Զիդանի խոստումն ու հին գվարդիայի վրեժը. Ինչպես «Ռեալը» նստեց իսպանական գահին - VNews
Բաժիններ

Զիդանի խոստումն ու հին գվարդիայի վրեժը. Ինչպես «Ռեալը» նստեց իսպանական գահին

2019-ի մարտի 12-ին Զիդանն անսպասելիորեն 9 ամսվա դադարից հետո կրկին ստանձնեց «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը. և դա ֆրանսիացին արեց առանց ներքին համոզվածության, քանի որ գիտեր՝ արդեն բոլոր մրցաշարերից դուրս մնացած ու աննպատակ թիմին դեռ 2-3 ամիս մարզելու պատասխանատվությունը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում հավաքված երկրպագուների աչքերի առջև՝ ինքնասպանության նման մի բան էր: Զիզուն կցանկանար վերադառնալ «Ռեալ» գոնե մրցաշրջանի ավարտից հետո, սակայն նա այլ տարբերակ չուներ, որովհետև «Ռեալում» չէին կարող սպասել. կամ նա, կամ Մոուրինյոն. կամ հիմա, կամ երբեք: Իսկ մինչև մրցաշրջանի ավարտին մնացած 11 խաղերում թիմի արդյունքներն, իսկապես, հիասթափեցուցիչ էին. 5 հաղթանակ, 2 ոչ-ոքի ու 4 պարտություն, բաց թողած 13 գնդակ:

Զիդանի խոստումը

«Առաջիկա մրցաշրջանում Լա լիգան հաղթելն առաջնահերթություն է լինելու մեզ համար: Չեմ կարող վստահեցնել, որ հաղթելու ենք, բայց խոստանում եմ՝ պայքարելու ենք մինչև վերջ», – ասաց Զիդանն իր առաջին մամուլի ասուլիսում, և այս խոսքերը կրկնում էր ամենուր՝ ասուլիսներին, ֆուտբոլիստներին, ղեկավարությանը… «Ամոթ է, որ Մոդրիչն ընդամենը մեկ անգամ է դարձել Իսպանիայի չեմպիոն», – ասում էր Զիդանը դեռ միջմրցաշրջանում:

2019/20 մրցաշրջանի մեկնարկն էլ հեշտ չստացվեց, ու այդ ժամանակ երկրպագուների կողմից ճնշումն ավելի մեծացավ: «Ռեալը» 2019-ի ամռանը կատարեց իր պատմության ամենախոշոր տրանսֆերային ներդրումը՝ ծախսելով 305 միլիոն եվրո, սակայն դա առանձնապես չէր փոխում թիմի խաղն ու որ ամենակարևորն է՝ արդյունքները: Բայց հոկտեմբերին «Մալյորկայից» կրած պարտությունից հետո ամեն ինչ փոխվեց…

Զիդանի գլխավոր մարտահրավերը դարձավ թիմին կայունություն հաղորդելը, ինչը ստացվեց: Այո՜, գուցե չկար նախկին փայլը խաղում, սակայն թիմի արդյունքները կայուն էին, ինչի ամենավառ վկայությունն այն է, որ «Ռեալը» մշտապես եղել է մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակում: Իսկ առաջնության վերջնամասը՝ կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո տեղի ունեցած 10 խաղը իսկական մաստերկլաս էր, որ մենք տեսանք Զիդանի կողմից(10 խաղ, 10 հաղթանակ, 20 խփած ու 4 բաց թողած գոլ), ինչն էլ բերեց բաղձալի, սկզբունքային ու ̶V̶A̶R̶ժանիորեն վաստակած չեմպիոնությունը (ինչը մենք արդեն կանխատեսել էինք). այո՜, արժանիորեն՝ որքան էլ շատերը պնդեն, թե «Ռեալին» չեմպիոն դարձրեց VAR-ը կամ 11-մետրանոցները. «Եթե «Ռեալն» այդքան 11-մետրանոց է վաստակում, նշանակում է՝ շատ հարձակվում», – հայտարարել էր Դիեգո Սիմեոնեն. ու եթե «Չոլոն» է այդպիսի հայտարարությամբ հանդես գալիս, ուրեմն այստեղ մրցավարների թեման շահարկելն ավելորդ է:

«Ռեալը» Իսպանիայի չեմպիոնն է, ու դա Զիդանի շնորհքն է. նա ապացուցեց, որ իր համար Լա լիգան առաջնային է, ու ապացուցեց, որ կարող է կրկին առավելագույնը քաղել շատերի կողմից սպառված համարվող ֆուտբոլիստներից: Այս օրերին շատ են ասում, որ «Ռեալի» կազմը ֆանտաստիկ է. այո, դա այդպես է, բայց գրեթե ոչ ոք չի հիշում, որ այդ նույն կազմը նախորդ տարի գրավեց 3-րդ տեղը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 19 միավորի տարբերությամբ: Գլխավոր տարբերություն ստեղծողը Զիդանն է: Ֆրանսիացին Լա լիգայում իր 3 ամբողջական մրցաշրջանից հաղթեց 2-ում (2016/17 և 2019/20). 2015/16-ին ու 2018/19-ին Զիդանը թիմը գլխավորեց այն ժամանակ, երբ «Բարսելոնան» տեսականորեն կամ մաթեմատիկորեն արդեն նվաճել էր տիտղոսը:

Այսպիսով՝

  • Զիդանը «Ռեալի» ղեկին նվաճեց իր 11-րդ տիտղոսը. 3 Չեմպիոնների լիգա, 2 Լա լիգա, 2 Իսպանիայի սուպերգավաթ, 2 Եվրոպայի սուպերգավաթ, 2 Աշխարհի ակումբային գավաթ
  • «Ռեալի» ղեկին անցկացնելով 209 խաղ, միջին հաշվարկով ստացվում է, որ Զիդանը տիտղոս է նվաճում ամեն 19 խաղից հետո 😱
  • Ֆրանսիացին 3 տիտղոսով է զիջում «Ռեալի» ամենատիտղոսակիր մարզչին՝ Միգել Մունյոսին, բայց կա թեթևակի տարբերությւոն. Մունյոսը «Ռեալի» ղեկին անցկացրել է 605 հանդիպում:

Հին գվարդիայի վրեժը

Այս չեմպիոնությունը սկզբունքի, նաև պատվի հարց էր «Ռեալի» հին գվարդիայի՝ Զիդանի հետ վերջին տարիներին փառահեղ նվաճումների հասած ֆուտբոլիստների համար:

Մադրիդում նախորդ տարի շատ էր հնչում «նույն տղերքը» արտահայտությունը: «Ովքե՞ր են խաղում» հարցի պատասխանն էր՝ «նույն տղերքը»: Նախորդ՝ ձախողած մրցաշրջանից հետո երկրպագուները պահանջում էին խորքային հեղափոխություն իրականացնել, կադրային ջարդ ու մաքրություն անել կազմում, ազատվել տարեց ֆուտբոլիստներից, սակայն Զիդանը շարունակեց վստահել իր տղաներին:

Տրանսֆերների համար ծախսված 305 միլիոն եվրոյի արդարացված լինելն այս պարագայում լուրջ հարցեր էր առաջացնում. խաղերից առաջ թիմային նկարներում կրկին «նույն տղերքն» էին՝ 34-ամյա Ռամոսը, 32-ամյա Մարսելոն, 30-ամյա Կրոսը, 34-ամյա Մոդրիչը, 32-ամյա Բենզեման: Բայց այս անգամ նվիրվածությունը, թարմացված մոտիվացիան ու արժանապատվությունը ստիպեցին ծերուկներին ոտքի կանգնել ու նորից ցույց տալ իրենց լավագույն խաղը: Ռամոս – Վարան զույգը կրկին վստահելի դարձավ, Կարվախալն ու Կասեմիրոն կրկին փայլում են մրցակիցներից գնդակը խլելու իրենց կարողությամբ, Մոդրիչը կարևոր խաղերում ու հատկապես դադարից սկսեց ցույց տալ իր կախարդական ֆուտբոլն ու հիշեցնել՝ ինչու էր համարվում Եվրոպայի լավագույն կիսապաշտպանը, Կրոսը, առհասարակ, շատ դեպքերում գերազանցում էր նույնիսկ իր լավագույն օրերի մարզավիճակն ու թվերը (6 գոլ, 9 գոլային փոխանցում). այս տղաները հրաժարվեցին իրենց փառահեղ ժամանակաշրջանն ավարտել այդքան անփառունակ կերպով:

«Նույն տղերքից» այդպես էլ նույն՝ սպառվածի կարգավիճակում մնաց Գարեթ Բեյլը, որի  ոչ պրոֆեսիոնալիզմի ու գոլֆի հանդեպ ավելի մեծ նվիրվածություն ունենալու դեմ նույնիսկ Զիդանն անզոր եղավ: Թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը ողջ ընթացքում պահեստայինների նստարանին քնում էր, կամ էլ երեխայի անհոգությամբ ու ծիծաղելով դիտում՝ ինչպես են ընկերները նվաճում Լա լիգայի 34-րդ գավաթը:

Նոր դեմքերը

Ընդհանուր առմամբ նորեկների հիասթափեցնող ֆոնին «Ռեալում» հայտնվեցին խաղացողներ, որոնք լիարժեքորեն մասնակցություն ունեցան չեմպիոնության հարցում. նրանցից առաջինը՝ Ֆեռլան Մենդին է: Տարօրինակ է, բայց ավելի հնչեղ տրանսֆերների կողքին (Ազար, Յովիչ, Միլիտաո) իրեն ամենից շատն արդարացրեց հենց Մենդին, որը բավական վստահելի խաղ էր ցուցադրում իր եզրի թիկունքում, իսկ ժամանակի ընթացքում սկսեց նաև գոլային փոխանցումներ կատարել. «Գրանադայի» դեմ նախավերջին խաղին էլ Մենդին իր առաջին գոլը խփեց «Ռեալում»՝ ի դեպ այս մրցաշրջանում դառնալով թիմի 22-րդ ֆուտբոլիստը, որ գոլ է խփում:

Երկրորդ հայտնությունը Ֆեդերիկո Վալվերդեն է: Ուրուգվայցին անսպասելիորեն հասուն ֆուտբոլ ցուցադրեց ու դարձավ ամբողջական կիսապաշտպան՝ կատարելով մեծ ծավալի աշխատանք: Վալվերդեն շարժվում է խաղադաշտի ամբողջ երկայնքով, մասնակցում ինչպես պաշտպանական, այնպես էլ՝ հարձակվողական գործողություններին: Ֆեդեն իր տպավորիչ խաղով «Ռեալի» ղեկավարությանը ստիպեց մոռանալ Պոլ Պոգբայի մասին ու ապագայում խաղադրույք կատարել հենց իր վրա:

«Զամորա» Կուրտուան ու Չինական պատը

Չի կարելի չնշել Տիբո Կուրտուայի անունը: Բելգիացին «հին տղերքից» չէր, այս տարվա տրանսֆերներից էլ չէր. նա թիմին միացավ 2018-ի ամռանը՝ ամենաբարդ ժամանակահատվածում ու ընկավ ճգնաժամի այդ մեծ ալիքի տակ, ամբողջովին ձախողվեց իր առաջին մրցաշրջանում, բայց կարողացավ ոտքի կանգնել արդեն երկրորդում: Կուրտուան խաղից խաղ ձեռք բերեց դարպասապահի համար ամենակարևորը՝ ինքնավստահությունը, ու մի շարք դեպքերում փրկեց «Ռեալին»: Բելգիացին հավակնում է «Զամորայի» մրցանակին. նա Լա լիգայի այս խաղարկությունում ամենից քիչ գոլն է բաց թողել՝ 20: Վերջին անգամ «Ռեալի» դարպասապահը «Զամորայի» մրցանակը ստացել է 2007/08 մրցաշրջանում, երբ Իկեր Կասիլյասը 32 գոլ էր բաց թողել՝ գրանցելով այդ տարվա լավագույն ցուցանիշը:

Թոփ 5 առաջնություններում ամենաքիչ բաց թողած թիմերը

  1. «Ռեալ» – 23
  2. ՊՍԺ – 24
  3. «Ատլետիկո» – 26
  4. «Լիվերպուլ» – 29
  5. «Ինտեր» – 34

Շշմեցուցիչ է առավելապես թիմի ավագի՝ Սերխիո Ռամոսի խաղը՝ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ՝ հարձակման գծում: Դադարից հետո սևիլիացին վերադարձավ անհավանական ֆիզիկական մարզավիճակով, ինչն օգնեց նրան գրեթե անանցանելի դառնալ այս կարևորագույն փուլում: Բացի դա, Ռամոսը շարունակում է փայլել նաև իր ռմբարկուական հատկանիշներով. դադարից հետո անցկացրած 9 խաղում նա խփել է 6 գոլ (4-ը՝ 11-մետրանոցից). առհասարակ, անցկացրած 648 խաղում խփած 96 գոլով Ռամոսը դարձել է Լա լիգայի պատմության լավագույն պաշտպան-ռմբարկուն:

Կարիմ Բենզեմա. մեծագույն չհասկացվածը

Ինչպես արվեստում, այնպես էլ ֆուտբոլում լինում են չհասկացված տաղանդներ: Վերջին տարիներին Կարիմ Բենզեմայի ամենակոշտ քննադատները չէին էլ կարող պատկերացնել, որ ֆրանսիացին դառնալու է պոստ-Ռոնալդու «Ռեալի» իսկական առաջատարն ու դեմքը: Բենզեմայից տարեկան 50-60 գոլ սպասողներն այսօր խոսելու տեղ չունեն, քանի որ Կարիմն այսօր գրեթե բոլոր ցուցանիշներով «Արքայական ակումբի» ամենակարևոր ֆուտբոլիստն է:

«Խաղում եմ այն մարդկանց համար, որոնք հասկանում, սիրում ու վայելում են ֆուտբոլը»:

Բենզեման «Ռեալում» այս մրցաշրջանում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստն է (33 հանդիպում, 2829 րոպե), ամենաշատն է հայտնվել մեկնարկային կազմում (32) ամենաշատ հաղթանակներն է տարել (22) և վերջապես՝ թիմի գլխավոր ռմբարկուն է (26 գոլ, որից 21-ը՝ Լա լիգայում): Ֆրանսիացին, ի դեպ, դեռ կարող է հաղթել իր կարիերայի առաջին «Պիչիչին» ու դառնալ Լա լիգայի լավագույն ռմբարկուն: Այս պահին նա առաջատար Մեսիին զիջում է 2 գոլով:

Բայց Բենզեման Զիդանի համար պարզապես կենտրոնական հարձակվող չէ. նա ոչ թե 9 համարն է, այլ՝ 9.5, որ ոչ միայն գոլեր է խփում, այլ նաև թիմի խաղարկողն է: Այս մրցաշրջանում Բենզեման պրակտիկորեն միայնակ էր թիմի հարձակման գծում. Ազարը, Ասենսիոն ու Բեյլը տարբեր պատճառներով բացակա էին, Յովիչից միայն անհաջող խաղ ու կարգապահական խախտումներ ենք հիշում, Մարիանոն շանս չստացավ, մնացած ֆուտբոլիստներն էլ կայուն ու արդյունավետ չէին:

Բենզեման խաղադաշտում իր գործառույթներով այս «Ռեալի» համար այն ֆուտբոլիստը դարձավ, ինչ Մեսին՝ «Բարսելոնայի» համար, և դա փաստում են թվերը. Կարիմը մրցակցի տուգանայինում կատարել է 504 ճշգրիտ փոխանցում, ստեղծել 58 գոլային պահ, կատարել 8 գոլային փոխանցում… Բենզեման խփած 244 գոլով շրջանցեց լեգենդար Ֆերենց Պուշկաշին ու դարձավ «Ռեալի» պատմության 5-րդ լավագույն ռմբարկուն:

Վերոնշյալ թվերը լավագույնը չեն Բենզեմայի կարիերայում, բայց դրանք շատ ավելի վճռորոշ նշանակություն ունեցան և ունեն «Ռեալի» համար՝ առավելապես Ռոնալդուի հեռանալուց հետո: Բենզեման իսկապես դարձավ այս թիմի առաջատարը՝ համեստ, լուռ, հավատարիմ ու նվիրված թիմին: 2019/20 մրցաշրջանի Լա լիգան պատմության մեջ կմտնի որպես Կարիմ Բենզեմայի Լա լիգան 🏆

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Օդրիոսոլան «Բավարիայից» կվերադառնա «Ռեալ»

Կրոսը հիացած էր դե Բրույնեով. Երկրպագուները ֆիքսել են դրվագը (տեսանյութ)

Աղբյուր. «Ռեալը» սուպերառաջարկ է կատարելու Դիբալայի համար

Դել Պիերո․ «Պիռլոն կարող է Զիդանից էլ հաջողակ մարզիչ դառնալ»

Գվարդիոլան 6 տարի անց ճաշակեց վրեժի համը

«Հաղթանակ թե պարտություն՝ միշտ Հալա՛ Մադրիդ»․ Ռամոսն ամփոփել է մրցաշրջանը

La Gazzetta. «Յուվենտուսը» կհեռացնի Սարիին. Զիդանը կարող է փոխարինել նրան

Վինիսիուսը կարող է հեռանալ «Ռեալից» ու հայտնվել եվրոպական այլ գրանդում

Զիդան, Ռոնալդու, Գվարդիոլա, կոտրված կարծրատիպեր. ՉԼ երեկոյի ամենահետաքրքիր փաստերը

Վարան. «Սա իմ պարտությունն էր»

Զիդանի ու Գվարդիոլայի նկարը խաղից հետո, որ ցնցել է մամուլը

«Մանչեսթեր Սիթին» 2-րդ խաղում ևս հաղթեց «Ռեալին» և դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

Ժեզուշն օգտվեց Վարանի սխալից և գոլ խփեց «Ռեալի» դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Բենզեմայի գոլը նոր ինտրիգ է հաղորդում դիմակայությանը (տեսանյութ)

Ռահիմ Ստեռլինգը գրավեց Մադրիդի «Ռեալի» դարպասը (տեսանյութ)