Հայաստանում գրեթե նույնքան, ինչքան «Ռեալում». Որտեղ են ավելի շատ խաղաժամանակ ստանում մինչև 21 տարեկան ֆուտբոլիստները - VNews
Բաժիններ

Հայաստանում գրեթե նույնքան, ինչքան «Ռեալում». Որտեղ են ավելի շատ խաղաժամանակ ստանում մինչև 21 տարեկան ֆուտբոլիստները

CIES Football Observatory-ն ուսումնասիրել է 93 բարձրագույն լիգաների 1292 ակումբների տվյալները՝ պարզելու, թե ինչքան խաղաժամանակ է տրամադրվել մինչև 21 տարեկան խաղացողներին: Հաշվարկը կատարվել է ընթացիկ մրցաշրջանի՝ մինչև 2020 թվականի հունվարի 1-ի տվյալներով:

Այսպես, մինչև 21 տարեկաններին առավել հաճախ կարելի է դաշտում տեսնել Սլովակիայի Սուպեր լիգայում՝ ընդհանուր խաղաժամանակի 29%, ամենաքիչը՝ Սաուդյան Արաբիայում և Թուրքիայում՝ 3,7%: Թոփ լիգաներից Ֆրանսիայի Լիգա 1-ը ամենահարմարն է երիտասարդների համար՝ 15%, իսկ ամենաքիչը նրանց վստահում են Իսպանիայի Լա Լիգայում՝ 7%: Առանձին ակումբներից ամենաբարձր ցուցանիշը ունի «Լիլը»՝ 32,1%, իսկ ահա «Լևանտեն», «Քրիստալ Փելասը», «Յունիոն Բեռլինն» ու «Շեֆիլդ Յունայթեդը» այս մրցաշրջանում ընդհանրապես շանս չեն տվել Մ21 խաղացողի:

Հայաստանի Բարձրագույն խմբում մինչև 21 տարեկան խաղացողները ստանում են 14,8% խաղաժամանակ, այս ցուցանիշով մեր լիգան 37-րդն է՝ մեկ հորիզոնական ցածր Ֆրանսիայի Լիգա 1-ից: Վրաստանը 17-րդն է, այնտեղ երիտասարդները ստանում են 20,7% խաղաժամանակ: Երիտասարդները ավելի շատ շանս են ստանում նաև Սերբիայում, Խորվաթիայում, Ուկրաինայում, Մոլդովայում, Լատվիայում, Էստոնիայում:

Հայկական ակումբներից երիտասարդներին ամենաշատը վստահում էր «Երևանը»՝ 43,5%, ամենաքիչը՝ «Ալաշկերտը»՝ 0,4%: Զարհուրելի է այն, որ վերջից «Ալաշկերտին» հաջորդում է Հայաստանի ամենամեծ ակադեմիան ունեցող «Ուրարտուն», որը մինչև 21 տարեկաններին հատկացրել է ընդամենը 5,1% խաղաժամանակ:

Թոփ-ակումբներից երիտասարդներին մեծ տեղ են հատկացնում «Չելսին»՝ 23,3%, «Բորուսիան»՝ 22,3%, «Լեյպցիգը»՝18,7%, «Արսենալը»՝ 17,8%: «Մանչեսթեր Յունայթեդում» նույն ցուցանիշը 13,7% է, «Լիվերպուլում»՝ 9%, «Մանչեսթեր Սիթիում»՝ 2,3%, «Տոտենհեմում»՝ 3,5%: Իսպանիայում առաջատարը «Ռեալն» է՝ 13,1%, «Ատլետիկոն»՝ 12%, «Բարսելոնան»՝ 5,4%: Մյուս թիմերը, որ կարող են հետաքրքրել, ունեն հետևյալ ցուցանիշները՝ «Միլանը»՝ 15,5%, «Ռոման»՝ 11,1%, «Յուվենտուսը»՝ 7,9%, «Ինտերը»՝ 5,3%, ՊՍԺ-ն՝ 11,1%, «Բավարիան»՝ 7,4%:

VNews.am-ը շարունակում է նոր՝ Professional Club նախագիծը՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների, սպորտային մենեջմենթի, ակումբային բիզնեսի ու մեծ փողերի մասին: Հետևելու համար առաջարկում ենք հավանել նախագծի ֆեյսբուքյան էջը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: