Logo

ՏՏ-ն Հայաստանում․ ինչպես սկսվեց ամեն ինչ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:00 / 24.06.2022Լրահոս
Բացառիկ
տեղեկատվական տեխնոլոգիա

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում այսօր ամենաարագ զարգացողներից է։ Անգամ կորոնավիրուսային սահմանափակումների ժամանակ առաջատար տեխնոլոգիաներն առաջընթաց են ապրել։ Այդ ամենը՝ հիմա, իսկ ի՞նչ ենք ունեցել մինչ այս։

Առաջատար՝ նաև Խորրդային Միությունում

Հրազդան մեքենա

Հայաստանի Հանրապետության տեխնոլոգիական ոլորտի զարգացումն անցել է 2 հիմնական փուլ՝ խորհրդային և հետխորհրդային։

Խորհրդային շրջանում հանրապետությունը ԽՍՀՄ ինֆորմատիկայի և էլեկտրոնիկայի ոլորտների առաջատար գիտահետազոտական և արդյունաբերական կենտրոններից էր։ Կիսահաղորդիչներ արտադրող մի շարք ձեռնարկություններ գործում էին ԽՍՀՄ կառավարության խոշոր ու միջին պատվերներով, որոնք ուղղված էին հիմնականում արդյունաբերության և պաշտպանության ոլորտների ապահովմանը։

Հայտնի «Արագածն» ու «Հրազդանը»

Սառնարանային սարատով

Համակարգիչների և հարակից սարքավորումների նախագծման ու արտադրման նպատակով 1956 թվականին ստեղծվել է Երևանի մաթեմատիկական մեքենաների (ԵՄՄ) Գիտահետազոտական ինստիտուտը։ Արդեն 1959 թվականին ինստիտուտը նախագծել է վակուումային սարքերով աշխատող 1-ին սերնդի «Արագած», 1961 թվականին՝ կիսահաղորդիչ տարրերով աշխատող 2-րդ սերնդի «Հրազդան» համակարգիչները։

Հրազդան համակարգիչներ

1960-ական թվականների սկզբին ինստիտուտն սկսել է նախագծել հզոր Էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ, ավտոմատ հսկիչ համակարգեր, ինչպես նաև օպերացիոն համակարգեր, ցանցային և կիրառական այլ ծրագրեր։

Թռիչք դեպի Լուսին 

Թռիչք դեպի Լուսին 

Երևանի մաթեմատիկական մեքենաների Գիտահետազոտական ինստիտուտը ԽՍՀՄ առաջատար մասնագիտացված հաստատությունն էր, որը մշակել է «Նաիրի» միկրոծրագրային համակարգչային համակարգը։ Վերջինս ստացել է ավելի քան 40 արտոնագիր և ներկայացվել միջազգային 20 ցուցահանդեսում։ Սեփական արտադրամասերում ինստիտուտը նախագծել և արտադրել է բազմաթիվ համակարգիչներ, որոնց մի մասը համատեղելի էր «Digital Equipment» ընկերության PDP և IBM հզոր համակարգիչների հետ։

Ինստիտուտի մշակած ES շարքի համակարգչային համակարգերը լայնորեն կիրառվել են երկրի գիտության և արդյունաբերության տարբեր ոլորտներում։ Ինստիտուտի կարևորագույն նվաճումներից էր նաև հեռահաղորդակցման համակարգի ստեղծումը, որը նախատեսված էր դեպի Լուսին թռիչքի համար։
Ինստիտուտում 1980-ական թվականներին աշխատել է շուրջ 10 հազար մարդ։

Միկրոսխեմաներ, միկրոէլեկտրոնիկա

ԵրՄՄԳԻ մոնտաժային բաժնում

Երկրում ստեղծվել են նաև էլեկտրոնային ու կիսահաղորդչային սարքերի արտադրությամբ և գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող մի շարք արտադրական ձեռնարկություններ։ «Տրանզիստոր» կիսահաղորդիչների գիտաարտադրական գործարանը (1958) տրանզիստորների և ուժեղացուցիչ դիողների արտադրության առաջատարն էր ԽՍՀՄ-ում։ 1964-1965 թվականներին Աբովյան քաղաքում հիմնադրվել են ռադիոէլեկտրոնային բաղադրիչներ արտադրող «Սիրիուս» և դիողներ ու ինտեգրալ հիբրիդային միկրոսխեմաներ արտադրող «Պոզիստոր» միկրոէլեկտրոնիկայի գործարանները։

Հրազդան 3 մեքենան

Միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական տեխնոլոգիաների ինստիտուտը (1966) մշակել է միկրոէլեկտրոնային սխեմաներ, չափման ավտոմատ ու էլեկտրոնային այլ բարդ սարքեր։ 1978 թվականին ստեղծված Երևանի կապի գիտահետազոտական ինստիտուտը սիլիկոնային բարակ թաղանթի տեխնոլոգիայի հիման վրա արտադրել է ինտեգրալ սխեմաներ և այլն։ 1986 թվականին կառուցվել է Աշտարակի կիսահաղորդիչների և էլեկտրոնիկայի արտադրության գործարանը (կիսահաղորդչային թիթեղներ, միկրոսխեմային հարթակներ, արևային մարտկոցներ և էլեկտրոնային այլ սարքեր)։ Ինտեգրալ միկրոսխեմաների և էլեկտրոնիկայի «Մարս» գործարանը (հիմնադրվել է՝ 1988) ստեղծվել էր տպատախտակներ ու ինտեգրալ միկրոսխեմաներ արտադրելու համար։

Հայկական առաջին ՏՏ մասնավոր ընկերությունը

Հայկական ծրագրեր

1980-ական թվականների վերջին խորհրդային տնտեսության ազատականացումից հետո ստեղծվել են նոր ընկերություններ, որոնք տրամադրել են համակարգերի ինտեգրման ծառայություններ և կատարել ծրագրակազմերի մշակման հատուկ պատվերներ։ Այդ շրջանում ընկերությունները մասնագիտացել են հիմնականում տեղական շուկայի համար հաշվապահ, և ֆինանս, ծրագրային փաթեթների մշակման համակարգչային սարքերի համալրման ու վաճառքի, արտաքին պատվերների կատարման (աուտսորսինգային ծառայություններ) ուղղությամբ։ Հայկական առաջին ՏՏ մասնավոր ընկերությունը՝ «Հայկական ծրագրերը», ստեղծվել է 1987 թվականին։

1990 թվականին հանրապետությունում գործել են 40 խոշոր գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտներ և արտադրական միավորումներ։ Հայաստանն այդ ժամանակ նույնպես պահպանել է իր առաջատար դիրքն էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Խոշոր ռազմական պատվերներից՝ ծրագրային ծառայություններ

ՏՏ-Հայաստան

ԽՍՀՄ-ի փլուզումով արմատապես փոխվել է Հայաստանի ՏՏ ոլորտի ուղղվածությունը. խոշոր ռազմական պատվերներից անցում է կատարվել շուկայի պահանջարկը բավարարող ծրագրային լուծումների և ծառայությունների։ Աստիճանաբար կազմավորվել են նոր ընկերություններ, ստեղծվել ՏՏ նոր ձեռնարկություններ։

1990-ական թվականներին Երևանում մասնաճյուղեր են հիմնադրել ծրագրավորման ԱՄՆ-ի մի շարք ընկերություններ, այդ թվում՝ Boomerang Software (ինտերնետային կիրառվող ծրագրեր), Credence Systems (կիսահաղորդիչների նախագծման և թեստավորման լուծումներ), Cylink (ցանցային անվտանգության արտադրանք) և VPN (վիրտուալ մասնավոր ցանցի լուծումներ), Epygi Technologies (IP PBX կայաններ), HPL Technologies (եկամտաբերության կառավարման ծրագիր և թեստավորման միկրոսխեմաների լուծումներ), Virage Logic (ներկառուցված բարդ հիշողություն) և այլն։ ՏՏ ոլորտի կայացմանը մեծապես նպաստել է սփյուռքահայությունը։ Նրանց շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում հիմնվել են արտասահմանյան բազմաթիվ ընկերություններ և մասնաճյուղեր։

Գոյություն ունեցող հզոր գիտակրթական հիմքի վրա հանրապետությունում ձևավորվել է կիսահաղորդիչների նախագծման ուղղությունը, որը ներկայում դարձել է ՏՏ շուկայի բարձր եկամտաբերություն ապահովող ճյուղը և գրավիչ է խոշորածավալ օտարերկրյա ուղղակի ներդրումների համար։