«Երազում եմ, որ կգա ժամանակը, երբ կկարողանամ ազատ քայլել Բաքվում». Լևոն Արոնյանի ուշագրավ մտքերը - VNews
Բաժիններ

«Երազում եմ, որ կգա ժամանակը, երբ կկարողանամ ազատ քայլել Բաքվում». Լևոն Արոնյանի ուշագրավ մտքերը

Հայաստանը աշխարհում առաջինն է, որը շախմատի ուսուցումը դարձրեց 2-րդից 4-րդ դասարանների դպրոցական ծրագրի պարտադիր մասը։ Հայաստանն աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկրներից է։

Իսկ Լևոն Արոնյանը տարիներ շարունակ հայկական շախմատի գլխավոր դեմքն է, մեր հավաքականը առաջատարը ու հազարավոր երեխաների ոգեշնչման աղբյուրը։ Նա ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում  Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստն է (7-րդ տեղ)։ Նա աշխարհի կրկնակի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող է, աշխարհի և Եվրոպայի թիմային առաջնությունների չեմպիոն է։

Արոնյանը սկսել է շախմատով հետաքրքրվել ինը տարեկանից ու առաջին քայլերը տախտակին կատարել է քրոջ՝ Լիլիթի տված դասերից հետո։ Բայց մինչև այդ Լևոնի ծնողները կարծում էին, որ նա երաժիշտ կդառնա, քանի որ ավելի շուտ սկսել է երգել, քան խոսել։

Լևոն Արոնյանի հետ առավել լավ ծանոթանալու համար առաջարկում ենք ծանոթանալ նրա մտքերին, որոնք VNews-ը հավաքել է վերջին տարիների նրա հարցազրույցներից։

Շախմատը

«Երբ գրոսմայստեր դարձա, ինձ շատերն ասացին, որ եթե մինչև 20 տարեկան տարեկան չընդգրկվեմ լավագույն 100-յակում, ապա բարձր արդյունքների համար պայքարելու հնարավորություն չեմ ունենա: Ես ապացուցեցի, որ նրանք սխալվել են»։

«Այդ տարիքում շախմատն ասես դարձավ իմ վանքը, երբ հասկացա… դա իմ կարծիքն էր, որ ծնվել եմ ինչ-որ նպատակի համար»։

«Թե շախմատիստ չլինեի, ընտրածս մասնագիտությունը կապ կունենար մի բանի հետ, որտեղ գործում են մաթեմատիկայի օրենքները»։

«Իմ մրցակիցների համար փաստաբան եմ աշխատում»:

«Շախմատիստի ամենօրյա աշխատանքը շատ նման է հանքափորի աշխատանքին. Երբ փորում ես, փնտրում ես մի բան, որը չգիտես դեռ ինչ է, կամ արդոք կա՞ քո փնտրածն այդտեղ»։

«Շախմատում կան բաներ, որ ինձ շատ են գրավում: Այն շատ արդար խաղ է: Եթե դու ուժեղ ես, դու կհաղթես: Վերցնենք այլ մարզաձևերը, որտեղ մրցավարն է որոշում շատ բան, և միշտ չէ ամեն ինչ արդար լինում»։

«Եթե կյանքում ինչ-որ բան այնպես չէ, հասկանալի է, որ հնարավոր չէ լավ խաղալ: Եթե շուրջդ ինչ-որ բան քանդվում է, փոքրիկ ֆիգուրները տեղաշարժելը կարող է անհեթեթ թվալ»։

«Ես երբեք չեմ սիրել կատու-մուկ խաղը: Միշտ փորձում եմ գայլի պես խաղալ: Եթե հակառակորդդ թույլ է, պետք է ուտես նրան»։

«Ինչպես երաժիշտների գլխում անընդմեջ պտտվում է երաժշտությունը, նոտաները, նույնպես եւ մեզ մոտ՝ հաշվարկները, պարտիաները»:

«Ադրբեջանում խաղալը բավականին բարդ է։ Շախմատը ստեղծագործական խաղ է։ Պետք է ավելորդ մտքերով չծանրաբեռնվել։ Զբոսնելուց առաջ պետք էր զանգահարել, ժամուկես սպասել։ Դա, իհարկե մեծ խնդիր է։ Շատ եմ երազում, որ կգա ժամանակը, երբ հնարավոր կլինի ազատորեն շրջել Բաքվում»։

«Սիրում եմ երեխաների հետ խաղալ, քանի որ իրենք միշտ նոր մտքեր ունեն, միշտ փորձում են ամենալավ խաղը ցույց տալ, չեն վախենում քայլ անելուց»։

Պարտությունները ու հաղթանակները

«Շարունակ տարբեր մրցաշարերում հաղթելով, ես ավելի քիչ բան եմ սովորել, քան պարտություններից: Պարտություններն են ամենամեծ ուսուցիչը»։

«Իմ զգացողությունները… Այստեղ կարելի է ավելացնել չտպագրելու բազմաթիվ բառեր (ժպտում է-խմբ): Բայց դրանք բացառապես ինձ են հասցեագրված լինելու»:

«Երկար մտածեցինք և եկանք այն եզրակացության (Արիանիայի հետ-խմբ), որ պետք չէ կառչել հաղթանակից, պետք չէ անընդհատ փնտրել այն»։

«Աշխարհի գավաթն այնպիսի մրցաշար է, որտեղ մեկ մթագնումը մրցաշարի վերջ է նշանակում»։

Կյանքը

«Կյանքը տրվում է միայն մեկ անգամ, և միայն վերջում է պարզվում՝ հաղթել ե՞ս, թե՞ տանուլ ես տվել կյանքիդ պարտիայում»։

«Սխալ կլինի ասել՝ Եվրոպայում կամ Հայաստանում։ Իմ կյանքը շախմատում է»:

«Ոչ բոլորն են բախտավոր, շատ առողջ: Կարծում եմ՝ կարեւոր է, որ հոգ տանենք այն մարդկանց մասին, ովքեր ոչ մեծ հնարավորություններ ունեն զբաղվել իրենց սիրած մարզաձեւով»:

«Արդարություն էլ կա, պարզապես մարդը պետք է անպայման հավատա, որ եթե ինքն իր կյանքն ապրի արդար ու ճիշտ, եթե կարողանա կատարել իր առաքելությունն այս կյանքում, ապա իր շուրջը իր իսկ ջանքերով ստեղծված արդարության դաշտը ամեն ինչ իր տեղը կդնի»:

«Ես շատ կապված եմ գյուղին, ցավալի է տեսնել, որ գյուղը մահանում է»:

«Ես շատ բարի մարդ եմ, ինձ միշտ պետք է լրացուցիչ լիցքավորել: Ափսոս, չկա այնպիսի «Օզվերին», ինչպես Լեոպոլդ կատվի մասին հանրահայտ մուլտֆիլմում»։

«Վերջին շրջանում այնքան շատ եմ սկսել պատրաստել, որ հիմա արդեն պատրաստածս «հնարավոր» է ուտել»։

«Ընդհանրապես դասական երաժշությունը ինձ ստիպում է լացել: Ես դյուրազգայուն տղա եմ, ի՞նչ կարող եմ անել:

Կարծում եմ՝ այն մարդկանից եմ, ով կարողանում է ղեկավարել զգացմունքերը, բայց երբեմն արվեստին դժվարանում եմ դիմանալ: Անշուշտ, օպերան, գրականությունը… էլ ավելի էմոցիոնալ եմ դառնում»։

Կանայք ու երազանքները

«Իմ երազանքները շատ պարզ են` չեմ երազում այլմոլորակային ինտելեկտ գտնել»:

«Շատ կուզեի Տիգրան Պետրոսյանի հետ խաղալ: Նա շատ հետաքրքիր ոճ է ունեցել: Մենք տարբեր ոճեր ունենք, այնպես որ չեմ կարող անգամ կանխագուշակել կհաղթեի՞, թե կպարտվեի: Կարծում եմ՝ հետաքրքիր խաղ կստացվեր: Կարծես հանդիպել են սառույցը և կրակը»:

«Շախմատային էվոլյուցիայի ընթացքում թագուհին իսկապես դարձել է ամենահզոր խաղաքարը: Կյանքում ևս կանայք ավելի ուժեղ են դարձել. դա ժամանակի հրամայականն է»։

«Կանայք սիրում են հաջողակ տղամարդկանց, իսկ հաջողակ տղամարդիկ սովորաբար խելացի են»։

«Արդյոք ուզո՞ւմ եմ աշխարհի չեմպիոն դառնալ: Շատ եմ ուզում: Անկասկած, զգում եմ, որ լավագույնն եմ: Դա, սակայն, ոչ մի նշանակություն չունի»։

Մենք

«Կարևոր չէ, թե ինչ է մեզ սպասում: Կարևոր է՝ թե ինչի ենք մենք պատրաստ: Ես հավատում եմ մեր ազգի միասնությանը, ուժին: Հավատում եմ նրա բացառիկ ունակությանը՝ միավորվել, համախմբվել ծայրահեղ դժվարությունների պահին»:

Աղբյուրներ՝ champord.am,hetq.am,mediamax.am, news.am, panaroma.am, GQ, haqinazz.az, mamul.am, shantnews.am, aravot.am

Երկաթյա Տիգրան Պետրոսյանը. Հետաքրքիր մտքեր շախմատի և իր մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանն արժանացավ 27500 դոլար պարգևավճարի

Հաղթական մեկնարկից հետո Արոնյանը վատթարացրեց ցուցանիշները

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը բաժանեց 5-7-րդ տեղերը

Լևոն Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանն առաջատարներից մեկն է

Միակ պարտությունն Արոնյանին զրկեց գլխավոր մրցանակից

3 անընդմեջ հաղթանակների շնորհիվ Արոնյանը գլխավորեց աղյուսակը

Արոնյանն առայժմ խաղաղասիրաբար է տրամադրված

Հայաստան-Հնդկաստան մրցախաղն ավարտվեց սկանդալով

Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակչում է

Հայտնի է 1/8 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը

Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչից

Հայաստանի հավաքականը զրկվեց քառորդ եզրափակչի ուղեգրից

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Արոնյան. «Վերադառնում եմ կյանք ու վերսկսում աշխատանքը»

Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կառլսենին