Logo

ԱԱ-2022-ի մասնակիցները. Երիտասարդներով և աստղային վետերանով թիմը մտադիր է կրկին պատմություն կերտել

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
15:27 / 06.11.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
ԱԱ-2022-ի մասնակիցներ

Աշխարհի առաջնություններում Հարավային Ամերիկայից միշտ տոն են տվել երեք թիմեր` Բրազիլիան, Արգենտինան և Ուրուգվայը: Երկրորդ էշելոնի թիմերը նույնպես հաճախ տպավորել են իրենց արդյունքներով և խաղով. Կոլումբիա, Չիլի, Պերու, Պարագվայ: Բայց այս անգամ այդ հավաքականներից երեքն իրենց մայրցամաքը չեն ներկայացնի Մունդիալում: Այդ թիմերից ավելի ուժեղ է գտնվել և Կատար կմեկնի բոլորին զարմացրած այլ հավաքական:

VNews-ը շարունակում է ներկայացնել Մունդիալ 2022-ի մասնակիցներին: A խմբում արդեն ծանոթացել ենք Սենեգալի հավաքականին: Այժմ հերթը Էկվադորի հավաքականինն է, որը մասնակցելու է աշխարհի առաջնության բացման հանդիպմանը:

Անցած ճանապարհ

Աշխարհի առաջնության ընտրական փուլը Հարավային Ամերիկայում ավանդաբար անչափ երկար է տևում: 18 տուրից բաղկացած մրցաշարը շարունակվում է 2 տարի: ԱԱ-2022-ի ուղեգրի համար պայքարում հարավամերիկացիները պայքարը սկսեցին 2020-ի հոկտեմբերին: Էկվադորի հավաքականը մեկնարկային տուրում պարտվեց Արգենտինային, բայց հետո գերհարձակողական ֆուտբոլով երեք անընդմեջ հաղթանակ տարավ, այդ թվում` 4:2 հաշվով Ուրուգվայի և ապշեցուցիչ` 6:1 հաշվով Կոլումբիայի նկատմամբ: Դրանից հետո գրանցվեց 2 պարտություն և մրցաշարի դադար Կոպա Ամերիկայի կապակցությամբ: Բրազիլիայում Էկվադորը հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ Լեո Մեսիի գոլի և երկու ասիստի պատճառով պարտվեց Արգենտինային:

Էկվադորի հավաքական

Երկու ամիս անց «Եռագույնները» Մունդիալի ընտրական փուլը վերսկսեցին Պարագվայի նկատմամբ հաղթանակով և անցան Հարավային Ամերիկայում սովորական տակտիկային` շեշտը դնելով տնային խաղերի վրա: Արդյունքում, Էկվադորը 18 խաղում վաստակեց 26 միավոր, որոնցից 18-ը` տանը: Տնային խաղերում ավելի լավ ցուցանիշ գրանցեցին միայն Բրազիլիան և Արգենտինան: 26 միավորը բավական էր ընտրական մրցաշարում չորրորդ տեղը գրավելու համար:

Խաղաոճ

Էկվադորի հավաքականը երիտասարդ և ագրեսիվ թիմ է, որի միջին տարիքը 24,8 է: Հարավամերիկացիները սիրում են գրոհել եզրերով: 4-3-3 սխեման նրանց հնարավորություն է տալիս հենց եզրերում զարգացնել գրոհների մեծ մասը: Դրանում կարևոր դերակատարում ունեն եզրային պաշտպանները, հատկապես ձախից գործող Պերվիս Էստուպինանը: «Բրայթոնի» ֆուտբոլիստը ձախ վինգեր Ռոմարիո Իբարայի հետ իսկական սարսափ են ստեղծում մրցակցի պաշտպանության աջ եզրի համար:

Գոնսալո Պլատա

Աջից էլ միշտ ակտիվ է իսպանական «Վալյադոլիդի» վինգեր Գոնսալո Պլատան: Եզրերից նրանց անցումներն ու փոխանցումները թույլ են տալիս անչափ բարձր արդյունավետությամբ խաղալ կենտրոնական հարձակվողներ Էներ Վալենսիային և Միկաել Էստրադային, որոնք նույն դիրքի համար են պայքարում, բայց հասցրել են ընտրական փուլում միասին 10 գոլ խփել:

Դաշտի կենտրոնում նոր առաջատարը «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն է: Էկվադորցին իսկական պրեսինգ-մեքենա է, ինչի պատճառով Յուրգեն Կլոպն արդեն ցանկություն է հայտնել նրան հրավիրել «Լիվերպուլ»:

Ի դեպ, պրեսինգի մասին: Էկվադորի հավաքականի հաղթաթղթերից մեկը հենց պրեսինգն է: Երիտասարդ խաղացողներով համալրված թիմը 90 րոպե շարունակ կարողանում է պրեսինգի ենթարկել մրցակցին: Թիմի թույլ տեղերից մեկը պաշտպանությունում անհաշվենկատ խաղն է, ինչի պատճառով գլխավոր մարզիչ Գուստավո Ալֆարոն որոշել է պաշտպանվել պրեսինգով, այսինքն՝ մրցակցի կիսադաշտում:

