Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում - VNews
Բաժիններ

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

Եթե ծնվել ես Կենտրոնական Աֆրիկայի ջունգլիներում, ապա հոկեյիստ դառնալու հավանականությունը մոտ է 0-ի: Նույն հաջողությամբ Հայաստանում ծնվելով կարելի է երազել սերֆեր դառնալու մասին, նույնիսկ եթե դու Ծովագյուղից ես: Բայց ֆուտբոլը… ֆուտբոլն ուրիշ է: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները բրազիլական ֆավելաներից են, Հարավային Ամերիկայի ու Աֆրիկայի ամենա«փախած» տեղանքներից: Գուցե հենց դա է ֆուտբոլի համաշխարհային մեծության պատճառներից մեկը, որ այն հասանելի է բոլորին: Ֆուտբոլիստ կարելի է դառնալ՝ ծնվելով ամենուր, անկախ այն բանից՝ դա հարուստ արդյունաբերական կենտրոն է Եվրոպայի սրտում, թե քաղաքակրթությունից ու Google Maps-ի աչքից հեռու մի գյուղակ: Ամենուր, բայց ոչ Հայաստանի մարզերում… VNews.am-ը սկսում է շարք, որի շրջանակներում անդրադառնալու է մարզերում ֆուտբոլի զարգացմանը, խնդիրներին ու խոչընդոտներին:

Հայաստանի ազգային թիմը վերջին տարիներին դարձել է երևանցիների ու արտասահմանցիների միասնական «խորհրդանշական» հավաքական: 2016 թվականից սկսած ազգային հավաքական է հրավիրվել 64 ֆուտբոլիստ: Նրանցից 26-ը եղել է լեգեոներ, այն է՝ անկախ Հայաստանում կամ արտասահմանում ծնվելու փաստից, ֆուտբոլային առաջին քայլերն ու կրթությունը ստացել է Հայաստանից դուրս: Մյուս 38-ը հայաստանցիներ են, սակայն նրանցից միայն 7-ն են, որ չեն ներկայացնում Երևան քաղաքը: Այսինքն՝ այս ժամանակահատվածում ազգային հավաքականի մարզաշապիկը կրած խաղացողների միայն 11%-ն է մարզից:

Ազգային հավաքական հրավիրվելը մենք սահմանել էինք որպես յուրատեսակ նշաձող, որը ցույց կտա, որ տվյալ խաղացողը իրոք հասել է որոշակի խաղամակարդակի ու հաջողությունների ֆուտբոլում, թեև դա ոչ միշտ է այդպես, այս ցանկի խաղացողներից ոմանք հիմա այլևս ֆուտբոլով չեն զբաղված: Սակայն, ազգային հավաքական հրավիրվելը մի բան է, այնտեղ խաղալը մեկ այլ, ու այս առումով մարզային ֆուտբոլիստների վիճակագրությունը ավելի տխուր է:

Մեր ընտրված ժամանակահատվածում ազգային թիմը անցկացրել է 37 հանդիպում, ու եթե ընդունենք, որ ամեն խաղում դաշտում տեսել ենք 14 խաղացողի (11 մեկնարկային + 3 փոփոխություն), ապա ստացվում է 518 ելույթ: Ու այսքանից միայն 42-ն է բաժին ընկել մարզերից խաղացողներին: Այլ կերպ ասած՝ ազգային հավաքականի խաղերը հետևելիս՝ ձեր տեսած խաղացողների միայն 8%-ն են եղել մարզերից: Ի դեպ, երբ «մարզային» խաղացողների ցանկից հանում ենք մի ֆուտբոլիստի, ով մեծ վերապահումներով է մարզից, քանի որ Երևանին շատ մոտ գտնվող Աբովյանից է, ապա այս ցուցանիշը իջնում հասնում է 3,5%-ի:

Իհարկե, շատերը կռահեցին, որ Աբովյանը ներկայացնող խաղացողը հենակետային կիսապաշտպան Արտակ Գրիգորյանն է, իսկ մարզերը ներկայացնող խաղացողները 1 բացառությամբ «Շիրակի» սաներ են: Այլ կերպ ասած՝ եթե նրանց էլ հանենք, կունենանք 0-ին մոտ ցուցանիշ, ավելի կոնկրետ՝ 4 տարվա մեջ ընդամենը 2 րոպե խաղաժամանակ Լիխտենշտեյնի հետ խաղում: Այս դեպքերին դեռ առանձին կանդրադառնանք, բայց եթե ինչ-որ մեկը մնաց, ում համար այս պատկերը բավականաչափ զարհուրելի չէ, տանենք համեմատական: Խորվաթիայի հավաքականի հետ:

Վերցրել ենք ոչ թե Հայաստանի հավաքականի հետ համադրելի հավաքական, այլ Հայաստանի հետ համադրելի երկիր, չէ որ Խորվաթիան մեզնից մի փոքր ավելի բնակչություն ունի` մոտ 4 մլն, իհարկե, ունի ծով ու ավելի մոտ է Եվրոպային, բայց Բելգիա կամ Հոլանդիա էլ չէ: 2018թ. արծաթե մեդալները նվաճած կազմի 23 ֆուտբոլիստները ներկայացնում են 10 տարբեր բնակավայրեր, ու նրանցից միայն 6-ն է մայրաքաղաք Զագրեբից: Օրինակ, Լուկա Մոդրիչը Զադարից է, որը մոտ 75000 բնակչությամբ քաղաք է մայրաքաղաքից 286 կմ հեռավորության վրա: Ասենք, Վանաձորը ունի մոտավորապես նույնքան բնակչություն, բայց 3 անգամ ավելի մոտ է մայրաքաղաք Երևանին: Շատ ավելի փոքր բնակավայրեր են ներկայացնում Վեդռան Չոռլուկան, Նիկոլա Կալինիչը, Դոմագոյ Վիդան, Մարիո Մանջուկիչը:

Եթե Հայաստանի հավաքականում ելույթ ունեցող մարզաբնակ խաղացողները 11% են կազմում, ապա Խորվաթիայում՝ 71%:

3 տղա, 3 բացառություն

Թեև մարզադպրոցների մասին մեր տեղեկատվությունը ամբողջական չէ, բայց ակնհայտ ուրվագծվում է, որ 31 երևանցի ֆուտբոլիստների մեծ մասը «Փյունիկի» մարզադպրոցից է, այնուհետև՝ «Ուրարտուից» (նախկին «Բանանց»): Ու թեև Արտակ Գրիգորյանին մենք դիտարկեցինք որպես մարզը ներկայացնող ֆուտբոլիստ, ակնհայտ է, որ Երևանին մոտ գտնվող բնակավայրերից՝ Աբովյանից, Աշտարակից, Էջմիածնից, Արտաշատից, գյուղական բազմաթիվ բնակավայրերից երևանյան վերոնշյալ մարզադպրոցները հիմնականում հասանելի են, այստեղ ապրող երեխաները մեծ մասամբ կարող են գալ ու զբաղվել ֆուտբոլով, իրենց համար ինչ-որ ճանապարհ հարթել:

Գրեթե նմանատիպ իրավիճակ Շիրակի մարզում է, որտեղ նույն գործառույթը իր վրա վերցրել է «Շիրակը»: Քիչ բացառություններով՝ մարզի գրեթե բոլոր բնակավայրերը տրանսպորտային հաղորդակցություն ունեն Գյումրիի հետ, ինչը թույլ է տալիս տաղանդաշատ երեխաներին գալ և մարզվել «Շիրակում»: Հենց դրա շնորհիվ «Շիրակը» ներկայացնող ֆուտբոլիստները ոչ միշտ են Գյումրիիից, կան խաղացողներ նաև այլ բնակավայրերից, իսկ ամենաթարմ ու ցայտուն օրինակը Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ Ռուդիկ Մկրտչյանինն է, ով Արթիկ քաղաքից է:

Ռուդիկը ֆուտբոլով զբաղվել սկսել է 5 տարեկանից, մարզվել է Արթիկի մարզադպրոցում: Իր տարիքային թիմ մարզադպրոցում չի եղել, մարզվել է իրենից 2 տարի մեծերի թիմի հետ, որի կազմում էլ մասնակցել է Հայաստանի մանկապատանեկան առաջնությունների: 13 տարեկանում նրան նախ նկատել է այդ ժամանակ «Բանանցում» աշխատող մարզիչ Արտակ Օսեյանը ու հրավիրել Երևան: Ռուդիկը 3 ամիս շաբաթական 3 անգամ տրանսպորտով եկել է Երևան (մոտ 2 ժամ՝ մի ուղղությունը), մարզվել ու կրկին վերադարձել: Չսպասելով «Բանանցի» ակադեմիայի բացվելուն՝ պատանին վերադարձել է Արթիկ: Մեկ տարի անց նրան նկատել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, ու 14 տարեկանից Մկրտչյանը մարզումները շարունակել է Գյումրիում: Հիմա արդեն նա «Շիրակի» առանցքային ֆուտբոլիստներից է, սակայն շարունակում է ապրել հարազատ Արթիկում, ու ամեն անգամ մարզումների համար գնում է Գյումրի ու վերադառնում, բայց դա հիմա արդեն մեծ խնդիր չէ, մոտ կես ժամ է տևում:

Պակաս հետաքրքիր չէ երիտասարդական հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի՝ Էդգար Մովսեսյանի պատմությունը, ով այժմ հանդես է գալիս Առաջին խմբի առաջատարներից մեկի՝ «Վանի» կազմում: Էդգարը ծննդով Տավուշի մարզի Աչաջուր գյուղից է: Աչաջուրը Հայաստանի բացառիկ գյուղերից է, որը ունի մանկապատանեկան թիմեր Հայաստանի առաջնություններում: Ռուդիկի նման՝ Էդգարը ևս ընդգրկվել է իրենից տարիքով գերազանցող տղաների հետ մի թիմում:

Բեկումնային պահը եղել է «Բանանցի» հետ նրանց թիմի խաղը, որտեղ թեև պարտվել են խոշոր հաշվով, բայց նա դարձել է գոլի հեղինակ: Երևանյան ակումբի մարզիչները միանգամից հետաքրքրվել են դեռ 9-ամյա երեխայով, սակայն այդ ժամանակ նա Երևան տեղափոխվելու պատրաստ չի եղել: 2 տարի անց արդեն Մովսեսյանը տեղափոխվել է Երևան, մոտ մեկ տարի ապրել ազգականների տանը ու մարզվել «Բանանցում»: Այդ տարի Էդգարենց թիմը դարձել է Հայաստանի չեմպիոն, իսկ նա էլ՝ առաջնության լավագույն ռմբարկու, որից հետո «Բանանցի» այն ժամանակվա նախագահ Սարգիս Իսրայելյանը Մովսեսյանի ընտանիքին ևս հրավիրել է Երևան՝ ապահովելով նրանց կեցությունը մայրաքաղաքում: Հավատալով իրենց 12-ամյա երեխայի ֆուտբոլային երազանքին՝ Էդգարի ծնողները տեղափոխվել ու մշտական բնակություն են հաստատել Երևանում:

Էդգարը հանդես է եկել տարբեր տարիքային հավաքականներում, ու թեև Բարձրագույն խմբի թիմերում առայժմ կայուն խաղաժամանակ ստանալ չի հաջողվել, բայց լիահույս է, որ հաջողություն կունենա ֆուտբոլում: Նա նաև նշում է, որ մարզերում շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան, որ ուղղակի շանս չեն ստանում իրենց որևէ կերպ դրսևորելու, նրանց խորհուրդ է տալիս, որ հավատան իրենց երազանքին ու լավ մարզվեն:

Այս երկու խաղացողները գուցե առաջիկայում հասնեն նաև ազգային հավաքական: Իսկ այն մեկը, ով արդեն հասել է, «Փյունիկի» կիսապաշտպան Ալիկ Առաքելյանն է՝ Սպիտակից: 11 տարեկանից հաճախել է ֆուտզալի մարզումների, մեծ ֆուտբոլ այնտեղ չի եղել: Ինչպես ինքն է ասում՝ ամբողջ կյանքում շնորհակալ է լինելու իր առաջին մարզիչ Էդիկ Բարսեղյանին, որ իր մեջ մեծ ֆուտբոլիստի որակներ է նկատել ու ծնողներին խորհուրդ տվել իրեն որևէ ակումբ տանել: Ու քանի որ այն ժամանակ Լոռիի մարզում թիմ դեռ չկար, 14 տարեկան հասակում Առաքելյանը եկել է Երևան ու միացել «Միկային»:

Մի քանի ամիս անց նման որոշում է կայացրել նաև Առաքելյանի ընտանիքը: Ֆուտբոլիստը նշում է, որ ընտանիքի՝ մայրաքաղաք տեղափոխման պատճառը եղել է միայն իր ապագան, հանուն նրա են գնացել այդ քայլին: Առաքելյանը ևս դրսևորել է իրեն տարբեր տարիքային հավաքականներում, իսկ վերջին տարիներին ֆուտբոլիստին լրջորեն խանգարում են վնասվածքները: Առայժմ հավաքականի կազմում ընդամենը մեկ հանդիպման փոխարինման է մտել խաղի վերջում, սակայն անցած ճանապարհը ցույց է տալիս, որ Առաքելյանը հանձնվողներից չէ ու դեռ կասի իր խոսքը:

Նշված 3 օրինակներից 2-ում խաղացողները ստիպված են եղել շատ փոքր հասակում մարզից տեղափոխվել Երևան, հետո նույնը արել են նրանց ընտանիքները: Հասկանալի է, որ նման քայլի պատրաստ են շատ քչերը, հատկապես այն պարագայում, որ 12-14 տարեկանում ոչ մի երաշխիք չկա, որ երեխան ի վերջո կդառնա ֆուտբոլիստ: Շատ ավելի մեծ թվով պատանիներ ուղղակի զրկված են նման հնարավորությունից ու նրանց մասին մենք այդպես էլ չենք իմանում:

Իհարկե, Ռուդիկ Մկրտչյանի օրինակը ցույց է տալիս, թե ինչքան առանցքային կարող է լինել այդ գործում մարզում ֆուտբոլային ակումբի առկայությունը: 90-ականներին ու 2000-ականների առաջին կեսին մեր հավաքականում պատկերը լրիվ այլ է եղել: Վերջին 1-2 տարիներին մարզային թիմերի քանակը շատացել է, հուսանք շուտով նման օրինակների կհանդիպենք նաև այլ մարզերից, թեև պետք է ցավով արձանագրենք, որ առայժմ օրինակները հատուկենտ են Սյունիքի մարզից: Եվ իհարկե, հատկապես վաղ տարիքում առանձնակի կարևոր են Հայաստանի առաջնությանը մասնակցող մանկապատանեկան թիմերի առկայությունը, որոնց միջոցով աչքի էին ընկել Մովսեսյանն ու Մկրտչյանը:

Խնդիրները ոչ միայն այսքանով չեն սահմանափակվում, այլև սրանք ևս խորը ու բազմագործոն ուսումնասիրության ու վերլուծության կարիք ունեն: Այդ մասին՝ մեր շարքի հաջորդ նյութերում:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Խոակին Կապառոս.«Կցանկանայի, որպեսզի մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային»

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Արսեն Պետրոսյան․ «2 թիմերի համար էլ դժվար էր դադարից հետո միանգամից մտնել խաղային ռիթմի մեջ» (տեսանյութ)

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Արարատ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ուրարտուն» հանդես կգա ակցիայով «Արարատի» հետ խաղում (լուսանկար)

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

Վարդան Մինասյան․ «Ֆուտբոլիստները պետք է կրկին վերականգնեն խաղային ռիթմը» (տեսանյութ)

Օզբիլիսը՝ Մովսիսյանի, Մխիթարյանի, «Յունայթեդից» եկած սկաուտների ու այլ թեմաների մասին

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Լոռին» հաղթեց «Շիրակին» արտագնա խաղում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Հայաստանի վերսկսված առաջնության առաջին գոլը (տեսանյութ)

Խոակին Կապառոսը Իսպանիայից հետևում է «Շիրակ» – «Լոռի» հանդիպմանը (լուսանկար)

«Շիրակ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)