Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող է հանգեցնել համաշխարհային ռեցեսիայի (աստիճանական հետաճ), քանի որ պարենամթերքի, էներգիայի և պարարտանյութերի գները բարձրանում են, գրում է BBC-ն։
Դեյվիդ Մալպասն ԱՄՆ-ում կայացած գործարար միջոցառման ժամանակ ասել է, որ դժվար կլինի «տեսնել, թե ինչպես ենք մենք խուսափում ռեցեսիայից»:
Նա նաև նշել է, որ Չինաստանում մի շարք կորոնավիրուսային արգելափակումներն ավելացնում են տնտեսության աճի դանդաղման մտավախությունները: Նրա մեկնաբանությունները վերջին նախազգուշացումն են համաշխարհային տնտեսության անկման աճող ռիսկի մասին:
«Երբ մենք նայում ենք գլոբալ ՀՆԱ-ին… հիմա դժվար է հասկանալ, թե ինչպես կարող ենք խուսափել ռեցեսիայից։ Էներգակիրների գների կրկնապատկման գաղափարն ինքնին կարող է ռեցեսիա առաջացնել», - ասել է պարոն Մալպասը` կոնկրետ կանխատեսումներ չանելով:
Անցյալ ամիս Համաշխարհային բանկը կրճատեց այս տարվա միջազգային տնտեսական աճի մասին իր կանխատեսումը գրեթե ամբողջ տոկոսային կետով՝ հասցնելով այն մինչև 3,2%-ի։