 Գուստավո Ալֆարո

Մարզիչը

Գուստավո Ալֆարոն մարզչական կարիերան սկսել է ուղիղ 30 տարի առաջ` 1992-ին, բայց մինչև 2020 թվականը միայն կես տարի է աշխատել հարազատ Արգենտինայից դուրս: Նրա ամբողջ կարիերան կառուցված էր արգենտինական ակումբները մարզելու շուրջ: Նա նույնիսկ Սարանդիի «Արսենալի» հետ 3 տիղտոս նվաճել: Մարզչական բնական աճը նրան հասցրեց արգենտինական ֆուտբոլի երկու գագաթներից մեկը` «Բոկա Խունիորս», որտեղ 1 տարի աշխատելուց հետո հեռացավ և որոշեց արգենտինական այլ ակումբներից առաջարկ այլևս չդիտարկել: Ժամանակն էր դուրս գալ կոմֆորտ գոտուց և 2020-ին նա ընդունեց Էկվադորի հավաքականի հրավերը` դառնալով Ժորդի Կրուիֆի հետնորդը: Հանճարեղ «Թռչող հոլանդացու» որդին նույն տարվա հունվարին էր նշանակվել «Եռագույների» գլխավոր մարզիչ, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով այդպես էլ չհասցրեց նորամուտը նշել:

Ալֆարոն Էկվադորի հավաքականում արագուժային ֆուտբոլ է դավանում: Նրա թիմերը ամուր բնավորություն ունեն և անվախ են: Մարզիչը հենց թիմի խիզախությունն է համարում իր գլխավոր նվաճումը: Ազգային հավաքականի ղեկին առաջին իսկ փորձից Ալֆարոն մեծ հաջողության հասավ` թիմին պարգևելով Մունդիալի ուղեգիր:

Գուստավո Ալֆարո-1

Գուստավոն նախկինում աշխարհի առաջնություններին նույնպես ակտիվորեն մասնակցել է, բայց՝ որպես մեկնաբան: 2006 թվականից նա կոլումբիական Caracol հեռուստաալիքի համար մեկնաբանում էր աշխարհի առաջնության խաղերը: Այս անգամ կոլումբացիները պետք է այլ մեկնաբան փնտրեն:

Գլխավոր աստղը

Արդեն հասցրել ենք խոսել Պերվիս Էստուպինանի և Մոյսես Կայսեդոյի մասին, որոնք խաղում են «Բրայթոնում» և հիացնում իրենց ֆուտբոլով, բայց, միևնույն է, Էկվադորի հավաքականի գլխավոր աստղը Էներ Վալենսիան է: Այդ ազգանունն Էկվադորում արդեն վաղուց աստղային է դարձել:

Էները մեծ ճանաչում ձեռք բերեց Մունդիալ 2014-ի ժամանակ, երբ խմբային փուլի 3 խաղում դարձավ 3 գոլի հեղինակ: Դրանից հետո նրա տրանսֆերը գնեց անգլիական «Վեսթ Հեմը»: Հետագայում Էկվադորցին ելույթ ունեցավ նաև «Էվերթոնում», այնուհետև վերադարձավ Ամերիկա, բայց ոչ թե Հարավային, այլ՝ Հյուսիսային: Մեքսիկական «Տիգրեսի» կազմում հաջող ելույթները եվրոպացիներին համոզեցին կրկին հրավեր ուղարկել արդեն 30 անց հարձակվողին: Այժմ 33-ամյա Վալենսիան խաղում է Ստամբուլի «Ֆեներբահչեում» և ֆենոմենալ արդյունավետություն ցուցադրում: Թուրքիայի ընթացիկ առաջնության 10 խաղում Էները 11 գոլ է խփել և 4 ասիստ գրանցել, ինչը նշանակում է, որ Կատարի Մունդիալին նա մոտենում է հիանալի մարզավիճակում:

Կատարի Մունդիալի

Էկվադորի հավաքականում Վալենսիայի ներդրումը նույնպես հսկայական է: 35 գոլով նա ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է և չի պատրաստվում այդքանով բավարարվել: Միգուցե, աշխարհի առաջնության ժամանակ Ալֆարոն կրկին ռոտացիա կիրառի Վալենսիայի և Էստրադայի միջև, բայց Էները շանս ստանալու դեպքում կփորձի Մունդիալների պատմության ռմբարկուների թվում էլ ավելի բարձր տեղում հայտնվել:

Սպասելիքները

Էկվադորի հավաքականը 20-րդ դարում հարավամերիկյան երկու ամենաանհաջողակ թիմերից մեկն էր Վենեսուելայի հետ մեկտեղ: Ամեն ինչ փոխվեց 21-րդ դարում: 2002-ին «Եռագույնները» Մունդիալի ուղեգիր նվաճեցին, իսկ 2006-ին և 2014-ին կրկնեցին հաջողությունը: Ավելին, Գերմանիայում կայացած ԱԱ-ում թիմը հաղթահարեց խմբային փուլը և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեց Անգլիայի հավաքականին:

Էկվադորի պատմության չորրորդ Մուդիալին թիմը շատ խոստումնալից խաղով է մոտենում, ինչը նշանակում է, որ 2006 թվականի տրիումֆը կրկնելը ամենևին անհավանական չէ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա