«Ոսկե գնդակի» տիրակալները. Պելեն զգուշանում էր նրանից, իսկ Իտալիան՝ մեծարում - VNews
Բաժիններ

«Ոսկե գնդակի» տիրակալները. Պելեն զգուշանում էր նրանից, իսկ Իտալիան՝ մեծարում

gianni rivera milan - «Ոսկե գնդակի» տիրակալները. Պելեն զգուշանում էր նրանից, իսկ Իտալիան՝ մեծարում

Իտալիան ֆուտբոլային մեծագույն երկիր է, սակայն հաշված իտալացիներ են ստացել «Ոսկե գնդակ» մրցանակը: Նրանցից մեկը «Միլանի» լեգենդն է, որն այն աստիճան է սիրում իր ակումբը, որ տեսնելով «ռոսոներիների» վերջին տասնամյակի լուրջ խնդիրները՝ 2020-ին որոշեց մարզիչ դառնալ և փորձել օգնել թիմին: Նա այդ ժամանակ 77 տարեկան էր ու երբեք մարզչական աշխատանք չէր կատարել, բայց Կովերչանոյում գերազանց հանձնեց քննությունները և արտոնագիր ստացավ:

Իտալացին «Միլանի» մարզիչն այդպես էլ չդարձավ, սակայն նախկինում այնպիսի խաղ է ցուցադրել այդ թիմի կազմում, որ մինչև հիմա օրինակ է ակումբի լեգենդների համար:

VNews.am-ը «Ոսկե գնդակը» նվաճած ֆուտբոլիստների շարքում ներկայացնում է Ջանի Ռիվերային:

Մեծ գումար վունդերկինդի համար

Ջովանին, որին կրճատ Ջանի են անվանում, ծնվել է Ալեսանդրիա քաղաքում և հենց համանուն ակումբում է կատարել իր առաջին քայլերը: Նրա ծնողները դեմ էին, որ տղան ֆուտբոլ խաղա, և ուզում էին, որ նա հաշվապահ դառնա: Նրանք ասում էին, որ հաշվապահը երբեք քաղցած չի մնա, բայց երեխան չէր ուզում լսել այդ մասին: Նա առավոտից մինչև երեկո ֆուտբոլ էր խաղում: Իր համառությամբ նա ծնողներին ստիպեց հանձնվել և նրան ֆուտբոլի խմբակ տանել:

Պատանու տաղանդն առաջինը նկատեց «Ալեսանդրիայի» մանկապատանեկան թիմի մարզիչ Ջուզեպե Կորոնան, որը նրա մասին պատմեց գլխավոր թիմի մարզիչ Ֆրանկո Պեդրոնիին: Վերջինը երկար չսպասեց և արդեն 15 տարեկանում կիսապաշտպանին խաղաժամանակ տրամադրեց մեծահասակների ֆուտբոլում: Այդպես 1959 թվականին Ռիվերան դարձավ Ա սերիայի պատմության երրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Անմիջապես առաջարկ հետևեց «Յուվենտուսից», որտեղից կապ հաստատեցին Պեդրոնիի հետ: Այդուհանդերձ, թուրինցիները փորձեցին «գին գցել» և ասացին. «Ջանին չափազանց տկար է և դժվար թե լավ ֆուտբոլիստ դառնա»: Մարզիչը զայրացավ նման պահվածքից և հրաժարվեց հետագա բանակցություններից: Պեդրոնին պատանուն տարավ «Միլան»՝ փորձաշրջանի, որտեղ լավ կապեր էր պահպանել ֆուտբոլիստի կարգավիճակով 4 տարի անցկացնելուց հետո:

Ռիվերան տպավորեց «Միլանի» մարզական տնօրեն Ջուզեպե Վիանիին, որը պատասխանատու էր նոր թիմ կառուցելու գործում: Թիմը սերնդափոխության ճանապարհին էր, որում պիտի տեղ հատկացվեր լեգենդար, բայց ծերացող Խոան Ալբերտո Սկյաֆինոյին և Նիլս Լինդհոլմին: Վիանին համառորեն համոզում էր ակումբի նախագահ Անդրեա Ռիցոլիին վճարել անհրաժեշտ գումարը՝ 15-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Նախագահը դեմ էր, բայց, միևնույնն է, վերջում վստահեց Վիանիին և վճարեց 130 մլն իտալական լիրա:

«Հսկայական գումար վճարեցի մի պատանու համար, որի անունը նույնիսկ չգիտեի»,- ավելի ուշ խոստովանեց Ռիցոլին:

Ըստ պայմանավորվածության՝ հարձակողական ոճի կիսապաշտպանը ևս մեկ տարի  անցկացրեց «Ալեսանդրիայում», այնուհետև 1960-ին տեղափոխվեց «Միլան»: Նրա նորամուտի խաղը հենց «Ալեսանդրիայի» դեմ էր, որում «Միլանը» հաղթեց 5:3 հաշվով:

rivera e1627913674104 - «Ոսկե գնդակի» տիրակալները. Պելեն զգուշանում էր նրանից, իսկ Իտալիան՝ մեծարում

Իտալիայի նոր կուռքը

Ռիվերան անմիջապես դարձավ իտալական գրանդի մեկնարկային կազմի ֆուտբոլիստը, բայց մեկ տարի անց «ռոսոներիներին» գլխավորեց լեգենդար Ներեո Ռոկոն, որը նախապատվություն էր տալիս ավելի փորձառու խաղացողների: Սակայն մարզումների ժամանակ Ռիվերան իր խաղով համոզեց Ռոկոյին, որը պատանու շուրջ կառուցեց իր լեգենդար կատենաչոն: Մեծ ուժերով պաշտպանվող «Միլանը» գնդակը խլելուց հետո արագ հակագրոհ էր սկսում, որը դաշտի կենտրոնում կազմակերպում և զարգացնում էր Ռիվերան: Իտալացին հիանալի էր համագործակցում հարձակվող Ժոզե Ալտաֆինիի հետ, որն իր գոլերի մեծ մասը խփում էր հենց Ռիվերայի փոխանցումներից:

«Ոսկե տղայի» խաղով հիացած էր նույնիսկ «Միլանի» ամենասկզբունքային մրցակցի՝ «Ինտերի» լեգենդ Ջուզեպե Մեացան.

«Այդ պատանին էլեգանտ ֆուտբոլ է խաղում և փայլուն է զգում գնդակը»:

Ռոկոյի առաջին մրցաշրջանում «Միլանը» նվաճեց Սկուդետոն և իրավունք ստացավ մասնակցել Չեմպիոնների գավաթին: Ակումբային գլխավոր մրցաշարում լոմբարդացիները հասան եզրափակիչ, որում մրցեցին վերջին երկու տարիների չեմպիոն «Բենֆիկայի» հետ: «Ուեմբլիում» կայացած խաղում հաշիվը բացեց լեգենդար Էյսեբիոն, սակայն երկրորդ խաղակեսում հաղթական դուբլի հեղինակ դարձավ Ալտաֆինին (2:1): Այդուհանդերձ, բոլորը խոսում էին մեկ այլ իտալացու մասին. Ջանի Ռիվերան էր խաղի հերոսը: Հենց նրա երկու փոխանցումներից հետո գրանցվեցին գոլերը: Արդեն այդ տարի կիսապաշտպանը կարող էր «Ոսկե գնդակ» ստանալ, սակայն քվեարկությունում գրավեց երկրորդ տեղը: Նրանից առաջ անցավ Լև Յաշինը:

«Միլանը» պատմության առաջին իտալական թիմն էր, որը նվաճեց Չեմպիոնների գավաթը, իսկ Ջանին 19 տարեկանում դարձավ Իտալիայի թիմ մեկ ֆուտբոլային կուռքը: «Միլանի» հեղինակությունն ամբողջ երկրում հասավ գագաթնակետին, տասնյակ հազարավոր իտալացիներ, անկախ բնակվելու վայրից, սկսեցին երկրպագել Ռիվերային և նրա «Միլանին»:

Կիսապաշտպանն իսկական կախարդի էր նման: Նա իր խաբքերով և կտրող փոխանցումներով պարզապես անկասելի էր: Եթե մի քանի ֆուտբոլիստով փորձում էին նրանից գնդակ խլել, Ջանին անմիջապես կատարյալ փոխանցում էր կատարում հիանալի դիրքում գտնվող թիմակցին: Եթե փորձում էին փակել փոխանցումը, նա ինքն էր անցումով եզրափակում գրոհը: Երբ հակագրոհների ժամանակ Ջանին գնդակը ստանում էր կիսադաշտի մոտ հատվածում, երկրպագուներն անմիջապես ոտքի էին կանգնում և բղավում. «Առա՛ջ, Ջանի՛»: Նրանք գիտեին, որ հիմա ինչ-որ տպավորիչ բան է տեղի ունենալու:

Ռիվերան գոլահար չէր, նա «Միլանում» գոլ է խփել միջինը 4 խաղը մեկ, բայց երբեք էլ չի ձգտել ռմբարկու դառնալ: Իտալացին խոստովանում էր, որ նրան ամենամեծ հաճույքը պատճառում է գոլային փոխանցում կատարելը և թիմի խաղը կազմակերպելը: Խաղալով երկու հենակետայինների առջևում՝ նա 164 գոլ է խփել «Միլանի» կազմում, բայց այն ժամանակ չէին հաշվում գոլային փոխանցումները: Մոտավոր հաշվարկով այդ թիվը խփած գոլերից 2-3 անգամ շատ էր:

«Միլանի» ավագը և «Ոսկե գնդակը»

1966 թվականին Պաոլո Մալդինիի հայրը՝ Չեզարե Մալդինին, հեռացավ «Միլանից» և ավագի թևկապը փոխանցեց 23-ամյա Ռիվերային: Ջանին արդեն բոլորի սիրելին էր, և ակումբում բոլորը վստահ էին, որ նա վաղ թե ուշ դառնալու է թիմի ավագը: Կիսապաշտպանը շատ խիստ էր ցանկացածի նկատմամբ, եթե նա բավականաչափ անձնուրաց չէր խաղում կամ «Միլանի» շահերը պաշտպանում: Այդուհանդերձ, նրան ծանոթ մարդիկ միաձայն հայտարարում են, որ Ջանին խաղադաշտից դուրս շատ բարի և զուսպ մարդ էր:

Այդ տարիներին «Սան-Սիրոյում» զայրացած էին, որ Չեմպիոնների գավաթում նրանց հաղթանակը շատ արագ մոռացության մատնեց ատելի «Ինտերը», որը երկու անգամ անընդմեջ նվաճեց այդ տիտղոսը: Արդյունքում որոշեցին գլխավոր մարզչի պաշտոնում վերադարձնել Ներիո Ռոկոյին, որը 1963-ին հեռացել էր ակումբից և աշխատում էր «Տորինոյում»: 1967-ին Ռոկոն վերադարձավ և «ռոսոներիներն» անմիջապես «ոսկե դուբլ» նվաճեցին:

Չեմպիոնների գավաթի 1968/69 խաղարկությունում «Միլանը» հասավ եզրափակիչ, որտեղ իտալացիների մրցակիցն էր ֆուտբոլում հեղափոխություն սկսող «Այաքսը»: Այդ մրցավեճում 25-ամյա Ռիվերայի ու 22-ամյա Յոհան Կրուիֆի հակամարտությունը ամենաինտրիգային իրադարձությունն էր: Կրուիֆն իր խաղով հաստատեց համաշխարհային ֆուտբոլի ապագա գերաստղ դառնալու կարգավիճակը, բայց այդ օրը Ռիվերան գերազանցեց նրան: Ջանին կրկին եզրափակիչում երկու գոլային փոխանցում կատարեց և վերջնականապես հաստատեց Իտալիայի լավագույն ֆուտբոլիստի կոչումը: Ամիսներ անց Ռիվերան ստացավ «Ոսկե գնդակ» մրցանակը:

Մարզչական ճակատագրական որոշում և Պելեի խոստովանությունը

Իտալիայի հավաքականում Ռիվերայի կարիերան տարօրինակ ստացվեց: Նա առաջին անգամ հավաքական հրավիրվեց 18 տարեկանում և մասնակցեց Չիլիում կայացած ԱԱ-62-ին: Իտալիան չհաղթահարեց խմբային փուլը, բայց պատանի Ռիվերան հասցրեց նորամուտը նշել գերմանացիների դեմ մրցավեճում (0:0): Չորս տարի անց «Ոսկե տղան» արդեն հավաքականի առաջատարներից մեկն էր, բայց կրկին իտալացիները չհաղթահարեցին Մունդիալի խմբային փուլի արգելքը:

Ռիվերան սովոր չէր լռել և հայտարարեց, որ անհաջողության պատճառը գլխավոր մարզիչ Էմոնդո Ֆաբրիի ընտրած չափազանց պաշտպանողական տակտիկան էր: Բնականաբար, Ֆաբրիին հեռացրին իր պաշտոնից, սակայն նրան փոխարինեց «կատենաչոյի» մեկ այլ ջատագով Էլինիո Էրերան, որը երկար տարիներ «Միլանի» թշնամի «Ինտերի» գլխավոր մարզիչն ու լեգենդն էր՝ Էլինիո Էրերան: Պատահական չէ, որ նա ընդհանրապես չէր ուզում լսել «Միլանի» ավագի մասին և նրան նույնիսկ չէր հրավիրում հավաքական:

Ջանիի համար բարեբախտաբար Էրերան կարճ մնաց մարզչի պաշտոնում և նրան փոխարինեց Ֆերուչիո Վալկարեջին: Վերջինիս գլխավորությամբ Իտալիան դարձավ 1968 թվականի Եվրոպայի չեմպիոն: Ջանին օգնեց թիմին հասնել եզրափակիչ, բայց չեմպիոնական խաղում մարզիչը նախապատվությունը տվեց «Ինտերի» լեգենդ՝ Սանդրո Մացոլային:

Վալկարեջին 1970-ին թիմին տարավ Մեքսիկայում կայանալիք Մունդիալին, բայց մինչև այդ նրա առջև լուրջ դիլեմա կար: Ենթահարձակվողի դիրքում նա ուներ երկու փայլուն ֆուտբոլիստներ. «Ֆանտազիստա» Ռիվերան, որը կարող էր իր գործողություններով փոխել ցանկացած հանդիպման ելքը, ինչպես նաև Մացոլային, որը նույնպես մեծագույն ֆուտբոլիստ էր, բայց չուներ Ռիվերայի երևակայությունն ու վարպետությունը: Փոխարենը, Մացոլան ավելի դիմացկուն էր ֆիզիկապես և շատ էր օգնում պաշտպանությանը: Մարզիչը որոշեց «Ոսկե գնդակի» գործող մրցանակակրին թողնել պահեստայինների թվում, և դա քիչ էր մնում՝ աղետի վերածվեր: Խմբային փուլում Իտալիան ընդամենը 1 գոլ խփեց և մի կերպ սողոսկեց փլեյ-օֆֆ: Ռիվերան խմբային փուլում ընդամենը մեկ խաղակեսի մասնակցեց:

Մեր ընտրանին

Ամբողջ իտալական մամուլը հեղեղված էր մարզչին քննադատող հոդվածներով: Բոլորը պահանջում էին խաղաժամանակ տալ Ռիվերային: Վալկարեջին լսեց քննադատներին և իր հռչակավոր «staffeta» մարտավարությունը մշակեց: Ըստ դրա՝ առաջին խաղակեսերում խաղում էր Մացոլան և իր արագացումներով ու մենապայքարներով հոգնեցնում մրցակցին, իսկ ընդմիջումից հետո փոխարինման էր մտնում Ռիվերան և խաբքերով ու փոխանցումներով գոլեր ստեղծում: Այդպես իտալացիները քառորդ եզրափակիչում ոչնչացրեցին տանտերերին՝ Մեքսիկային: Ռիվերան մեկ խաղակեսում դարձավ 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Կիսաեզրափակչում կայացավ հանդիպում, որը պատմության մեջ մտավ «դարի խաղ» անունով: Իտալիան ու Գերմանիան (ԳՖՀ) իսկական ներկայացում պարգևեցին ֆուտբոլասերիներին: Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ լրացուցիչում թիմերը փոխանակվեցին 2-ական գոլով: Երբ թվում էր, թե դրանից հետո թիմերը կհանգստանան և կպատրաստվեն 11-մետրանոցներին, 111-րդ րոպեին Ջանի Ռիվերան խփեց իր կարիերայի ամենակարևոր գոլերից մեկը:

«Staffeta»-ն կատարյալ աշխատում էր, բայց եզրափակիչում մարզիչը զարմանալի որոշում կայացրեց և հրաժարվեց հաղթական տակտիկայից: Բրազիլիայի դեմ հանդիպման առաջին կեսից հետո հաշիվը 1:1 էր. Պելեի խփած գոլին պատասխանել էր Ռոբերտո Բոնինսենյան: Ընդմիջմանը Ռիվերային փոխարինման դուրս բերելու փոխարեն հանկարծ Վալկարեջին որոշեց խաղադաշտում թողնել Մացոլային: Բրազիլացիները տեսնելով, որ վախենալու ոչինչ չկա, թևեր առան և հաղթանակի հասան 4:1 հաշվով: Ջանին փոխարինման մտավ խաղավարտից 6 րոպե առաջ և արդեն չէր կարող փրկել Իտալիային:

«Ես անհանգստությամբ էի սպասում, որ ընդմիջմանը փոխարինման կմտնի Ռիվերան: Վստահ էի՝ նրա հետ Իտալիան շատ ավելի վտանգավոր կլիներ»,- եզրափակիչից հետո խոստովանեց ֆուտբոլի արքա Պելեն:

Այդպես Ռիվերան զրկվեց աշխարհի չեմպիոն դառնալու լավագույն հնարավորությունից: Մինչև այսօր ֆուտբոլի պատմության ամենատարածված հարցերից մեկն այն է, թե ինչ կլիներ լեգենդար եզրափակիչում, եթե Վալկարեջին հավատարիմ մնար «staffeta»-ին և շատ խաղաժամանակ տար Ռիվերային:

rivera pele - «Ոսկե գնդակի» տիրակալները. Պելեն զգուշանում էր նրանից, իսկ Իտալիան՝ մեծարում

Նախագահին հակադարձողը և կարիերայի ավարտը

Ռիվերան կարիերայի վերջում այնքան մեծ հեղինակություն ուներ, որ հանուն ակումբի շահերի կարողացավ դեմ դուրս գալ նույնիսկ «Միլանի» նախագահ Ալբինո Բուտիկիին: Երբ նախագահը պաշտոնանկ արեց Ներեո Ռոկոյին, ինչպես նաև վաճառեց երկու առանցքային ֆուտբոլիստների, Ռիվերան հրապարակայնորեն քննադատեց Բուտիկիին: Վերջինս հայտարարեց, որ պատրաստ է վաճառել նաև Ռիվերային: Բայց դա նրա կողմից մեծ սխալ էր: Այդպես նա իր դեմ միավորեց բոլոր տիֆոզիներին: Ջանիի առաջնորդությամբ նախագահի վրա այնպիսի ճնշում գործադրվեց, որ նա ստիպված էր հրաժարական տալ:

Ռիվերան կարիերան ավարտեց 1979 թվականին՝ Միլանում անցկացնելով շուրջ 20 տարի: Նրա հրաժեշտի խաղում «Միլանը» նվաճեց Ա սերիայի չեմպիոնի կոչումը: Լեգենդին թույլ չտվեցին հեռանալ ակումբից և անմիջապես նշանակեցին փոխնախագահի պաշտոնում: Հարազատ ակումբում նա աշխատեց ևս 7 տարի, մինչև 1986-ին «Միլանը» գնեց Սիլվիո Բեռլուսկոնին:

Ռիվերան և Բեռլուսկոնին բացարձակ տարբեր աշխարհահայացքներ ունեին: Ջանին լիբերալ հայացնքերի տեր էր, իսկ Սիլիվիոն պահպանողական: Նրանց համագործակցությունն անհնար էր, ուստի Ռիվերան ինքնակամ լքեց իր պաշտոնը:

Նա անմիջապես այլ զբաղմունք գտավ և մտավ քաղաքականություն: Նա մի քանի իտալական լիբերալ կուսակցությունների կողմից ընտրվեց Եվրոպական միությունում:

Ռիվերայի մեծարանքը շարունակվում է արդեն 60 տարի: «Ռոսոներիների» կազմում 658 խաղ անցկացրած, 164 գոլ խփած և հսկայական քանակի գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը 2011-ին արժանացավ մեծագույն և՛ս մեկ պատվի: Իտալացին ՈւԵՖԱ-ի կողմից ստացավ նախագահական մրցանակը: Այդպես «ոսկե տղան» դասվեց Յոհան Կրուիֆի, Ֆրանց Բեկենբաուերի, Ալֆրեդո դի Ստեֆանոյի և Էյսեբիոյի շարքին:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ֆատին չի մասնակցի «Բավարիայի» դեմ խաղին

«Ռոման» խոշոր հաշվով պարտվեց «Ինտերին», Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Ռոմա» – «Ինտեր». Մեկնարկային կազմեր

«Միլանը» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպանի ծառայություններով

«Բավարիա» – «Բարսելոնա» խաղը՝ առանց հանդիսականների

Պատկանո՞ւմ է միտքը Լեո Մեսիին, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

Լովրենը՝ Սալահին. «Շարունակիր նույն ոգով, և մյուս տարի France Football-ը քեզ կնշի 6-րդ տեղում»

Զլատան. «Քանի որ Պիոլին նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ, ես էլ կկնքեմ»

«Միլանը» հաղթեց «Ջենոային», «Նապոլին» ոչ-ոքի խաղաց «Սասուոլոյի» հետ (տեսանյութ)

«Ռոման» նվազագույն հաշվով պարտվեց «Բոլոնիային», «Ինտերը» հաղթեց «Սպեցիային» (տեսանյութ)

Ֆատին հույս ունի մասնակցել «Բավարիայի» դեմ խաղին

Զլատանն ասել է՝ ով էր արժանի «Ոսկե գնդակին»

Կրիշտիանու Ռոնալդուի մեկնաբանությունը Մեսիի «անարդար» «Ոսկե գնդակի» մասին գրառմանը

France Football-ի գլխավոր խմբագիր. «Ես քվեարկել եմ Լևանդովսկիի օգտին»

«Բավարիա» – «Բարսելոնա» և ևս 3 հանդիպում կանցկացվի առանց հանդիսականների

Գվարդիոլա. «Երբեք չենք կարող ասել, որ Մեսին անարդարացիորեն է հաղթել «Ոսկե գնդակը»