Նախքան ձեր հագուստն աղբաման նետելն արժե երկու անգամ մտածել. կան շատ պատճառներ հագուստը վերամշակելու համար:
Գործընթացը կոչվում է Upcycling: Այն չօգտագործված (և/կամ ոչ անհրաժեշտ) հագուստը վերամշակելու և դրանք բոլորովին նոր ապրանքների վերափոխելու հեղափոխական մեթոդ է:
Արտադրական ծախսերի իջեցումից մինչ շրջակա միջավայրի խնայողություն. այս պարզ շարժումը կարող է մեծ ազդեցություն ունենալ ամենատարբեր իրերի և երևույթների վրա: Դրան մասնակցելը լավագույն միջոցներից մեկն է, որ մանրածախ ապրանքանիշերն ու սպառողները կարողանան բարելավել մեր մոլորակի վիճակը:
Տեքստիլների վերամշակումն իջեցնում է աղբավայրերի թափոնների քանակը, նվազեցնում է մեր ածխածնի կոլեկտիվ հետքերը և օգնում է լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են օդի վատ որակը, ջրի աղտոտումն ու ջերմոցային արտանետումները:
Գլոբալ տաքացման աճող ապացույցների ֆոնին շատ մարդիկ մտածում են, թե ինչ կարող են անել մոլորակը փրկելու և շրջակա միջավայրին հասցված վնասները դադարեցնելու համար: Իրականում, ամբողջ աշխարհում մարդիկ որոշակի գործողություններ են ձեռնարկում և էկոլոգիական այլ սովորություններ ձեռք բերում՝ վերամշակելով, օգտագործելով մետաղական կամ թղթե սպասք:
Հագուստի էկո-բարեկամական մոտեցումը կարող է հսկայական օգուտ բերել երկրին և զգալիորեն նվազեցնել անհատների ածխածնի հետքերը:
- Upcycling-ը նվազեցնում է ջերմոցային գազերը
Հագուստ մեծ մասը պատրաստված է օրգանական նյութից, ինչը նշանակում է, որ այն բխում է բնական աղբյուրներից և կենսաքայքայվում է: Աղբանոցները չունեն թթվածին, որն անհրաժեշտ է օրգանական նյութերի քայքայման համար, հետևաբար, երբ հագուստը հայտնվում է աղբանոցում, այն քայքայվում է անաէրոբ մարսողության միջոցով: Այս գործընթացը հանգեցնում է վտանգավոր ջերմոցային գազերի արտանետմանը, որոնք աղբավայրում հիմնականում վերահսկվում են և, ի վերջո, դուրս են գալիս մթնոլորտ՝ արագացնելով կլիմայի փոփոխությունը:
- Խնայում է աղբավայրի տարածքը
Աղբավայրերը վնասակար են համայնքների բյուջեի համար: Տոննաներով հագուստ է հայտնվում աղբանոցներում, որտեղ նրանք զբաղեցնում են հսկայական քանակությամբ շատ թանկ տարածք: Աղբավայրերի կառուցման համար ծախսվում է միլիոնավոր դոլարներ: Վերամշակումը քաղաքների համար նվազեցնում է աղբավայրի ծախսերը՝ դրանով իսկ ավելացնելով դրանց հասանելի բյուջեն այլ քաղաքային կարիքների համար:
- Խնայում է էներգիա
Հագուստ արտադրելու համար անհրաժեշտ է մեծ էներգիա. յուրաքանչյուր ապրանք անցնում է բարդ արտադրական գործընթացով, որն օգտագործում է մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա և ջուր:
Հագուստի վերամշակումը նրան ավելի երկար կյանք է տալիս, ինչն արդարացնում է այն պատրաստելու համար ծախսված էներգիան: Որքան երկար է հագուստը ֆունկցիոնալ լինում, այնքան քիչ էներգիա է ծախսվում:
- Աջակցում է տեղական ընկերություններին
Upcycling-ի լավագույն առավելություններից մեկն այն է, որ այն աջակցում է տեղական արդյունաբերություններին և բիզնեսին: Վերամշակումն օգնում է համայնքների տնտեսության զարգացմանը:
VNews –ը զրուցել է դեռևս փոքր, բայց մեծ նախադրյալներ ու պոտենցիալ ունեցող նախաձեռնության՝ Vintabilia բրենդի հիմնադիր Ելենա Թադևոսյանի հետ:
Հելենա, որտեղի՞ց է առաջացել հագուստի վերամշակմամբ զբաղվելու միտքը:
Փոքր տարիքից սիրում էի կրել տատիկիս ու մայրիկիս հագուստները որոշ դետալներ փոփոխելուց հետո: Ինձ դուր էր գալիս հագուստի վերափոխման գործընթացն՝ անկախ այն փաստից՝ մերոնց դա դուր էր գալիս, թե ոչ: Տարիներ անց, երբ արդեն տասնյակ սոցիալական նախագծեր էի ստեղծում ու ճանապարհորդում աշխարհի տարբեր երկրներով, սկսեցի ավելի մասշտաբային մտածել ու փորձեցի իմ մանկության հոբբին գործի վերածել:
Գաղափարը ստեղծելիս մտածում էի այն մարդկանց մասին, որոնք մեծ ցանկություն ունեն փոփոխելու իրենց հին կամ չօգտագործված հագուստը, սակայն չունեն հնարավորություն այն իրագործելու համար: Ցանկանում էի օգնել, որպեսզի նրանք էլ կարողանան 2-րդ շունչ տալ իրենց սիրելի հագուստին:
Upcycling-ով ցանկացել եմ զբաղվել 4 տարի առաջվանից, սակայն հենց այս տարի սկսեցի գործել՝ ցանկանալով իմ լուման ունենալ երկրիս տնտեսության զարգացման հարցում այս դժվար օրերին՝ Հայաստանում էկոֆեշնի ու abcycling –ի ոլորտի հիմքը դնելով:
Ինչո՞ւ Vintabilia:
Vintabilia անունը բաղակացած է 2 մասից՝ Vinta, որը կոչվում է վինտաժ և ուղղակի կերպով արտացոլում է մեր գործունեությունը, և bilia, որը չօգտագործվող, մեռած ածանց է:
Որտեղի՞ց եք գտնում հագուստի, կտորների հումքը:
Հումքը գտնում ենք թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից: Հայաստանում կան սովետի ժամանակ ստեղծված ֆաբրիկաներ, որոնք կտորների մեծ արտադրությամբ են զբաղվել, իսկ հիմա իրենց գործունեությունը դադարեցված է: Փորձում ենք իրենց հետ համագործակցել՝ այդ կտորներին և հագուստին 2-րդ կյանք և ժամանակակից շունչ տալու համար: Մոտ ապագայում նաև բաց օրեր ենք հայտարարելու, որպեսզի հնարավորություն տանք մարդկանց վաճառելու կամ նվիրաբերելու իրենց հին հագուստները: Այնուհետև հագուստը ռեդիզայն ու ռեստավրացիա ենք անում ու վաճառքի հանում:
Ինչո՞ւ ուղղակի չտեղծեցիք հագուստի բրենդ, այլ որոշեցիք ընտրել նման տարբերակ: Արդյո՞ք այս գործընթացն ավելի բարդ չէ: Չե՞ք վախեցել սպասվելիք դժվարություններից և անհաջողություններից:
1 վերնաշապիկ արտադրելու համար անհրաժեշտ է 1700լ ջուր կտորի արտադրության, շատ եմ ցավում, որ մեկ կտոր հագուստի ստեղծման համար մոլորակից այսքան միջոց ու ռեսուրս է ծախսվում:
Բրենդի ստեղծումն ինքնանպատակ չի, այն սոցիալական բրենդ է, որի նպատակը Հայաստանում էկո նորաձևությունը զարգացնելն է:
Եթե ցանկանայի ստեղծել ուղղակի հագուստի արտադրություն, ապա այլ ձևաչափ կընտրեի ու ավելի հեշտ ու արագ արդյունքի կհասնեի, սակայն մեր նախաձեռնությունը սոցիալական բնույթ ունի և այլ գաղափարների կրող է:
Սա նորաձևության ոլորտ է, սակայն մեր առաջնային նպատակը վաճառքը չէ, մեր առջև երկարաժամկետ օգտագործման խնդիր ենք դրել: Մենք երկարատև զրույց –քննարկում ենք ունենում մեր հաճախորդներից յուրաքանչյուրի հետ՝ հասկանալու՝ արդյոք անձը կարիք ունի այս կամ այն հագուստի՝ փորձելով բարձրացնել մարդկանց գիտակցությունը շրջակա միջավայրի պահպանման և ռեսուրսների անտեղի վատնելու թեմայի շուրջ:
Ովքե՞ր են ձեր հաճախորդները և ապագի ի՞նչ պլաններ ունեք:
Աշխարհում Upcycling –ը զարգացող ոլորտ է, մեծամասամբ զարգացած երկրներում են նման նախաձեռնություններով հանդես գալիս, մեր երկրում սա առաջին ձևաչափն է: Չնայած այդ փաստին, մենք արդեն ունենք լոյալ հաճախորդներ: Նրանք ամենատարբեր մարդիկ են, սկսած պատանիներից մինչև մեծ հաստատությունների պետական աշխատակիցներ, որոնք վինտաժային հագուստի սիրահար են և եկել են գաղափարի հետևից: Շուտով սրահին կից ատելյե ենք ունենալու, արպեսզի մարդիկ կկարողանան բերել իրենց հին հագուստն ու վերափոխել այնպես, ինչպես իրենք են ցանկանում: