Logo

Հանճարը գործի մեջ. պատմություններ Ռայոլայի գործարքներից, որոնց դժվար է հավատալ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
18:47 / 05.05.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Օրերս ֆուտբոլային աշխարհը ցնցեց հայտնի սուպերգործակալ Մինո Ռայոլայի մահվան լուրը։ Ռայոլան ընդհանրապես շատ հակասական կերպար է եղել ֆուտբոլային աշխարհում, նրա հետ աշխատել են ու լիովին վստահել աստղային խաղացողները (Զլատան Իբրահիմովիչ, Էրլինգ Հալանդ, Պոլ Պոգբա, Հենրիխ Մխիթարյան և այլք), սակայն ատել են ակումբների սպորտային տնօրենները, գլխավոր մարզիչներն ու նույնիսկ երկրպագուները։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է. գործակալը բնածին բիզնեսմեն էր՝ բնորոշ բոլոր հատկանիշներով, այսինքն՝ մշտապես առաջին տեղում էր դնում ֆինանսներն ու իր հաճախորդի պահանջները բավարարելը։ Նա անկրկնելի ու անգերազանցելի կերպար է եղել բանակցությունների սեղանի շուրջ և իր մոտեցումներով, մեթոդներով ստեղծել նոր տենդենցներ ֆուտբոլում։ 

VNews-ը ներկայացնում է Ռայոլայի իրականացրած գործարքներից պատմություններ, որոնք անհավատալի են թվում։

«Ես ցանկանում եմ, որ Նեդվեդը Զիդանից ավելի շատ վաստակի...»

Օրեր առաջ արդեն ներկայացրել ենք, թե ինչպես է Մինոն պիցցերիայի աշխատողից դարձել բիզնեսմեն ու հետո սուպերգործակալ։ Եվ ահա, իտալացի գործակալն իր կարիերայի առաջին տրանսֆերն իրականացնելուց հետո Ֆոջայում ճակատագրական երկու հանդիպում է ունենում. առաջինը՝ իր ապագա կնոջ, երկրորդը՝ Ա Սերիայից գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանի հետ, որի հետ ընկերության արդյունքում Ռայոլան հասկանում է, որ ցանկանում է գտնել տեխնիկական ու հոգեբանական տեսանկյունից կատարյալ ֆուտբոլիստ իր ընկերոջ համար։ Ռայոլան չէր հավատում, որ նման ֆուտբոլիստ գոյություն ունի նախքան Պավել Նեդվեդին հանդիպելը։

«Նա միայն մտածում էր, որ չի կարող ֆուտբոլ խաղալ, բայց նա կարող է, եթե բոլորից ավելի շատ աշխատի...»
Չեխ կիսապաշտպանին վիճակված էր դառնալու Ռայոլայի առաջին խոշոր հաճախորդը, բայց սկզբում նա Նեդվեդին ուղարկեց Զեմանի նոր ակումբ՝ «Լացիո»։

«Մամա միա, դուք կարող եք գիրք գրել դրա մասին…»,- այսպիսի պատասխան է տվել իտալացին, երբ նրան հարցրել են Նեդվեդի՝ «Յուվենտուս» տեղափոխության մասին։

Ֆուտբոլիստը երջանիկ էր Հռոմում, ու նրան բավարարում էին իր ելույթները «Լացիոյի» կազմում։ Փողը ոչինչ էր ֆուտբոլիստի համար, սակայն ոչ Մինոյի, որը շատ շուտով համոզեց իր հաճախորդին վերանայել իր հայացքները։ Եվ այդպես երկուսով՝ բոլորից գաղտնի, անձնական ինքնաթիռով մեկնեցին Թուրին բանակցությունների։

Սակայն շատ արագ այդ վարագույրը բարձրացրեց ու նրանց մատնեց «Յուվենտուսի» տեխնիկական տնօրեն Լուչիանո Մոջին, որը տեղական լրատվամիջոցների ականջին շշնջացել էր սպասվողի մասին։ Այդպես, երբ Նեդվեդին ֆիքսեցին իր գործակալի հետ Թուրին ժամանելիս, «Լացիո» վերադառնալու շանսերը չքացան։ Մոջիի՝ նման ստոր քայլի պատճառը 90-ականներին երիտասարդ Ռայոլայի հետ տարաձայնությունն էր։

Ռայոլայի ու Մոջիի հանդիպումը նշանակված էր առավոտյան 11-ին, գործակալը ժամանեց հանդիպման վայր 15 րոպե շուտ։ Նրան դիմավորեցին մի խումբ մարդիկ, բայց ուշանում էր գլխավոր գործող անձը: Մինոն համբերատար սպասելու մտադրություն չուներ. նա հեռացավ ու Մոջիին գտավ ակումբի աշխատակիցների սիրած ռեստորանում: Ռայոլան մոտեցավ ու ասաց նրան.

-Դուք, պարոն Մոջի՞ն եք։
- Այո՛, ո՞վ եք Դուք։
- Ես Ռայոլան եմ։
-Օ՜, Դուք Ռայոլան եք... Եթե այսքան անքաղաքավարի լինեք իմ հանդեպ, երբեք Իտալիայում ֆուտբոլիստ չեք վաճառի։

Ռայոլան հետագայում ապացուցելու էր, որ Մոջին կտրականապես սխալվում է։ Մամուլի վերաբերյալ Մոջիի հնարքից հետո «Յուվենտուսը» բանակցություններին մոտեցավ մեծ ինքնավստահությամբ, սեղանին դրեց իր պահանջներն ու սպասում էր, որ դրանք շատ արագ ընդունվեն։ Սակայն սուպերգործակալն արդեն իր տարերքի մեջ էր. նա այդ բանակցությունները հետագայում նկարագրում էր որպես «my matchday», ու այդ խաղին նա մոտեցել էր թոփ մարզավիճակով։

«Ես ցանկանում եմ, որ Պավելն ավելի շատ վաստակի, քան Զինեդին Զիդանը»,- դիմեց Ռայոլան «Ծեր սինյորայի» ղեկավարներին, որոնք մի կուշտ ծիծաղեցին այդ խոսքերի համար։

«Մինո՛, հիմա ես գնում եմ տուն ու վաղն առավոտյան ինձ կասես, թե որ ակումբում եմ խաղալու՝ «Յուվե՞», թե՞ «Լացիո»։ Դու ես իմ գործակալը»,- դատարկ թղթի վրա ստորագրելուց հետո ասաց Նեդվեդը ու հեռացավ, որից հետո թեժ վիճաբանություն սկսվեց կողմերի միջև։

Արդյունքում՝ խուճապի մեջ հայտնված «Յուվենտուսի» տնօրենները համաձայնեցին Մինոյի պայմաններին։ 

«Նրանք ասացին՝ «շատ լավ, մենք կտանք ձեզ X գումար», բայց հետո ես նրանց պատասխանեցի. «Ես փոխել եմ միտքս. չեմ ուզում X գումար, ուզում եմ՝ Y»: «Դուք խելագար եք»,- այս պատասխանից հետո նոր պատերազմ սկսվեց։ Ռայոլան հեռացավ՝ թողնելով պայմանագիրը «Յուվեի» գրասենյակում, իսկ հաջորդ օրը զանգ ստացավ. նրանք համաձայն էին։

Հենց այս գործարքն էլ կանխորոշեց Ռայոլայի փայլուն ապագան ֆուտբոլային աշխարհում։

Իբրային Իբրա է դարձրել հենց Ռայոլան

Ռայոլայի դիվանագիտական հմտությունների մասին լեգենդներ էին պտտվում։ Եվ հենց այդ ժամանակներում էլ էքսցենտրիկ շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչն սկսեց փնտրել գործակալ։ Մեկը, որ կհամապատասխաներ իր առեղծվածային կերպարին։ Իբրային Ռայոլային խորհուրդ տվեց նիդեռլանդցի մի լրագրող, բայց նրան զգուշացրեց, որ իտալական ծագումով նիդեռլանդցին «մաֆիոզ» է։

«Մաֆիոզոն» լավ է հնչում»,- պատասխանեց Զլատանը, և կազմակերպվեց հանդիպում։

Նրանց հանդիպումը նշանակված էր ճապոնական շքեղ ռեստորանում։ Իբրան ներկայացավ թանկարժեք կոստյումով, ոսկյա ժամացույցով՝ հանդիպելու մեկին, որը, ըստ նրա, ավելի մեծ ժամացույցով պետք է լիներ։ Սակայն Մինոն հայտնվեց ջինսե տաբատով, Nike-ի շապիկով ու միայնակ սկսեց «խժռել» մակարոնի մեծ բաժին։ Ռայոլային հաջողվեց շոկի մեջ գցել հարձակվողին։

-Մտածում ես՝ թույն ֆուտբոլիստ ես, հա՞։
- Իհարկե։ 
- «Ես Զլատանն եմ»։ Աստվա՜ծ իմ... Գիտես՝ ինչ, Զլատա՛ն, հավատա ինձ՝ դու ոչ ոք ես ինձ համար։ Դու այնքան քիչ ես գոլ խփում, որ քո ոճով ավելի հեշտ կլիներ աշխատանք գտնել կրկեսում։
- Եթե շատ գոլեր խփեի, ինձ կվաճառեր անգամ իմ մայրիկը։
- Զլատա՛ն, եթե ցանկանում ես, որ ես դառնամ քո գործակալը, պետք է վաճառես «Պորշեդ» ու գնես «Ֆիատ», հետո գրավ կդնես քո «Ռոլեքսը» ու նորմալ ժամացույց կգնես։ Իսկ ամենակարևորը՝ սկսիր նորմալ մարզվել, այնպես, ինչպես կասեմ քեզ։ Քո վիճակագրությունը սարսափելի է։
- Այդպես է։

Զլատանը հեռանում է ռեստորանից ու խնդրում ժամանակ մտածելու համար, սակայն րոպեների ընթացքում գալիս է եզրակացության, որ ցանկանում է պայմանագիր կնքել այդ «հրաշալի տխմարի» հետ։ Իսկ մնացածը, ինչպես ասում են, պատմություն է։

Հենրիխ Մխիթարյանն ինքն է գտել Ռայոլային

Երբ Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում մրցաշրջանի արդյունքներով դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն, նրա համար որսի դուրս եկան տարբեր գործակալներ։ Ադ ժամանակ ֆուտբոլիստի քույրը՝ Մոնիկան, հասկացավ, որ այլևս չի կարող ինչպես հարկն է զբաղվել եղբոր կարիերայով։ Նա լսել էր Մինո Ռայոլա անունով գործակալի մասին, որի համար անհնար գործարքներ չկային, և երբ կապի դուրս եկավ իտալացու հետ, նա ուղղակի հարցրեց. «Ինչու՞ եք հենց ինձ ընտրել. բոլորի հետ չէ, որ ես աշխատում եմ»: Միլանում կայացած հանդիպմանը Մինոն ներկայացել էր ամբողջությամբ պատրաստ ու հետաքրքրված Մխիթարյանի հետ համագործակցությամբ։

«Նրան հրավիրել ենք Հայաստան, ու նա խոստացել է գալ: Ռայոլան եկավ նաև Մխիթարյանի հարսանիքին. նա, առհասարակ, հարսանիքների և թաղման արարողությունների չի մասնակցում, բայց Հենրիխի համար բացառություն արեց»,- պատմել է Մոնիկան։

Մի առիթով Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը նույնիսկ անկեղծացել է, որ երբեմն իրեն զայրացնում է Ռայոլայի պահվածքը։

«Ինձ դուր է գալիս նրա հետ աշխատանքը, բայց նա բարդ անձնավորություն է, ինչպես նաև բարդ գործակալ։ Իհարկե, նա նույնպես վատ կողմեր ունի։ Երբ բարդ ժամանակների միջով էի անցնում, նրան մի քանի անգամ զանգահարեցի, բայց նա այդպես էլ չպատասխանեց։ Մեկ ամիս հետո հետ զանգեց ու հարցրեց. «Ինչու՞ չես զանգում ինձ, մոռացե՞լ ես իմ մասին»։

Իսկ ես պատախանեցի. «Մինո, տեսե՞լ ես քանի անգամ եմ քեզ զանգել, բայց դու չէիր վերցնում»: Իսկ նա ասաց. «Այո՛, այդ դեպքում զանգիր ինձ 3-րդ կամ 4-րդ անգամ»։ Նա միշտ պատասխան էր գտնում»։

Սակայն Մխիթարյանը, ինչպես սուպերգործակալի մյուս հաճախորդները, կարևորում էին, որ եթե երջանիկ չեն որևէ ակումբում, ապա երջանիկ չէ նաև Մինոն։ Եվ հենց նրա ջանքերի ու համառության շնորհիվ 2016-ին Հենոյի տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր դարձավ։ Վերջին տարիներին՝ կարևոր ֆուտբոլիստներ կորցնելուց հետո, «իշամեղուների» ղեկավարությունը վճռական էր պահելու հայ ֆուտբոլիստին թիմում. նա անցկացրել էր արտակարգ մրցաշրջան՝ 23 գոլ ու 32 ասիստ։

«Մանչեսթեր Յունայթեդին» միանալու առաջարկ դու կարող ես ստանալ կյանքում մեկ անգամ, ու ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ դուռը բաց կլինի նաև հաջորդ մրցաշրջանում։ «Մանչեսթերը» Միկիի երազանքի թիմն է. նա ցանկանում է տեղափոխվել այնտեղ ամեն գնով։ Մխիթարյանը կոնֆլիկտային անձնավորություն չէ։ Նա ամեն ինչ վստահել է ինձ։ Մենք չենք հանձնվելու»,- ասել է Ռայոլան Bild-ին։

Եթե մշտապես հետևում եք տրանսֆերային շշուկներին ու նորություններին, ապա հավանաբար գիտեք, որ ամենաբարդը տրվում են հենց գերմանական ակումբի ղեկավարության հետ բանակցությունները, որոնք շատ հաճախ անարդյունք են լինում։ Սակայն Ռայոլա-Վատցկե «բազկամարտի» մրցմանն ավելի ուժեղ է գտնվում հենց գործակալը։ Երբ դորտմունդյան ակումբի գործադիր տնօրենը, ըստ մամուլի, պահանջում է հանգիստ թողնել Հենոյին, քանի որ «Յունայթեդում» են արդեն նրա թոփ հաճախորդներից մի քանիսը (Պոլ Պոգբան, Զլատան Իբրահիմովիչը), Մինոն կորցնում է ինքնակառավարումն ու աթոռ շպրտում, որից հետո էլ անգլիական ակումբն ավելի լավ առաջարկ է կատարում, և գերմանացիները չեն դիմանում գայթակղությանը՝ հասկանալով, որ հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստին ստիպված են լինելու բաց թողնել անվճար։

***

Տրանսֆերային պատուհանների ժամանակ տիրող փոթորիկներից շահում են բոլորը՝ լրատվամիջոցներից, երկրպագուներից, ակումբներից մինչև գործակալներ։ Սակայն սովորաբար հենց վերջիններն են դառնում բոլորի քավության նոխազը։ Ամեն դեպքում Ռայոլան, միանշանակ, հասարակ գործակալ չէր՝ անողոք բանակցությունների սեղանին, հավատարիմ իր հաճախորդներին, խելամիտ բիզնեսմեն՝ անզուսպ պրագմատիզմով ու ռեալիզմով։ Երկարաժամկետ հեռանկարում հենց Ռայոլան է լինելու հաղթողի դերում, քանի որ որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի ակնհայտ են դառնում ֆուտբոլային չինովնիկների առաջնահերթությունները։


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա