Logo

Ուղեղը մարմնից ավելի տաք է, հատկապես կանանց մոտ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:30 / 16.06.2022Լրահոս
մարդու ուղեղ

Առողջ տղամարդկանց և կանանց մոտ ուղեղի միջին ջերմաստիճանը 38,5°C է, իսկ ավելի խորը շրջաններում այն հաճախ գերազանցում է 40°C-ը, ասվում է Brain ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Քեմբրիջի բժշկական հետազոտությունների խորհրդի Մոլեկուլյար կենսաբանության լաբորատորիայի գիտնականները հավաքագրել են 20-40 տարեկան 40 կամավորի: Նրանց ուղեղը սկանավորվել է առավոտյան, կեսօրին և ուշ երեկոյան՝ օգտագործելով մագնիսառեզոնանսային սպեկտրոսկոպիա (MRS):

Փորձի մասնակիցների դաստակին ամրացվել է ակտիվության մոնիթորինգի սարք՝ թույլ տալով հաշվի առնել գենետիկայի և ապրելակերպի տարբերությունները («բուերի» և «արտույտների» կենսաբանական ժամացույցները տարբեր կերպ են աշխատում)։

Պարզվել է, որ օրգանի ջերմաստիճանը տատանվում է՝ կախված ուղեղի չափսից, տարիքից, սեռից, օրվա ժամից և կանանց մոտ դաշտանային ցիկլից։

Ուղեղի միջին ջերմաստիճանը եղել է 38,5°C՝ լեզվի տակ չափված ջերմաստիճանից ավելի քան երկու աստիճանով բարձր։ Ուղեղի մակերեսը, սովորաբար, ավելի սառն է եղել, մինչդեռ ավելի խորը ծալքերում հաճախ 40°C-ից ավելի տաք է (40,9°C-ը ռեկորդային է եղել հետազոտության ընթացքում): Բոլոր մարդկանց մոտ ուղեղի ջերմաստիճանն անընդհատ փոխվում էր՝ կախված օրվա ժամից, գրեթե 1°C-ով, մինչդեռ ամենաբարձրը դիտվում էր ցերեկը, իսկ ամենացածրը՝ գիշերը:

Կանանց ուղեղը միջինում 0,4°C-ով ավելի տաք է եղել, քան տղամարդկանցը: Այս սեռային տարբերությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է դաշտանային ցիկլով, քանի որ հետազոտության մասնակիցներից շատերը սկանավորվել են իրենց ցիկլի հետօվուլյացիոն փուլում: Նրանց ուղեղի ջերմաստիճանը մոտ 0,4 °C-ով ավելի բարձր է եղել, քան այլ կանանց մոտ:

Բացի այդ, մասնակիցների տարիքի հետ ուղեղի ջերմաստիճանը բարձրացել է հատկապես խորքային հատվածներում։ Հետազոտողները ենթադրում են, որ ուղեղի հովացման ունակությունը կարող է նվազել ծերացման հետ, և անհրաժեշտ է հետագա աշխատանք՝ պարզելու, թե արդյոք դա կապվա՞ծ է կենտրոնական նյարդային համակարգի տարիքային խանգարումների հետ: