«Եթե չխփեց, կծեծենք նրան»․ Կռվող տղան, որ գուցե վերջին անգամ խաղաց «Ռեալում» - VNews
Բաժիններ

«Եթե չխփեց, կծեծենք նրան»․ Կռվող տղան, որ գուցե վերջին անգամ խաղաց «Ռեալում»

EXFb22uXkAAY5jz - «Եթե չխփեց, կծեծենք նրան»․ Կռվող տղան, որ գուցե վերջին անգամ խաղաց «Ռեալում»

Հաղթական Էլ կլասիկոյից հետո «Ռեալի» երկրպագուներն ունեն նաև տխրելու առիթ։ Լուկաս Վասկեսը Սերխիո Բուսկետսի հետ բախման արդյունքում ծնկի վնասվածք ստացավ, փոխարինվեց։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա համար մրցաշրջանն ավարտված է։ Գալիցիացի խաղացողի պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանից հետո։ Բացառված չէ, որ շաբաթ երեկոյան Վասկեսը վերջին անգամ խաղաց «Ռեալի» կազմում։

VNews-ը ներկայացնում է իսպանացի խաղացողի «Ռեալում» անցկացրած տարիների տպավորիչ դրվագներն ու պատմությունները։ Եթե նա արդեն խաղացել է իր վերջին խաղը «Ռեալում», ապա լավ առիթ է այս ամենը վերհիշելու համար։ Եթե ոչ, ուրեմն պատմությունը դեռ կշարունակվի «Արքայական ակումբի» հետ։

«Ընկած եմ, բայց խորտակված չեմ» 

Նախ Վասկեսի հայտարարությունը։ Որքան էլ զարմանալի է, իսպանացի խաղացողը չի կարծում, որ իր համար մրցաշրջանն ավարտված է։ Վնասվածքի մասին լուրից հետո նա գրառում կատարեց, որտեղ ասում էր, որ պատրաստ է ջանասիրաբար աշխատել ու դաշտ վերադառնալ որքան հնարավոր է շուտ ու օգնել թիմին մրցաշրջանի վերջին հատվածում։

«Ես ընկած եմ, բայց խորտակված չեմ։ Եթե այս ակումբն ինձ սովորեցրել է մի բան, ապա դա միշտ պայքարելն ու կռիվ տալն է»,-գրել է Վասկեսը։


Իրականում Վասկեսի վերադարձը գրեթե անիրատեսական է թվում։ Նրա ապաքինման համար կպահանջվի 8 շաբաթ։ Իսկ այդ ժամանակ ոչ թե մրցաշրջանի ավարտն է, այլ արդեն ԵՎՐՈ-2020-ի մեկնարկը։ Այնպես որ, ինչ-որ անհավանական բան է պետք այս մրցաշրջանում նորից դաշտ վերադառնալու համար։

Հավատարիմ

Վասկեսը «Ռեալի» սան է։ Նա խաղացել է «Ռեալ Մադրիդ C»-ում և «Ռեալ Մադրիդ B»-ում։ Մեկ տարի վարձակալությամբ «Էսպանլյոլում» խաղալուց հետո գալիցիացին վերադարձավ «Ռեալ» 5 միլիոն եվրոյով 2015 թվականի ամռանը։ «Արքայական ակումբի» երիտասարդական թիմերում նա համարվում էր ամենահեռանկարային խաղացողներից մեկը։ Նրա դրիբլինգը խաղային այն որակներից էր, որն աչքի էր ընկնում երիտասարդ տարիներին։ Վասկեսը արագ էր, գրագետ։ Նա ամեն ինչ ուներ վինգեր դառնալու համար։ Սակայն մեկ բան ակնհայտ էր այդ ժամանակ. Վասկեսը «Ռեալ» էր վերադառնում ոչ թե մեկնարկային կազմում անփոխարինելի տեղ ունենալու, այլ այդ տեղի համար անվերջ պայքարելու ու կռվելու համար։ Նա միանշանակ չէր գա, եթե մինչև հոգու խորքը չսիրեր «Ռեալը»։ Նա մինչև հիմա «Արքայական ակումբի» ամենահավատարիմ խաղացողներից մեկն է։

Մեր ընտրանին

ՉԼ-ի եզրափակիչում համարձակ քայլն ու Մարսելոյի հուշերը

2015/16 թվականների մրցաշրջանը բարդ էր «Ռեալի» համար։ Անկայուն ելույթների պատճառով հունվարին հեռացվեց Ռաֆայել Բենիտեսը։ Թիմի ղեկը վստահվեց Զինեդին Զիդանին, որը նախկինում գլխավորել էր «Ռեալ Մադրիդ Կաստիլիան»։ Բայց այդ ժամանակ Վասկեսն արդեն «Էսպանյոլում» էր։ Այդ բարդագույն մրցաշրջանում «Ռեալը» հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ մրցակիցը «Ատլետիկոն» էր։ Հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։ Ամեն ինչ որոշվելու էր հետխաղյա հարվածաշարով։ Այսպիսի խաղերի հարվածաշարում առաջինը հարվածելն իսկական տանջանք է։ Այդ դերը 2016-ի եզրափակիչում հենց Վասկեսինն էր:

1 rVANohJBPk0TPLpopVtGA 960x540 - «Եթե չխփեց, կծեծենք նրան»․ Կռվող տղան, որ գուցե վերջին անգամ խաղաց «Ռեալում»

«Երբ եզրափակիչ սուլիչը հնչեց, ես գնացի Զիդանի օգնականի մոտ ու ասացի, որ ուզում եմ հարվածել։ Միգուցե այդ պահին վստահ էի, որ իրացնելու եմ հարվածը։ Երբ հարվածողների վերջնական ցանկը տեսա, հասկացա, որ առաջինն եմ։ Մեզ ոչինչ չասացին, թե ինչպես պետք է հարվածել։ Զիդանն ուղղակի ասաց, որ պետք է վստահ իրացնենք հարվածը»։

Վասկեսը դիպուկ էր իրացնելու հարվածը։ Ճիշտ այնպես, ինչպես Բեյլը, Մարսելոն, Ռամոսն ու Ռոնալդուն։ Նրանք բոլորը գնդակն ուղարկելու էին աջ։ Երբ Վասկեսը վերցրեց գնդակն ու գնաց հարվածելու, շատերն էին ապշած։ Բացի նրանից, որ Վասկեսի ընտրությունն անակնկալ էր, նա նաև շատ տարօրինակ էր պահում իրեն։ Մատերի վրա գնդակի հետ խաղալով նա մոտենում էր հարվածելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հետխաղյա հարվածաշարում։ Մարսելոյի աչքից սա չէր վրիպելու։

«Ես շատ պարզ եմ հիշում այդ պատկերն իմ գլխում, երբ խաղը տեղափոխվեց 11-մետրանոց հարվածաշար։ Լուկաս Վասկեսը վերցրեց գնդակն ու այն մատերի վրա խաղացնելով գնում էր հարվածելու, ասես զբոսայգում լիներ։ «Ի՜նչ է անում այս երեխան գնդակով»,-մտածեցի ես։ Հիշում եմ՝ այդ պահին մտածեցի․ «Եթե նա չխփի, մենք կծեծենք նրան»։ Հետո Լուկասը վստահ իրացրեց հարվածը»,-հիշում է Մարսելոն։

Համաձայնվեք, աներևակայելի նյարդեր են պետք այսպիսի խաղում այսպիսի ձևով հարվածելու ու հարվածին պատրաստվելու համար։ Համեմատության համար հիշենք, որ Պեպեն ամբողջ հարվածաշարի ժամանակ արտասվում էր, իսկ Կազեմիրոյի պես ֆուտբոլային «հրեշը» ծնկի իջած ու դարպասին մեջքով շրջված էր հետևում հարվածաշարին։

Մի քանի միլիոնով թանկարժեք տղան

Վասկեսը 5 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Ռեալ», բայց նա այնպիսի պահերի է եղել թիմի առանցքային կերպարներից մեկը, որ դրանք շատ ավելի մեծ թվեր արժեն։ Թեպետ այդ հաղթանակներն անգին են։ Առաջինն, իհարկե, հենց Չեմպիոնների լիգայի եզրափակիչի այդ հարվածն էր, վստահ մեկնարկը, որն իր ներդրումն ունեցավ հաղթանակում։ Հաջորդը դարձյալ Չեմպիոնների լիգայում էր։ 2017/18 թվականների խաղարկության քառորդ եզրափակիչում «Ռեալը» առաջին խաղում «Յուվենտուսին» 3-0 հաշվով հաղթելուց հետո պատասխան խաղում տանը պարտվում էր այդ նույն հաշվով։ Հենց Վասկեսը վաստակեց այն 11-մետրանոցը, որն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն ու «Ռեալին» ուղարկեց կիսաեզրափակիչ։

1523482367 151957 1523482435 noticia normal 960x540 - «Եթե չխփեց, կծեծենք նրան»․ Կռվող տղան, որ գուցե վերջին անգամ խաղաց «Ռեալում»

Վասկեսի ներգրավվածությունը «Ռեալի» անցած մրցաշրջանի հաջողություններում ևս շատ է։ Գաղտնիք չէ, որ նա Զինեդին Զիդանի սիրելիներից մեկն է։ Նրա ու Զիդանի «սիրո» մասին նույնիսկ տարատեսակ մեմեր կան։ Բայց մեկ բան ակնհայտ է․ Զիդանը տեղ է տալիս Վասկեսին, քանի որ նա չափազանց աշխատասեր է ու դաշտում ամեն ինչ թողնում է խաղի ընթացքում։

Աջ վինգերից աջ պաշտպան

Վասկեսը անցած ու արդեն ավելի շատ այս մրցաշրջանում աջ վինգերից դարձավ աջ պաշտպան։ Իհարկե, սա «Ռեալի» լավ օրից չի եղել։ Վնասվածքներ ունեին Դանի Կարվախալն ու Ալվարո Օդրիոսոլան։ Ու Զիդանը ուղղակի ընտրություն չուներ։ Վասկեսը այնքան հաջող էր խաղում աջ եզրում, որ նույնիսկ Օդրիոսոլայի վերադարձից հետո բացառված էր, որ նա կարող է դաշտ վերադառնալ։ Իսկ հիմա, երբ Վասկեսն ունի վնասվածք, «Ռեալում» անհանգստացած են, թե ով է փակելու աջ եզրը։

Ept76EGXEAELt4g 3 1 960x540 - «Եթե չխփեց, կծեծենք նրան»․ Կռվող տղան, որ գուցե վերջին անգամ խաղաց «Ռեալում»

Նոր պայմանագրի դժվարությունները․ Վասկեսը մոտ է հեռանալուն

Վասկեսի պայմանագրի ժամկետն ավարտվում է այս ամռանը։ Նա համաձայնության չի հասել ակումբի հետ ու կարծես դժվար էլ հասնի։ Վասկեսը «Ռեալի» ղեկավարությանը բանակցությունների ընթացքում ասել է, որ չի հասկանում, թե ինչու թիմում կան խաղացողներ, ովքեր խաղում են իրենից շատ ավելի քիչ, բայց ստանում են ավելի շատ գումար։ Ինչևէ, այստեղ հարցը միայն գումարը չէ։ Կա տպավորություն, որ Վասկեսին նոր արկածներ են պետք։ Կան տարբերակներ «Բավարիայից», «Մանչեսթեր Յունայթեդից», «Չելսիից»։ Ինչ կորոշի «Ռեալում» վինգերից պաշտպանի վերածված Վասկեսը, դժվար է ասել։ Բայց եթե նա արդեն խաղացել է իր վերջին խաղը «Ռեալի» կազմում, ապա ի՜նչ պատմություն էր սա․․․

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աղբյուր. Հայտնի է՝ որտեղ կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

«Կար հավանականություն այդ ակումբին միանալու»․ Լաուտարո Մարտինես

Բեյլի գործակալը խոսել է խաղացողի «Ռեալ» վերադառնալու հավանականության մասին

Մենդիի համար մրցաշրջանն ավարտված է

«Ռոման» որոշել է օգտվել իր լավագույն ռմբարկուի տրանսֆերը գնելու հնարավորությունից

Աղբյուր. ՈՒԵՖԱ-ն փոփոխություններ է կատարել Չեմպիոնների լիգայի տարբերանշանի վրա

«Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

ՉԼ եզրափակիչը կարող է կայանալ Ստամբուլում մեկ այլ տարի

Կարվախալ. «Ինչպիսի խայտառակություն»

Անդուխար Օլիվերը՝ Միլիտաոյի դրվագի մասին․ «11-մետրանոց նշանակելու համար դա բավարար չէ»

Զիդան. «Ես զայրացած եմ ու մրցավարի բացատրություններն ինձ պետք չեն»

«Ռեալը» փրկվեց պարտությունից «Սևիլիայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում

Ռամոսը կարող է բաց թողնել «Ռեալի»՝ այս մրցաշրջանում մնացած բոլոր խաղերը

Տուխելը՝ ՉԼ եզրափակիչի մասին․ «Չելսին» գիտակցում է, որ իր ուժերի սահմաններում է «Սիթիին» հաղթելը»

Մեսիի հետ վերջին 15 տարում առաջին անգամ է նման բան պատահում