Logo

«Բարսելոնայի» հաճելի գլխացավանքը. Կուբարսիի հայտնությունը դոմինոյի էֆեկտ կունենա

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
13:16 / 03.04.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Պաու Կուբարսին Լա Մասիայի վերջին զարդերից է, «Բարսելոնայի» ակադեմիայի հերթական խոստումնալից տաղանդը, որի հետ ակումբը մեծ հույսեր է կապում: Հետևաբար, 17-ամյա կենտրոնական պաշտպանը նվազագույնը առաջիկա 4-5 տարիներին կմնա «Բարսայում», քանի որ կատալոնական ակումբն արդեն պատրաստում է երկարաժամկետ առաջարկ՝ աստղաբաշխական հրաժարագնով: 

Այս փաստը, իհարկե, հույս է ներշնչում թիմի երկրպագուներին, իսկ ակումբի ղեկավարների համար դառնում է «հաճելի գլխացավանք»: Ի՞նչ է լինելու մյուս կենտրոնական պաշտպանների հետ, որոնք, ի դեպ, քիչ են: Փորձենք հասկանալ:

Արաուխոն մնո՞ւմ է անձեռնմխելի

«Բարսելոնայի» ղեկավարության համար ներկայում ու ապագայում կենտրոնական պաշտպանների զույգը կազմելու են Պաու Կուբարսին և Ռոնալդ Արաուխոն՝ հաշվի առնելով ֆուտբոլիստների որակները և երիտասարդ լինելու հանգամանքը: Վերջին տարիներին Արաուխոն «Բարսելոնայի» համար անձեռնմխելի էր: Կարևոր չէր՝ ինչ առաջարկ կստացվեր այլ գրանդներից, միևնույն է՝ պատասխանը բացասական էր լինելու: Կուբարսիի հայտնվելուց հետո կարո՞ղ է փոխվել իրավիճակը: «Բավարիան» 2023-ի ամառային տրանսֆերային պատուհանից սկսած տարբեր առաջարկներով ճնշում է գործադրում. մյունխենյան ակումբը պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել, մյուս կողմից՝ Ժոան Լապորտան է նոր պայմանագիր առաջարկում ուրուգվայցուն՝ վստահ լինելով, որ նա կմնա ակումբում, բայց քանի դեռ չկա ստորագրություն, չկան նաև երաշխիքներ:

Ronald Araujo makes honest admission: I don't like playing at right-back -  Barca Blaugranes

Կունդեն վերջնականապես կտեղափոխվի ա՞ջ

Ժյուլ Կունդեին «Բարսելոնայում» նույնպես համարում են հիմնական կազմի խաղացող, բայց ֆրանսիացու դեպքում էլ հարցեր են առաջանում: Իսկ ի՞նչ, եթե կենտրոնում հիմնական զույգը կազմելու են Կուբարսին ու Արաուխոն: Այս դեպքում օպտիմալ լուծում է Կունդեին աջ եզր տեղափոխելը, ինչը Չավին բազմիցս կիրառել է: Իսկ այդ դեպքում ի՞նչ է լինելու Կանսելուի ապագայի հետ: Իսկ ի՞նչ, եթե Կունդեն չի ցանկանում խաղալ աջից: Այդ մասին 25-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է մի քանի անգամ:

Կունդեն վստահելի է պաշտպանության աջ եզրում, բազմակողմանի է, վտանգավոր միացումներ է կատարում աջից, Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն էլ երբեմն նրան օգտագործում է այդ դիրքում, բայց հիմա ամեն ինչ կախված է պաշտպանի որոշումից: Նրա հեռանալն էլ չի բացառվում՝ հաշվի առնելով, թե որքան մեծ պահանջարկ ունի Եվրոպայում:

Ինիգո Մարտինեսի տարօրինակ իրավիճակը

Ինիգո Մարտինեսը «Բարսելոնա» տեղափոխվեց նախորդ ամռանը: Նրա որակները Չավին բարձր է գնահատում, բայց 32-ամյա խաղացողի ապագան էլ Կատալոնիայում անորոշ է: Նախ՝ ակումբը դեռ չի գրանցել նրան հաջորդ մրցաշրջանի կազմում՝ աշխատավարձերի լիմիտը չգերազանցելու համար: Իրավիճակը տարօրինակ է այնքանով, որ Մարտինեսի պայմանագրի ժամկետի ավարտին ևս 1 տարի կա, ու եթե «Բարսան», ի վերջո, չգրանցի ֆուտբոլիստին հաջորդ մրցաշրջանում, ստիպված է տուգանք մուծել: Այժմ պետք է ակումբում գնահատական տան իրավիճակին և հասկանան, թե ինչն է իրենց ավելի շատ հետաքրքրում՝ պահե՞լ Մարտինեսին կազմում, թե՞ խզել պայմանագիրը և տուգանք վճարել: Մարզական տեսանկյունից նրա՝ թիմում մնալը Կուբարսիի հայտնվելուց հետո այլևս խիստ անհրաժեշտ չէ:

Inigo Martinez picks up yet another injury during Barcelona's Copa del Rey  clash - Barca Blaugranes

Քրիստենսենը՝ հենակետայի՞ն

Անդրեաս Քրիստենսենի տակտիկական բազմակողմանիությունը հենց դանիացու օգտին է տվյալ իրավիճակում: Այս մրցաշրջանում շաբաթներ շարունակ Չավին Քրիստենսենին առաջ քաշեց՝ օգտագործելով հենակետային կիսապաշտպանի դիրքում, և արդյունքը ավելի քան գոհացուցիչ է: Դանիացին հաջող է վերահսկում գնդակը, զսպում է մրցակցի գրոհներն ու ապահովագրում կիսապաշտպանությունում իր թիմակիցներին՝ ազատություն տալով նրանց: Հաջորդ մրցաշրջանից սկսած գուցե 27-ամյա խաղացողը վերջնականապես տեղափոխվի դաշտի միջին հատված:

Արի պաշտպան, դարձիր՝ հենակետային. Ում միջոցով Չավին կանգնեցրեց փոթորիկը

Կլեման Լանգլեն, Էրիկ Գարսիան ու Չադի Ռաիդը չեն վերադառնա

«Բարսելոնան» կփորձի վերջնականապես բաժանվել այն պաշտպաններից, որոնք վարձավճարով խաղում են այլ թիմերում: 

Կլեման Լանգլեն, որը նախորդ և ընթացիկ մրցաշրջանները վարձավճարով անցկացնում է համապատասխանաբար «Տոտենհեմում» ու «Ասթոն Վիլայում», չի վերադառնա: Նախ՝ մարզական տեսանկյունից ակումբում նրա հետ հույսեր չեն կապում, դրանից բացի՝ ֆրանսիացու աշխատավարձը շատ բարձր է: 

Նմանատիպ իրավիճակում է նաև Էրիկ Գարսիան, որն էլ վարձավճարով խաղում է «Ժիրոնայում»: Կատալոնական մյուս թիմում Գարսիայի գործերը լավ են, նա հիմնական կազմում է ու գոհացնում է Միչելին, բայց «Բարսելոնայում» Գարսիային կապտանռնագույն մարզաշապիկով այլևս չեն տեսնում: Ուստի՝ ղեկավարությունը պետք է բանակցի Գարսիայի հետ կա՛մ ֆուտբոլիստի վաճառքի, կամ գոնե ևս մեկ մրցաշրջան վարձավճարով «Ժիրոնային» կամ այլ ակումբի խաղացողին զիջելու հարցը:

Official: Eric Garcia loaned to Girona from Barca

Մեկ այլ ֆուտբոլիստ, որի վերադարձը «Բարսելոնա» քիչ հավանական է, Չադի Ռիադն է: Իսպանիայի գործող չեմպիոնը պետք է 7 միլիոն եվրո վճարի «Բետիսին»՝ խաղացողին վերագնելու համար, բայց այդ սցենարը անիրատեսական է: Մարոկկացին առանց այն էլ տեղ չուներ թիմում, Կուբարսիի՝ կազմում հայտնվելուց հետո էլ ավելի բարդ կլինի նրա համար «Բարսայում» խաղաժամանակ ստանալ: Կատալոնական ակումբը շարունակելու է հետևել Ռիադի զարգացմանը, բայց առաջիկայում նրան դժվար թե տեսնենք «Բարսելոնայում»:

Այսպիսով՝ Կուբարսին 17 տարեկանին ոչ բնորոշ խաղային հասունության, հուսալիության, փայլուն փոխանցումների ու այլ որակների շնորհիվ, մեծ հավանականությամբ, Կունդեին տեղափոխում է աջ, Քրիստենսենին՝ հենակետայինի գոտի, իսկ մյուս պաշտպանների ապագան «Բարսելոնայում» դարձնում ավելի մշուշոտ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա