fbpx

Խոտի հոկեյ՝ փառահեղ անցյալն ու վերածնունդի ճամփան

Մականախաղը կամ պարզապես խոտի հոկեյը շատերի համար պարզապես բակային խաղ է, իսկ ոմանց համար կյանքի ուղեկից: Հրազդանում  սպորտաձևը բավական հայտնի է: Այն իր զարգացումն է ունեցել 90-ականների սկզբին և իր վերածնունդն է սկսել այժմ: Սպորտաձևի զարգացման և ապագայի մասին  զրուցել ենք  խոտի հոկեյի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ,խոտի հոկեյի ազգային հավաքականի և «Հրազդան» մարզական ակումբի գլխավոր մարզիչ Նվեր Զաքարյանի հետ:

«Հրազդան» մարզական ակումբը վերջին մարզումներն էր անցկացնում Բելառուսում կայանալիք միջազգային մրցաշարին մեկնելուց առաջ:

Խոսելով ֆեդերացիայի և «Հրազդան» մարզական ակումբի ստեղծման պատմության մասին Նվեր Զաքարյանն ասաց.

«Ֆեդերացիան և մարզական ակումբը ստեղծվել են իմ և ինձ պես նախկին հոկեյիստների նախաձեռնությամբ: Խոտի հոկեյը 90-ականների սկզբին Հայաստանում մեծ ճանաչում ուներ, Հայաստանի հավաքականը բազմիցս եղել է ԽՍՀՄ չեմպիոն,միջազգային մրցաշարերի գավաթակիր: Հենց «Հրազդան» մարզական ակումբը բազմիցս մեկնել է ԱՄՆ և մասնակցել Ջոն Քենեդու անվան միջազգային հուշամրցաշարին: Ինքս եղել եմ այն թիմի կազմում, որն այդ հուշամրցաշարի կրկնակի չեմպիոն է: Այս ամենը արդեն անկախ Հայաստանում շարունակական դարձնելու համար ստեղծեցինք խոտի հոկեյի հայկական ֆեդերացիան»:

Ֆեդերացիայի գոյության, պետության կողմից ֆինանսավորման և ազգային հավաքականի մասին ֆեդերացիայի փոխնախագահն ասաց.

«Ֆեդերացիան գտնվում է պետության հովանու ներքո, մեզ տրամադրվում է տարեկան 6 մլն դրամ գումար, որը բավականացնում է միայն մարզահավաքներն ու Հայաստանի առաջնությունը կազմակերպելու համար:Ֆինանսավորման հիմնական մասը կատարում  են ֆեդերացիան՝ ի դեմս  նախագահ Խաչատուր Գիլոյանի, և մի քանի բարերարներ,որոնք ցանկանում են զարգացնել սպորտաձևը: Մենք կազմակերպում ենք խոտի հոկեյի Հայաստանի առաջնություն տարբեր տարիքային խմբերի համար, որքան էլ զարմանալի կթվա ունենք նաև ազգային հավաքական, որն ամեն տարի պատվով է ներկայանում միջազգային մրցաշարերի»:

Խոսելով իր ղեկավարած «Հրազդան» ակումբի մասին, որն այդ պահին մարզումներ էր անցկացնում ցուրտ և չլուսավորված մարզադպրոցում՝ մարզիչն ասաց.

«Հիանալի թիմ ունեմ, երեխաներն, իրոք, սիրում են սպորտաձևը, ինքներդ էլ տեսնում եք, այս ցրտին մարզվում են լավ ներկայանալու համար, մեր ակումբը միշտ մասնակցում է պատանիների Եվրոպայի առաջնությանը, 2013 թվականին Հունաստանում դարձել է ակումբային մրցաշարի փոխչեմպիոն, հաջորդ տարի Բուլղարիայում արժանացել բրոնզե մեդալի, փետրվարի 22-28 մասնակցելու է Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությանը»:

Միջազգային մրցաշարերին Հայաստանի մասնակցության մասին հարցին  ֆեդերացիայի փոխնախագահը պատասխանեց.

«Երեխաները մեծ պատրաստվածությամբ են մեկնում մրցաշարերի, միշտ ձգտում ենք հաղթանակած վերադառնալ, սակայն յուրաքանչյուր սպորտաձևում էլ կան անարդարություններ, շատ հաճախ մինչև 16 տարեկանների առաջնությանը այլ երկրների թիմերում կան այնպիսի մարզիկներ, որոնք արդեն մարզչի տարիքի են, հենց սա էլ թևաթափ է անում իմ մարզիկներին»:

Փետրվարի 22-28 Մինսկում կայանալիք մրցաշարին մասնակցելու է 11 թիմ: Հայաստանը կներկայացնի մեր երկրի խոտի հոկեյի չեմպիոն «Հրազդան» մարզական ակումբը:

Հայարփի Կարապետյան

  • 12

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում: