«Ես կխաղամ «Ռեալում». Նեյմարին բաց թողնելը «խելագարության» հասցրեց Պերեսին - VNews
Բաժիններ

«Ես կխաղամ «Ռեալում». Նեյմարին բաց թողնելը «խելագարության» հասցրեց Պերեսին

Untitled 1 - «Ես կխաղամ «Ռեալում». Նեյմարին բաց թողնելը «խելագարության» հասցրեց Պերեսին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 15:44

-

-

Այսօր Նեյմարը նշում է ծննդյան 29-րդ տարեդարձը: Բրազիլացի ներկայիս ամենատաղանդավոր ֆուտբոլիստը մոտ է եղել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ դառնալուն և նույնիսկ նախնական պայմանագիր է կնքել, բայց արդյունքում հայտնվել է գլխավոր մրցակցի՝ «Բարսելոնայի» կազմում: Տրանսֆերային այս «Էլ Կլասիկոն» բազմաթիվ հետաքրքիր հանգամանքներ ունի.

Վաղաժամ փառք

Նեյմարը 7 տարեկանում ընդունվել է «Սանթոսի» ակադեմիա: Նա այնպիսի տաղանդավոր էր, որ արագորեն ճանաչված դարձավ ամբողջ Բրազիլիայում: Հարձակվողը 12 տարեկանում արդեն գործակալ ուներ, իսկ 13 տարեկանում առաջին հովանավորչական պայմանագիրը կնքեց Nike-ի հետ:

Նեյմարը դեռ նորամուտը չէր նշել պրոֆեսիոնալ ֆուտբոլում, բայց նրան ակադեմիա հրավիրելու համար պայքարում էին «Բարսելոնան», «Ռեալը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Միլանը», «Բավարիան» և բազմաթիվ այլ ակումբներ: Այս հարցում ամենահամառը Մադրիդում էին:

Առաջին անգամ Իսպանիայում

«Սերուցքայինները» հիանալի հարաբերությունների ունեին պատանի Նեյմարի գործակալ Վագներ Ռիբեյրուի հետ, որը 2005-ի գարնանը կարողացավ 13-ամյա Նեյմարին ուղեկցել Իսպանիայի մայրաքաղաք: Սուպերտաղանդը Մադրիդում 19 օր անցկացրեց: Այդ ընթացքում նա մարզվում էր Մ14 թիմի կազմում: Երկկողմանի խաղերում բրազիլացին 27 գոլ խփեց և այնպես տպավորեց բոլորին, որ առաջարկ ստացավ մնալ «Ռեալում»: Նեյմարը համաձայնեց.

«Հիանալի եմ հիշում Նեյմարին: Հանդիպումներից հետո նա հայտարարեց, որ մնում է «Ռեալում» և խաղալու է այստեղ: Մենք շնորհավորեցինք նրան և միասին տոնեցինք»,- 2018-ին պատմել է Դանիել Կարվախալը, որն այդ ժամանակ մարզվել է նույն թիմում:

Անձնական մեքենա և VIP-սրահ

Իսպանիա ժամանելուն պես Նեյմարն ու նրա հայրը՝ Նեյմար-ավագին ավտոմեքենա տրամադրեցին, ցուցադրեցին մայրաքաղաքի տեսարժան վայրերը: Ռեալի ցանկությունը գայթակղել ապագա գերաստղին այնքան մեծ էր, որ նրանց նույնիսկ ուղեկցեցին ակումբի մարզաբազա, թանգարան և«Սանտիագո Բերնաբեուի» VIP-սրահ.

«Երազանքս իրականություն է դառնում: Ես ներկա էի «Դեպորտիվոյի» դեմ խաղին, որում «Ռեալը» հաղթեց 4:0 հաշվով: Ֆլորենտինո Պերեսից մի փոքր հեռու էի նստած»,- ESPN Brazil-ի հետ զրույցում ոգևորված պատմել է 13-ամյա Նեյմարը: Նա խաղից հետո լուսանկարվել է նաև Զինեդին Զիդանի, Ռոնալդոյի ու Ռոբերտո Կառլոսի հետ:

neymar imagenes prueba real madrid 13 anos imagenes 960x494 - «Ես կխաղամ «Ռեալում». Նեյմարին բաց թողնելը «խելագարության» հասցրեց Պերեսին

Անսպասելի շրջադարձ

Երբ թվում էր տեղափոխությունը կայացած է, Նեյմարը որոշեց վերադառնալ Բրազիլիա: Այստեղ արդեն վարկածները սկսում են հակասական դառնալ:

«Սանթոսի» նախկին նախագահ Մարսելո Տեյշեյրան վստահեցնում է՝ իր համաձակ քայլի շնորհիվ է հնարավոր դարձել բրազիլացուն պահել թիմում. «Նեյմարին շատ էր դուր գալիս գերաստղերով կազմված «Ռեալը», բայց մենք չէինք բանակցում այդ ակումբի հետ: Տեղափոխությունը նախաձեռնել էին նրա հայրն ու գործակալը: Որպեսզի Նեյմարին «Սանթոսում» թողնենք, նրանց առաջարկեցի 1 միլիոն եվրո, և այն արագորեն ընդունվեց: Տնօրենների խորհրդի անդամներն ինձ խելագար էին անվանում, բայց գիտեի, որ այդ տղան յուրահատուկ տաղանդ է: Ես ինքուրույն եմ այդ որոշումը կայացրել»:

Marca և AS պարբերականն ավելի զարմանալի պատճառներ են փորձել գտնել: Փորձաշրջանի ժամանակ Նեյմարների ընտանիքը «Ռեալին» հայտնել է, որ ցանկանում է իրենց տանը վերանորոգում կատարել և մեկ սենյակ ավելացնել: Այդ ամենը կարժենար 60 000 եվրո: Նրանք «սերուցքայիններին» խնդրել են վճարել այդ գումարը: Այն ժամանակ ակումբում չէր Ֆլորենտինո Պերեսը: Հեղինակավոր իսպանացին Նեյմարի գործակալի հետ լավ հարաբերությունների ուներ, բայց փետրվարին հրաժարական տվեց թիմի անհաջողությունների պատճառով: Պերեսին ժամանակավորապես փոխարինած Ֆերնանդո Մարտինը չհամարձակվեց այդքան գումար ծախսել 14-ամյա ֆուտբոլիստի ձեռք բերելու համար:

Երրորդ պատճառը նշել է ֆուտբոլիստի հայրը.

«Ռեալում» շատ սիրալիր էին մեզ հետ, բոլոր դռները բաց էին մեր առջև: Բայց զգացի, որ արդեն 6-րդ օրը որդիս սկսեց տխրել: Նա իրեն հարմարավետ չէր զգում, կարոտում էր ընտանիքը և ընկերներին: Մենք նրան հնարավորություն տվեցինք ինքնուրույն ընտրություն կատարել և նա որոշեց վերադառնալ Բրազիլիա»:

Վերջին հիմնավորումը ներկայացրել է «Սանթոսի» նախկին իրավաբան Մարկոս Մոտան, որը հետագայում դարձել է Նեյմարի փաստաբանը: Նա վստահեցնում է՝ «Սանթոսը» բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ին և ՈւԵՖԱ-ին, որ «Ռեալը» փորձում է անչափահաս ֆուտբոլիստի տրանսֆեր կատարել: Օրենքով դա արգելված է: Անչափահաս խաղացողի տեղափոխությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրա ծնողներն են մեկնում նոր երկիր բնակվելու կամ արտասահմանյան ակումբում աշխատանք ստանում:

«ՖԻՖԱ-ն արագ արձագանքեց և նամակ գրեց «Ռեալին».«Ձեզ մոտ անչափահաս ֆուտբոլի՞ստ է ընդգրկված: Մենք դիմում ենք ստացել «Սանթոսից»: «Ռեալը» սկսել է հերքել. «Ոչ, նա ընդհամենը մեր ակումբին ու ենթակառուցվածքներին է ծանոթանում: Չենք պատրաստվում նրա պայմանագիրը հաստատել»: Բայց դա սուտ էր: Մեկ տարի հետո տեղեկացանք, որ նրանք փորձել են իրենց ակումբում գրանցել Նեյմարին»:

neymar real madrid - «Ես կխաղամ «Ռեալում». Նեյմարին բաց թողնելը «խելագարության» հասցրեց Պերեսին

«Ռեալը» չհանձնվեց և վերադարձավ 2011-ին

Բրազիլիա վերադառնալուց հետո Նեյմարը մնաց «Սանթոսում» և 17 տարեկանում նորամուտը նշեց գլխավոր թիմում: Երբ արդեն բոլոր ցանկացողները տեսան նրա խաղը, հասկացան, թե ով է բրազիլական ֆուտբոլի ապագա առաջատարը: 2002 թվականի աշխարհի առաջնությունում փայլում էին Ռոնալդո-Ռիվալդո-Ռոնալդինյո եռյակը: Վերջինը հետո դարձավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Նրան հաջորդեց Կական: Բայց դրանից հետո մի քանի տարի Բրազիլիայում նոր գերաստղ չկար: Ադրիանոն սկսեց չարաշահել ալկոհոլը, Ռոբինյոն չկարողացավ իր տաղանդին համարժեք արդյունքներ գրանցել: Հենց այդ անհույս իրավիճակում ծագեց Նեյմարի աստղը: Նա դարձավ Բրազիլիայի նոր հույսը: Հարձակվողը 20 տարեկանում արդեն երկու անգամ ճանաչվել էր Հարավային Ամերիկայում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև գոլ խփել, որը ՖԻՖԱ-ն ճանաչեց տարվա լավագույնը: «Ռեալը» չէր կարող նախկինում ամրապնդած կապերը մոռանալ և բաց թողնել նման տաղանդին: 2011 թվականին «Արքայական ակումբը» վերադարձավ Նեյմարի տրանսֆերի համար: Ակումբի նախագահի պաշտոնին վերադարձած Ֆլորենտինո Պերեսը 2011 թվականի ամռանը կարողացավ պայմանավորվել «Սանթոսի» և Նեյմարի հետ: Աշխատավարձը տարեկան պետք է կազմեր 5 միլիոն եվրո: Բրազիլացին Սան-Պաուլու քաղաքում նույնիսկ բուժզննում անցավ «Ռեալի» բժիշկ Կարլոս Դիասի ներկայությամբ, ինչի մասին Պերեսը խոստովանել է 2017 թվականին՝ Onda Cero ռադիոկայանի եթերում: «Սանթոսին» խոշոր գումար վճարելուց զատ «Ռեալը» պարտավորվել էր այդ թիմի հետ 2 ընկերական խաղ անցկացնել, որին պարտադիր պետք է մասնակցեին «գալակտիկոսի» աստղերը:

«Բարսելոնայի» վրեժը Ֆիգուի օրինակով

«Ռեալն» արդեն մտովի տոնում էր Նեյմարի տրանսֆերը, երբ հանկած ֆուտբոլիստը նոր պայմանագիր կնքեց «Սանթոսի» հետ: Մեկ վարկածով պատճառը DIS ֆոնդն էր, որին պատկանում էին Նեյմարի տրանսֆերի 40 տոկոսը (ընդունված պրակտիկա Բրազիլիայում): Երկրորդ վարկածը կապված էր «Ռեալի» ոխերիմ թշնամի «Բարսելոնայի» հետ: Կատալոնական ակումբի այդ ժամանակվա նախագահ Սանդրո Ռոսելը Պերեսից համոզելու ոչ պակաս ձիրք ուներ: 2003 թվականին, երբ «Բարսայի» փոխնախագահն էր, կարողացել էր ռեստորանային մեկ ընթրիքի ընթացքում Ռոնալդինյոյին համոզել տեղափոխվել «Բարսելոնա», երբ բրազիլացին արդեն «Մանչեսթեր Յունաթեդ» մեկնելու տոմս ուներ:

Հայտնի է, որ «Բարսելոնան» չլսված առաջարկներ է կատարել Նեյմարին ու նրա ընտանիքին, ինչը հետագայում Ռոսելի պաշտոնանկության պատճառ դարձավ: Բայց մինչև այդ նա կարողացավ Նեյմարի հետ գաղտնի պայմանագիր կնքել և 10 մլն եվրոն նախապես վճարել: Եվս 30 մլն ֆուտբոլիստը կստանար, երբ պաշտոնապես տեղափոխվել «բլաուգրանա»: Իսկ եթե Նեյմարը հրաժարվեր գործարքից, նա պետք է 40 միլիոնի փոխհատուցում վճարեր: Ծանո՞թ սխեմա է: Մոտավորապես այդպես էր «Ռեալը» «Բարսելոնայից» «փախցրել» Լուիշ Ֆիգուին:

«Ռեալն», իհարկե, այդքան հեշտ չհանձնվեց: Պերեսը ֆուտբոլիստին հավաստիացրեց, որ չափազանց շահագրգռված է Նեյմարին հրավիրելով և պատրաստ է նրա փոխարեն «Բարսելոնային» վճարել այդ 40 միլիոնը: Ինչպես նաև «Սանթոսի» պահանջած տրանսֆերի գինը և 5 միլիոնից ավելի աշխատավարձ: Նեյմարը հրաժարվեց. «Ես չեմ վաճառվում: Փողերն ինձ օգնում են, բայց որոշիչ նշանակություն չունեն»:

neymar barca 960x722 - «Ես կխաղամ «Ռեալում». Նեյմարին բաց թողնելը «խելագարության» հասցրեց Պերեսին

«Նոր Նեյմար» քաղաքականություն

Մադրիդի «Ռեալն» այդպես էլ չկարողացավ ձեռք բերել տասնամյակի ամենատաղանդավոր բրազիլացուն, նոր քաղաքականություն մշակեց: Պերեսը որոշեց, որ այլևս թույլ չի տա պատմությունը կրկնվի: Նա սկսեց հսկայական գումարով գնել բոլոր այն երիտասարդ բրազիլացիներին, որոնք քիչ թե շատ պոտենցիալ ունեին Նեյմարի խաղամակարդակին հասնելու համար: Ինչպես օրինակ Վինիսիուսը, Ռոդրիգոն, Ռեինիերը: Դեռ ոչ ոք նույնիսկ մոտ չէ ցանկալի մակարդակին, սակայն հատկապես Վինիսիուսի հետ մեծ հույսեր էին կապում:

Վերջին հույսի մարում

2017 թվականին Նեյմարը սկանդալով հեռացավ նաև «Բարսելոնայից»: ՊՍԺ-ում դեռ կես տարի չէր հասցրել խաղալ, երբ սկսեց Կատալոնիա վերադառնալու մասին խոսել: «Ռեալը» փորձեց օգտվել իրավիճակից, քանի որ հիանալի հարաբերություններ ունի փարիզցիների հետ: Ամեն անգամ «Մադրիդի» անունը նշվում էր որպես Նեյմարի հաջորդ թիմ, քանի որ «Բարսելոնան» ծախսել էր Նեյմարի տրանսֆերի համար ստացած 222 միլիոն եվրոն: 2-3 տարի «Մադրիդը»  դեռ ցանկանում էր հրավիրել Նեյմարին: Հիմա արդեն նա վերջապես հարմարվել է Փարիզին: «Ռեալը» վերջնականապես հրաժարվում է այդ տրանսֆերից և կենտրոնանում բրազիլացու թիմակցի՝ Կիլիան Մբապեի տրանսֆերի վրա: Կարելի է վստահությամբ ասել, որ Նեյմարն այդպես էլ չի խաղա «Մադրիդում»: Իսկ ամեն ինչ կարող էր լրիվ այլ լինել…

2005 թվականին բաց թողած հնարավորության նշանակությունը պատկերավոր ներկայացրել է Խեսուս Գուտյերեսը, որը գլխավորում էր «Ռեալի» պատանեկան թիմը, երբ Նեյմարը 13 տարեկանում մարզվում էր նրանց հետ. «Նա պետք է դառնար «Ռեալի» Լիոնել Մեսին»:

Նեյմարն արժե 222 մլն. եվրո. 11 ակումբներ, որոնց կարելի է գնել այդ գումարով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VNews Battle․ Ինչու «Բարսելոնան» կհաղթի «Ռեալին»

Ֆրենկի դե Յոնգ. «Լա լիգան մեր ձեռքերում է»

Ռամոսն առաջին անգամ բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ խաղը Լա լիգայում

246-րդ Էլ Կլասիկոն. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Հնարավոր է՝ Պերեսն առանց ընտրությունների շարունակի պաշտոնավարումը «Ռեալում»

Վալդանո. «Երբ «Սանտիագո Բեռնաբեուն» պատրաստ լինի, մարզումային խաղադաշտի նման կլինի «Էնֆիլդը»

Ձևավորվել են Ֆրանսիայի գավաթի քառորդ եզրափակիչ փուլի զույգերը

Չավիի թիմի գերիշխանությունը․ «Ալ Սադն» առաջնությունն ավարտել է չեմպիոնությամբ՝ չկրելով ոչ մի պարտություն

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

Դե Յոնգ․ «Նա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է»

VNews Battle՝ Էլ Կլասիկոյից առաջ․ Ինչու «Ռեալը» կհաղթի «Բարսելոնային»

Կուման․ «Ռեալը» շատ քննադատություն է ստացել, բայց նրանք պայքարում են Լա լիգայում ու Չեմպիոնների լիգայում»

Առանց անակնկալ վերադարձերի․ «Ռեալի» հայտացուցակը Էլ կլասիկոյի համար

Զիդան․ «Հույս ունեմ, որ սա Ռամոսի ու Մեսիի վերջին կլասիկոն չէ»

Դեպի անգին չեմպիոնություն․ Լա լիգայի հսկաները մտնում են պայքարի վճռորոշ փուլ

Սպասված վերադարձ. «Բարսելոնայի» հայտացուցակը՝ Կլասիկոյի համար