Logo

Պայմանավորված խաղերի պատճառով Չեմպիոնների լիգայից զրկվածը. ինչպիսի թիմ է «Ալաշկերտի» մրցակիցը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
20:37 / 06.07.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Վերջին տարիներին «Ալաշկերտի» հաջող ելույթները եվրագավաթներում այնքան են բարձրացրել ակումբի վարկանիշն ՈՒԵՖԱ-ի ցանկում, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլը հայկական թիմն սկսում է «հայտավորված ակումբների» ցանկում, այսինքն՝ ավելի ցածր վարկանիշով թիմի հետ կխաղա: Ավելին՝ երկրորդ փուլ անցնելու դեպքում Հայաստանի քառակի չեմպիոնը կրկին ավելի ցածր վարկանիշով մրցակից կունենա:

Այդուհանդերձ, այդ փուլին հասնելու համար հարկավոր է հաղթահարել առաջին մրցակցին: Առաջին հայացքից այն ավելի թույլ է, սակայն նախկինում, ինչպես «Ալաշկերտն» է անակնկալներ մատուցել` հաղթելով ավելի ուժեղ թիմերի, այնպես էլ կարող է նույնը լինել նրա հետ: Հետևաբար ճիշտ ժամանակն է ծանոթանալու հայկական թիմի մրցակցին` «Համրուն Սպարտանսին»:

Պատմությունը

«Սպարտանսը» հիմնադրվել է 1907 թվականին (ինչպես «Փյունիկի» մրցակից ռումինական «Կլուժը») Մալթայի Համրուն փոքր քաղաքում: Այդ քաղաքում հիմա բնակվում է մոտ 10 հազար մարդ, իսկ տարածքը 1.1 քառ. կմ է: Համեմատության համար նշենք, որ Երևանի ամենափոքր վարչական շրջանը` Նորք-Մարաշը, Համրունից մեծ է 4 անգամ: 

«Սպարտանսն» իր 115 տարվա պատմության ընթացքում բազմիցս ֆինանսական խնդիրների է հանդիպել: Այդ պատճառով ակումբի ելույթներն էլ հաջող են եղել միայն այն ժամանակ, երբ կայունություն է եղել ֆինանսավորման հարցում: Մալթայի Պրեմիեր լիգայում «Համրունը» 2 չեմպիոնական տիտղոս նվաճել է 1910-ականներին, 1-ը` 1947-ին, այնուհետև՝ 36 տարվա դադարից հետո, սկսվել է թիմի լավագույն ժամանակահատվածը: 1980-ականներին ակումբի նախագահ Վիկտոր Տեդեսկոն կարողացել է այնպիսի թիմ կառուցել, որը 1983-ին «Ոսկե դուբլ» է ձևակերպել: Նա հիանալի կազմ է հավաքել «Սպարտանսում», ինչպես նաև կարողացել է անցնել «բյուրոկրատական դժոխքի» միջով և թիմ հրավիրել Մալթայի ֆուտբոլում վաղուց չհանդիպած լեգեոներների: Նրանք անգլիացիներ Պիտեր Հետչեմն ու Լինարկն էին: Արդյունքում՝ 80-ականներին՝ Տեդեսկոյի նախագահության ժամանակ, Համրունը 11 տիտղոս է նվաճել: 

90-ականներին «դանակավորները» կրկին ֆինանսական ճգնաժամում են հայտնվել, ստիպված բաժանվել են առաջատար ֆուտբոլիստներից և դուրս մնացել ուժեղագույն դիվիզիոնից: 

21-րդ դարի սկզբում Համրունը վերածվել էր «վերելակային թիմի», որը հայտնվել էր ուժեղագույն դիվիզիոն բարձրանալու, այնուհետև իջնելու արանքում: 2019 թվականին թիմը գլխավորեց «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Մանուելե Բլազին, որի հետ լավ ընթացք էր հավաքել, սակայն հետո կրկին այդ չարաբաստիկ ֆինանսավորման պատճառով ստիպված էր վաճառել առաջատարներին: 2020 թվականին վերջապես այդ խնդիրը լուծվեց. «Սպարտանսի» հիմնական բաժնետեր դարձավ Մալթայում անշարժ գույքի հսկա J. Portelli Projects ընկերությունը: Ակումբն անմիջապես ձեռք բերեց Մալթայի ամենախոստումնալից երիտասարդներից Ջոզեֆ Մբոնգին, Մեթյու Գիյոմին և Խուան Կառլոս Կորբալանին: Տրանսֆերներն անմիջապես արդյունք տվեցին, և «Սպարտանսը» 30 տարվա դադարից հետո` 2021 թվականին, նվաճեց Մալթայի չեմպիոնի կոչումը: Թվում էր՝ եկել է վերջապես Չեմպիոնների լիգայում խաղալու երկար սպասված պահը, բայց «Սպարտանսը» հեռացվեց այդ մրցաշարից: Պատճառը Մալթան ցնցած պայմանավորված խաղերի բացահայտումն էր: Պարզվեց՝ 2013 թվականին «Սպարտանսը» ներգրավված է եղել պայմանավորված խաղերում: 8 տարի անց, բայց սպասելի պատիժ «Սպարտանսը», այնուամենայնիվ, կրեց: 

Ստադիոնը

«Համրուն Սպարտանսը» խաղում է Վիկտոր Տեդեսկոյի անվան ստադիոնում: Տեդեսկոյի մասին արդեն հիշատակվեց ակումբի՝ 80-ականների հաջողությունների մասին հատվածում: 

Ստադիոնը կառուցվել է 1996 թվականին և վերակառուցվել 2008-ին: Մարզադաշտն ունի 1800 նստատեղ: Տրիբունաներում կան նաև խաղերին կանգնած հետևելու համար հատուկ տրիբունաներ: Եթե դրանք նույնպես լեփ-լեցուն լինեն, ապա Տեդեսկոյի անվան ստադիոնում կարող է 6000 հազար մարդ տեղավորվել: 

Ստադիոնում նաև կա բար, մի քանի գրասենյակ, իսկ հարևանությամբ՝ ֆուտզալի խաղադաշտ: «Սպարտանսը» լիարժեք օգտագործում է ստադիոնը: Թիմը նաև այնտեղ է մարզվում, իսկ երիտասարդական ու մանկապատանեկան թիմերը նույնպես խաղում են Տեդեսկոյի անվան ստադիոնում: 

Եվրագավաթային փորձ

«Համրուն Սպարտանսը» գրանցել է Մալթայի պատմության գլխավոր եվրագավաթային նվաճումներից մեկը: Ակումբը դարձել է առաջինը, որ կարողացել է միևնույն մրցակցին հաղթել երկու խաղերում: Դա եղել է 1984/85 մրցաշրջանի Գավաթակիրների գավաթում, որտեղ մալթացիները 2:1 և 1:0 հաշիվներով գերազանցել են հյուսիսիռլանդական «Բալիմենա Յունայթեդին»: 

1/8 եզրափակիչում արդեն կղզիաբնակների ճանապարհին կանգնել է Մոսկվայի «Դինամոն»: Մոսկվայում «Դինամոն» ջախջախել է 5:0 հաշվով (դուբլ է ձևակերպել հանրահայտ Վալերի Գազաևը), իսկ Մալթայում ֆավորիտը հաղթել է համեստ հաշվով` 1:0:

Եվրագավաթային 8 փորձերից այդ տարի միակ դեպքն էր, որ «Սպարտանսը» կարողացել է գոնե մեկ փուլ հաղթահարել: Վերջին անգամ մալթական այս թիմը եվրագավաթներում հայտնվել է 90-ականների սկզբին: 1991/92 մրցաշրջանի Չեմպիոնների գավաթում «Սպարտանսը» 10 գոլ է բաց թողել «Բենֆիկայի» դեմ երկու խաղերում, իսկ հաջորդ տարի՝ Գավաթակիրների գավաթում, մեկնարկել է սլովենական «Մարիբորից» 0:4 հաշվով արտագնա պարտությամբ, սակայն  հետո տանն առավելության է հասել` 2:1: Ստացվում է՝ «Սպարտանսի» վերջին եվրագավաթային խաղն ավարտվել է հաղթանակով: 

Մարզիչը

«Սպարտանսի» մարզիչը Բրանկո Նիշևիչն է: Սերբը ֆուտբոլիստի կարիերայի մեծ մասն անցկացրել է Մալթայում` խաղալով մի քանի թիմերում, այնուհետև անցել է մարզչական աշխատանքի:  

Նիշևիչը երիտասարդների հետ աշխատելու մեծ փորձ ունի: Նա գլխավորել է Մալթայի Մ17 և Մ19 հավաքականները, իսկ 2011-2013 և 2018-2019 թվականներին եղել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնականը: 

50-ամյա մասնագետի համար հաջող է սկսվել նաև ակումբային կարիերան: 2013 թվականին՝ «Հիբերնիանսը» գլխավորելուց 2 տարի անց, նա այդ թիմին դարձրել է Մալթայի չեմպիոն: Հետագայում նա գլխավորել է կղզիաբնակների «Գիզրա Յունայթեդ», «Սիլեմա Ուոնդերերս» և «Նադուր Յանգսթերս» ակումբները: Վերջինը, որ ներկայացնում է Մալթայի ուժով երկրորդ լիգան, 2021 թվականից մինչև 2022-ի փետրվարը սերբի գլխավորությամբ 14 խաղ է անցկացրել և տպավորիչ` 13 հաղթանակի հասել: Նրա թիմն այդ 14 խաղում նաև 49 գոլ է խփել: 

Բնականաբար, ավելի ուժեղ թիմից առաջարկը երկար սպասել չի տվել, և այդ թիմը եղել է «Համրուն Սպարտասը», որը 50-ամյա մասնագետը գլխավորում է այս տարվա փետրվարից: 

Ելույթները նախորդ մրցաշրջանում 

2021-22 մրցաշրջանը «Սպարտանսն» սկսեց թիմին չեմպիոնության պարգևած Մարկ Բուտիջեջի գլխավորությամբ, սակայն անմիջապես հասկացվեց, որ թիմի նկատմամբ մրցակիցների վերաբերմունքը փոխվել է: «Համրունն» սկսեց ավելի լուրջ դիմադրության հանդիպել՝ մեկնարկելով 6 խաղում 6 միավորով և 4 պարտությամբ: Շատ մարզիչների նման իրավիճակում պաշտոնանկ կանեին, բայց չեմպիոնի գործոնը լրացուցիչ շանսի իրավունք էր, որը մալթացի մասնագետը ժամանակավորապես օգտագործեց: Ամանորյա տոներին «Համրունը» մեկնեց 6 խաղում 5 հաղթանակով: Այդուհանդերձ, մեկամսյա ընդմիջումն իր դերը խաղաց, և «դանակավորները» կորցրին հաղթական ռիթմը: 2022-ի մեկնարկում թիմը 7 խաղում ընդամենը 2 հաղթանակ տարավ, և մարզիչը հեռացվեց:

Երբ նրան փոխարինեց Բրանկո Նիշևիչը, թիմը Պրեմեր լիգայում ընթանում էր 5-րդ տեղում: Սերբի հետ «Համրունն» 8 խաղում 19 միավոր վաստակեց: Վերջին տուրում «Սպարտանսը» կարևոր արտագնա հաղթանակի (1:0) հասավ «Բիրկիրկարայի» նկատմամբ և առաջնությունն ավարտեց երրորդ տեղում: 

Գավաթի մրցաշարում «Համրունը» պայքարից դուրս մնաց քառորդ եզրափակիչում, որտեղ 113-րդ րոպեին բաց թղած գոլի պատճառով պարտվեց (1:2) Պրեմիեր լիգայի ապագա հաղթող «Հիբերնիանսին»:

Կազմը

Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր նվաճելուց հետո ֆինանսական կայունություն ստացած «Սպարտանսը» կտրուկ անցել է կազմն ուժեղացնելուն: Տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո՝ այս մեկ ամսում, ակումբն 8 նորեկ ունի, որոնցից 7-ը լեգեոներ են: Սակայն առաջտարներից մեկին` Ժոզեֆ Մբոնգին, թիմում պահել չի հաջողվել. նա մեկ տարով վարձակալության է մեկնել Իսրայել:

Բրազիլացի ձախ պաշտպան Վինիսիուսի տրանսֆերային իրավունքը երկար ժամանակ պատկանել է «Լացիոյին», թիմի նոր կենտրոնական հարձակվողն Էլվիս Մաշիկեն է, որը խաղացել է «Ժիլինայում», մյուս կենտրոնական հարձակվող Ֆայսալ Էլ Բախտաուին իր առաջին մրցաշրջանում դարձավ թիմի լավագույն ռմբարկուն (7+6), իսկ ահա մյուս ռմբարկու Ֆրանկլին Սասերեն վերադարձել է Շվեյցարիա:

Վինգերների դիրքում սրություն կարելի է սպասել անգլիական արմատներով մալթացի Լյուկ Գեմբինից և թիմի նորեկ Ռայան Կամենզուլիից: 

Պաշտպանության ամրության համար էլ պատասխանատու են կենտրոնական պաշտպան Կառլ Միկալեֆը, որը 25 տարեկանում արդեն թիմի ավագն է և շուտով կարող է ավելի բարձրակարգ առաջնություն տեղափոխվել: Դարպասում էլ փորձառու Հենրի Բոնելոն է, որը վաղուց դարձել է Մալթայի հավաքականի հիմնական դարպասապահը:  

Կարծիք

VNews-ի հետ զրույցում «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանը մալթական թիմին չթերագնահատելու համար հիշեց ֆուտբոլի անկանխատեսելիության գործոնը.

«Միշտ էլ «Ալաշկերտն» ուժեղ է եղել, բայց որպեսզի մեր թիմին շատ չգովենք, ինչպես նաև հաշվի առնենք ֆուտբոլի անկանխատեսելիությունը, կարող ենք ասել, որ հավասար մրցակիցներ ենք: Ամեն ինչ ցույց կտան մեր միջև երկու խաղերը: «Ալաշկերտի» առջև խնդիր է դրված այս տարի նույնպես նորմալ արդյունքի հասնել, որպեսզի ուրախացնենք երկրպագուներին, և հայկական ֆուտբոլն էլ ավելի զարգանա»: 

Կոնֆերենցիաների լիգայի ընտրական առաջին փուլի՝ «Ալաշկերտ» - «Համրուն Սպարտանս» դիմակայության առաջին խաղը կկայանա հուլիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադինում: Մեկնարկը` 19:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա