«Ոսկե գնդակի» տիրակալները. Մրցանակը գտավ իր հերոսին, որը «ցմահ որակազրկվել» էր 19 տարեկանում - VNews
Բաժիններ

«Ոսկե գնդակի» տիրակալները. Մրցանակը գտավ իր հերոսին, որը «ցմահ որակազրկվել» էր 19 տարեկանում

stiochkov - «Ոսկե գնդակի» տիրակալները. Մրցանակը գտավ իր հերոսին, որը «ցմահ որակազրկվել» էր 19 տարեկանում

Ինչպիսի՞ն պետք է լինի «Բարսելոնայի» ֆուտբոլիստը, որպեսզի երկրպագուները սիրեն նրան: Հավատարիմ լինի բլաուգրանային, լավ խաղա, տիտղոսներ բերի, ընդունի ակումբի փիլիսոփայությունը, նրա յուրահատկությունը, հետևաբար ատի «Ռեալին», ամեն կերպ պայքարի նրա դեմ, սիրի ժողովրդավարությունը: Այդ ամենը բնութագրում է Խրիստո Ստոիչկովին, ֆուտբոլիստի, որը դարձավ «Երազանքի թիմի» մասնիկը, իսկ հետո գրեթե քանդեց այն:

Ցմահ որակազրկում 19 տարեկանում

Բուլղարացին ծնվել է 1966 թվականին՝ Պլովդիվում: Նա նույնիսկ չէր մտածում ֆուտբոլով զբաղվելու մասին ու ընտրեց աթլետիկան: Ստոիչկովը որոշ ժամանակ այդ մարզաձևով զբաղվեց, հետո հանկարծ ֆուտբոլային մարզիչ Օգնյեն Աթանեսովը նրա մեջ ֆուտբոլիստի տվյալներ նկատեց: Նա այդ մասին ասաց Խրիստոյին, որը սկզբում չհամաձայնեց, սակայն Աթանեսովը կարողացավ նրան համոզել թողնել աթլետիկան և սկսել զբաղվել ֆուտբոլով: Մինչև օրս Ստոիչկովը նշում է, որ իր կարիերայում պարտական է մի քանի մարդու, որոնցից մեկը Աթանեսովն է:

«Մարիցայի» մանկապատանեկան թիմում խաղալուց, «Հեբրոսի» կազմում նորամուտը մեծ ֆուտբոլում նշելուց հետո, 18 տարեկանում զինվորակոչվեց բանակ: Այդ տարիքի լավագույն ֆուտբոլիստներին հրավիրում էին ԲԿՄԱ, որը երկրի լավագույն ակումբներից էր: Այնտեղ Ստոիչկովն անմիջապես դարձավ առաջատար ֆուտբոլիստներից մեկը, սակայն 19 տարեկան հասակում խաղերից մեկի ժամանակ ծեծկռտուք հրահրեց ու հայտնվեց իրադարձությունների էպիկենտրոնում: Բուլղարական ֆուտբոլի սկանդալին միջամտեցին երկրի կոմունիստ ղեկավարները և որոշեցին ծագող աստղին պատժելու միջոցով պատկերավոր դաս տալ մյուս բոլորին. Ստոիչկովին որակազրկեցին ցմահ: Հետագայում որոշումը փոխվեց և պատիժը կրճատվեց մինչև 14 ամիս: Ֆուտբոլ խաղալուց զրկված հարձակվողը վերադարձավ իր զինվորական ծառայությանը, սակայն զորացրվելուց հետո որոշեց մնալ ԲԿՄԱ-ում:

«Ոսկե խաղակոշիկ» և հրավեր  «Բարսելոնայից»

ԲԿՄԱ-ի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր ստորագրելուց հետո հարձակվողն անմիջապես դարձավ նրա առաջատարը: Ստոիչկովի հետ «բանակայինները» չորս տարում երեք անգամ դարձան երկրի չեմպիոն: 1989/90 մրցաշրջանը Խրիստոն անցկացրեց անհավանական մակարդակով՝ խփելով 38 գոլ: Նման արդյունավետություն Եվրոպայում որևէ այլ ֆուտբոլիստ չուներ, ու բուլղարացին ստացավ «Ոսկե խաղակոշիկը»:

stiochkov romario 960x662 - «Ոսկե գնդակի» տիրակալները. Մրցանակը գտավ իր հերոսին, որը «ցմահ որակազրկվել» էր 19 տարեկանում

«Բարսելոնայի» դեմ խաղում հարձակվողը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, ինչով հիացրեց կատալոնացիների գլխավոր մարզիչ մեծն Յոհան Կրուիֆին: Հոլանդացին երկրորդ տարին էր անցկացնում «Բարսայի» ղեկին, որին վերադարձնում էր իր ժամանակների «տոտալ ֆուտբոլին», սակայն տիտղոսներ  դեռևս չուներ: «Բլաուգրանան» բոլոր խաղերում, այդ թվում չեմպիոն «Ռեալի» դեմ, վերահսկում էր խաղը՝ փոխանցումների ու տարածության վերհսկողության շնորհիվ մրցակցին խեղդում, բայց չուներ ֆուտբոլիստ, որն այդ առավելությունը գոլերի կվերածեր:

«Նա եկավ, որովհետև հարկավոր է մեզ: Մենք շատ լավ թիմ ունենք, բայց չի կարելի թիմ կառուցել միայն «լավ տղաների» միջոցով: Հարկավոր է Ստոիչկովի նման մեկը, հարձակման մեջ ագրեսոր, որը գնդակ է փնտրում և հարված կատարում: Մյուսները տատանվում են, ավելորդ անգամ գնահատում իրավիճակը կամ ընդհանրապես փոխանցում կատարում, իսկ Խրիստոն պարզապես առաջ է գնում և հարվածում: «Բարսայում» չափազանց շատ են «լավ տղաները», մեզ գազան է հարկավոր»,- տրանսֆերից հետո հայտարարեց Կրուիֆը:

Տրանսֆերը ձևակերպեցին այն ժամանակվա համար խոշոր՝ 3 մլն դոլարով: Ստոիչկովի ուրախությանը չափ չկար: Նա երազում էր տեղափոխվել հենց «Բարսելոնա» և մերժում էր բոլոր առաջարկները, մինչև կատալոնացիներից հրավեր չստացավ:

Մեր ընտրանին 

«Առյուծը»՝ «Նոու Կամպում»

Ստոիչկովն իսկապես գազան էր: Նա գոլերից բացի, մրցակիցներին չէր խնայում նաև լեզվակռիվների ժամանակ: Բուլղարացին հայհոյում էր նրանց, անպատվում, հարվածում, բղավում և նույնիսկ ռասիստական արտահայտություններ անում: Իսկ, երբ նրան զգուշացրին, որ նման խոսքերը ռասիստական են, պատասխանեց. «Ինչ արած, պատահում է»:

Իսպանիա ժամանելուց հետո առաջին իսկ Էլ Կլասիկոյում հարձակվողը վիճաբանեց մրցավարի հետ և միտումնավոր կանգնեց նրա ոտքին: Արդյունքում, որակազրկում 2 ամսով: Խրիստոն իր կարիերայի ընթացքում 55 դեղին քարտ է ստացել և 10 անգամ հեռացվել խաղադաշտից:

Բայց այդ ամենը նա փոխհատուցում էր անհավանական խաղով: Ստոիչկովի ժամանելուն պես սկսվեց «Բարսելոնայի» պատմության ամենափառահեղ ժամանակահատվածներից մեկը: Կրուիֆի թիմը 4 տարի անընդմեջ դարձավ Իսպանիայի առաջնության չեմպիոն և ստացավ «Երազանքի թիմ» անվանումը: 1992 թվականին «բլաուգրանան» Ռոնալդ Կումանի խփած գոլի շնորհիվ  իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների գավաթը:

«Երբ Կումանը խփեց այդ գոլը, ես անբացատրելի հուզմունք զգացի: Ուժ չունեի, որպեսզի վազեի և շնորհավորեի նրան: Չգիտեմ այդ պահը հեռարձակման մեջ հայտնվեց, թե՝ ոչ, բայց ես ընկա խոտածածկին՝ ուրախությունից հարբած:

Իսկ երբ ստացա Չեմպիոնների գավաթը, այն դրեցի իմ գլխին և ամբողջ ուժով բղավեցի. «Տեսեք, գավաթը բուլղարացու մոտ է»: Ես մեծագույն հպարտություն էի զգում իմ հայրենիքի և ազգի համար, որը 500 տարի պայքարել է անկախություն ստանալու համար»:

cruyff stoichkov 960x605 - «Ոսկե գնդակի» տիրակալները. Մրցանակը գտավ իր հերոսին, որը «ցմահ որակազրկվել» էր 19 տարեկանում

Կրուիֆը գիտեր Խրիստոյի պայթյունավտանգ բնավորության մասին և ամեն օր նրա հետ առանձնազրույց  էր ունենում, որպեսզի նրա էներգիան ուղղի ֆուտբոլին: Եվ դա հաջողվեց. Ստոիչկովը 117 գոլ խփեց կատալոնական թիմում: Նա իր լավագույն խաղը ցուցադրում էր, երբ Կրուիֆն ազատություն էր տալիս, բայց շարունակեց արդյունավետ և օգտակար լինել, երբ հոլանդացին նրան դարձրեց ձախ վինգեր: Նա գիշերները չէր քնում, եթե թիմը պարտվում էր: «Առյուծը» (նրա բազմաթիվ մականուններից մեկը) անզիջում բնավորության շնորհիվ մրցակիցների ամենասարսափազդու ֆուտբոլիստն էր դարձել.

«Նա հանճար է, անհավանական խաղացող, որը իսկապես պաշտում է ֆուտբոլը: Ասում են մարդն այնքանով է մեծագույն, որքան մեծ են նրա երազանքները, և դա լիարժեք բնութագրում է Ստոիչկովին: Նա խաղերին նախապատրաստվում է այնպես, ասես հարսանիքի գնա»:

Փառահեղ Մունդիալ և «Ոսկե գնդակ»

1994 թականին չորրորդ անընդմեջ Լա լիգան հաղթելուց հետո Ստոիչկովը Բուլղարիայի հավաքականի հետ մեկնեց ԱՄՆ՝ Մունդիալ-94-ին մասնակցելու: Մինչև այդ աշխարհի առաջնություններում բուլղարացիների մեծագույն նվաճումը 1 գոլն էր եզրափակիչ փուլերում, սակայն 94-ին նրանք հասան անհավանական արդյունքի:

Բուլղարիան մեծ դժվարությամբ հաղթահարեց խմբային փուլի արգելքը՝ շրջանցելով Արգենտինային:

1/8 եզրափակիչում Ստոիչկովի գոլի օգնությամբ բուլղարացիները ոչ-ոքի (1:1) խաղացին Մեքսիկայի հետ՝ հաղթելով 11-մետրանոցներով: Քառորդ եզրափակիչում գրանցվեց Մունդիալների պատմության խոշորագույն անակնկալներից մեկը՝ Բուլղարիան 2:1 հաշվով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային: Ստոիչկովը 76-րդ րոպեին հավասարեցրել էր հաշիվը: Կիսաեզրափակիչում Բուլղարիան ցավալի պարտություն կրեց Իտալիայից, որի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտո Բաջոն: Բնականաբար, բուլղարացիների գոլը խփեց «առյուծը»: Երրորդ տեղի համար խաղում Շվեդիան 4:0 հաշվով հաղթեց Ստոիչկովի թիմին:

Մրցաշարում խփած 6 գոլով «Բարսելոնայի» հարձակվողը դարձավ լավագույն ռմբարկու (այն կիսեց պենտա-տրիկի հեղինակ դարձած Օլեգ Սալենկոյի հետ): Առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ստոիչկովի ակումբակից Ռոմարիոն, որը Բրազիլիայի հետ դարձավ չեմպիոն, իսկ երկրորդ տեղը գրավեց Բաջոն:

Այդուհանդերձ, տարվա վերջին, երբ կայացավ «Ոսկե գնդակի» քվեարկությունը, Ստոիչկովը մեծ առավելությամբ շրջանցեց Բաջոյին և նվաճեց մրցանակը: Այն ստանալուց հետո բուլղարացին ասաց. «Մրցանակը գտավ իր հերոսին»:

Կոնֆլիկտ Կրուիֆի հետ և կարիերայի ավարտ

«Ոսկե գնդակը» ստանալուց հետո Խրիստոյի ու Կրուիֆի միջև կոնֆլիկտ առաջացավ: Հոլանդացին այլևս չկարողացավ սանձել «գազանին», որը վիճաբանեց ակումբի ղեկավարության, մարզչի և նույնիսկ թիմակիցների հետ: Դրանից առաջ «Բարսան» ձեռք էր բերել Ռոմարիոյին: Թիմում էին նաև Կումանն ու Լաուդրուպը, իսկ կանոնադրությամբ խաղադաշտ կարող էր դուրս գալ 3 լեգիոներ: Ռոտացիայից ամենաշատը տուժեց դանիացին, սակայն Խրիստոն նույնպես ստիպված էր լինում որոշ խաղեր բաց թողնել.

«Երբ Ստոիչկովը հայտնվում էր պահեստայինների նստարանին, նա կարող էր կռիվ սկսել նույնիսկ սեփական շողքի հետ: Իսկ, երբ Խրիստոն զայրանում էր, նա վտանգավոր էր»,-հիշում էին նրա թիմակիցները:

Իսկ ահա Ռոմարիոյի հետ Ստոիչկովն ընկերներ դարձան: Նա բրազիլացուն համարում էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:

Ռոմարիոյի հետ ընկերությունը սկսվեց Բարսելոնա նրա ժամանելու առաջին իսկ օրից: «Երբեմն անհավանական է թվում, որ մենք այդպիսի ընկերներ դարձանք, հաշվի առնելով մեր տարբեր բնավորությունները: Նա շատ ինքնամփոփ է, իսկ ես նրա հակապատկերն եմ: Նա ոչ մեկի հետ չի խոսում, իսկ ես շփվում եմ բոլորի հետ: Նա առիթ է ման գալիս քնելու համար, իսկ ես միշտ ոտքի վրա եմ: Մենք ասես գիշեր ու ցերեկ լինենք»,- հետագայում ասել է բուլղարացին:

Կրուիֆի հետ կոնֆլիկտի նախնական ամիսների ժամանակ Ստոիչկովն աշխատավարձի եռապատիկի չափով առաջարկ ստացավ ՊՍԺ-ից, սակայն «Բարսայի» երկրպագուների խնդրանքով մերժեց այն: Այդուհանդերձ, 1995 թվականին նա հեռացավ ակումբից և տեղափոխվեց «Պարմա»:

Ստոիչկովն առաջարկ ուներ նաև «Ռեալից», սակայն նա ատում էր Մադրիդը. Բուլղարիայի հավաքականի մարզմանը ներկա երեխաներին վռնդում էր խաղադաշտից, եթե նրանք «Ռեալի» մարզաշապիկով էին գալիս:

Իտալիայում մեկ տարի անցկացնելուց հետո նա վերադարձավ «Բարսելոնա», որովհետև Կրուիֆը սրտի կաթվածից հետո հեռացել էր իր պաշտոնից: Ինչպես ֆուտբոլում հաճախ է լինում, վերադարձը հաջող չէր, մեկ տարի անց նա տեղափոխվեց Սաուդյան Արաբիա: Հետագայում հարձակվողը խաղաց Բուլղարիայում, Ճապոնիայում և ԱՄՆ-ում, իսկ 2003 թվականին ավարտեց կարիերան:

Ստոիչկովը նաև մարզիչ դարձավ, սակայն այդ աշխատանքում չհաջողեց: Բուլղարիայի հավաքականի հետ նա չնվաճեց խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր, իսկ «Սելտայում» անցկացրած մի քանի ամսում ավելի շատ հիշվեց իր ապշեցուցիչ հայտարարությամբ. «Ես տակտիկային ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում, իմ թիմերը խաղում են իրենց հաճույքի համար: Իհարկե, ես դիտում եմ մրցակիցների խաղերը, բայց իմ թիմին այն չեմ ցուցադրի»:

Ստոիչկովը նվաճեց «Ոսկե գնդակը», դարձավ «Երազանքի թիմի» շարժիչ ուժը, մրցակիցների սարսափն ու երկրպագուների սիրելի, բայց միևնույն է՝ բացարձակապես չտառապեց աստղային հիվանդությամբ: Նա երբեք չէր մերժում երկրպագուներին լուսանկարվելու, ստորագրություն տալու կամ զրուցելու խնդրանքները: Խրիստոն պաշտելի դարձավ Բուլղարիայում և Կատալոնիայում: Նա գովազդներից ստացած փողերը բարեգործության էր տալիս, երկրպագուների հետ հեռուստացույցով ֆուտբոլ էր դիտում և ճանապարհորդում: 2018 թվականին նա ժամանեց Երևան և մասնակցեց լեգենդների խաղին, որից առաջ խոստովանեց, որ Յուրի Ջորկաեֆին իր ընկերն է համարում և նրան միշտ հարցրել է Հայաստանի մասին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դեպայը՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

ՊՍԺ-ն մտադիր է«կոտրել» «Յուվենտուսի» երազանքը

Ռոմանո. Դեպայը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է

Գրիզմանն ասել է՝ որտեղ կշարունակի կարիերան «Բարսելոնայից» հեռանալուց հետո

Մոուրինյոն հաստատել է՝ Ազարը ծուլանում է մարզումներին

Ռամոսն այդ ակումբ չի տեղափոխվի․ նա ևս 2 տարբերակ ունի

Ռամոսը «խելահեղ» պահանջներ է ներկայացրել

10 անգամ թանկ գին. «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել իր նախկին ֆուտբոլիստի տրանսֆերը

Կումանը մեկնաբանել է Վեյնալդումի ձախողված տրանսֆերը «Բարսելոնա»

«Հարվածեցի ոչ թե գլխով, այլ հոգով»․ 5 տիտղոս, որ Ռամոսը պարգևեց «Ռեալին»

«Բարսելոնան» հատուկ մարզաշապիկով կխաղա Չեմպիոնների լիգայում (նկար)

«Ռեալը» ֆուտբոլիստների փոխանակում է առաջարկել «Ռոմային»

«Ես ընդունել եմ «Ռեալի» առաջարկը». Ռամոսի հետաքրքիր բացահայտումները՝ բանակցությունների մասին

Ռամոսը չկարողացավ զսպել արցունքները «Ռեալին» հրաժեշտ տալիս (տեսանյութ)

«Յո՞ երթաս, Սերխիո». Ինչու Ռամոսը հեռացավ «Ռեալից», և 4 ակումբ, ուր նա կարող է շարունակել կարիերան

«Բարսելոնան» պատահաբար ցուցադրել է հաջորդ մրցաշրջանի պահեստային մարզաշապիկը (նկար)