Խորամանկ քայլ, որը դրեց Հայաստանի հավաքականի հաղթանակի հիմքը․ Հայաստան - Ռումինիա հանդիպումը՝ 5 կետով - VNews
Բաժիններ

Խորամանկ քայլ, որը դրեց Հայաստանի հավաքականի հաղթանակի հիմքը․ Հայաստան – Ռումինիա հանդիպումը՝ 5 կետով

166224314 10165228791265247 6217499236692918641 n - Խորամանկ քայլ, որը դրեց Հայաստանի հավաքականի հաղթանակի հիմքը․ Հայաստան - Ռումինիա հանդիպումը՝ 5 կետով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 10:48

-

-

Գերկամային, դրամատիկ, ֆանտաստիկ հաղթանակ Հայաստանի հավաքականի կատարմամբ: Բայց դա իրադարձության միայն հուզական կողմն է: Կան հետաքրքիր գործոններ, որոնք կօգնեն բացահայտել Խոակին Կապառոսի գլխավորած թիմի՝ Ռումինիայի ընտրանու նկատմամբ տոնած 3-2 հաշվով հաղթանակի ամբողջ առեղծվածը:

Եվ այսպես, 5 կետ՝ Հայաստանի հավաքականի փառահեղ հաղթանակի վերաբերյալ:

Խորամանկ քայլ․ մաս առաջին

Մրցավեճը պետք է բաժանել 2 տարբեր հատվածների՝ առաջին և երկրորդ խաղակեսեր: Երկուսի ընդհանրությունն այն է, որ մեր հիմնական խնդիրը մրցակցին հակագրոհներով անակնկալի բերելն էր: Առաջին կեսում Խոակին Կապառոսը կյանքի կոչեց իր ծրագրի առաջին մասը: Մեկնարկային կազմում նախորդ խաղի համեմատ 4 փոփոխություն էր կատարվել: Ի տարբերություն Իսլանդիայի հավաքականի հետ հանդիպման՝ այս մրցավեճում ընտրվել էր շատ ավելի զգույշ մարտավարություն, թեև սխեման նույնն էր՝ կոմպակտ 4-4-2: Ո՞րն էր հիմնական տարբերությունը: Եթե իսլանդացիներին շատ էինք ճնշում բարձր պրեսինգով և ստիպում ընտրել գրոհի շարունակության պակաս նպաստավոր տարբերակներ, ապա ռումինացիների դեմ ավելի համբերատար էինք գործում: Պրեսինգ էինք սկսում միայն սեփական կիսադաշտից:

31.03.2021 Armenia 3 2 Romania 6 960x640 - Խորամանկ քայլ, որը դրեց Հայաստանի հավաքականի հաղթանակի հիմքը․ Հայաստան - Ռումինիա հանդիպումը՝ 5 կետով

Խոակին Կապառոս. ով է լեգենդար մարզիչը, որ խոստանում է Հայաստանի հավաքականին հասցնել Կատար

Որո՞նք էին այդպիսի քայլի գնալու հիմնական պատճառները: Ընդգծենք 3 հիմնական հանգամանք: Նախ, սա մեկ շաբաթում մեր արդեն 3-րդ խաղն էր ու, չնայած կիրառված ռոտացիային, կուտակվել էր հոգնածություն: Ֆուտբոլիստները պատրաստ չէին հանդես գալ նույն ինտենսիվությամբ: Այդ ամենին գումարվել էր նաև այն, որ մրցակիցն իր նախորդ հանդիպման համեմատ միանգամից 6 փոփոխություն էր կատարել հիմնական կազմում՝ փոխելով հարձակման գծի բոլոր 4 խաղացողներին: Ռումինացիները թարմության խնդիր ավելի քիչ էին ունենալու: Դա շատ հստակ ընդգծվեց հատկապես առաջին 10-15 րոպեներին, երբ Ռումինիայի հավաքականը մեծ ճնշում էր գործադրել և ունեցավ 1-2 գոլային պահ:

Երկրորդ հանգամանքը հենց ռումինացիների խաղաոճն էր: Եթե Իսլանդիայի ընտրանին ուժային թիմ էր և շատ էին երկար փոխանցումները, ապա Ռումինիայի հավաքականը «ռոմանտիկ» ֆուտբոլ էր դավանում: Ինչպես ցույց էին տվել այդ թիմի նաև նախորդ մրցավեճերը, ռումինացիները կոմբինացիոն ոճի ֆուտբոլ են խաղում՝ հիմնված կարճ և միջին տարածության փոխանցումների վրա: Հետևաբար, մեծ էր հավանականությունը, որ մենք, գտնվելով ֆունկցիոնալ ոչ լավագույն վիճակում, կձախողեինք բարձր պրեսինգը, իսկ ռումինացիները գնդակով արագ ու լավ աշխատելու հմտության շնորհիվ հեշտությամբ դուրս կգային պաշտպանությունից: Կապառոսը դա հաշվի էր առել և որոշել ռիսկի չդիմել: Երրորդ գործոնի մասին՝ քիչ անց:

31.03.2021 Armenia 3 2 Romania 4 960x640 - Խորամանկ քայլ, որը դրեց Հայաստանի հավաքականի հաղթանակի հիմքը․ Հայաստան - Ռումինիա հանդիպումը՝ 5 կետով

Եթե սկզբում ռումինացիները ճեղքեր գտնում էին մեր պաշտպանությունում, ապա առաջին կեսի երկրորդ հատվածում ամեն բան կարգավորվեց: Կրկին պաշտպանվում էինք նույն կոմպակտությամբ, միմյանց փոխօգնությամբ, ինչպես իսլանդացիների հետ մրցավեճում էր: Նույնիսկ մեկ գերազանց հակագրոհ ունեցանք, երբ կարող էր հաջողության հասնել Ալեքսանդր Կարապետյանը: Հետագայում եղավ ևս մի քանի հեռահար հարված: Ի դեպ, Կարապետյանի ու երրորդ անընդմեջ հանդիպմանը մեկնարկային կազմում հայտնված Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մասին: Նրանց ուղղությամբ անընդհատ հետևում էին բարձրից փոխանցումներ, թեև դա մեծամասամբ արդյունք չէր տալիս (նրանք մեր հավաքականում մենապայքարներում հաղթելու ամենացածր տոկոսն են գրանցել․ Կարապետյան՝ 11 մենապայքար, 18%, Բալեկյան՝ 9 մենապայքար, 22%): Այս խաղում էլ համարյա մշտապես գրոհում էինք եզրերով՝ հնարավորինս զերծ մնալով կենտրոնն օգտագործելուց: Դա կապված էր խաղային սխեմայի և նրա հետ, որ չկային ո՛չ Հենրիխ Մխիթարյանը, ո՛չ Արշակ Կորյանը: Ռումինացիները մինչև ընդմիջում գերազանցեցին մեզ կատարած հարվածների ցուցանիշով (7-3) ու ավելի մոտ էին հաշիվը բացելուն:

Խորամանկ քայլ․ մաս երկրորդ

Առաջին 45 րոպեում դարպասն անառիկ պահեցինք, ու այստեղ գործի դրվեց Կապառոսի պլանի երկրորդ մասը: Ընդմիջումից անմիջապես հետո ուժային ֆուտբոլիստների փոխարեն խաղադաշտ մտան շատ ավելի ստեղծագործ ոճի հենակետային Էդուարդ Սպերցյանը (փոխարինեց Կարեն Մուրադյանին, որն այդքան էլ վստահ խաղ չանցկացրեց), ինչպես նաև 2 գերարագ հարձակվողներ՝ Սարգիս Ադամյանն ու Ժիրայր Շաղոյանը (փոխարինեցին Կարապետյանին և Բալեկյանին): Վերջին երկուսն իրենց մղած մենապայքարներով առաջին կեսում արդեն բավականաչափ հոգնեցրել էին ռումինացի պաշտպաններին, իսկ Ադամյանն ու Շաղոյանը պետք է իրենց արագության հաշվին օգտագործեին ազատ տարածությունները՝ հաշիվը բացելու համար:

31.03.2021 Armenia 3 2 Romania 18 960x640 - Խորամանկ քայլ, որը դրեց Հայաստանի հավաքականի հաղթանակի հիմքը․ Հայաստան - Ռումինիա հանդիպումը՝ 5 կետով

Հայաստանի հավաքականն առաջին անգամ է ընտրական մրցաշարը սկսել 3 անընդմեջ հաղթանակով

Սա հիմա գերազանց պլան է թվում, բայց հատկապես եռակի փոփոխությունը տվյալ պահին որոշակի մտորումների տեղիք էր տվել: Եթե Ադամյանի հետ կապված ամեն ինչ պարզ էր, ապա Սպերցյանին (դեռ ոչ մի խաղ չէր անցկացրել հավաքականում, առհասարակ նոր էր միացել ընտրանուն) ու Ժիրայր Շաղոյանին (խաղացել էր իսլանդացիների դեմ, բայց այս մակարդակի հանդիպումների փորձի պակասը կարող էր զգացնել տալ) նման պատասխանատու մրցավեճում ասպարեզ նետել քչերը կհամարձակվեին: Բայց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը վստահ էր իր որոշման մեջ: Հենց հակագրոհով բացեցինք հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Սպերցյանը: Դրանից հետո էլ փայլուն հակագրոհ ունեցանք, երբ նպաստավոր դիրքից վրիպեց Շաղոյանը:

Երկրորդ կեսում մեր ընտրանին նույնիսկ ավելի թարմ տեսք ուներ: Չնայած 2 գոլ ընդունեցինք և հայտնվեցինք պարտվողի դերում, հավաքվեցինք ու, 2 գոլ խփելով, կամային հաղթանակի հասանք: Կարմիր քարտը, անխոս, մեծ դերակատարություն ունեցավ, թեև առանց այդ էլ հնարավոր կլիներ ոչ-ոքի կորզել: Ի՞նչն է կարևոր: 1-2 հաշվի ժամանակ էլ Կապառոսը որոշակի տեղաշարժեր կատարեց: Շաղոյանը տեղափոխվեց ձախ, Բայրամյանը՝ աջ, իսկ Բարսեղյանն ու Ադամյանը մնացին հարձակման կենտրոնում: Ավելացան Համբարձումյանի՝ եզրով միացումները: Շաղոյանը 2 անգամ իր ոճով հեռահար հարված կատարեց ու մոտ էր գոլի հեղինակ դառնալուն, աչքի ընկավ նաև սուր փոխանցումով: 2 անգամ նպաստավոր դիրքից վրիպեց Ադամյանը: Այսինքն, մեր գոլերն ամենևին պատահականություն չէին: Դրանք մեծ ճնշման հետևանք էին: Երկրորդ կեսում ավելի շատ ենք հարվածել (13-7): Ստեղծել ենք 4 գոլային ակնհայտ հնարավորություն, իսկ մրցակիցը՝ 1:

31.03.2021 Armenia 3 2 Romania 26 960x640 - Խորամանկ քայլ, որը դրեց Հայաստանի հավաքականի հաղթանակի հիմքը․ Հայաստան - Ռումինիա հանդիպումը՝ 5 կետով

Ռումինիայի հավաքականը շատ հարմար մրցակից է Հայաստանի ընտրանու համար

Արդեն խոսվեց մրցակցի խաղաոճի մասին: Ռումինիայի հավաքականին լրիվ համապատասխանում է մարզիչների կողմից հաճախ հնչող հետևյալ արտահայտությունը՝ թիմը ֆուտբոլ է խաղում և թույլ է տալիս, որ մրցակիցն էլ խաղա: Դա իդեալական տարբերակ է Հայաստանի ընտրանու պես թիմի համար, որը հակագրոհային ֆուտբոլ է նախընտրում: Ռումինիայի հավաքականն իր մոտեցումներից չէր հրաժարվում նույնիսկ ահեղ Գերմանիայի ազգային թիմի հետ հանդիպմանը, օրինակ՝ փորձելով հաճախ կարճ փոխանցումներով դուրս գալ պաշտպանությունից: Թիմը երիտասարդ լավ կատարողներ ունի, որոնք ունակ են թե՛ ստեղծագործել, թե՛ բարձր պրեսինգի ժամանակ մեծ ուժեր ծախսել: Եվ ռումինացիների 2 գոլերն այդ ամենի վկայությունն են:

Եթե առաջին գրոհի դեպքում սխալվեց Ադամյանը՝ սկսելով մրցակցի պաշտպանին ճնշել ոչ ամենաճիշտ պահին, ինչի հետևանքով մեր պաշտպանական համակարգը փլուզվեց, ապա երկրորդ գոլի պարագայում ամեն ինչ այլ էր: Ռումինացիներն այնքան արագ և սահուն խաղարկեցին իրենց կոմբինացիան, որ մրցակիցը նույնիսկ չհասցրեց խանգարել: Հյուրերն ամբողջ հանդիպման ընթացքում ձգտում էին եզրերում քանակական առավելություն ստանալ և գրոհներ զարգացնել: Տվյալ դեպքում ամեն ինչ շատ գեղեցիկ ստացվեց:

31.03.2021 Armenia 3 2 Romania 8 960x640 - Խորամանկ քայլ, որը դրեց Հայաստանի հավաքականի հաղթանակի հիմքը․ Հայաստան - Ռումինիա հանդիպումը՝ 5 կետով

«Հերոսները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Ռումինիայի հետ խաղում

Բայց Ռումինիայի հավաքականն ունի ՄԵԾ խնդիր: Այն որքան լավն ու ակնահաճո է գրոհելիս, այնքան էլ ինքն իր համար խնդիրներ է ստեղծում պաշտպանվելու առումով: Ավելի պարզ ասած՝ ռումինացիները չեն կարողանում առանց գնդակին տիրելու խաղ վերահսկել, հաշիվ պահել: Դա շատ լավ արտացոլվեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ 1-ին տուրի մրցավեճում: Հաշվի մեջ առաջ լինելով 2-0 հաշվով՝ նրանք կրկին նետվում էին առաջ, ոչ թե փորձում ամուր պաշտպանություն կառուցել: Վերջիվերջո 2 գոլ ընդունեցին (կրկին 2-ն էլ՝ 80-րդ րոպեից հետո), թեև դրանից հետո, միևնույն է, 3-2 հաշվով հաղթանակ կորզեցին: Հենց դա էր հուշում, որ նույնիսկ, եթե կարմիր քարտ չլիներ, հնարավոր կլիներ առնվազն ոչ-ոքիի հույս ունենալ երևանյան խաղում: Եվ 10 հոգով էլ միանշանակ կարելի է ավելի լավ պաշտպանվել, իսկ Ռումինիայի հավաքականը կազմաքանդվեց: Այդպես է լինում, երբ խաղդ հավասարակշռված չէ: Դա քեզ մի օր կտանի 3-2 հաշվով հաղթանակի, մի օր էլ՝ 2-3 հաշվով պարտության:

Երկրորդ խաղակեսերի առեղծվածը

Իսկ նկատե՞լ եք, որ Հայաստանի հավաքականը, եթե չի բարձրացնում, ապա գոնե չի նվազեցնում իր խաղի մակարդակն ընդմիջումից հետո: Այդտեղ մի քանի գործոն կա՝ լավ ֆունկցիոնալ վիճակ, ուժերի հավասարաչափ բաշխում և մարզչական գրագետ փոփոխություններ, որոնք ազդում են հանդիպումների ընթացքի վրա: Կապառոսի օրոք Հայաստանի հավաքականը 15 գոլ է խփել, որից 11-ը՝ երկրորդ խաղակեսերում: Նոր մեկնարկած ընտրական մրցաշարում 5 գոլի հեղինակ ենք դարձել, և բոլորն էլ՝ ընդմիջումից հետո: Իսլանդացիների հետ մրցավեճում երկրորդ գոլը խփեց փոխարինման մտած Խորեն Բայրամյանը, իսկ ռումինացիների հետ խաղի հաշիվը բացեց կրկին փոխարինման մտած Էդուարդ Սպերցյանը, վերջինս նաև 11-մետրանոց վաստակեց:

31.03.2021 Armenia 3 2 Romania 13 960x640 - Խորամանկ քայլ, որը դրեց Հայաստանի հավաքականի հաղթանակի հիմքը․ Հայաստան - Ռումինիա հանդիպումը՝ 5 կետով

Որպես վերջնամասում լավ հանդես գալու օրինակներ՝ կարող ենք հիշել նաև այն, որ Ազգերի լիգայում Վրաստանի հավաքականի հետ 2 խաղերում էլ որոշիչ գոլեր խփեցինք հենց այդ հատվածում: Սեփական հարկի տակ (խաղն իրականում տեղի ունեցավ Լեհաստանում) 88-րդ րոպեին փրկվեցինք պարտությունից, իսկ Թբիլիսիում՝ 86-րդ րոպեին հաղթական գոլ խփեցինք: Նույն Լիխտենշտեյնի հավաքականի դեմ 1-ին տուրի մրցավեճում միակ ու հաղթական գոլը գրանցեցինք միայն 83-րդ րոպեին: Ներկայիս հավաքականը հոգեբանորեն նույնպես շատ պինդ է ու անկախ հանգամանքներից պայքարում է մինչև վերջ: «Ի սկզբանե ամեն ինչ կազմակերպված էր: Եթե թիմի հետ մի բան այն չէ, հարկավոր է համբերատար լինել: Առաջին կեսում զգացվում էր, որ թիմը բավական հոգնած է, մեզ արագությունը չէր հերիքում, բայց Հայաստանի հավաքականը երկրորդ կեսում իրեն շատ լավ դրսևորեց»,- ռումինացիների հետ խաղից հետո, այդ թեմայի շուրջ ասաց Կապառոսը:

Արտակ Գրիգորյան․ անհատ ֆուտբոլիստ, որը թիմային խաղի մարմնացում է

Կապառոսն այստեղ կասեր՝ հաղթեց թիմը, և ճիշտ կվարվեր: Բայց ինչո՞ւ ենք շեշտում Գրիգորյանի գործոնը: Որովհետև գովասանքների ամենամեծ չափաբաժինը, որպես կանոն, հասնում է գոլ խփողներին ու գոլային փոխանցում կատարողներին: Արդեն չի զարմացնում, որ, օրինակ՝ Տիգրան Բարսեղյանը գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել: Բոլորն են խոսում, որ Սպերցյանի նորամուտը փառահեղ էր: Իսկ կան ֆուտբոլիստներ, որոնք «ստվերում» են, լայն շրջանակները նրանց չեն քննարկում, բայց այդ տղաները թիմի շարժիչ ուժն են:

31.03.2021 Armenia 3 2 Romania 3 960x640 - Խորամանկ քայլ, որը դրեց Հայաստանի հավաքականի հաղթանակի հիմքը․ Հայաստան - Ռումինիա հանդիպումը՝ 5 կետով

«Վարազդատի ու Տիգրանի հայացքն ամեն ինչ ասում էր». Կարեն Բարսեղյան

Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանի առաջնությունում հանդես եկող 33-ամյա ֆուտբոլիստի համար ինչքան դժվար է միջազգային մակարդակում մեկ շաբաթում 3 անգամ խաղ անցկացնել մեկնարկային կազմում: Գրիգորյանը ոչ միայն ընդունեց այդ մարտահրավերը, այլև պատվով իրագործեց: Իսլանդացիների դեմ խաղում նրա գերազանց ելույթին արդեն անդրադարձել ենք: Իսկ Ռումինիայի հավաքականի հետ խաղում 19 մենապայքարի է մասնակցել ու հաղթել դրա 74%-ում, ինչը հանդիպման երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է մեկնարկային կազմերում հայտնված ֆուտբոլիստների շրջանում: Միայն Վլադ Կիրիկեշն է ցույց տվել ավելի լավ արդյունք (15 մենապայքար, 100%): Հաղթող է դուրս եկել 4 օդային մենապայքարներից 3-ում: 8 անգամ գնդակ է խլել, ինչը հանդիպման երրորդ ամենաբարձր ցուցանիշն է: Խաղի առաջատարն է մրցակցի կիսադաշտում գնդակի խլումների վիճակագրությամբ (դա արել է 3 անգամ): Մեկնարկային կազմերի միակ ֆուտբոլիստն է, որ խաղի ընթացքում ոչ մի անգամ գնդակ չի կորցրել: Գրիգորյանի խաղի որակի վրա չի ազդում այն՝ կոնկրետ մրցավեճում ում հետ է գործում հենակետային գոտում։

5 սեյվ իրականացրած Դավիթ Յուրչենկոն շատ հուսալի խաղաց հատկապես հանդիպման սկզբնամասում: Թիմի ավագ Վարազդատ Հարոյանն էլ ոչ միայն գոլ խփեց, այլև հերթական անգամ փայլուն աշխատեց պաշտպանությունում, կարգավորեց ամբողջ հետին գծի խաղը: Եթե ուշադրությամբ հետևեք մեր առաջին գոլային գրոհին, ապա հենց Հարոյանի գրագետ խաղը մրցակցին ստիպեց սխալ փոխանցում կատարել, ինչով էլ սկիզբ դրվեց Սպերցյանի գոլի կերտմանը: Հարոյանը 9 անգամ գնդակ է խլել (ամենաբարձր ցուցանիշ Կիրիկեշի հետ), 10 մենապայքարի է մասնակցել ու հաղթել դրա 60%-ում (4-րդ ամենաբարձր ցուցանիշ մեկնարկային կազմերի ֆուտբոլիստների շրջանում), 8 անգամ ընդհատել է մրցակցի գրոհների ընթացքը (մրցավեճի երկրորդ ամենաբարձր ցուցանիշ Նիկուշոր Բանկուի հետ):

31.03.2021 Armenia 3 2 Romania 1 960x640 - Խորամանկ քայլ, որը դրեց Հայաստանի հավաքականի հաղթանակի հիմքը․ Հայաստան - Ռումինիա հանդիպումը՝ 5 կետով

Ահա, թե ինչպես է «ճախրում» Կապառոսի թիմը․ Հայաստանի հավաքականի նվաճման միջազգային արձագանքերը

Հ․ Գ․ Հայաստանի հավաքականն առնվազն մինչև սեպտեմբեր կմնա J խմբի միանձնյա առաջատարը: Դա իրավիճակ է, որի մասին նույնիսկ երազել գուցե հնարավոր չէր: Կարևորը՝ ֆուտբոլիստները հավատում են իրենց ուժերին: Երկրպագուները կարող են մտածել ամենաբարձր նպատակի մասին, նրանք ունեն այդ իրավունքը, բայց խաղացողները պետք է ամուր կանգնեն ոտքերի վրա: Պայքարը դեռ առջևում է, հարկավոր է խաղ առ խաղ առաջ շարժվել ու շատ հեռուն չնայել: Թեպետ այդ կապակցությամբ գուցե պետք էլ չէ մտահոգվել․ Կապառոսը վերահսկում է ամեն ինչ, համենայն դեպս, այդպիսին է տպավորությունը:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բարսեղյանի ու Հարոյանի տրանսֆերային արժեքը բարձրացավ

Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

Տրանսֆերային առաջարկ Մարաշլյանին՝ պայմանով, որ նա խաղա Հայաստանի հավաքականում

Շվեդիա – Հայաստան․ ով է ամենաշատ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստը

Բալեկյան․ «Բոկայում» խաղալը երազանք է իմ ու ընտանիքիս համար»

Շաղոյան. «Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում խաղում եմ տարբեր դիրքերում» (տեսանյութ)

Անգլիայի ու Նիդեռլանդների հավաքականները հաղթեցին ընկերական խաղում (տեսանյութ)

Բիչախչյանը բացեց գոլերի հաշիվը, Յուրչենկոն առաջին 11մ հարվածը հետ մղեց. Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը՝ 10 փաստով

Խոակին Կապառոսը՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղի ու մարզական հավաքի մասին (տեսանյութ)

Շարքն ընդհատվեց. Հայաստանի հավաքականը պարտվեց շվեդներին 1-3 հաշվով (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը կրճատում է հաշվի տարբերությունը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո Շվեդիան հաղթում է Հայաստանին 2 գոլի առավելությամբ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Շվեդիայի ընտրանու դեմ

Ռիչարլիսոնի ու Նեյմարի գոլերը հաղթանակ պարգևեցին Բրազիլիայի ընտրանուն (տեսանյութ)

ՀՖՖ նախագահն անվանական մարզաշապիկներ է նվիրել Յուրա Մովսիսյանին ու Լևոն Պաչաջյանին

Հայաստանի հավաքականի վերջին մարզումը շվեդների դեմ խաղից առաջ (տեսանյութ, ֆոտոշարք)