Logo

«Հիացած եմ». Մխիթարյանի առաջին հարցազրույցը՝ որպես «Ինտերի» ֆուտբոլիստ (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
05:39 / 03.07.2022Հարցազրույցներ


Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ պայմանագիր է կնքել: Միլանյան ակումբի մամուլի ծառայությունը հարցազրույց է անցկացրել թիմի նորեկի հետ:

- Բարի գալուստ «Ինտեր», Հենրի՛խ: Ի՞նչ ես զգում այս պահին.

- Հիացած եմ, իսկապես լավ եմ զգում: Ուրախ եմ, որ «Ինտերի» ֆուտբոլիստ եմ, և անհամբերությամբ եմ սպասում այն պահին, թե երբ եմ մարզվելու ու հագնելու «Ինտերի» խաղաշապիկը:

- «Ինտերի» դեմ 7 խաղում խփել ես 3 գոլ, կատարել 1 ասիստ. գուցե արդեն հատուկ կապ կա այս գույների հետ...

- Չգիտեմ՝ ինչու, բայց ինձ հաջողվել է շատ լավ խաղալ «Ինտերի» դեմ: Ես գոլեր եմ խփել ու գոլային փոխանցում կատարել: Հիանալի էր «ներաձուրիներին» դիմակայելը, բայց հիմա անհամբերությամբ եմ սպասում այս մարզաշապիկով խաղալուն ու գոլ խփելուն:

- Ա Սերիայի պատմության առաջին հայը լինելուց մինչև «Ինտերի» պատմության առաջին հայը դառնալը. քեզ համար սա ի՞նչ նշանակություն ունի, և ի՞նչ նշանակություն ունի երևանցի երեխայի համար Եվրոպայի ամենահեղինակավոր թիմերից մեկին միանալը.

- Միշտ երազել եմ խաղալ աշխարհի ամենակարևոր առաջնություններում: Ուրախ եմ, որ արդեն երեք տարի անցկացրել եմ Իտալիայում, իսկ հիմա հպարտ եմ, որ «Ինտերի» ֆուտբոլիստ եմ: Կան երեխաներ, որ նայում են ինձ ու ունեն այն երազանքը, որ ես ունեի: Նրանք ցանկանում են լինել Ա Սերիայի մի մասը, և հուսով եմ՝ օրինակ կլինեմ նրանց համար:

- «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը նույնպես հայկական արմատներ ունի. արդյոք նա օրինա՞կ է եղել քեզ համար: Որքա՞ն վճռական ես՝ անելու այն, ինչ նա արեց՝ հետք թողնելով «Ինտերի» պատմության մեջ.

- Ջորկաեֆն իմ կուռքերից է եղել. երբ ես երիտասարդ էի, հետևում էի նրան, նաև լուսանկար ունեմ նրա հետ: Յուրին բացառիկ ֆուտբոլիստ էր. նա բազմաթիվ գոլեր խփեց «Ինտերում» և իր հետքը թողեց ակումբի պատմության մեջ: Ես նույնպես ցանկանում եմ իմ հետքը թողնել ու տիտղոսներ նվաճել այս թիմի հետ, քանզի մենք ձգտում ենք հասնել մեր նպատակներին:

- Կարիերայիդ ընթացքում հագել ես կարևոր մարզաշապիկներ ու միշտ գերազանց արդյունքի հասել: Արդեն խոսե՞լ ես գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ, ի՞նչ ակնկալիքներ ունես.

- Այո՛, մենք խոսել ենք: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նրան իր խոսքերի համար: Մենք պետք է միասին աշխատենք, ու ես ցանկանում եմ ցույց տալ, որ այստեղ եմ՝ խաղալու ու թիմին օգնելու համար: Ի վերջո կարևորագույնը միասին հաղթել կարողանալն է:

- Հավանաբար անհամբերությամբ ես սպասում մրցաշրջանի մեկնարկին, ինչպես «ներաձուրիների» երկրպագուները. նրանց համար ուղերձ ունե՞ս.

- Ակնհայտ է, որ անհամբերությամբ եմ սպասում մեկնարկին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին ինձ ցուցաբերած աջակցության ու իմ ստացած հաղորդագրությունների համար: Անհամբերությամբ ենք սպասում նրանց հետ մարզադաշտում հանդիպմանը, որպեսզի միասին հաղթանակների հասնենք:

«Հռոմը նվաճված է, հաջորդ կայարանը՝ Միլան». 3 գործոն, թե ինչու է Մխիթարյանի համար ճիշտ քայլ «Ինտեր» տեղափոխություն

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա