Family Club. Երկրպագուները ակումբի համար մեծ գումար են խնայել՝ հրաժարվելով աբոնեմենտների գումարի վերադարձից - VNews
Բաժիններ

Family Club. Երկրպագուները ակումբի համար մեծ գումար են խնայել՝ հրաժարվելով աբոնեմենտների գումարի վերադարձից

Շոտլանդական Չեմպիոնշիփի «Պարտիկ Թիսլ» ակումբի համար 2019/20 մրցաշրջանը ուղղակի մղձավանջային ստացվեց. 144 տարվա պատմություն ունեցող ակումբը մրցաշրջանի դադարեցման պահին վերջինն էր մրցաշարային աղյուսակում, ու թեև մոտակա հակառակորդին ընդամենը 2 միավոր էր զիջում ու դեռ 1 խաղ ուներ անցկացնելու, բայց լիգայի ղեկավարությունը որոշեց մրցաշրջանն ամփոփել մեկ խաղում վաստակած միավորների միջին արդյունավետությամբ, ինչի արդյունքում երրորդ դիվիզիոն ուղարկվեց հենց Գլազգոն ներկայացնող ակումբը:

Դրան գումարվել են կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի հետևանքները: Շոտլանդական ցածր դիվիզիոնների ակումբները իրենց գումարի մեծ մասը վաստակում են խաղերի անցկացման շնորհիվ՝ տոմսերի վաճառքից, ու առանց երկրպագուների խաղերը մեծ խնդիրներ են առաջացնում բոլորի համար: Բայց այստեղ ակումբին օգնության են եկել հավատարիմ երկրպագուները:

Այսպես, երբ Շոտլանդիայում մրցաշրջանը որոշել են ավարտված համարել, «Պարտիկ Թիսլը» իր 1800 աբոնեմենտների տերերին առաջարկել է մինչև մայիսի 1-ը դիմել՝ ավել վճարած 5 տնային հանդիպումների տոմսերի գումարը հետ ստանալու համար: Դա կազմում էր մոտ 80000 ֆունտ, ինչը բավականին մեծ գումար է շոտլանդական թիմի համար, որի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի ընդամենը 3,60 մլն եվրո է (Հայաստանի ակումբների կեսի մոտ ավելի մեծ գումար է): Սակայն, երկրպագուների միայն 3,5%-ն է ցանկացել հետ ստանալ գումարը, մյուսները ակումբին են թողել գումարը, ընդհանուր առմամբ՝ 75000 ֆունտ:

«Սա անհավանական ժեստ է մեր երկրպագուների կողմից՝ ոչ միայն մեծ ֆինանսական օգնություն թիմին այս դժվարին օրերին, այլև մեծ մոտիվացիա մեզ համար, որպեսզի շարունակենք հոգ տանել ակումբի մասին»,-ասվում է «Պարտիկ Թիսլի» պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ակումբը բավականին լավ աշխատանք է տանում իր երկրպագուների հետ: Կորոնավիրուսի պանդեմիայի սկսվելուց հետո ակումբը փոխեց իր անվանումը՝ Patrick Thistle Family Club, դիրքավորելով ակումբին որպես երկրպագուների միասնական ընտանիք: Բացի այդ, «Պարտիկ Թիսլը» երկրպագուներին 4 տարբեր եղանակներ է առաջարկել ակումբին ֆինանսապես աջակցելու համար, ներառյալ՝ անհատական սալիկների գնում և երկրպագուների միջև լոտոյի խաղարկությանը մասնակցությունը:

Ինչպես հասկացաք, «Պարտիկ Թիսլը» շատ հավատարիմ երկրպագուներ ունի, ընդ որում՝ ամբողջ աշխարհից: Բանն այն է, որ ակումբը շատ մոտ է գտնվում Գլազգոյի համալսարանին, ինչի հաշվին ուսանողների շրջանում երկրպագուները շատ են: Նրանցից շատերն ավարտում են ուսումը, վերադառնում իրենց երկրներ ու քաղաքներ, բայց շարունակում են երկրպագել «Պարտիկ Թիսլին»: Տեղացի երկրպագուներից մեկը սոցցանցերի միջոցով ստեղծել էր «Պարտիկ Թիսլի» արտասահմանյան ֆան-ակումբ, որտեղ կան երկրպագուներ աշխարհի տարբեր ծայրերից:

VNews.am-ը շարունակում է նոր՝ Professional Club նախագիծը՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների, սպորտային մենեջմենթի, ակումբային բիզնեսի ու մեծ փողերի մասին: Հետևելու համար առաջարկում ենք հավանել նախագծի ֆեյսբուքյան էջը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: