fbpx
Բաժիններ

«Ոսկե տղան». Ով է UFC-ի ամենախոստումնալից ու տաղանդավոր մարտիկ Էդմեն Շահբազյանը

VNews.am-ը շարունակում է իր շարքը, որտեղ ներկայացնում է դրսում հանդես եկող հաջողակ հայ մարզիկներին:  Այս անգամ էլ մենք հպարտանալու առիթ ունենք, քանի որ UFC-ի ծագող աստղ համարվող Էդմենը կրում է Շահբազյան ազգանունը: 21-ամյա մարտիկի ունակությունների ու հմտությունների մասին հիացմունքով խոսում են խառը մենամարտերի մասնագետներն ու երկրպագուները: Հենց այդ է պատճառը, որ նրան կնքել են «Ոսկե տղան» մականունը:

Էդմեն Շահբազյան

Ես պատրաստվում եմ իմ հետքը թողնել: Այստեղ եմ աշխարհում լավագույնը դառնալու համար ու հիմա պատրաստ եմ դրան

Բայց հիմա ձեզ հավանաբար ամենաշատը հուզում է, թե ինչի շնորհիվ է Շահբազյանը նման մեծ սպասումների ու փառքի արժանացել: Շահբազյանների ընտանիքը, ինչպես Ամերիկայում հայկական համայնքի ճնշող մեծամասնությունը, հաստատվել էր Գլենդել քաղաքում, որը շատ մարզասերների ու մարզիկների համար հայտնի էր Բրանդ Բուլվարում գտնվող մարզասրահով ու մարզադպրոցով, որի տնօրենն ու գլխավոր մարզիչը Էդմոն Թարվերդյանն է: Հենց այստեղ էր նաև մարզվում UFC-ի ֆենոմեն, կանանց նախկին գերթեթևքաշային չեմպիոն Ռոնդա Ռոուզին, որը կարճ ժամանակում դարձավ դպրոցի զարդն ու սկսեց աջակցել նոր-նոր իրենց քայլերը մեծ սպորտում կատարող մարզիկներին:

Էդմոն Թարվերդյան

Մենք այստեղ այնպիսի մթնոլորտ ենք ստեղծել երեխաների համար, որպեսզի նրանք սովորեն պաշտպանվել, իմանան խառը մենամարտերի օգուտների մասին, լինեն կարգապահ մարզումների հարցում: Հեշտ չէ գալ այստեղ շաբաթը 2 կամ 3 անգամ ու «ճռռալ»: Ցավոտ է: Մենք մի փոքր խիստ ենք երեխաների հետ այստեղ

Եվ ահա, նրանց մարզադպրոցի սանը շարունակում է անպարտելի մնալ ու ամենաերիտասարդը UFC-ում: Սակայն Շահբազյանն ու նրա եղբայր Լեոն առաջին անգամ ոտք դրեցին այդ մարզադպրոց պարզապես ինքնապաշտպանություն սովորելու ու նիհարելու համար:

Շահբազյան եղբայների առաջին մարզիչ Սևակ Օհանջանյան

Էդմենը 9 տարեկան էր: Էդմենը թմբլիկ էր, կարճահասակ, չաղլիկ տղա: Շատ ամաչկոտ, քչախոս: Հերթական փոքրիկը, որի վրա պետք էր աշխատել, ստիպել մարզվել ու մարզավիճակ ձեռք բերել՝ այդ կերպ հաղորդելով նրան վստահություն

Իսկ Էդմենը հիշում է, որ ինքը կարատեով էր զբաղում ու հետո գնում լողի՝ աթլետիկ մարմին ունենալու համար:

Էդմեն Շահբազյան

Մենք սկսեցինք ավելի շատ զբաղվել դրանով ու ես սիրահարվեցի սպորտին: Սկսեցինք մրցել, ու մնացածը պատմություն է

12 տարիների ընթացքում Շահբազյան եղբայների մեջ ներարկեցին մարտական արվեստի բոլոր գույներն ու երանգները: Շահբազյանը իր հարվածների վրա աշխատում էր GFC-ում (Գլենդելի մարզադպրոցը): Իսկ անմիջապես դրա ավարտից հետո վազում էր տուն ու դիտում UFC-ի մենամարտերը՝ ուսումնասիրելով մարտիկների տեխնիկան ու գրառումներ կատարում: Շահբազյան եղբայրները նույնիսկ հատուկ ձեռնարկներ էին գնում ու զբաղվում ինքնակրթությամբ:

Էդմեն Շահբազյան

Մենք շատերին էինք զարմացնում: 2 փոքրիկներ սիրում էին այն, ինչ անում էին ու սովորում էին տեխնիկաներ: Այդ ամենը մեր օգտին էր աշխատում

Շահբազյանը 12 տարեկան էր, երբ Ռոուզին սկսեց մարզվել GFC-ում: Մեկ տարի անց, չեմպիոնուհին սպարինգ մենամարտեր էր անցկացնում Էդմենի հետ: 2013 թվականին իր տիտղոսի պաշտպանությունից առաջ Ռոուզին հենց Էդմենին էր օգտագործում որպես իր սպորտային մանեկեն:

Էդմեն Շահբազյան

Ամեն անգամ, երբ նա (Ռոնդան-խմբ) գալիս էր, մեզ ինչ-որ բաներ էր սովորացնում ու օգնում: Նա այնքան բարձր մակարդակի վրա էր: Նրան հետևելը արդեն հիանալի զգացում էր: Դա ոգեշնչող էր

Ռոնդան նույնպես հիացմունքով է խոսում հայազգի մարտիկի մասին.

Ռոնդա Ռոուզի

Նա այն սերունդի առաջին ալիքն է, որ մեծացել է MMA դիտելով ու մեծ ցանկությամբ հենց այդտեղ կայանալու և հասնելու UFC: Ես միշտ հետևել եմ նրան երիտասարդ տարիքից, նա ուժեղ էր հարվածներ կատարելիս, գրեպլինգից, ըմբշամարտից: Նա շատ էր սիրում UFC-ն: Նա ֆիզիկապես շատ տաղանդավոր, ինչպես նաև լավ բնավորություն ունի, երբեք իր հավասարակշռությունը չի կորցնում: Ես երբեք չեմ տեսել նման հանգիստ մարդ, երբեք չեմ տեսել նրան ծանր շնչելիս: Այդ տղան հիանալի մարմին ունի

Մարզադպրոցի տնօրեն Թարվերդյանը այդ տարիներին զբաղված էր Ռոնդա կարիերայով, մենամարտերով ու չէր կարողանում շատ ժամանակ տրամադրել Շահբազյան եղբայրներին, նա պարզապես կցում էր նրանց տարբեր մարզիչներին: Նրանք ուղարկում էին եղբայրներին բռնցքամարտի, գրեպլինգի մեծահասակների մրցումների նրանց ունակությունները մշակելու համար: Մարզիչները հիշում են, որ գրեպլինգի առաջին մրցումներում նրանք երկուսն էլ առաջին տեղը վերցրին:

Շահբազյան եղբայների առաջին մարզիչ Սևակ Օհանջանյան

Պարտվում էր, թե հաղթում, նա երբեք իր վերաբերմունքը չէր փոխում: Շատ երեխաների նյարդերը տեղի էին տալիս մենամարտերից առաջ կամ էլ չափազանց շատ էին ոգևորվում, երբ հաղթում էին: Բայց Էդմենը կարող էր հաղթել գոտին ու ընդամենը ասեր՝ «Լավ, սա թույն է»:  Երբեք ուրախությունից չէր թռչկոտում, դերասանություն չէր անում ու չէր անհանգստանում:

Սակայն, առանց դժվարությունների էլ գործը գլուխ չեկավ: Նա երիտասարդ տարիքում բաց թողեց իր ամբողջ կարիերայի մի հատվածը վնասվածքների պատճառով, բայց դրանք էլ չկարողացան ընկճել ապագա մարտիկին: Նրա մեջ հայկական գեներն էին խոսում՝ ըմբշամարտում ու գրեպլինգում նրա ունակությոնները ոչ թե նվաղում էին , այլ ամեն օր ավելի լավը դառնում:

Էդմոն  Թարվերդյան

Հոգեբանորեն նա ամենաուժեղ երեխան է, որին ես երբևէ տեսել եմ: Նա մտավոր ուժեղ է, քանի որ երբ դու խոսում ես, նա միշտ լսում է: Նա իր խաղի ուսանողն է: Նա միշտ եղել է համեստ: Ռոնդան նրան մի խորհուրդ էր տալիս, իսկ հաջորդ վայրկյանին Էդմենը 100 %-ով ուժերը կենտրոնացնում էր հենց այդպես անելու համար ամեն ինչ

Հիմա Էդմենը արդեն 9 հաղթանակ ունի, որոնցից երկուսը տարել է UFC-ում  ու 7-ում նոկաուտի է ենթարկել մրցակիցներին: Նրան օգնում է Ռոնդա Ռոուզին, իսկ նրա մենամարտերի ու հաղթանակներին սպասում ու խոսում են բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները: Շահբազյանը հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, բայց երբեք չի մոռանում իր հետ ռինգ տանել Հայոց եռագույնը ու ցույց տալ, թե որտեղից է նա սերում:

Էդմենը կարող է պատմություն կերտել մոտակա տարիներին ու դառնալ UFC-ի ամենաերիտասարդ չեմպիոնը՝ շրջանցելով Ջոն Ջոնսին, որը 23 տարեկան էր, երբ չեմպիոն դարձավ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: