Եվրոպական էլիտայից դուրս. «Ծեր սինյորայի» ռեքվիեմի գլխավոր պատճառները - VNews
Բաժիններ

Եվրոպական էլիտայից դուրս. «Ծեր սինյորայի» ռեքվիեմի գլխավոր պատճառները

cristiano ronaldo juventus 2020 21 1dk3vfr7yjlgnznq6ia6i9xhi - Եվրոպական էլիտայից դուրս. «Ծեր սինյորայի» ռեքվիեմի գլխավոր պատճառները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 01:38

-

-

«Յուվենտուսը» «Պորտուին» պարտվելով դուրս մնաց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից, և, փաստացի, եվրոպական էլիտայից. «Յուվեն», որին սովորաբար տեսնում էինք կիսաեզրափակիչներում կամ եզրափակիչներում, ՉԼ վերջին 3 խաղարկություններում դուրս է մնում պայքարից 1/4 և 1/8 եզրափակիչներում՝ լինելով ֆավորիտ բոլոր դիմակայություններում (2018/19՝ «Այաքսի» դեմ (1/4), 2019/20՝ «Լիոնի» դեմ (1/8), 2020/21՝ «Պորտուի» դեմ (1/8): Ընդ որում՝ Չեմպիոնների լիգայում (1992-ից սկսած) «Ծեր սինյորան» առաջին անգամ դուրս է մնում պայքարից 2 անգամ անընդմեջ:

Այս ամենը ազդարարում է մի ամբողջ էրայի ավարտ: Միասին փորձենք հասկանալ՝ ինչու և ինչպես «Յուվեն» կորցրեց այն, ինչ ձեռք էր բերել վերջին 10 տարիների ընթացքում:

Տրանսֆերային սխալ քաղաքականություն 

2010-ականների սկզբին «Յուվենտուսին» շատերն էին գովաբանում՝ անվճար, բայց թոփ տրանսֆերներ իրականացնելու համար: Իսկապես՝ հիանալ կարելի էր. մինչ եվրոպական գրանդները խելքից դուրս միլիոններ էին ծախսում ու առանձնակի հաջողությունների չէին հասնում, «Յուվեն» կատարում էր անվճար ու թիրախային տրանսֆերներ՝ ցույց տալով բավական լավ արդյունքներ Իտալիայում ու Եվրոպայում: 2009-ին՝ Կանավարո, 2011-ին՝ Պիռլո, 2012-ին՝ Պոգբա, 2015-ին՝ Խեդիրա, 2016-ին՝ Դանի Ալվես…

Բայց «Յուվենտուսը» չափից շատ տրվեց «ձրիակերության ազարտին» և մոռացավ թիրախային տրանսֆերներ իրականացնելու իր կարողությունը՝ շեշտը դնելով անվճար լինելու կամ ցածր գներով տրանսֆերներ կատարելու վրա:

combo.ramsey.rabiot.1400x840 960x576 - Եվրոպական էլիտայից դուրս. «Ծեր սինյորայի» ռեքվիեմի գլխավոր պատճառները

2018-ին՝ Էմրե Ջանին, իսկ 2019-ին՝ Ռեմզին ու Ռաբիոյին «Յուվեն» գնեց անվճար, նոր՝ թոփ դարպասապահի վրա Անյելին չի ցանկանում գումար ծախսել՝ հույսը դնելով Շյեսնիի վրա (համաձայնեք, նա լավագույններից չէ իր դիրքում), 2019-ին «Ռեալի» ու «Սիթիի» պահեստային Դանիլոյին փոխանակեց Կանսելուի հետ, որն այս մրցաշրջանում փայլում է, խաղադրույք կատարեց Բենտանկուրի, Բերնարդեսկիի ու Կուլուշևսկու վրա… այսպես զգալիորեն ընկավ կազմի որակը, հետևաբար՝ նաև հավակնություններն ու հնարավորությունները:

«Յուվեն» փող ծախսել է միայն Կրիշտիանու Ռոնալդուին (100 մլն) և Մատեյս դե Լիխտին (85 մլն) գնելու համար, բայց միայնակ նրանք չեն կարող Չեմպիոնների լիգան հաղթել:

Մարզչական վիճելի ընտրություններ

2019-ին Մասիմիլիանո Ալեգրիին հեռացնելուց հետո «Յուվենտուսի» ղեկավարությունը՝ Անյելի-Նեդվեդ-Պարատիչի եռյակը մարզչական ընտրություն կատարելու հարցում նույնպես չփայլեց:

Նախ՝ եկավ Մաուրիցիո Սարին, որը, բացի իտալացի լինելուց, ոչ մի կապ չուներ «Յուվենտուսի» հետ, ինչն ապացուցվեց իր՝ Թուրինում աշխատելու մեկ տարվա ընթացքում: Սարին այդպես էլ չկողմնորոշվեց սխեմայի, մարտավարության ու մեկնարկային կազմի հարցում, չկարողացավ լեզու գտնել Ռոնալդուի հետ, թիմը չհարմարվեց իր հայտնի «սարիբոլ» խաղաոճին. իտալացին ո՛չ կրկնեց Ալեգրիի արդյունքները, ո՛չ էլ լավ խաղ ապահովեց երկրպագուների համար: Սարիի հարցում, անկասկած, «Յուվեն» սխալվեց:

combo.sarri .pirlo .2020.juve .sguardi.1400x840 960x576 - Եվրոպական էլիտայից դուրս. «Ծեր սինյորայի» ռեքվիեմի գլխավոր պատճառները

Նրա հեռանալուց հետո էլ եկավ Անդրեա Պիռլոն: Այս ընտրությունը ռիսկային էր, բայց գովելի՝ հաշվի առնելով, որ այժմ ընդունված է թիմի նախկին ֆուտբոլիստին երիտասարդ տարիքում գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելը:

Իտալական ֆուտբոլը շատ լավ պատկերացնող, ֆուտբոլային բարձր ինտելեկտով օժտված Պիռլոն հեռանկարային տարբերակ էր/է, բայց նրա դերն ու ազդեցությունը «Յուվեում» դեռ չի զգացվում, որոշումներն էլ շատ դեպքերում անհասկանալի են (ինչո՞ւ էր ճակատագրական խաղի մեկնարկային կազմում Դեմիրալը՝ դե Լիխտի փոխարեն, ինչո՞ւ է Ռեմզին գործում եզրից, ինչո՞ւ Դիբալան չի ստանում առանցքային ֆուտբոլիստի կարգավիճակ. արգենտինացին մասնակցել է ընդամենը 16 խաղի): Ի՞նչ խաղային ձեռագիր/ոճ ունի Պիռլոյի թիմը, ո՞ւր է գնում ընդհանրապես…

Պաշտպանական ամուր պատը քանդվեց

Այն, ինչ կառուցել էր Անտոնիո Կոնտեն, իսկ հետո զարգացրել Մաքս Ալեգրին, քանդվում է մեր աչքերի առաջ: «Յուվենտուսի» գլխավոր այցեքարտն ամուր պաշտպանությունն էր՝ BBBC քառյակը (Բուֆոն, Բարձալի, Բոնուչի, Կյելինի): «Յուվեն» անանցանելի պատ էր իր մրցակիցների համար:

Բայց ամեն ինչ այլևս առաջվանը չէ, ինչի մասին փաստում են թվերը: Միայն տեսեք, թե ինչպես է տարեցտարի չինական պատը վերածվում սրճարանի:

555555555222 960x960 1 - Եվրոպական էլիտայից դուրս. «Ծեր սինյորայի» ռեքվիեմի գլխավոր պատճառները

Այս մրցաշրջանում Պիռլոյի թիմն Ա սերիայում ընդունել է 21 գոլ. մոտավորապես այսքան գոլ «Յուվեն» սեփական դարպասն ընդունում էր ամբողջ մրցաշրջանում, իսկ հիմա դեռ մարտ ամիսն է, և թուրինցիները դեռ 13 խաղ ունեն անցկացնելու այս խաղարկությունում:

Բուֆոնն արդեն պահեստային է, Բարձալին հեռացել է, Կյելինին ու Բոնուչին էլ տարեց են, բայց գոնե այս դիրքում «Յուվենտուսը» կատարեց շատ կարևոր տրանսֆեր՝ գնելով 2019-ի ամենացանկալի երիտասարդին՝ Մատեյս դե Լիխտին: Խնդիրն այստեղ միայն անհատների մեջ չէ. Սարին ու Պիռլոն պարզապես չկարողացան կառուցել պաշտպանական հզոր համակարգ, որի դեմ գոլ խփելն իսկական հերոսություն կլիներ՝ ինչպես նախկինում էր: Միայն իր հզոր պաշտպանության շնորհիվ «Յուվենտուսը» 2016/17-ին հասավ ՉԼ եզրափակիչ՝ բաց թողնելով ընդամենը 3 գոլ. ի՜նչ ժամանակներ էին…

Կորսված մենաշնորհը՝ Իտալիայում

«Յուվենտուսի» իրական պատկերը երևում է հատկապես այս մրցաշրջանում:

Եթե Սարիի թիմն իր բոլոր թույլ կողմերով ու թերություններով կարողացավ նվաճել Սկուդետոն, ապա այս տարի Պիռլոյի «Յուվեն» գրեթե վերջնականապես դուրս է մնացել Իտալիայի չեմպիոնության պայքարից: Առաջատար «Ինտերին» «Յուվեն» զիջում է 10 միավորով, Կոնտեի թիմի դեմ անհատական դիմակայությունում էլ թուրինյան ակումբը պարտվեց ու հստակ երևաց ուժերի հարաբերակցությունը նրանց միջև:

«Յուվենտուսի» թուլանալու ֆոնին ուժեղացել են իտալական մյուս թիմերը՝ «Ինտերն» ու «Միլանը», որոնք չեմպիոնության լուրջ հայտ են ներկայացնում, «Ռոման», «Ատալանտան», «Նապոլին» ու «Լացիոն» էլ բարդ մրցակիցներ են դարձել «Ծեր սինյորայի» համար: 10-րդ անընդմեջ Սկուդետոն խիստ վտանգված է:

Մեր ընտրանին

Ռոնալդուի վատագույն տարին՝ վերջին տասնամյակում

«Պորտուի» հետ դիմակայությունից առաջ Ռոնալդուն ոգևորող գրառում էր կատարել ինստագրամում. «Վերջին տարիներին մենք տուն ենք գնում շատ ավելի վաղ, քան ցանկանում ենք, բայց ամեն տարի ուժեղանում ենք ու այս տարին էլ բացառություն չէ. հուսով եմ՝ մեզ համար սկսում է երկար ճանապարհ դեպի եզրափակիչ»: Այս գրառումից 3 շաբաթ անց Ռոնալդուն ընկերների հետ կրկին գնաց տուն ավելի վաղ, քան ցանկանում էր:

Screenshot 4 2 - Եվրոպական էլիտայից դուրս. «Ծեր սինյորայի» ռեքվիեմի գլխավոր պատճառները

Չնայած այն հանգամանքին, որ Ռոնալդուն անհատական ցուցանիշներով կրկին փայլում է (32 խաղ, 27 գոլ), պորտուգալացու համար այս տարին անսովոր է՝ բացասական իմաստով. ներքին առաջնությունում հաղթելու շանսերը չնչին են, իսկ ՉԼ-ում իր թիմը դուրս է մնացել 1/8 եզրափակիչ փուլից: Ստացվում է՝ ակումբային կարիերայում նա լուրջ տիտղոսի հույսեր այս մրցաշրջանում այլևս չունի, մինչդեռ «Ռեալում» Ռոնալդուն 8 անգամ հասել է մինչև ՉԼ կիսաեզրափակիչ, որոնցից 4-ում հասել եզրափակիչ ու հաղթել:

Այս ամենն անդրադարձել է նաև Եվրոպայում Կրիշի արդյունավետության վրա: Նախորդ 3 ՉԼ խաղարկություններում Ռոնը խփել է 14 գոլ՝ 6 գնդակ՝ 2018/19-ում, 4-ական գոլ՝ հաջորդ երկու տարվա ընթացքում: Առաջին անգամ վերջին 15 տարվա մեջ Ռոնալդուն լքում է ՉԼ-ն՝ փլեյ-օֆֆ փուլում առանց խփած գոլի: «Պորտուի» դեմ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն ակնհայտորեն ձախողեց ու ոչինչ անել չկարողացավ: Ավելին՝ նրա վատ խաղին գումարվեց նաև Սերխիո Օլիվեյրայի՝ տուգանայինից խփած գոլի դրվագը, երբ գնդակը գլորվեց հենց նրա՝ պատում բացած ճեղքից: Այսօր առավոտյան Ռոնալդուն այդ դրվագի համար մի լավ քննադատության ենթարկվեց իտալացիների կողմից:

«Ռոնալդուն այլևս արդարացումներ չունի. նրա սխալներն աններելի են», – ասել է անվանի մարզիչ Ֆաբիո Կապելոն: «Ռոնալդուն պատասխանատվությունն իր վրա պետք է վերցնի: Դրվագներից մեկում նա կարող էր գլխով գոլ խփել, բայց ներեց մրցակցին», – նշել է «Յուվեի» լեգենդ Ալեսանդրո դել Պիերոն: «Ռոնալդուին գնել էին Չեմպիոնների լիգան հաղթելու համար, բայց նա այս անգամ էլ հիասթափեցրեց», – քննադատությունների ալիքին միացել է լրագրող Պաոլո Կոնդոն:

1615332160 742341 1615357023 sumario grande 960x540 - Եվրոպական էլիտայից դուրս. «Ծեր սինյորայի» ռեքվիեմի գլխավոր պատճառները

Իսկ ի՞նչ անել հիմա

Մրցաշրջանի ավարտից հետո «Յուվենտուսի» ղեկավարությունը՝ գլխավոր մարզչի հետ միասին պետք է նստեն սեղանի շուրջ ու լուրջ հետևություններ անեն: «Յուվեն» պետք է նոր ժամանակաշրջան սկսի՝ նոր դեմքերով, հստակ ուղղվածությամբ ու մրցունակ տրանսֆերային քաղաքականությամբ: Ա սերիան այլևս զբոսանքի վայր չէ, իսկ Բենտանկուրներով Չեմպիոնների լիգան չես հաղթի: Կստանա՞ Պիռլոն ևս մեկ հնարավորություն: Նոր աստղեր կգա՞ն, թե՞ կրկին «էկոնոմ ռեժիմ» կգործի: Մի բան հաստատ է. «Ծեր սինյորան» երիտասարդության ու թարմության կարիք ունի:

Կապելո. «Յուվենտուսի» ֆուտբոլիստները վախեցան գնդակից, իմ օրոք պատ էին կանգնում անվախները»

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Յուվենտուսն» առաջին հաղթանակը տոնեց Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

«Յուվենտուսի» ֆուտբոլիստն իր «Ֆերրարիով» վթարի է ենթարկվել (ֆոտո)

«Տուբերկուլոզի կենտրոնից Չեմպիոնների լիգայի եզրափակիչ». ով է փրկել Տիագու Սիլվայի կյանքն ու կարիերան

Forbes. Ռոնալդուն գլխավորում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների անվանացուցակը

Սքոուլզը համեմատել է Կանտոնային և Ռոնալդուին

Ռոնալդուն խաբեության զոհ է դարձել՝ կորցնելով մոտ 300 հազար եվրո

«Յուվենտուս» – «Միլան»՝ 1-1. թուրինյան ակումբը շարունակում է միավորներ կորցնել (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Միլան». Մեկնարկային կազմեր

«Պերեսի ու Աբրամովիչի ամառային արձակուրդները». Թոփ-5 տրանսֆերային պատուհաններ, որոնք հաստատ 2021-ից վատը չեն

«Միլանի» առաջատարը բաց կթողնի «Յուվենտուսի» դեմ խաղը

Թվեք Ռոնալդուի բոլոր գոլերը «Մանչեսթեր Յունայթեդում» 2003-2009 թվականներին. VNews-ի Quiz-ը

Ռայոլա. «Դե Լիխտը կարող է հեռանալ «Յուվենտուսից»

Ռայոլա. «Պոգբան առաջվա պես սիրում է Թուրինը»

Չեմպիոնների լիգայի նոր «հրեշը», որին «Այաքսը» մոռացել էր գրանցել

Հայտնի է ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստն ու գոլը (տեսանյութ)

Դանիել Մալդինին իր նորամուտը նշեց «Միլանի» կազմում ՉԼ-ում