Logo

Մարզիկներ, որոնց նախնիները վերապրել են Հայոց ցեղասպանությունը

18:59 / 24.04.2023Ֆուտբոլ
Բացառիկ
մարզիկներ-հայոց ցեղասպանություն

Նրա խաղը Թուրքիայում անձնական վիրավորանք համարեցին: Յուրի Ջորկաեֆը Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդից է և երբեք չի մոռանում այդ մասին: Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի ընտանիքը մեկ անգամ չէ, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռել է Ցեղասպանության խնդրին: Դեռ Չեմպիոնների լիգայի 1993-94թթ. խաղարկությունում Ջորկաեֆը «Մոնակոյի» կազմում գրավեց թուրքական «Գալաթասարայի» դարպասը, հետո ասաց. «Սա իմ առաջին պատասխանն է հայերի Ցեղասպանությանը»։

Ֆրանսահայ ավանի ֆուտբոլիստը միշտ հրաժարվել է խաղալ Թուրքիայում: Չմասնակցեց նաև Ֆրանսիայի և Թուրքիայի հավաքականների ընկերական խաղին: Ամեն անգամ նոր ակումբ տեղափոխվելիս Ջորկաեֆը ծանոթանում էր այնտեղի հայերի հետ: «Վերցնում էի հեռախոսագիրքն ու հայկական ազգանուններ փնտրում: Չէի ասում, թե ով եմ: Միայն նշում էի, որ հայ եմ ու եկել եմ հանգստանալու»,- նշում էր նա։

2015-ին Ջորկաեֆը եկավ Հայաստան ու անձամբ հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ջորկաեֆ-11

Արգենտինահայ աշխարհահռչակ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի ընտանիքը ևս Մեծ եղեռնի տուժածներից է: 100-րդ տարելիցին Նալբանդյանն աշխարհին կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Իմ ընտանիքը ևս Ցեղասպանության զոհ է: Պապս ողջ մնաց՝ կորցնելով բոլոր հարազատներին։ Ընտանիքի հետ նախ հասել է Ֆրանսիա, ավելի ուշ՝ Արգենտինա»,- նշել էր անվանի թենիսիստը:

Նալբանդյանը խոստովանել է, որ իրենց անցյալի մասին շատ բան չգիտի: Հայրենիքում որբացած պապը չի սիրել խոսել վերքերի մասին:

«Ամեն անգամ այդ տարիների մասին խոսելիս պապիկս արտասվում էր: Ապրիլի 24-ը նրա համար ոչ աշխատանքային էր: Փակում էր խանութն ու գնում Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու: Նա աղոթում էր իր մայրենի լեզվով ու կարդում Նոր կտակարանը: Հայրենի տնից իրեն միայն դա էր մնացել»,- հիշում է Նալբանդյանը։

Դավիթ Նալբանդյան

Ֆորմուլա-1-ի պատմության լավագույն ավտոարշավորդներից Ալեն Պրոստը ևս ունի հայկական արմատներ: Տատը՝ Վիկտորիա Կարաչյանը, ծնվել է Հայաստանում և տեսել Ցեղասպանությունը։

«Չեմ խոսում հայերեն, բայց հայ եմ, և դա ամենակարևորն է: Մանկության տարիներին լսածս պատմությունները կյանքիս անբաժանելի մասն են»,- ասել է ֆրանսահայ ավտոարշավորդը։

Այսօր «աշխարհի ամենաարագ հայը» Սփյուռքի ամենաակտիվ ներկայացուցիչներից է: Մշտապես կրկնում է՝ քանի դեռ թուրքերը հրաժարվում են ճանաչել Ցեղասպանությունը, նրանց պետք է մերժել:

Ալեն Պրոստ

Առաջին հայ օլիմպիականները

Վահրամ Փափազյանը և Մկրտիչ Մկրյանը ժամանակակից Օլիմպիական խաղերի առաջին հայ մասնակիցներն են: Հենց այս աթլետները 1912-ին Ստոկհոլմում ներկայացրին Օսմանյան կայսրությունը։

5-րդ ամառային Օլիմպիական խաղերին Փափազյանի և Մկրյանի մասնակցությունը հնարավոր դարձավ հայ համայնքի և «Մարմնամարզ» պարբերականի խմբագիր, «Հոմենթմենի» հիմնադիր Շավարշ Քրիսյանի ջանքերով:

Օսմանյան կայսրությունում շատ էին ցանկանում իրենց համար առաջին Օլիմպիական խաղերում տեսնել թուրք մարզիկի, այդ պատճառով հայերի մասնակցությունն ազգային տարաձայնությունների պատճառ դարձավ:

Ստոկհոլմ ժամանեց 28 երկրի 2406 մարզիկ, որոնք պայքարեցին 14 մարզաձևում: Վահրամ Փափազյանը մասնակցեց վազքի մրցումներին, իսկ Մկրտիչ Մկրյանը Ջիմ Թորփի և այլ լեգենդների հետ պայքարեց բազմամարտում: 1912-ի Օլիմպիական խաղերը լուսաբանել է հայկական առաջին սպորտային պարբերականը՝ «Մարմնամարզը»:

Ըստ պարբերականի՝ Վահրամ Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը նկատել են, որ մասնակից երկրների դրոշների շարքում բացակայում է Օսմանյան կայսրությանը: Նրանք բարձրաձայնել են խնդրի մասին, ու կազմակերպիչները շտկել են սխալը: Թուրքիայի դեսպանը զարմացել է, թե ինչպես են ազգությամբ հայերը պայքարում Օսմանյան կայսրության համար:

Շվեդները, սակայն, դիտավորյալ չէին կախել օսմանների դրոշը, իսկ պատճառը 1909 թվականին Կիլիկիայում թուրքական կառավարության կազմակերպած հայկական ջարդերն էին։ Այդ մասին հայ մարզիկները չգիտեին:

Հետագայում մեր հայրենակիցները զղջացել են իրենց արածի համար: Տարիներ անց Փափազյանը թոռանը պատմել է, որ վերջնագծին մոտ գրեթե 20 մետր առաջ է եղել մրցակիցներից ու կարող էր հեշտությամբ առաջինը հատել եզրագիծը, բայց հասկանալով, որ իր հաղթանակի շնորհիվ պետք է ծածանվեր Օսմանյան Թուրքիայի դրոշը, միանգամից դանդաղեցրել է վազքը ու գիտակցաբար հայտնվել հետնապահների թվում:

Մեծ Եղեռնի ժամանակ մեր օլիմպիականները փրկվել են։ Փափազյանը հաստատվել է Բեյրութում, ապա ընտանիքով տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Իսկ Մկրյանի հետագա գործունեության մասին ոչինչ հայտնի չէ:

Հայկական սպորտն ու հայ մարզիկներն Օսմանյան կայսրությունում