Logo

Ֆրանսիական ֆուտբոլի հրաշագործը. ո՞վ է ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
17:15 / 05.07.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Վերջին ժամանակների ամենազարմանահրաշ իրադարձություններից մեկը «Լիլի»՝ Ֆրանսիայի չեմպիոն հռչակվելն էր: Ոչ աստղային կազմ ունեցող այս ակումբը հաղթեց Լիգա 1-ը՝ չլինելով ֆավորիտ, ու դարձավ երկրորդ ակումբը, որ ընդհատեց ՊՍԺ-ի գերիշխանությունը ֆրանսիական ֆուտբոլում: Կատարցի սեփականատերերի ժամանումից հետո փարիզյան ակումբը 10 մրցաշրջանում 8 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, ու միայն «Մոնակոն» 2016/17-ին և «Լիլը» 2020/21-ին կարողացան այդ ընթացքում գահընկեց անել մայրաքաղաքայիններին:

Ավարտված մրցաշրջանում, սակայն, «Լիլն» ընդհանրապես նման չէր այն թիմին, որը հռչակվեց Ֆրանսիայի չեմպիոն: Մրցաշարային աղյուսակում նրանք զբաղեցրին 10-րդ տեղը, իսկ ՊՍԺ-ն հերթական անգամ, առանց որևէ խոչընդոտի, տուն տարավ հերթական տիտղոսը: Բայց «Լիլի» կազմն այնպես չէր թուլացել, որ թիմը չեմպիոնից վերածվեր 10-րդ տեղի թիմի. հեռացել էին միայն Մայք Մենյանը և Բուբակարի Սումարեն: Գլխավոր փոփոխությունն այլ տեղ է պետք փնտրել, այդ փոփոխությունն ունի անուն և ազգանուն՝ Քրիստոֆ Գալտյե: Այս մասնագետը հրաշքներ է գործում այն ակումբներում, որտեղ աշխատում է: «Նիսը»՝ նրա նախորդ ակումբը, որից օրեր առաջ հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով, «Լիլի» չեմպիոնության մրցաշրջանում 9-րդն էր աղյուսակում, մինչդեռ Գալտյեի օգնությամբ ավարտված մրցաշրջանում զբաղեցրեց 5-րդ տեղը՝ չնվաճելով Եվրոպա լիգայի ուղեգիրն ընդամենը խփած, բաց թողած գոլերի համեմատաբար բացասական տարբերության պատճառով: 

Lille stunned as Galtier wins on return to former club

Պատահական չէ, որ ՊՍԺ-ն գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց հենց այս մասնագետին, որը ֆուտբոլային հանրության լայն շրջանակներին գուցե այնքան էլ ծանոթ չէ: Այո՛, նա Կլոպը չէ, Գվարդիոլան չէ, Զիդանը չէ, բայց ֆրանսիական ֆուտբոլի լավագույն մասնագետներից է: VNews-ն անդրադառնում է փարիզյան ակումբի նոր գլխավոր մարզչին:

Գալտյեի ֆանտաստիկ աշխատանքը «Լիլում»

Գալտյեն «Լիլ» ժամանեց 2017-ին՝ փոխարինելով Մարսելո Բիելսային: Թիմը, որ պայքարում էր՝ ուժեղագույնների շարքում իր տեղը պահպանելու համար, անմխիթար վիճակում էր՝ խաղային բազմաթիվ խնդիրներով: 2017/18- մրցաշրջանի վերջին 4 տուրերում տարած 3 հաղթանակների շնորհիվ «Լիլը», այնուամենայնիվ, պահեց իր տեղը Լիգա 1-ում: 2018/19 մրցաշրջանում սկսվեց նոր ժամանակաշրջանը՝ Գալտյեի առաջնորդությամբ:

Ակումբը հրավիրեց ոչ աստղային, բայց կարևոր ֆուտբոլիստների՝ Ջոնաթան Բամբային, Մեհմետ Ժեկի Չելիկին, Ժոզե Ֆոնտեին, Ջոնաթան Իկոնեին ու Սումարեին: Այս ֆուտբոլիստները 2 տարի անց դառնալու էին երկրի չեմպիոն, բայց այդ ժամանակ գրեթե ոչ ոք նրանց չէր ճանաչում: Այդ մրցաշրջանում «Լիլը» խաղում էր տպավորիչ ֆուտբոլ ու գրանցեց նույնքան տպավորիչ ցուցանիշներ. մրցաշրջանի վերջնական արդյունքներով «Լիլը» 2-րդ տեղն զբաղեցրեց, բաց թողեց ամենաքիչ գոլերն առաջնությունում (33), որոշ ֆուտբոլիստներ իրենց կարիերայում «ցատկ» գրանցեցին: Նրանցից են, օրինակ, Նիկոլյա Պեպեն (23 գոլ) և Բամբան (14): 

Հաջորդ մրցաշրջանն էլ վատը չէր «Լիլի» համար: Չնայած Պեպեի, Ռաֆաել Լեաոյի ու Տիագու Մենդեշի կորուստներին՝ թիմն ընդամենը 2 պարտություն էր կրել օրացուցային տարում ու Լիգա 1-ում 4-րդն էր 2019-20-ին: 

Մինչև 2020/21 մրցաշրջանը «Լիլն» ստիպված էր կրկին մեծ վաճառքներ իրականացնել: Հեռացավ թիմի լավագույն ռմբակու Վիկտոր Օսիմհենը և ամենաառանցքային պաշտպանը՝ Գաբրիելը: Սակայն Գալտյեն գտավ նրանց իդեալական փոխարինողներին. հարձակման գծում՝ Բուրակ Յիլմազ և Ջոնաթան Դևիդ, իսկ պաշտպանությունում՝ Սվեն Բոտման: 3-ն էլ անմիջապես դարձան հիմնական կազմի ֆուտբոլիստներ: Գալտյեն ընտրեց 4-4-2 մարտավարությունը, որը խաղի ընթացքում վերածվում էր 4-2-2-2-ի, երբ «Լիլը» զիջում էր գնդակն ու խաղում հակագրոհային ֆուտբոլ:

Խաղային մոդելը հետևյալն էր՝ կտրուկ անցում պաշտպանությունից հարձակման՝ օգտագործելով Բամբայի և Իկոնեի կայծակնային արագությունը եզրերում: Ենթահարձակվողի դիրքում մանևրում էր Դևիդը, իսկ Յիլմազը հարձակման կրակագծում էր ու եզրափակում էր գրոհները: Պաշտպանվելիս թիմը պրեսինգ էր կիրառում մրցակցի կիսադաշտում ու ստիպում գրոհել միայն եզրերով, որտեղից էլ եկած փոխանցումներին հաջողությամբ արձագանքում էին Ֆոնտեն ու Բոտմանը՝ օդային պայքարում գրեթե միշտ գերազանցելով մրցակիցներին: Մենյանն էլ շատ լավ կարդում էր խաղը, ժամանակին դուրս գալիս իր տեղից ու կատարում հրաշալի սեյվեր: Արդյու՞նքը... Ամբողջ մրցաշրջանի ընթացքում 3 պարտություն, ամենաքիչ գոլ բաց թողած թիմ (23) և վաստակած 83 միավոր, ինչն ակումբի պատմության լավագույն ցուցանիշն է: 

French champions Lille appoint Gourvennec as coach after 2 years out of  game - CBSSports.com

Գալտյեն ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ (կարիերայում 3-րդ անգամ), Մենյանը՝ լավագույն դարպասապահ: Բայց Գալտյեի ու ակումբի նոր ղեկավարության միջև տարաձայնություններ եղան, ինչից հետո 55-ամյա մասնագետը որոշեց հեռանալ: Բայց մինչև Գալտյեի ներկան ու ապագան ուսումնասիրելը, հարկավոր է նաև վերհիշել՝ ինչ անցյալ է ունեցել այս մասնագետը: 

«Սենտ-Էթյենի» հրաշքը

Գալտյեի մարզչական կարիերայի առաջին ակումբը եղել է «Սենտ-Էթյենը» 2009 թվականին: «Կանաչները», ինչպես «Լիլը», վտանգավոր գոտում էին ու նպատակ ունեին մնալ Լիգա 1-ում: Գալտյեն կրկին եկավ, իր վրա վերցրեց թիմին ծանր վիճակից հանելու պատասխանատվությունը: 1 միավորի տարբերությամբ «Սենտ-Էթյենը» փրկվեց ու մնաց ուժեղագույնների շարքում:

Հաջորդ մրցաշրջանում օգտվելով միայն իր ձեռքի տակ եղած կադրերից, որոնց թվում էին Դիմիտրի Պայետն ու Բլեզ Մատյուիդին, Գալտյեն կարողացավ մրցաշրջանն ավարտել 10-րդ տեղում: 2011/12 մրցաշրջանում «Սենտ-Էթյենը» համալրվեց հեռանկարային հարձակվողով. ժամանեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը:

Գաբոնցու խփած 16 գոլերն օգնեցին թիմին նվաճել եվրագավաթային ուղեգիր՝ զբաղեցնելով 7-րդ տեղը: Բայց Գալտյեի գլխավորությամբ ֆրանսիական ամենատիտղոսակիր ակումբի գագաթնակետը 2012/13 մրցաշրջանն էր, երբ «Սենտ-Էթյենը» հաղթեց երկրի գավաթը 32 տարվա դադարից հետո:

St Etienne beat Stade Rennes to win French League Cup - Eurosport

Հենց այդ ժամանակներից Գալտյեն խաղացողներից առավելագույնը քաղող մարզչի համբավ ձեռք բերեց՝ անկախ իրավիճակից ու մրցակիցներից: Հատկապես «Սենտ-Էթյենում» Գալտյեն անհավասար պայմաններում էր մրցակցում՝ շատ ավելի քիչ բյուջեով ու ռեսուրսներով, այդ պատճառով էլ ամենատաղանդավոր խաղացողները շատ արագ հեռանում էին ակումբից, ինչպես Կուրտ Զուման, Յոսուա Գիլավոգին, Ֆաուզի Գուլամը և Ալան Սեն-Մաքսիմենը:

«Նիսի» հեղափոխությունը

2021թ.-ի ամռանը Գալտյեի կարիերայում նոր փուլ սկսվեց: Փորձառու մասնագետը գլխավորեց «Նիսը», ու մրցաշրջանի մեկնարկից առաջ ակումբը բավական ակտիվ տրանսֆերային ամառ անցկացրեց: Ժան-Կլեր Տոդիբոն, Պաբլո Ռոսարիոն, Ջասթին Կլյուվերտը և Մարիո Լեմինան համալրեցին «Նիսը»: Գալտյեն կրկին շեշտը դրեց իր սիրելի 4-4-2-ի վրա, և «Նիսի» խաղն սկսեց հիշեցնել չեմպիոնական «Լիլին». նորից առանցքային նշանակություն ունեցան վինգերները, վստահելի կենտրոնական պաշտպաններն ու 2 հարձակվողները:

Գալտյեի գաղափարներն արդյունք տվեցին նաև «Նիսում», որը մրցաշրջանի կոնկրետ հատվածում նույնիսկ գլխավորում էր Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը: Նրանց առանձնահատկությունը խաղի վերջին 15 րոպեների ընթացքում գոլեր խփելն էր: Գալտյեն կրկին բացահայտեց իր տրամադրության տակ եղած տաղանդավոր ֆուտբոլիստների, ինչպիսիք են Յուսեֆ Ատալը, Էվան Գեսանը և Կեֆրեն Թյուրամը: «Նիսը» չկարողացավ եվրագավաթային ուղեգիր նվաճել՝ ունենալով ավելի զորեղ մրցակիցներ, բայց 5-րդ տեղը մրցաշարային աղյուսակում գոհացնող էր երկրպագուների ու ղեկավարության համար: Գալտյեն «Նիսում» մնալու դեպքում շարունակելու էր զարգացնել իր նախագիծը, բայց նրան ժամանակ չեն տալիս եվրոպական գրանդները:

Galtier a little closer to the Aiglons! - Archyworldys

Այնուամենայնիվ Գալտյեն մնում է Ֆրանսիայում: Նրա կարիերայի հաջորդ ու գլխավոր քայլն արդեն ՊՍԺ-ն է: Զինեդին Զիդանից ու Ժոզե Մոուրինյոյից մերժում ստանալուց հետո փարիզյան ակումբը նոր դարաշրջանի մեկնարկը տալիս է Գալտյեի հետ: Նա ակումբի նոր մարզական տնօրեն Լուիշ Կամպոսի ֆավորիտն է: 

ՊՍԺ-ի երկրպագուները գուցե ավելի հնչեղ անուն էին սպասում, բայց նրանք կարող են ուսումնասիրել Գալտյեի կարիերան, տեսնել՝ ինչ մարտահրավերներ է նա ընդունել ու հաղթահարել: 55-ամյա մասնագետի համար էլ սա անհամեմատ ավելի մեծ մարտահրավեր է, քանզի ՊՍԺ-ի ղեկին Ֆրանսիայի չեմպիոն դառնալն այլևս «հաշիվ չէ»: Ակումբն արել է անհնարինը. պահել է Կիլիան Մբապեին, կլինեն նոր տրանսֆերներ, ու Գալտյեի առջև արդեն դրված է հստակ առաջադրանք՝ հաղթել Չեմպիոնների լիգան: Առաջադրանք, որ չեն լուծել Կառլո Անչելոտին, Լորան Բլանը, Ունայ Էմերին, Թոմաս Տուխելը և Մաուրիսիո Պոչետինոն: 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա