Երաշխավորության ինստիտուտը կփոխվի. ԱԺ-ն քննարկեց ԼՀԿ-ի նախագիծը - VNews

Երաշխավորության ինստիտուտը կփոխվի. ԱԺ-ն քննարկեց ԼՀԿ-ի նախագիծը

1040550 - Երաշխավորության ինստիտուտը կփոխվի. ԱԺ-ն քննարկեց ԼՀԿ-ի նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում  փոփոխել երաշխավորության ինստիտուտը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Նախագծով սահմանվում է, որ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է սուբսիդիար պատասխանատվություն:

«Երաշխավորի նկատմամբ պահանջը կարող է ներկայացվել միայն հիմնական պարտապանին պահանջ ներկայանելուց հետո, և երկրորդ՝ նրա գույքի նկատմամբ բռնագանձում կարող է տարածվել միայն հիմնական պարտապանի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելուց հետո»,-ասաց Խաչատրյանը:

Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է համապարտ պատասխանատվություն, եթե դա նախատեսված է երաշխավորության պայմանագրով եւ միաժամանակ առկա է հետեւյալ պայմաններից առնվազն մեկը.

  1. երաշխավորն ու պարտապանը հանդիսանում են նույն ընտանիքի անդամներ: Սույն կետի իմաստով նույն ընտանիքի անդամներ են համարվում ծնողը, զավակը, ամուսինը.
  2. երաշխավորը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամ կամ պարտապան իրավաբանական անձի մասնակից.
  3. երաշխավորը պարտատիրոջը գրավոր հայտնել է, որ ինքը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառուն:

Իրական շահառու է համարվում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իրական շահառու հանդիսացող անձը.

  1. երաշխավորն ու պարտապանն ունեն համատեղ գործունեության պայմանագիր եւ երաշխավորությամբ ստացվող միջոցներն ուղղված են այդ համատեղ գործունեությանը (համատեղ գործունեության պայմանագրի կատարմանը):

Խաչատրյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում մանրամասն քննարկումներ են ունեցել բանկերի, փաստաբանների և այլ շրջանակների հետ: