Վրաստանում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ. հարուցվել է քրեական գործ - VNews

Վրաստանում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ. հարուցվել է քրեական գործ

Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում հունվարի 25-ին կեսգիշերն անց, անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախչել դեպքի վայրից: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Դեսպանությունը նշում է, որ այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն:

«Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` հայկական բեռնատարների վրա գրոհել են ադրբեջանցիները: