Logo

Կարեն Աղամալյանը VNews-ի հետ զրույցում խոսել է Երևանում կայանալիք բռնցքամարտի ԵԱ-ին մեր ընտրանու նախապատրաստության մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:04 / 07.04.2022Հարցազրույցներ
Բացառիկ
Կարեն Աղամալյան

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը գոհ է միջազգային վերջին մրցաշարերին մեր մարզիկների մասնակցությունից։ VNews-ի հետ զրույցում նա նշեց, որ մայիսի վերջին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մեր թիմի նախապատրաստությունն ընթանում է բնականոն հունով. մնում է վերջնականապես հղկել բացերը։

Անդրադառնալով Խորվաթիայում կայացած մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը՝ մարզիչը նշեց, որ տարիքային այդ խմբի մեր ընտրանին մրցմանը ներկայացել էր ամբողջովին նոր կազմով, քանի որ նշված տարիքին համապատասխանող մարզիկների պակաս է զգացվում։  

«2021-ին այդ առաջնությունում 1-ական ոսկե և արծաթե մեդալ էինք նվաճել։ Այս տարի թիմի կազմն ամբողջությամբ փոխվել էր։ Ընդ որում՝ այն համալրվել էր ավելի երիտասարդ բռնցքամարտիկներով։ Հայաստանի հաշվին գրանցվեց 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ։

Կարևոր է նաև, որ տղաներն սկզբունքային մենամարտերում կարողացան հաղթել ադրբեջանցի և թուրք մրցակիցներին։ Իսկ եզրափակիչներում փոքր-ինչ զիջեցին մրցակիցներին, որովհետև կիսաեզրափակիչում հոգեբանական և ֆիզիկական շատ ուժ էին վատնել մեր սահմանակից երկրների ներկայացուցիչների հետ պայքարում ու չէին հասցրել վերականգնվել։

Համենայն դեպս, գոհ եմ արդյունքից։ Եղան, իհարկե, մարզիկներ, որոնք կարող էին ավելի լավ մասնակցել։ Նրանցից դժգոհ եմ, բայց ազգանունները չեմ հնչեցնի։ Իսկ ընդհանուր առմամբ նորմալ էր»,- VNews-ին հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչը։

Այդ ստուգատեսին միանգամից հաջորդեց Սերբիայի միջազգային մրցաշարը, որում հայ բռնցքամարտիկները նվաճեցին 2-ական ոսկե և արծաթե, 1 բրոնզե մեդալ։  Աղամալյանն ամփոփեց նաև այդ մրցաշարում մեր տղաների արդյունքները:

«Այդ մրցաշարից առաջ հավաք չէինք անցկացրել, քանզի չեմ կարծում, որ դա անհրաժեշտ է յուրաքանչյուր մրցաշարից առաջ։

Մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը պատրաստվող տղաները։ Թեպետ 5 մրցանակակիր ունեցանք, բայց այս դեպքում դա երկրորդական է ինձ համար, քանի որ Բելգրադում այլ խնդիր էինք լուծում։

Ավելի կարևոր էր տեսնել, թե մեր տղաները որքանով են պատրաստ մոտ 1,5 ամսից մեկնարկող Եվրոպայի առաջնությանը և հատկապես ինչին է պետք ուշադրություն դարձնել առաջիկա հավաքների ընթացքում։

Գոհ եմ այն առումով, որ զգացի՝ մեր բռնցքամարտիկներն ունեն ամրության պաշար, որի շնորհիվ պետք է առաջադիմեն մինչև եվրոպական ստուգատեսը»,- ընդգծեց Կարեն Աղամալյանը։

Նա նշեց, որ մրցանակակիր դարձած բոլոր բռնցքամարտիկներն էլ նորմալ տպավորություն թողեցին։ Իսկ մրցանակային տեղ չգրավածներից, ըստ մեր զրուցակցի, լավ մասնակցեց Ջանիկ Սահակյանը, որն արժանիորեն մենամարտեց ուժեղ հակառակորդի հետ։

Գլխավոր մարզչի հավաստմամբ՝ Եվրոպայի առաջնությանը նախապատրաստությունն ընթանում է առանց խնդիրների։ Ապրիլի 20-ից մինչև մայիսի 2-ը մեր ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնելու Ծաղկաձորում։

Հիմնական շեշտը դրվելու է մարզիկների ֆիզիկական պատրաստականությանը։ Նախապատրաստությունն ամփոփվելու է մայիսի 7-20-ը մայրաքաղաքի «Օլիմպավանում» կայանալիք հավաքի ժամանակ։ Մարզիչը նշում է, որ կարևոր է աշխատել ոչ այնքան շատ, որքան ճիշտ։ Այդ դեպքում արդյունքը չի սպասեցնի։

Առայժմ պարզ չէ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի և Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովի մասնակցության հարցը։

Մարզիչները պետք է կողմնորոշվեն ևս մի քանի քաշային կարգում մասնակիցների հարցում։ Թիմի հիմնական կորիզը, ըստ Կարեն Աղամալյանի, արդեն հայտնի է։  

Հռիփսիմե Խուրշուդյան. «Հանձնվող տեսակ չեմ և ցանկանում եմ ապացուցել, որ տեղի ունեցածը թյուրիմացություն էր» 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա