«Ես ավելի լավ գիտեմ ֆուտբոլը, քան դուք». ինչպես Էնրիկեն «լեկցիա» կարդաց լրագրողների համար - VNews
Բաժիններ

«Ես ավելի լավ գիտեմ ֆուտբոլը, քան դուք». ինչպես Էնրիկեն «լեկցիա» կարդաց լրագրողների համար

15521470441365 - «Ես ավելի լավ գիտեմ ֆուտբոլը, քան դուք». ինչպես Էնրիկեն «լեկցիա» կարդաց լրագրողների համար

«Չեմ կարդում ձեր նյութերը, քանի որ ավելի լավ եմ հասկանում ֆուտբոլից և ավելի շատ տեղեկություն ունեմ, քան դուք: Ինձ չի հետաքրքրում իսպանական մամուլը», – ասաց Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի Իտալիայի ընտրանու դեմ նախաղային ասուլիսին՝ ի պատասխան իսպանացի լրագրողների քննադատություններին:

Ֆուտբոլն անվերջ ուսումնասիրելու և երբեք մինչև վերջ չբացահայտելու մարզաձև է. յուրաքանչյուր խաղ կարող է դաս լինել բոլորի՝ երկրպագուների, մասնագետների ու լրագրողների համար: Շատ դեպքերում մենք շտապում ենք գնահատականներ հնչեցնել, գովաբանել կամ քննադատել ինչ-որ մեկին, մտածել, որ գիտենք ամեն բան այս խաղի «կանոնների» մասին, իսկ հետո խաղադաշտում տեսնել այլ իրականություն:

Իսպանական (ու ոչ միայն) մամուլը վերջին ամիսներին շատ է քննադատել Էնրիկեին ու հարցականի տակ դրել նրա կայացրած որոշումները: Բայց արդեն հիմա կարող ենք փաստել, որ Լուիս Էնրիկեն հաղթեց բոլորին: Շատերն էին քննադատում Էնրիկեի հրապարակած հայտացուցակը ԵՎՐՈ 2020-ին, բայց Իսպանիայի հավաքականը սպասվածից ավելի հեռուն գնաց՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ ու միայն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով զիջելով ապագա չեմպիոն Իտալիային: Հիմա էլ իսպանացիներն Ազգերի լիգայում լուծեցին վրեժն իտալացիներից ընդ որում՝ լավ խաղով, իսկ հետո արդեն դուրս եկան եզրափակիչ ու արժանի պայքար ցույց տվեցին Ֆրանսիային՝ պարտվելով 1-2 հաշվով:

Լուիս Էնրիկեն «դուխավիկ» է՝ շատ համարձակ մարզիչ, որ երբեք չի վախենում փորձարկումներից (արդեն 58 ֆուտբոլիստ խաղացել է Էնրիկեի գլխավորությամբ հավաքականում), իր հույսը անփորձ երիտասարդների վրա դնելուց, չի կենտրոնանում բոլորին հայտնի կարծրատիպային գաղափարների վրա, չի կրկնում մյուսների մեթոդները: Սիրեք նրան, թե ոչ, բայց նա ունի ուժեղ բնավորություն, ինչի շնորհիվ հաճախ ռիսկի է դիմում, նրան իսկապես չի հետաքրքրում մարդկանց կարծիքը: Նրա՝ ասուլիսներին հնչեցրած մտքերն արդարացնում են Իսպանիայի հավաքականի ցույց տված խաղն ու արդյունքները: «Սան Սիրոյում» Իտալիայի հավաքականին հաղթելը Բրայան Խիլով, Յերեմի Պինոյով, Ֆերան Տորեսով, Գավիով ու Միկել Մերինոյով ապացույցն է հենց այն բանի, որ Էնրիկեն իսկապես շատերից շատ ավելի լավ է հասկանում ֆուտբոլից ու ավելի լավ գիտի՝ ինչ է իրենից ներկայացնում այս մարզաձևը: Իսպանացի լրագրողները հիմա խոսելու տեղ չունեն:

Արդեն հիմա կարող ենք փաստել, որ այս մասնագետն Իսպանիայի հավաքականի համար ապագայի դռներ է բացել: Իսպանիայի հավաքականի սերնդափոխությունը կտրուկ ստացվեց, բայց այն արդյունավետ է լինելու, քանի որ թիմն ունի ձեռագիր և վերադարձել է իր գաղափարական արմատներին՝ պահում է գնդակ ու խաղից դուրս մղում մրցակցին: Իսպանացիների միակ խնդիրն այդ խաղն ու գրոհները տրամաբանական եզրափակման հասցնելն է, բայց դա էլ լուծվող հարց է ու ժամանակի խնդիր: 1-2 տարի անց «Լա Ռոխան» կլինի ամենահզոր հավաքականներից մեկն աշխարհում՝ շնորհիվ Լուիս Էնրիկեի:

Վերհիշենք՝ ինչ որոշումներ է կայացրել Էնրիկեն, որոնցով նա քննադատությունները փոխարինել է ծափահարություններով:

Մեր ընտրանին

Գավիին հրավիրելն այդքան էլ վաղ չէր

Էնրիկեի ռիսկային որոշումների ամենաթարմ ու վառ օրինակը «Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Գավիին Իսպանիայի հավաքական հրավիրելն էր: Բազմաթիվ իսպանացիներ (հատկապես՝ «Ռեալի» երկրպագուները) դժգոհ էին այդ որոշումից. ինչպե՞ս կարելի էր Իսկոյի կամ Ասենսիոյի փոխարեն հրավիրել Գավիին: 17 տարեկան 60 օրական Գավին, որ պրոֆեսիոնալ մակարդակում խաղադաշտում անցկացրել է ընդամենը 200 խաղային րոպե,  նույնիսկ տեղ գտավ Իտալիայի հավաքականի դեմ խաղի մեկնարկային կազմում և դարձավ «Լա Ռոխայի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Նորմալ չէ, որ Գավին 17 տարեկանում նման ֆուտբոլ է խաղում: Նա ոչ թե Իսպանիայի հավաքականի ապագան է, այլ՝ ներկան. Լուիս Էնրիկե

Իտալացիների դեմ խաղում, սակայն, Գավին փակեց բոլոր քննադատների բերանները: 17-ամյա ֆուտբոլիստը չէր վախենում փոխանցում պահանջելուց, գնդակ ստանալուց ու պայքարի մեջ մտնելուց (4 անգամ կատարել է հաջող սահանկում, 5 անգամ խլել է գնդակը): Ամբողջ խաղի ընթացքում Գավին ցույց տվեց ինտենսիվ ֆուտբոլ ու փոխարինվեց միայն 83-րդ րոպեին:

total Barça on Twitter: "Lucho: "Marco Verratti is Gavi's idol. So I told him, 'You have to press Verratti right from the beginning till the end.'"… https://t.co/Y9Trpmqiu0"

Ֆրանսիայի հավաքականի դեմ եզրափակիչում էլ 17-ամյա ֆուտբոլիստը փայլեց: Չիմացողը չէր կռահի, որ նա ընդամենը իր 2-րդ խաղն է անցկացնում հավաքականում: Հատկապես առաջին խաղակեսում, երբ Իսպանիայի հավաքականը զրկել էր Ֆրանսիային գնդակից ու թթվածնից, շատ մեծ էր Գավիի դերը, ընդ որում՝ բացի ճիշտ փոխանցումներից նա լավ էր փակում ֆրանսիացիների առաջատարներին: Դրվագներից մեկում Գավին պարզապես «անջատեց» Բենզեմային:

Հիմա այլևս ոչ ոք չի համարձակվի քննադատել միստերի՝ Գավիին հավաքական հրավիրելու որոշումը: Բոլորը հիացած են:

Երկու ձախլիկ կենտրոնականները

Ֆուտբոլում կա չգրված օրենք. նույն ֆուտբոլային ոտքով պաշտպաններ չպետք է գործեն կենտրոնում, ավելին՝ նույն խաղաոճն ունեցող կենտրոնականները չպետք է գործեն միմյանց կողքին: Այս կանոնները նույնպես խախտեց Էնրիկեն՝ մեկնարկային կազմում դուրս բերելով երկու ձախլիկների՝ Պաու Տորեսին ու Էմերիկ Լապորտին: Խաղը դիտած ֆուտբոլասերները կփաստեն, որ աստուրիացի մասնագետի այս որոշումն էլ արդարացվեց: Թե՛ Տորեսը, թե՛ Լապորտը ոչ միայն վստահ էին պաշտպանությունում ու գոլ խփելու քիչ շանսեր տվեցին իտալացիներին, այլ նաև լավ էին սկսում իրենց թիմի գրոհները՝ կատարելով ճշգրիտ հեռահար փոխանցումներ:

Ֆերան Տորեսը հնարավոր լավագույն 9 համարն է

Իսպանիայի հավաքականի հայտացուցակին նայելով՝ կտեսնենք, որ ոչ մի նոմինալ կենտրոնական հարձակվող չկա այնտեղ: Մորատան ու Մորենոն վնասվածքներ ունեն, Ասպասին էլ Էնրիկեն չի հրավիրում արդեն երկար ժամանակ: Կենտրոնական հարձակվողի դիրքում Էնրիկեն վստահում է Ֆերան Տորեսին ու չի սխալվում: Հավաքականում անցկացրած 21 խաղում Տորեսն արդեն խփել է 12 գոլ: Վիճակագրություն, որ կերազեին ունենալ աշխարհի մի շարք թոփ հարձակվողներ (առաջին 21 խաղում Տորեսի ցուցանիշը գերազանցում է Լուկակուի, Մբապեի, Բենզեմայի, Գրիզմանի, Ազարի ու Ինսինյեի նման ֆուտբոլիստների ցուցանիշին):

⚡⚡⚡ Сборная Испании обыграла итальянцев и вышла в финал Лиги Наций

Նույնիսկ «Մանչեսթեր Սիթիում» նրա ոչ կայուն խաղային պրակտիկան չստիպեց Էնրիկեին փոխել որոշումն ու չօգտագործել Ֆերանին: Մարզչի խոսքով՝ Ֆերանն այս հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից է: Խաղալով «կեղծ 9 համարի» դիրքում Ֆերանը շատ ավելի վտանգավոր է ու արդյունավետ, քան շատ «իրական 9 համարի» դիրքում հանդես եկող խաղացողներ: 2 գոլ Իտալիային՝ մեկ հպումով հարվածով, մեկը՝ ոտքով, մյուսը՝ գլխով: Դոնարուման անզոր էր:

Սարաբիային հնարավորություն տալը

Պաբլո Սարաբիան ՊՍԺ-ում երկրորդական դեր ունի: Կիլիան Մբապեի, Նեյմարի, Անխել դի Մարիայի ու հիմա արդեն նաև Լիոնել Մեսիի ներկայության պայմաններում իսպանացին շատ ավելի է կորցրել իր կարգավիճակը փարիզյան ակումբում ու ավելի շատ դուրս է գալիս նախավարժանքի, քան անցկացնում խաղեր: Բայց «Լուչոն» հիշեց՝ որքան լավ Եվրոպայի առաջնություն անցկացրեց Սարաբիան հավաքականում ու երես չթեքեց նրանից:

Իտալիայի ընտրանու դեմ խաղում Սարաբիան հայտնվեց մեկնարկային կազմում և արդարացրեց մարզչի հերթական վիճահարույց որոշումը: Հենց նրա երկու կտրուկ անցումներից հետո ծնվեցին իսպանացիների 2 գոլերը: Նրա ներկայությունն Իսպանիայի հավաքականում, կարծես, այլևս քննարկման առարկա չի դառնա:

Պեդրիի հայտնագործումը ԵՎՐՈ-ում

Այն, ինչ տեղի ունեցավ Գավիի հետ, տեղի էր ունեցել նաև մոտ 3-4 ամիս առաջ: Եվրոպայի առաջնության հայտացուցակի հրապարակումից հետո Էնրիկեն նույն քննադատությունները ստացավ, ինչ՝ օրեր առաջ: Այդ դեպքում աստուրիացուն քննադատում էին 18-ամյա Պեդրիին հրավիրելու համար: Թվում էր՝ կրկին Էնրիկեն գերռիսկային քայլ է արել, բայց Պեդրին, Գավիի նման, հրաշալի Եվրոպայի առաջնություն անցկացրեց ու նույնիսկ ճանաչվեց մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Հիմա Պեդրին իր մշտական տեղն ունի Իսպանիայի հավաքականում:

Barcelona starlet Pedri etches name into Euro history books

Վստահությունը՝ Մորատայի հանդեպ

Ալվարո Մորատային կենտրոնական հարձակվողի դերը վստահելը Եվրոպայի առաջնության ժամանակ Էնրիկեի մեկ այլ վիճահարույց որոշումներից էր երկրպագուների համար: Ժերար Մորենոն հրաշալի մրցաշրջան էր անցկացրել, մինչդեռ Մորատայից ֆուտբոլասերներն ավելի շատ վրիպումներ էին հիշում, քան գոլեր: Բայց Էնրիկեն շարունակում էր վստահել Մորատային, և այդ վստահությունը զգալով «Յուվենտուսի» հարձակվողը հայտնվեց ամենակարևոր պահին՝ մրցաշարի ընթացքում խփելով 3 գոլ: Մորատան վրիպեց միայն Իտալիայի դեմ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում:

Ունայ Սիմոնի խաղադրույքը

Երկար-բարակ մտածելուց հետո Էնրիկեն դարպասապահի դիրքում կրկին աչքի ընկավ ոչ պոպուլիստական ընտրությամբ. շատերի սիրելի Դավիդ դե Խեայի փոխարեն հիմնական կազմում տեղ գտավ Ունայ Սիմոնը: Բոլորի ուշադրությունը սևեռված էր Սիմոնի խաղի վրա, ու ոչ ոք բաց չէր թողնում նրա սխալները (հիշենք Խորվաթիայի ընտրանու դեմ Պեդրիի ինքնագոլը՝ Սիմոնի սխալի պատճառով): Բայց Էնրիկեի վստահության և ուժեղ բնավորության շնորհիվ Սիմոնը հաղթահարեց այդ ահռելի ճնշումը և հերոսական խաղ ցույց տվեց Շվեյցարիայի ընտրանու դեմ 1/4 եզրափակիչ խաղում՝ իր թիմին դուրս բերելով կիսաեզրափակիչ: Հիմա Սիմոնն էլ վայելում է երկրպագուների վստահությունը:

El eufórico abrazo de Unai Simón a Luis Enrique: "Me he venido arriba"

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ազգերի լիգայի եզրափակիչ հատվածի լավագույն խաղացողը

Ֆրանսիան՝ Ազգերի լիգայի հաղթող (տեսանյութ)

Ազգերի լիգա. Օյարսաբալի գոլին պատասխանեց Բենզեման (տեսանյութ)

Ազգերի լիգայի եզրափակիչ. Իսպանիա – Ֆրանսիա. Մեկնարկային կազմեր

Էնրիկե. «Նրանք աշխարհում լավագույն կազմն ունեն»

«Գավի, որտեղի՞ց ես եկել». Marca-ի անդրադարձը երիտասարդ ֆուտբոլիստի խաղին

Մանչինին՝ Դոնարումային ուղղված սուլոցների մասին

Ինչպես «Սան Սիրոն» «ողջունեց» Դոնարումային (տեսանյութ)

Իսպանիան հաղթեց Իտալիային և դուրս եկավ Ազգերի լիգայի եզրափակիչ փուլ (տեսանյութ)

Ազգերի լիգա. Իսպանիան առաջին կեսից հետո Ֆերան Տորեսի դուբլի շնորհիվ հաղթում է Իտալիային (տեսանյութ)

Գավիի նվաճումը Իսպանիայի հավաքականի կազմում

Ազգերի լիգա. Իտալիա – Իսպանիա. Մեկնարկային կազմեր

Կապելոն Դոնարումային «անշնորհակալ» է անվանել

Ռոբերտո Մանչինի. «ԵՎՐՈ 2020-ից հետո Ազգերի լիգայում հաղթելը հրաշալի կլինի»

Լուիս Էնրիկե. «Հաղթելու միայն մեկ տարբերակ կա»

Լուիս Էնրիկեն՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին