօրենների խորհուրդը «որոշեց հրաժարվել դրանից»։ Փետրվարին կորպորացիան հայտարարեց երկու ընկերությունների բաժանվելու պլանների մասին, սակայն Toshiba-ի բաժնետերերը չաջակցեցին դրան: Ըստ լրատվամիջոցների՝ բաժնետերերը հորդորել են գտնել ներդրող, որը կարող է գնել ամբողջ ընկերությունը։