Ֆուտբոլի կործանման սկիզբը. ինչ կփոխվի Սուպերլիգայից հետո - VNews
Բաժիններ

Ֆուտբոլի կործանման սկիզբը. ինչ կփոխվի Սուպերլիգայից հետո

175951097 307108520772060 3055098951262347502 n - Ֆուտբոլի կործանման սկիզբը. ինչ կփոխվի Սուպերլիգայից հետո

Ֆուտբոլը ծնվեց 19-րդ դարում՝ Անգլիայում, և կարող է մահանալ 2021 թվականի օգոստոսին, երբ կմեկնարկի եվրոպական Սուպերլիգա կոչվածը: Այո, դա նոր մրցաշար է, որը նույնիսկ ունի իր դրական կողմերը, բայց որի մեկնարկի պահից հետո մեր իմացած, հին ու բարի ֆուտբոլը պարզապես կվերանա:

Սուպերլիգան մի քանի գործարարի բիզնեսնախագիծ է, որ ստեղծվում է բացառապես միլիարդներ գեներացնելու նպատակով: Գաղափարին, բնականաբար, դեմ է ամբողջ ֆուտբոլային հասարակությունը, փորձագետները, մարզիչները, ֆուտբոլիստները, երկրպագուները, մամուլը, ֆեդերացիաների ու առաջնությունների նախագահները և, բնականաբար, ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն: Բոլորը դեմ են, քանի որ այս մրցաշարը մեծ հարված է հասցնելու ֆուտբոլին ու կապակայունացնի ամբողջ համակարգը: Կարճ ասած՝ խաղի կանոնները փոխվում են:

Ներկայացնում ենք այն կետերը, որոնք տարբեր գործոններով կփոխեն ֆուտբոլը՝ Սուպերլիգայի ստեղծումից հետո:

Ֆուտբոլը կդառնա անվերահսկելի

Գլխավոր փոփոխությունը, որ կտեսնենք ֆուտբոլում՝ չեզոք կառույցների բացակայությունն է: Սուպերլիգայի ստեղծմամբ՝ ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն ամբողջությամբ դուրս են գալիս խաղից, եվրոպական թոփ ակումբներն ունենում են իրենց առաջնությունը՝ իրենց սահմանած կանոններով: Միայն այն հանգամանքը, որ մրցաշարի նախագահը մասնակից ակումբներից մեկի՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն է, իսկ հիմնական կազմակերպիչները Պերեսի հետ միասին՝ «Յուվենտուսի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախագահներ Անդրեա Անյելին և Գլեյզեր եղբայրներն են, արդեն դուրս է անաչառության ու տրամաբանության շրջանակից:

D S8G5XXUAA1ki - Ֆուտբոլի կործանման սկիզբը. ինչ կփոխվի Սուպերլիգայից հետո

Ո՞վ է վերահսկելու, պայմանավորված խաղեր կլինե՞ն, թե՝ ոչ, ո՞վ է սահմանելու ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները, եթե, իհարկե, լինեն այդպիսի կանոններ, ինչպե՞ս է փոխվելու տրանսֆերային շուկան, ովքե՞ր են լինելու խաղերի մրցավարները: Երբեք չենք կարող իմանալ ինչ կպայմանավորվեն, օրինակ, մրցաշարը կազմակերպող «Ռեալի» ու «Յուվենտուսի» ղեկավարները՝ միմյանց միջև խաղերից առաջ: Վստահությունն ու հավատը կկորի այս մարզաձևի նկատմամբ, կոչնչանա ֆուտբոլի մաքրությունը. այ հիմա ավելի քան արդիական կդառնան խաղերի առուծախի մասին բոլոր խոսակցությունները, որ լսում էինք մինչև հիմա:

Ուղիղ հարված՝ ներքին առաջնություններին

Ֆլորենտինո Պերեսն իր «արդարացումներում» նշում է, որ իրենք պարզապես փոխարինել են Չեմպիոնների լիգային, իսկ ներքին առաջնությունները մնում են իրենց տեղում: Բայց ինչպե՞ս կարող են ներքին առաջնությունները մնալ նույնը, եթե Սուպերլիգայի հիմնադիր 15 ակումբները մրցաշարում ունենալու են իրենց մշտական տեղը, իսկ Սուպերլիգայի խմբային փուլում թիմերն անցկացնելու են 18 խաղ (Չեմպիոնների լիգայի խմբային փուլում թիմերն անցկացնում են 6 խաղ): Այդ դեպքում ի՞նչ մոտիվացիա, և որքա՞ն էներգիա կմնա գրանդներին ամբողջ ուժով խաղալու ներքին առաջնություններում: «Ռեալը», «Բարսելոնան» ու «Ատլետիկոն» կխաղան իրենց պահեստային կազմերով: Իսկ ո՞վ կդիտի «Ուդինեզեների» ու «Նյուքասլների» առաջնությունը:

49371316 010337260 1 960x535 - Ֆուտբոլի կործանման սկիզբը. ինչ կփոխվի Սուպերլիգայից հետո

Մենք վերջնականապես կկորցնենք ներքին առաջնություններն իր բոլոր ինտրիգներով, մրցունակությամբ, երկար ու հետաքրքիր պայքարով, իսկ թիմերը, որ պայքարում են եվրագավաթների համար, պայքարելու ոչինչ չեն ունենա: Մի խոսքով՝ ներքին առաջնությունները կդառնան մրցաշարեր, որոնց մենք այժմ անվանում ենք 2-րդ դիվիզիոն:

Մասսայականությունը կնվազի

Սուպերլիգան լինելու է փակ առաջնություն, որը կղզիացնելու է գրանդ ակումբներին կարգով ավելի ցածր թիմերից: Այստեղ թե՛ մարզական և թե՛ ֆինանսական առումով ֆուտբոլի մասսայականացումը կնվազի:

Հեռարձակումներից, տոմսերի վաճառքից ու մյուս աղբյուրներից ստացվող բոլոր եկամուտները կբաշխվեն միայն մեծ ակումբների միջև, իսկ փոքր ու միջին ակումբները կմնան ձեռնունայն: Ինչո՞ւ և ինչպե՞ս պետք է, օրինակ, «Խետաֆեի» նման թիմը պահի ակադեմիա: Ինչո՞ւ պատանիները պետք է ընդունվեն այդ ակումբների դպրոց, եթե հավերժ խաղալու են 2-րդ դիվիզիոնում, եթե զարգանալու հնարավորություն չեն ունենալու, եթե նրանց՝ մեծ ակումբների դեմ խաղալու երազանքն արդեն սպանել են. ֆուտբոլի շրջանակը չափազանց փոքր է դառնում: Հարուստներ-աղքատներ, ուժեղներ-թույլեր:

Մեր ընտրանին

Մեծ խաղերը կորցնում են հետաքրքրությունը

Սուպերլիգային մասնակցելու են 20 թիմ, որոնցից 12-13-ը՝ եվրոպական գրանդ ակումբները, իսկ խմբերում ընդգրկվելու են 10-ական թիմեր, որոնք անցկացնելու են երկխաղյա դիմակայություններ՝ յուրաքանչյուրն 9 թիմի դեմ:

Սա նշանակում է՝ այն հանդիպումները, որ դիտում ենք տարվա ընթացքում 2-3 անգամ, տեղի են ունենալու անդադար: «Ռեալ» – «Յուվենտուս», «Բարսելոնա» – «Բավարիա» կամ ՊՍԺ – «Լիվերպուլ» խաղեր մենք տեսնելու ենք գրեթե ամեն օր, և այն կորցնելու է իր արժեքը, դիտարժանությունն ու հետաքրքրությունը: Այո, այս խաղերին տոմսերի վաճառքի խնդիր չի լինի, այս խաղերը կհեռարձակվեն ամենուրեք, բայց ֆուտբոլը կվերածվի հասարակ ներկայացման, եվրոպական թոփ խաղերն էլ կնմանվեն, օրինակ, ամեն տարի ամռանն անցկացվող International Champions Cup ընկերական մրցաշարին:

af8a59e069ce0339f648973e10936072 960x629 - Ֆուտբոլի կործանման սկիզբը. ինչ կփոխվի Սուպերլիգայից հետո

Լեգենդար թիմեր, որոնց կկորցնենք

Եվրոպական ֆուտբոլի նախկին և ներկա ղեկավարները պատահական չէ, որ մտածել են Չեմպիոնների լիգայի ձևաչափը. 32 տարբեր թիմեր՝ տարբեր եվրոպական երկրներից, որոնք ընդգրկված են 8 տարբեր խմբերում: Բայց հանկարծ հայտնվում են Ֆլորենտինո Պերեսն ու Անդրեա Անյելին, ու որոշում, որ աշխարհում, մեծ հաշվով, պետք է լինի 15-20 ակումբ, իսկ մնացած ակումբներն իրենց պատմությամբ թող գրողի ծոցը գնան:

Կան թիմեր, որոնք դուրս են մնալու Սուպերլիգայից, հետևաբար՝ մեծ ֆուտբոլից: Միայն Պորտուգալիայում կա Չեմպիոնների լիգայի 4 գավաթ՝ «Բենֆիկան» ու «Պորտուն», որոնք 2-ական անգամ նվաճել են ամենահեղինակավոր գավաթը: Պորտուգալիայի նման ֆուտբոլային երկրի համար սա մեծ ողբերգություն է: Պորտուգալական ակումբներն, այդ թվում նաև Լիսաբոնի «Սպորտինգը», պետք է նստեն ու սպասեն հիմնադիր ակումբների հրավերին՝ խաղի մեջ մնալու համար:

Screenshot 12 - Ֆուտբոլի կործանման սկիզբը. ինչ կփոխվի Սուպերլիգայից հետո

Հոլանդիան նույնպես մեծապես տուժում է: Միայն «Այաքսը» 4 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի չեմպիոն ու ՉԼ-ի մշտական բնակիչներից է: Պատկերացնո՞ւմ եք ֆուտբոլը՝ առանց Յոհան Կրույֆի լեգենդար ակումբի, որը մշտապես գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում ու ոտք գցում գրանդների հետ: ՊՍՎ-ն ու «Ֆեյենորդը»՝ ՉԼ մյուս գավաթակիրները, նույնպես պետք է տարիներով սպասեն Սուպերլիգայում մասնակցելու իրենց հերթին:

«Սելթիկ Պարկ» յուրահատուկ կոլորիտով մարզադաշտում խաղալու հնարավորություն թոփ ֆուտբոլիստներն այլևս չեն ունենա: Սթիվեն Ջերարդի «Ռեյնջերսը», որը խոստանում էր գեղեցկացնել հաջորդ մրցաշրջանի ՉԼ-ն իր ներկայությամբ, նույնպես չի լինի:

Եվրոպական մեծ ֆուտբոլը կդադարի գոյություն ունենալ արևելքի կողմում գտնվող թիմերի համար: Մի շարք ռուսական թիմեր, ինչպես նաև «Ցրվենա Զվեզդայի», «Ստյաուայի», Կիևի «Դինամոյի», «Օլիմպիակոսի», «Ֆերենցվարոշի» նման թիմերը կարող են մոռանալ ուժեղագույնների հետ պայքարելու մասին: Մբապեին, Մեսիին, Ռոնալդուին կամ Լևանդովսկիին երկրպագուները չեն կարող տեսնել Շվեդիայում, Ավստրիայում, Հունաստանում և այլ երկրներում:

Screenshot 13 960x547 - Ֆուտբոլի կործանման սկիզբը. ինչ կփոխվի Սուպերլիգայից հետո

Այս ամենի հետևանքով կվերանան նաև անակնկալ արդյունքները, որն այդքան հաճախ մենք տեսնում ենք Չեմպիոնների լիգայում: Հիշո՞ւմ եք՝ ինչպես «Ռոստովը» հաղթեց «Բավարիային», ԲԿՄԱ-ն՝ «Ռեալին», «Բազելը»՝ «Չելսիին»: Նմանատիպ խաղեր այլևս չենք տեսնի:

Ավանդույթները կվերանան

«Մենք մանկուց երազել ենք հաղթել Աշխարհի առաջնությունում կամ Չեմպիոնների լիգայում, այլ ոչ թե՝ Սուպերլիգայում», – նշում են մի շարք ֆուտբոլիստներ՝ Սուպերլիգայի ստեղծման լուրն իմանալուց հետո:

Մի քանի բիզնեսմեն՝ իրենց հովանավորներով ցանկանում են ջնջել պատմությունը, ջնջել անցյալը, ջնջել ավանդույթները: Շատ փողի դիմաց վերանում են էմոցիաները այս խաղում, ջնջվում է այն, ինչ գրվել է տասնամյակներով: Ո՞ւր է կորելու Չեմպիոնների լիգայի վիճակագրությունը, ո՞ւր է կորելու ՉԼ մոգական օրհներգը, ո՞ւր է կորելու ՉԼ աստղազարդ գնդակը:

GettyImages 1303900454 960x640 - Ֆուտբոլի կործանման սկիզբը. ինչ կփոխվի Սուպերլիգայից հետո

Վտանգավոր պատերազմ, որ վտանգում է ֆուտբոլը

Ֆլորենտինո Պերեսն ու ընկերներն իրենց այս հեղափոխական քայլով ուղիղ պատերազմ հայտարարեցին ՖԻՖԱ-ին ու ՈւԵՖԱ-ին՝ բացահայտ կերպով անտեսելով նրանց բոլոր կոչերն ու այդ կառույցներին դուրս շպրտելով ասպարեզից:

Կա տպավորություն, որ Սուպերլիգայի հիմնադիր ակումբներն ամեն ինչ նախապես են հաշվարկել և իրենց ձեռքի տակ ունեն ՈւԵՖԱ-ի ցանկացած գործողության հակահարված: Բայց կա նաև տպավորություն, որ իրավիճակը երերուն է: ՈւԵՖԱ-ն սպառնում է Սուպերլիգայի մասնակիցներին զրկել միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից: Իսկ ի՞նչ կլինի այդ դեպքում: Մի՞թե Չեմպիոնների լիգայից ու ներքին առաջնություններից բացի կորցնելու ենք նաև Եվրոպայի և Աշխարհի առաջնությունները: Այսպիսի իրավիճակը որևէ նախադեպ չունի, ու հնարավոր չէ վստահ ասել՝ ինչ կլինի նման դեպքում, որ կողմն ինչ զենք ունի իր ձեռքում, ինչ պատժամիջոցներ կկիրառվի: Միայն մի բան է հստակ՝ կողմերի անզիջում բախումից կտուժի միայն ֆուտբոլը:

florentino perez presidente del real madrid junto a aleksander ceferin presidente de la uefa 960x601 - Ֆուտբոլի կործանման սկիզբը. ինչ կփոխվի Սուպերլիգայից հետո

Այս ամենը մեծ պատերազմի սկիզբն է միայն: Մնում է սպասել ու տեսնել՝ ինչ է ձեռնարկելու ՈւԵՖԱ-ն, ինչպես կարձագանքեն ֆուտբոլիստները, և թե ինչպես կպատասխանեն Սուպերլիգայի գրանդները: Կկախնվի՞ աղետը, թե՝ ոչ: Աշխարհի ամենագեղեցիկ երևույթներից մեկի՝ ֆուտբոլի ապագան վտանգի տակ է:

ՈւԵՖԱ-ի նախագահը հայտարարությամբ է հանդես եկել Սուպերլիգայի ստեղծման կապակցությամբ

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Յուվենտուսը» հեռացվելու է Ա սերիայից, եթե չկայացնի այդ որոշումը

ՉԼ եզրափակիչը կարող է կայանալ Ստամբուլում մեկ այլ տարի

Տուխելը՝ ՉԼ եզրափակիչի մասին․ «Չելսին» գիտակցում է, որ իր ուժերի սահմաններում է «Սիթիին» հաղթելը»

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» համատեղ հայտարարություն են տարածել Սուպերլիգայի մասին

«Բարսելոնան» «անընդունելի» է համարում ՈՒԵՖԱ-ի դիրքորոշումը

Հրաժարվել 15-ական մլն եվրոյից և ոչ միայն․ Սուպերլիգան լքած 12 ակումբից 9-ը համաձայնության է եկել ՈՒԵՖԱ-ի հետ

Եռակողմ բանակցություններ են ընթանում՝ ՉԼ եզրափակիչը Թուրքիայից Անգլիա տեղափոխելու վերաբերյալ

Կուրտուայի հայրը սուր քննադատության է ենթարկել Ազարին

«Մակելելեի անեծքը» կամ ինչպես Ֆլորենտինո Պերեսը իրեն դատապարտեց պարտության

Չեմպիոնների լիգա՝ առանց Ռոնալդուի, Հալանդի ու Մխիթարյանի՞. 5 գրանդ, որ կարող է չխաղալ ՉԼ-ում

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Կրոսն արձագանքել է Մաունթի խոսքերին

Ֆուտբոլը կրկին փոխվելու է. համակարգը հաղթեց անհատներին

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացման վայրը կարող է փոխվել

Հայտնի է՝ ինչ պատիժ է նախատեսում ՈւԵՖԱ-ն Սուպերլիգայից դուրս չեկած ակումբներին

«Չելսին» հաղթեց «Ռեալին» ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ (տեսանյութ)