Logo

«Այսօրվա Եվրոպայի չեմպիոնները, հիմա կարող էին բանակում լինել». Ավետիք Վարդանյանը ամփոփեց Եվրոպայի առաջնությունը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
18:01 / 06.07.2022Ըմբշամարտ
Բացառիկ
Ավետիք Վարդանյան

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը VNews-ի հետ զրույցում ամփոփեց Հռոմում կայացած Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականից ոսկե մեդալակիրներ դարձան Հայկ Պապիկյանը (70 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ), արծաթե ու բրոնզե մեդալներ նվաճեցին համապատասխանաբար Հարություն Հովհաննիսյանը (57 կգ) ու Հայկ Աբրահամյանը (61 կգ):

«Բնականաբար, արդյունքները գոհացուցիչ են, բայց միանշանակ ավելի շատ ու բարձր հարգի մեդալներ նվաճելու հնարավորություն ունեինք:

61կգ քաշային Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում հանդիպել էր չեմպիոն, վրացի ըմբիշին ու 3:1 հաշվով հաղթելիս վերջին վայրկյանին կորցրեց զգոնությունը և բաց թողեց առավելությունը` պարտվելով 3:3:

Հայկ Աբրահամյան

Երրորդ տեղի համար պայքարում 65 կգ քաշային Տիգրան Ղազարյանը 5:1 հաշվով հաղթելիս դուրս եկավ զոնայից, արդյունքում՝ պատժվեց դրա, ինչպես նաև պասիվ գոտեմարտ վարելու համար: Մի խոսքով՝ տղաներից ավելի մեծ ակնկալիքներ ունեի:

Մնացած տղաները, կարելի է ասել, մասնակցեցին իրենց հնարավորությունների սահմանում: Մի փոքր հաջողությունը չժպտաց Մենուա Յարիբեկյանին, որը երկու հաղթանակից հետո երրոդ գոտեմարտում հավասար պայքարում պարտվեց: Նրան հաղթած ըմբիշն էլ կիսաեզրափակիչում Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնին պարտվեց` չկարողանալով դուրս գալ եզրափակիչ»:

Եվրոպայի առաջնություն

Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը` առաջին տեղը զիջելով Վրաստանի ընտրանուն: Մեր երիտասարդական հավաքականը նմանատիպ արդյունք գրանցել էր նաև 2018թ.-ին, երբ երրորդ տեղն էր գրավել թիմային պայքարում` տալով Եվրոպայի երեք չեմպիոն: Այս տարի այդ արդյունքը գերազանցվեց ու նոր նշաձող սահմանվեց, քանի որ Ավետիք Վարդանյանի ղեկավարած թիմը եզրափակիչում ունեցավ ընդհանուր առմամբ չորս մասնակից:

«Երկրորդ օրվա արդյունքներից հետո մենք էինք առաջին տեղում, բայց մրցումային վերջին օրը` եզրափակիչներից առաջ, պարզ դարձավ, որ մեր միավորների քանակը չէր բավարարելու, եթե նույնիսկ հաղթեինք բոլոր գոտեմարտերում, իսկ եզրափակիչներում վրացի ըմբիշների հավաքած միավորներն էլ ավելի շատ էին: 

Ամեն դեպքում գոհ ենք. վերջին 5 տարիներին առանց Եվրոպայի չեմպիոնի Հայաստան չենք վերադառնում»:

Հայաստանի հավաքականի հաջողություններում առանցքային է անձնական մարզիչների ու հավաքականի մարզիչների կատարած աշխատանքը: Միայն վերջին տարիներին է, որ ազատ ոճայինների տարբեր տարիքային հավաքականները մեդալային մեծ ավարով են վերադառնում ամենախոշոր մրցաշարերից: Վարդանյանը ցավով արձանագրեց, որ մարզիչների դերն այս հաջողություններում հաճախակի ստվերում է մնում, ու առաջին պլանում են հայտնվում միայն հաղթանակած ըմբիշները: Այնուամենայնիվ, համեստորեն չցանկացավ բացահայտել իրենց մոտեցումներն ու մեթոդները, որոնք առաջնորդում են նման արդյունքների:

«Ես չեմ կարող ասել, թե ինչ եմ փոխել: Ես գիտեմ` ինչպես եմ աշխատում: Կարիք չկա այս մասին բարձրաձայնելու: Թիմում բոլորը, միմյանց հարգելով, համատեղ աշխատանքով հասնում են արդյունքների: Ցանկությունը մեծ է, որ լավ աշխատանք տանենք ու լավ արդյունքներ գրանցենք: Մնացածը երկրորդական է` կգովա՞ն, թե՞ չեն գովա: Իսկ աշխատանքային գաղտնիքները չեմ բացահայտի»:

Եվրոպայի առաջնություն 2

Օլիմպիական կարգի մրցավարի հետ խոսեցինք նաև Հայաստանի ըմբիշների անցկացրած գոտեմարտերի ու նրանց մրցակիցների մասին: Չեմպիոնի կոչումը նվաճած Մուշեղ Մկրտչյանն ու Հայկ Պապիկյանը, ինչպես նաև արծաթե մեդալ նվաճած Հայկ Աբրահամյանը մինչև եզրափակիչ իրենց մրցակիցներին հաղթել են մեծ առավելությամբ` չտալով նրանց ոչ մի շանս: Բացառություն է եղել միայն Մուշեղի գոտեմարտը կիսաեզրափակիչում` Ադրբեջանի ներկայացուցչի հետ, որն ավարտվել է 3:1 հաշվով:

«Մեր մեդալակիրների բոլոր գոտեմարտերն էլ բարդ են եղել, քանի որ սա Եվրոպայի առաջնությունն էր: Բայց կարող եմ ասել, որ չնայած նրան, որ Լյովա Գևորգյանը չեմպիոն դարձավ՝ ես նրանից ավելին էի սպասում, ավելի լավ գոտեմարտեր էի սպասում: Հայկից ու Մուշեղից գոհ եմ: Նրանք այսօր մեր երիտասարդական հավաքականի նոր անուններն են: Այնուամենայնիվ, նրանցից սպասում էինք լավ մասնակցություն»:

Լյովա Գևորգյան

Ավետիք Վարդանյանը նաև պատմեց, որ ձմռանը նորընծա Եվրոպայի չեմպիոններ Մուշեղ Մկրտչյանն ու Հայկ Պապիկյանը կարող էին զորակոչվել բանակ` բարձրացնելով շատ արդիական ու ցավալի խնդիր հայկական սպորտային աշխարհում:

Լյովա Գևորգյան 2

«Այսօր ունենք Եվրոպայի երկու չեմպիոն, որոնք, եթե վնասվածք չունենային ձմռանը, այսօր Եվրոպայի չեմպիոն չէին հռչակվի ու մեզ հետ չէին լինի, այլ բանակում: Նրանց զորակոչը հետաձգվել էր վնասվածքների պատճառով, տղաները պետք է վիրահատվեին, ու զորակոչը հետաձգվեց որոշ ժամանակով: Այդպես այս ընթացքում նրանք վերականգվեցին ու դարձան Եվրոպայի չեմպիոններ: 

Ես միշտ նույնն եմ կրկնել ու նորից եմ ասում՝ կա ըմբիշ, որը հասցնում է մինչև 17 տարեկան ինչ-որ հաջողության հասնել, սակայն նրանց աճման շրջանը 17-ում չի ավարտվում: Նրանք շարունակում են աճել ֆիզիկապես ու որպես տղամարդ: Նրանց առաջընթացը շարունակվում է մինչև 20 տարեկան: Երբ գալիս է բերքը քաղելու ժամանակը, մերոնք գնում են բանակ, սակայն մենք տեսնում ենք, որ այդ տղաները մեծ պոտենցիալ ունեն ու տաղանդավոր են, սակայն չեն հասցրել նշանակալի արդյունք գրանցել:

Լյովա Գևորգյան 3

Մեկ այլ խնդիր է, որ մեկ քաշային կարգում ունենում ենք երկու տաղանդավոր տղա, մեկը հաղթում է ու հենց ինքն է գնում մրցման: Մենք երկուս մասնակցությունն էլ ապահովելու հնարավորություն չունենք: Մի մարզիկի բանակի հարցն էլ լուծվում է, տալիս են տարկետում կամ սպորտային վաշտ է գնում, երկրորդ տաղանդավոր ըմբիշը գնում, կորում է: Բանակում ծառայելուց հետո 99 տոկոսը չի վերադառնում գորգ»: 

Հայ երկրպագուների շրջանում հատկապես մեծ ոգևորություն են առաջացնում ադրբեջանցի մարզիկների նկատմամբ տարած հաղթանակները: Այս մրցաշարում Հայաստանի ոսկե մեդալակիր ըմբիշները նույնպես իրենց ճանապարհին հաղթահարեցին նրանց արգելքը: Հարցին, թե ինչպես է մարզիչն էմոցիոնալ ճիշտ պատրաստում ըմբիշին, որպեսզի ավելորդ մտքերը չխանգարեն, Վարդանյանը պատասխանեց.

«Բնականաբար, եթե ճանապարհ են անցել ու աշխատել, հասել են այդտեղ, պետք է կենտրոնանան ու գոտեմարտեն՝ անկախ նրանից, թե ով է մրցակիցը, ու բոլորը գոտեմարտերը անցկացնեն հաղթելու ձգտումով: Երկրորդն էլ՝ պետք չէ տրվել նրանց սադրանքներին. մենք ունենք առաջադրանք` հաղթել: Այդ հաղթանակով մենք պատասխանում ենք նրանց սադրանքին ու մնացած ամեն ինչին»:

Լյովա Գևորգյան 5

Մարզիչը նաև մանրամասներ ներկայացրեց Եվրոպայի չեմպիոն Հայկ Պապիկյանի պարգևատրման ժամանակ տեղի ունեցած միջադեպից. մեր ըմբիշին եզրափակիչում պարտված ադրբեջանցին Հայաստանի պետական օրհներգը հնչելիս իջել էր պատվո հարթակից ու հեռացել:

«Պարգևատրումը կատարում էր տեխնիկական պատվիրակը, որը նկատեց դա: Երբ մենք գնացինք բողոքարկելու, միջազգային ֆեդերացիան արդեն պատրաստ էր քայլեր ձեռնարկել: Նրանք կանչել էին մարզիկին, որպեսզի մեդալը վերցնեին ու ամեն ինչից զրկեին: Անկախ մեր բողոքարկումից, նրանք դրան պատրաստ էին: Հարգանքներս Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային, որ խստորեն հետևում է իր սահմանած կանոնակարգին»:

Առջևում` օգոստոսին, աշխարհի երիտասարդական առաջնությունն է, որին մեր ընտրանին սկսելու է պատրաստվել ընդամենը 5-օրյա հանգստից հետո:

«Եվրոպայի առաջնությունից հետո աշխարհի առաջնությունը լինելու է 40 օրվա տաբերությամբ: Կանցկացնենք երկու ուսումնամարզական հավաք, բնականաբար կմասնակցեն մեդալակիրները, մնացած կազմի վերաբերյալ առաջիկա օրերին որոշում կկայացնենք: 

Ոսկե մեդալակիրները մոտ են ու պատրաստ ելույթ ունենալ մեծահասակների մրցաշարերում: Կարծում եմ, որ Լյովա Գևորգյանը մեծահասակների հավաքականի առաջատարն է գերծանր քաշային կարգում»,- եզրափակեց Վարդանյանը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա