Logo

Հակոբ Սերոբյանը՝ Երևանում ԵԱ-ի անցկացման մասին. «Իրականանում է մեր վաղեմի երազանքը»

Հեղինակ
Հրայր Նազարյան
20:34 / 28.01.2023Մարմնամարզություն
Բացառիկ
null

Երևանն առաջին անգամ ընտրվել է սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց Եվրոպայի 2027 թվականի առաջնության մրցավայր։ Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը VNews-ի հետ զրույցում հայտարարեց, որ պատմական այդ իրադարձությունն առնվազն տեսանելի ապագայում կկանխորոշի Հայաստանում մարզաձևի զարգացումը։

«Հայաստանում Եվրոպայի առաջնության անցկացումը մեր վաղեմի երազանքն է։ Անչափ ուրախ ենք, որ այն վերջապես իրականանում է։ Նման խոշորագույն մրցման կազմակերպումը կլուծի մեր բոլոր խնդիրները. վերջապես կունենանք ժամանակակից պահանջներին համապատասխանող և նորագույն մարզագույքով հագեցած մեկ, գուցե նաև մի քանի մարզադահլիճ։ Գիտեք, թե որքան երկար ենք երազել մարզումային նորմալ պայմաններով ապահովված լինելու մասին։ Կարծում եմ՝ այդ հարցերի լուծմամբ մոտ 15 տարի որևէ խնդիր չենք ունենա։ Հատկապես ուրախ եմ նոր սերնդի մարմնամարզիկների համար։ Նաև հպարտ եմ, քանի որ այս որոշման կայացմանը նպաստել են մեր այսօրվա մարզիկների նվաճումները։ Մի բան էլ. եթե նախկինում ասում էի՝ հուսով եմ, հավատում եմ, որ շուտով նոր մարզադահլիճ կունենանք, ապա հիմա վստահ եմ դրանում»,- նշեց գլխավոր մարզիչը։

Հակոբ Սերոբյանն ընդգծեց, որ Երևանը Եվրոպայի առաջնության մրցավայր է ընտրվել Հայաստանի կառավարության լիակատար աջակցության շնորհիվ։ «Առանց դրա ոչինչ չէր ստացվի։ Տեղյակ եմ գործընթացի բոլոր մանրամասներին և կարող եմ ասել, որ կառավարությունը հայտարարել է՝ հնարավորինս ամեն ինչ անելու է՝ առաջնությունը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար։ Իմ տեղեկություններով՝ Երևանում անցկացվելու է միայն տղամարդկանց առաջնությունը։ Սակայն, եթե որոշվի ընդունել նաև կանանց ստուգատեսը (Եվրոպական ֆեդերացիան հաստատել է, որ կանանց մրցաշարը նույնպես անցկացվելու է Երևանում - խմբ.), ապա հարկ կլինի ապահովել արդեն ոչ թե 1-2, այլ կրկնակի ավելի մարզումային մարզադահլիճ և մարզագույքի 4-5 ամբողջական հավաքածու։ Չեմ կարող ասել, թե ներկայումս ինչպիսին է գույքի մեկ ամբողջական հավաքածուի արժեքը, բայց մի քանի տարի առաջ 120 հազար եվրոյի չափ էր։ Այդ ամենը պետք է ապահովի հայկական կողմը. մարմնամարզության եվրոպական ֆեդերացիան նման դեպքերում սովորաբար չի աջակցում մարզագույք տրամադրելու կամ կազմակերպչական մյուս հարցերում։ Տեղյակ եմ, որ Հայաստանի կառավարությունն արդեն փոխանցել է շուրջ 20 հազար եվրո։ Դա բխում է եվրոպական կառույցի պահանջներից։ Լուրջ ծախսեր են սպասվում, որոնց մեր կառավարությունը պատրաստ է»,- արձանագրեց Հակոբ Սերոբյանը։

Մարզիչը ոգևորված է նաև այն հանգամանքից, որ հայ մարզասերը վերջապես անմիջականորեն կառնչվի մարմնամարզության խոշոր մրցման։

«Շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները հնարավորություն կունենան հետևելու մարմնամարզության այդպիսի նշանակալի առաջնության և ավելի լավ կհասկանան, թե ինչ է մարմնամարզությունը։ Կզգան այդ մարզաձևի ամբողջ գեղեցկությունը, գրավչությունն ու բարդությունը։ Վստահ եմ՝ մարդիկ կգան, կտեսնեն և կսիրահարվեն մարմնամարզությանը»,- հայտարարեց Հակոբ Սերոբյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա