Ըմբիշները պլանավորում են առաջին հավաքը անցկացնել հուլիսին - VNews
Բաժիններ

Ըմբիշները պլանավորում են առաջին հավաքը անցկացնել հուլիսին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը VNews.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է մարզչական շտաբը կազմակերպում մարզումային գործընթացները։

Ըմբիշները դադարել են գորգային մարզումները մարտի կեսերին, երբ Հայաստանում հայտարարվեց արտակագ դրություն, ու մեր ընտրանին նախապատրաստվում էր Բուդապեշտում կայանալիք Օլիմպիական վարկանիշային մրցաշարին, որը ավելի ուշ նույնպես հետաձգվեց անորոշ ժամանակով։

«Առ այսօր ըմբիշների պարապմունքները տեղային են կազմակերպվում, ընդհանուր թիմով մարզումներ չենք անցկացնում, հիմնականում՝ փոքր խմբերով, որպեսզի չխախտենք պարետատան ցուցումները։ Մարզիկները  արագաուժային աշխատանքներ են կատարում բաց երկնքի տակ։ Բոլորս մշտական կապի մեջ ենք։

Երբեմն այնպես է լինում, որ երկու փոքր խումբը մյուսին է միանում։ Մենք տեղյակ ենք՝ Գյումրիում ինչպես են մարզվում, անձնական մարզիչների հետ անընդհատ շփվում ենք»։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հայտարարել էր, որ մրցաշարերը կվերադառնան սեպտեմբերի մեկից ոչ շուտ։ Հնարավոր է, որ աշնանը տեղի ունենան պատանեկան ու երիտասարդական մայրցամաքային առաջնություններ։ Իսկ աշխարհի առաջնությունը անցկացնելու վերաբերյալ դեռևս որոշում չկա։ Հաղորդագրության մեջ շեշտվում էր, որ բոլոր ծրագրերը կհստակեցվեն օգոստոսին կայանալիք հանդիպման ժամանակ։

«Մենք պլանավորում ենք հուլիս ամսվա կեսերից հավաք անցկացնել, հիմա ստույգ օրը չեմ կարող ասել։ Երևի թե, Ծաղկաձորի մարզաբազայում հավաք կկազմակերպենք, այդտել էլ կփորձենք մեր աշխատանքները կարգավորել։ Երբ օգոստոսին կոնկրետացվի ամեն ինչ, ըստ դրա՝ կկազմակերպենք մեր աշխատանքները։ Չի բացառվում նաև, որ պատանիներն ու երիտասարդներն էլ միանան մեծահասակներին։

Բայց այն, որ այլևս տեղ չունենք նահանջելու, այդ մասին խոսք չկա։ Պետք է ըմբիշների մարզավիճակը հասցնենք այն վիճակին, որ մարտի սկզբում թողել էինք։

Մարզումներին այնպիսի պլանով պիտի աշխատենք, որ աստիճանաբար բարձրացնենք ծանրաբեռնվածությունը, թե՛ գորգային, թե՛ արագաուժային ասպեկտներով»։

Հայաստանի հավաքականը մինչև կորոնավիրուսի բռնկումը մասնակցել էր Ռոմայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը, որտեղ ոսկե մեդալակիրներ էին դարձել Արթուր Ալեքսանյանը (97 կգ) ու Գևորգ Ղարիբյանը (60 կգ), իսկ Կարեն Ասլանյանը (67 կգ) ու Կարապետ Չալյանը (77 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։

Մարզումները սարերում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: