Logo

Ամառային տրանսֆերային պատուհանին ամենաշատ վաստակած թոփ-10 ակումբները

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
18:53 / 05.09.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
թոփ ակումբներ

Ամառային տրանսֆերային պատուհանն անցավ սպասվածի պես. կայացան անսպասելի գործարքներ, ֆուտբոլիստները ճնշումներ գործադրեցին իրենց թիմերի վրա, որպեսզի կարողանան հեռանալ, թիմերն էլ ճնշեցին միմյանց՝ ցանկալիին հասնելու համար:

VNews-ը ներկայացնում է ամառային տրանսֆերային պատուհանին ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած ակումբների թոփ-10-ը:

10. «Լիլ» - 99 000 000 եվրո
Ծախսել է՝ 26 000 000 եվրո, տարբերությունը՝ + 73 000 000 եվրո

Լիլ

«Լիլը» գերազանց տիրապետում է հարուստ ակումբներին գրավելու «արվեստին»: Սվեն Բոթմանի համար իսկական տրանսֆերային մրցավազք էր ընթանում, լավագույն գինը՝ 37 միլիոն եվրո, առաջարկեց անգլիական «Նյուքասլն» ու ձեռք բերեց ֆուտբոլիստին: Ամադու Օնանային ֆրանսիական թիմը «Համբուրգից» ձեռք բերեց նախորդ տարի 12,6 միլիոն եվրոյով, իսկ հիմա նրան 35 միլիոն եվրոյով վաճառեց «Էվերթոնին»: Իսկ Ռենատու Սանշեշի համար ՊՍԺ-ն վճարեց 15 միլիոն եվրո:

Գրեթե բոլոր նորեկները, որոնց «Լիլը» ձեռք է բերել ամռանը, «նոունեյմ» են: Հետաքրքիր կլինի տեսնել ակումբի քայլերը հաջորդ ամառային պատուհանին:

9. «Բավարիա» - 104 400 000 եվրո
Ծախսել է՝ 137 500 000 եվրո, տարբերությունը՝ - 33 100 000 եվրո

Բավարիա

Մեր տասնյակի վատագույն ակումբը հավասարակշռության տեսանկյունից, սակայն «Բավարիան» կարող է նման շռայլություն իրեն թույլ տալ՝ հաշվի առնելով այն, թե որքան գրագետ է գործում ֆինանսական հարցերում: Վաստակած գումարի մեծ մասն ստացվել է Ռոբերտ Լևանդովսկիի վաճառքից: «Բավարիան» հասավ իր նպատակին. թիմը պատրաստ էր բաց թողնել լեհ հարձակվողին 40-50 միլիոն եվրոյով: «Բարսելոնան» վճարեց 45 միլիոն եվրո:

Մյունխենյան ակումբը նաև հաջողություն մաղթեց այն խաղացողներին, որոնք ինչ-որ չափով սպասելիքները չարդարացրին: «Սևիլիան» 16 միլիոն եվրոյով ձեռք բերեց 20-ամյա կենտրոնական պաշտպան Տանգի Կուասիին, Քրիս Ռիչարդսը 16 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Քրիստալ Փելաս», Մարկ Ռոկան՝ 12 միլիոն եվրոյով «Լիդս», Ջոշ Զիրկզեն՝ «Բոլոնիա» (8,5 միլիոն եվրո), Օմար Ռիչարդսը՝ «Նոթինգեմ» (8,5 միլիոն եվրո): Այս գործարքներից «Բավարիան» վաստակեց մոտ 60 միլիոն եվրո:

Թիմն ուժեղացավ այնպիսի ֆուտբոլիստներով, ինչպիսիք են Դե Լիխտը, Մանեն, Գրավենբերխը, Մատիս Տելն ու Նուսաիր Մազրաուին:

8. «Յուվենտուս» - 106 150 000 եվրո
Ծախսել է՝ 102 400 000 եվրո, տարբերությունը՝ + 3 750 000 եվրո

Յուվենտուս

Ամռանը «Յուվենտուսը» բավական լավ աշխատեց, սակայն թիմին շատ ավելի ուրախացնում է աշխատավարձերը «բեռնաթափելու» փաստը: Եվ սա վերաբերում է ոչ միայն ավելի լավ առաջարկով պայմանավորված հեռացողներին, այլև ազատ գործակալի կարգավիճակ ստացած խաղացողներին՝ Կիելինիին, Ռեմսիին, Դուգլաս Կոստային, Բերնարդեսկիին ու Դիբալային:

Ինչ վերաբերում է վաճառքին, ապա Մատեյս դե Լիխտի հեռանալը կարելի է կորուստ որակել, քանի որ թիմը նրա համար «Այաքսին» վճարել էր 85,5 միլիոն եվրո, իսկ «Բավարիային» վաճառեց 67 միլիոն եվրոյով: Մյուս հեռացողներին դժվար է առաջին ընտրության խաղացող անվանել, ոմանք էլ հեռացան՝ վարձավճարով այլ ակումբում խաղալու:  

Դեմիրալի համար «Ատալանտան» վճարեց 20 միլիոն եվրո, Ռոլանդո Մանդրագորան 8,2 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Ֆիորենտինա», իսկ Արթուրն (4,0 միլիոն եվրո) ու Զաքարիան (3 միլիոն եվրո) վարձավճարով տեղափոխվեցին համապատասխանաբար «Լիվերպուլ» և «Չելսի»:

7. «Լիդս» - 108 200 000 եվրո
Ծախսել է՝ 110 140 000 եվրո, տարբերությունը՝ - 1 940 000 եվրո

Լիդս

Երկու առանցքային խաղացողների՝ Ռաֆինյային («Բարսելոնա», 58 միլիոն եվրո) ու Կալվին Ֆիլիպսին («Մանչեսթեր Սիթի», 49 միլիոն եվրո) հրաժեշտ տալուց հետո «Լիդսն» անմիջապես լծվեց ֆուտբոլիստներ ձեռք բերելու գործին: Ընդհանուր հավասարակշռությունը մի փոքր բացասական է, բայց թիմը ձեռք է բերել ֆուտբոլիստներ, որոնց կարող է բարձրացնել նոր մակարդակ ու վերավաճառել: Դրանից բացի, Աարոնսոնը, Ադամսն ու Քրիստենսենը ծանոթ են գլխավոր մարզիչ Ջեսի Մարշի խաղային փիլիսոփայությանը:

6. «Բրայթոն» - 113 900 000 եվրո
Ծախսել է՝ 47 800 000 եվրո, տարբերությունը՝ + 66 100 000 եվրո

Բրայթոն

Ամառային տրանսֆերային պատուհանին ակումբին հաջողվեց Մարկ Կուկուրելյային 65,3 միլիոն եվրոյով վաճառել Լոնդոնի «Չելսիին», իսկ Իվ Բիսուման 29,2 միլիոն եվրոյով տեղափոխվեց Լոնդոնի «Տոտենհեմ»: Լեո Էստիգորը 5 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Նապոլի», իսկ Մեթ Կլարկը՝ 2,6 միլիոն եվրոյով «Միդլսբրո»: Հարձակվող Նիլ Մոպեն էլ 11,8 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Էվերթոն»: 

Ակումբն անմիջապես հավաքագրեց նորեկների՝ բաց դիրքերը փակելու համար: Ամենաթանկը Կուկուրելյային փոխարինողի՝ Պերվիս Էստուպինյանի ձեռքբերումն էր «Վիլյառեալից» (17,8 միլիոն եվրո):

5. «Մոնակո» - 117 000 000 եվրո
Ծախսել է՝ 43 500 000 եվրո, տարբերությունը՝ + 73 500 000 եվրո

Մոնակո

Օրելյան Չուամենիի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ», որը 80 միլիոն եվրո վճարեց գործարքի համար, ևս 20 միլիոն եվրո նախատեսված է որպես հավելավճար, առանձնակի հաճելի էր հատկապես «Մոնակոյի» գանձապահի համար: Տպավորիչ էր նաև Սոֆիան Դիոպի տրանսֆերը ֆրանսիական «Նիս» (22 միլիոն եվրո):

Հեռացան նաև Պավլովիչը («Զալցբուրգ», 7 միլիոն եվրո), Պելեգրին («Տորինո», 5 միլիոն եվրո) և Ահոլուն («Ստրասբուրգ», 3 միլիոն եվրո):

Չուամենիին փոխարինելու համար «Մոնակոն» 15 միլիոն եվրոյով ձեռք բերեց «Զալցբուրգի» կիսապաշտպան Մոհամեդ Կամարային, նույնքան էլ վճարեց «Լիվերպուլի» խաղացող Տակումի Մինամինոյի համար: Բրիլ Էմբոլոն էլ 12,5 միլիոն եվրոյով համալրեց «Մոնակոն»: Եթե 22-ամյա Կամարայի ներուժն ակնհայտ է շատերի համար, ապա հետաքրքիր կլինի՝ արդյոք թիմը կկարողանա՞ նոր մակարդակի բարձրացնել Էմբոլոյին ու Մինամինոյին: 

4. «Սպորտինգ» - 119 800 000 եվրո
Ծախսել է՝ 41 950 000 եվրո, տարբերությունը՝ + 77 850 000 եվրո

Սպորտինգ

Թեպետ Նունու Մենդեշի վաճառքը ՊՍԺ-ին ակնհայտ էր, այնուամենայնիվ «Սպորտինգը» կարող էր վաստակել ավելին, քան 38 միլիոն եվրոն է: Բայց թիմը կարողացավ 45 միլիոն եվրոյով Մատեուս Նունեսի տրանսֆերային իրավունքը վաճառել «Վուլվերհեմփթոնին», իսկ Ժոաու Պալինյան 20 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Ֆուլհեմ»:

Մյուս վաճառքներից թիմն առանձնակի եկամուտ չստացավ, բայց հեռացողներն էլ (Տաբատա, Ռոզյե, Շպորար, Պլատա, Պեդրու Մենդեշ) ակումբի համար որոշիչ չէին: 

3. «Բենֆիկա» - 127 300 000 եվրո
Ծախսել է՝ 62 300 000 եվրո, տարբերությունը՝ + 65 000 000 եվրո

Բենֆիկա

Վաստակած գումարի հիմնական մասը Դարվին Նունյեսի՝ «Լիվերպուլ» տեղափոխությունից էր (75 միլիոն եվրո): Ռոման Յարեմչուկին («Բրյուգե»), Էվերթոնին («Ֆլամենգո») ու Կառլոս Վինիսիուսին («Ֆուլհեմ») ակումբը վաճառել է համապատասխանաբար 16 միլիոն, 13,5 միլիոն և 5 միլիոն եվրոյով: Ավելի երիտասարդներ Ժոտան («Սելթիկ»), Ժեդսոն Ֆերնանդեշը («Բեշիքտաշ») և Պեդրո Պերեյրան («Մոնցա») վարձակալությունից հետո հիմնական սկզբունքով պայմանագրեր են կնքել՝ ընդհանուր ևս 15,8 միլիոն եվրո բերելով «Բենֆիկային»:

2. «Մանչեսթեր Սիթի» - 159 900 000 եվրո
Ծախսել է՝ 139 500 000 եվրո, տարբերությունը՝ + 20 400 000 եվրո

Մանչեսթեր Սիթի

«Մանչեսթեր Սիթին» սովորել է ոչ միայն ծախսել, այլև վաճառել: Ավելին՝ բոլոր այն խաղացողների հեռանալը, որոնց թիմը բաց թողեց, կարելի է «բեռնաթափում» անվանել: Ռահիմ Ստեռլինգը, Գաբրիել Ժեզուշն ու Ալեքսանդր Զինչենկոն մոտ էին մեկնարկային կազմի խաղացող լինելուն ու, տրամաբանական է, ցանկանում էին ավելի շատ խաղաժամանակ ստանալ: «Մանչեսթեր Սիթին», իհարկե, ուժեղացրեց «Արսենալին» ու «Չելսիին», սակայն փոխարենը ստացավ 143 միլիոն եվրո: Թիմը որոշ գումար ստացավ նաև այն խաղացողների համար, որոնք վարձավճարով այլ ակումբներում էին: Խոսքը վերաբերում է Պորոյին («Սպորտինգ», 8,5 միլիոն եվրո), Իտակուրային («Բորուսիա Մ.», 5 միլիոն եվրո) և Մուրիչին («Բարնլի», 3 միլիոն եվրո): 

Հաշվի առնելով, թե ինչպիսի ֆուտբոլիստներ (Հոլանդ, Ֆիլիպս, Ականջի, Գոմես) են համալրել Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի կազմը, ապա ամառային տրանսֆերային պատուհանը մանչեսթերյան ակումբն ուղղակի հրաշալի անցկացրեց:

1. «Այաքս» - 216 220 000 եվրո
Ծախսել է՝ 105 100 000 եվրո, տարբերությունը՝ + 111 120 000 եվրո

Այաքս

Ամստերդամյան ակումբը հերթական անգամ վաճառքի մաստեր-կլաս ցույց տվեց: Իհարկե պետք է նշել, որ ակումբը հիմնականում գումար է վաստակել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ցանկության հիման վրա: Մասնագետը ցանկանում էր աշխատել փորձված տղաների հետ ու ձեռք բերեց Անտոնիին և Լիսանդրո Մարտինեսին, որոնց տրանսֆերն ընդհանուր արժեցավ ավելի քան 150 միլիոն եվրո:

Ամեն դեպքում նման վաճառքը նույնպես առանձնահատուկ «արվեստ» է: Դրանից բացի, «Այաքսը» Սեբաստյեն Ալերին 31 միլիոն եվրոյով վաճառեց Դորտմունդի «Բորուսիային» (գնել էր 22,5 միլիոն եվրոյով): Անդրե Օնանան («Ինտեր») ու Նուսաիր Մազրաուին («Բավարիա») նույնպես կարող էին պարկով գումար բերել թիմին, բայց նրանք հեռացան ազատ գործակալի կարգավիճակում: 

«Այաքսի» վաճառքներն ամռանը.

Ֆուտբոլիստը

Որտեղ է տեղափոխվել

Փոխհատուցման չափը

Անտոնի

«Մանչեսթեր Յունայթեդ»

95 միլիոն եվրո

Լիսանդրո Մարտինես

«Մանչեսթեր Յունայթեդ»

57,37 միլիոն եվրո

Սեբաստյեն Ալեր

«Բորուսիա Դորտմունդ»

 31 միլիոն եվրո

Ռայան Գրավենբերխ

«Բավարիա»

18,5 միլիոն եվրո

Պեր Սխյուրս

«Տորինո»

9 միլիոն եվրո

Նիկոլաս Տալյաֆիկո

«Լիոն»

4,2 միլիոն եվրո

Դոմինիկ Կոտարսկի

«Գորիցա»

1 միլիոն եվրո

Նաջի Ունյուվար

«Տրաբզոնսփոր»

վարձավճար, 150 հազար եվրո

Կորուստներն իսկապես զգալի են, թեպետ դրանց դիմաց ստացած փոխհատուցման չափը պիտի որ լուծի տխրության հարցը: «Այաքսի» ձեռքբերումները նույնպես վատը չէին: 31 միլիոն եվրոյով Սթիվեն Բերգվեյնին ու 23 միլիոն եվրոյով Քելվին Բեյսիին ձեռք բերելն իրադարձություն է: Ինչ-որ վստահություն կա, որ «Այաքսը» հաջորդ ամռանը նույնպես +100 միլիոն եվրոյի վաճառք է անելու:

Բոլոր տվյալները՝ համաձայն Transfermarkt-ի

Կարդացեք նաև՝

Ամռան թոփ-10 տրանսֆերները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա