Logo

Անվճարից 3 ամիս պակաս. թոփ ֆուտբոլիստներ, որոնք ամռանը կարող են դառնալ ազատ գործակալ (մաս 1)

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
17:02 / 16.03.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
թոփ ֆուտբոլիստներ

2022 ամառային տրանսֆերային պատուհանը խոստանում է դառնալ աննախադեպ ու անմոռանալի: Պատճառը ֆուտբոլային նոր տենդենցներից մեկն է: Վերջին տարիներին ակումբների տրանսֆերային քաղաքականությունը, շրջանառվող ահռելի գումարները տրանսֆերային շուկայում, տրանսֆերային սագաներն ու ձախողված բանակցությունները հանգեցրին նրան, որ ֆուտբոլիստները չերկարաձգեն գործող պայմանագրերն իրենց ակումբների հետ ու դրանց ավարտին ավելի շահավետ պայմաններով տեղափոխվեն այն ակումբ, որտեղ իրենք են ցանկանում, ոչ թե այն ակումբ, որը լավագույն առաջարկն է կատարել իրենց ներկայիս թիմի ղեկավարությանը: Այս ամռանն ազատ գործակալների ցանկը երկար է ու ճոխ, ընտրությունն էլ՝ բազմազան ամեն դիրքում: Նրանցից ոմանք էլ արդեն սկսել են բանակցությունները տարբեր թիմերի հետ, մի մասն էլ նախնական պայմանագիր է ստորագրել:

Քանի որ անհնար է մտապահել բոլորին ու խոսել միանգամից բոլորի մասին, VNews-ը երկու մասով կներկայացնի լավագույն ազատ գործակալներին ու նրանց կարիերայի շարունակության ամենահավանական տարբերակները:

Կիլիան Մբապե (ՊՍԺ)

Կիլիան Մբապե (ՊՍԺ)

Մադրիդի «Ռեալն» ու Կիլիան Մբապեն վաղուց են երազում ու տենչում միմյանց: Մբապեի տեղափոխությունն իսպանական գրանդ ակումբ որևէ կասկած չի հարուցում, եթե իհարկե տեղի չունենա անսպասելին: Աշխարհի չեմպիոնը կիրականացնի իր մանկության երազանքը, ու նրան կարծես չեն շեղում «Պարի Սեն Ժերմենի» բազմամիլիոնանոց առաջարկները: Վերջերս Չեմպիոնների լիգայում «Ռեալից» կրած պարտությունը հավանաբար վերջնականապես համոզել է ֆուտբոլիստին: Մինչդեռ նրա փայլուն ելույթները «Ռեալի» դեմ  ու 2 գոլերը հստակ ուղերձ են «Արքայական ակումբի» երկրպագուներին ու նախագահ Ֆլորենտինո Պերեսին, որ իրենց թիմի մարզաշապիկը կրելու է աշխարհի լավագույն ու ամենահեռանկարային ֆուտբոլիստը: Այնպես որ, «Ռեալի» առաջարկն առնվազն չպետք է զիջի փարիզցիների առաջարկին: Այդ դեպքում, հնարավոր է, ֆուտբոլիստի համար ասպարեզում հայտնվեն անգլիական գրանդները կամ էլ «Բարսելոնան»:

Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»)

Եվս մեկ թոփ մակարդակի ֆուտբոլիստ, որն ազատ գործակալ կդառնա այս ամռանը: 29-ամյա Պոգբան այն խաղացողներից է, որը, ինչպես ոչ ոք, գիտի ու իր ուսերին կրել է ոսկյա գնապիտակը: «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների մեծ ակնկալիքները պայմանավորված են նաև նրա դիմաց վճարված 89 մլն ֆունտով: Եվ Պոգբան էլ 7 տարվա ընթացքում մեծ թվով մարդկանց համար մնաց չարդարացված տրանսֆեր: Հիմա պատմությունը կարող է կրկնվել, և ինչպես սըր Ալեքս Ֆերգյուսոնի ժամանակներում, ֆրանսիացին կարող է տեղափոխվել «Յուվենտուս» անվճար: Մադրիդի «Ռեալն» ու ՊՍԺ-ն նույնպես իրենց ուշադրության կենտրոնում են պահում կիսապաշտպանին: Բայց նաև բացառված չէ, որ Պոգբան ընդունի «կարմիր սատանաների» առաջարկը պայմանագրի թարմացման վերաբերյալ:

Պաուլո Դիբալա («Յուվենտուս»)

Պաուլո Դիբալա -Յուվենտուս

«Յուվենտուսի» ու Պաուլո Դիբալայի ճանապարհները պայմանագրի երկարաձգման հարցում դեռևս չեն խաչվում: Թուրինյան ակումբը, մտքում պահելով արգենտինացու հաճախակի վնասվածքները, միտված չէ երկարաժամկետ գործարք առաջարկել նրան, իսկ Դիբալան այլ ակնկալիքներ ունի նաև աշխատավարձի տեսանկյունից: Իհարկե, Դիբալան Մասիմիլիանո Ալեգրիի թիմի կարևոր մասնիկն է, սակայն հիմա Իտալիայում կարծես պատրաստ են բաց թողնել Պաուլոյին, որը 7 տարի անցկացրել է «Ծեր սինյորայի» մարզաշապիկով:

 «Ինտերը» պատրաստ է սեղանին դնել ավելի լավ պայմաններով համաձայնագիր: Դիբալայի ծառայությունների նկատմամբ անտարբեր չեն նաև «Բարսելոնան» ու Մադրիդի «Ատլետիկոն»:

Ֆրանկ Կեսի («Միլան»)

Ազատ գործակալների գլխավոր որսորդ «Բարսելոնայի» «թակարդում» է հայտնվել նաև միլանցիների կիսապաշտպան Ֆրանկ Կեսին: Իսպանացի լրագրող Ժերար Ռոմերոն պնդում է, որ կատալոնական ակումբն ու կոտդիվուարցի ֆուտբոլիստն ընդհանուր հայտարարի են եկել պայմանագրի կետերի շուրջ: Մեկ այլ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում էր, որ ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» թիմում տարեկան կվաստակի 6.5 մլն եվրո:

Այն, որ Կեսին զարդարելու է պահեստայինների նստարանը, տեսանելի է արդեն հիմա: Փոխարենը՝ նա մրցակցություն է առաջարկելու Սերխիո Բուսկետսին, Գավիին, Ֆրենկի դե Յոնգին, Ռիկի Պուչին ու Նիկո Գոնսալեսին:

Ուսման Դեմբելե («Բարսելոնա»)

Երբ ամիսներ առաջ Ուսման Դեմբելեն բարձր աշխատավարձ պահանջեց «Բարսելոնայից», ու բանակցությունները վերջնականապես ձախողվեցին, կատալոնական ակումբի երկրպագուները «դավաճանների» շարքին դասեցին երիտասարդ ֆրանսիացուն: Սակայն գլխավոր մարզիչ Չավին զգացողությունների զոհ չդարձավ ու սկսեց օգուտ քաղել ֆուտբոլիստից: Հիմա արդեն նրան անվանում են «միստր ասիստ»: Դեմբելեն վերջին 4 խաղում 4 գոլային փոխանցում է կատարել ու դարձել կատալոնական ակումբի վերածնունդի գլխավոր անձանցից: 

Վնասվածքները կարծես նույնպես դադարել են հետապնդել խաղացողին, ու նա էլ ավելի գրավիչ է դարձել եվրոպական գրանդների համար: Դեմբելեի ստորագրության համար պայքարում են լոնդոնյան թիմերը՝ «Չելսին» ու «Արսենալը»: Անցած շաբաթ Football London-ը, հղում կատարելով Sport Witness-ին, հայտնեց, որ Դեմբելեն արդեն նախնական պայմանագիր է կնքել Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի հետ, սակայն հիմա դժվար է պատկերացնել, որ Ռոման Աբրամովիչի թիմը կկարողանա պայմանագիր կնքել որևէ խաղացողի հետ: Ըստ շշուկների՝ Դեմբելեին դիտարկում են նաև «Պարի Սեն Ժերմենում» ու «Մանչեսթեր Յունայթեդում»:

Հենրիխ Մխիթարյան («Ռոմա»)

Հենրիխ Մխիթարյան Ռոմա

Եվ նորից... Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ավարտին մնացել է մի քանի ամիս: Ամենաթարմ լուրերից մեկը հայտնում է Calciomercato-ն. «Ռոման» պատրաստ է երկու տարվա պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստին: Սակայն կիսապաշտպանը պետք է համաձայնի աշխատավարձի կրկնակի կրճատման: Որքան էլ Մխիթարյանն ու նրա ընտանիքը երջանիկ են Հռոմում, այնուամենայնիվ Մինո Ռայոլան, հնարավոր է, այլ թիմերից ավելի նպաստավոր պայմաններով գործարք դնի սեղանին ու հակառակում համոզի հայ կիսապաշտպանին, իսկ դրանում Ռայոլան հավասարը չունի: Ու հենց այսօր Corriere della Sera-ն տեղեկություն տարածեց, ըստ որի՝ Մխիթարյանը պատրաստ կլինի նոր պայմանագիր կնքել «Ռոմայի» հետ, եթե աշխատավարձի նվազեցում չլինի:

Մխիթարյանին իրենց շարքերում են ցանկանում տեսնել Միլանի երկու ակումբները(նա արդեն սահուն իտալերեն է խոսում, միջավայրի փոքրիկ փոփոխությունն էլ կարող է լավ գաղափար թվալ մեր ֆուտբոլիստի համար), ռուսական ակումբները՝ Մոսկվայի «Սպարտակը» ու «Կրասնոդարը», սակայն այս ուղղություն տրանսֆերն այնքան էլ գայթակղիչ չէ մանավանդ այս օրերին:

Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի»)

«Չելսիում» շատ ֆուտբոլիստների ապագան անորոշ է ու մշուշոտ: Լոնդոնյան ակումբի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, որոնցից մեկն արգելում է նոր պայմանագրեր կնքել ֆուտբոլիստների հետ: Սակայն, առանց այդ էլ, գերմանացի պաշտպանն ու ակումբը չէին կարողանում համաձայնության հասնել խաղացողի աշխատավարձի չափի շուրջ: Եթե «Չելսին» ցանկանում է Ռյուդիգերին պահել թիմում, ապա պետք է նրան դարձնի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող պաշտպանը:

Բնական է, որ Ռյուդիգերն ամենապահանջված ազատ գործակալներից է տրանսֆերային շուկայում: Անցած ամիսների ընթացքում գերմանացի ֆուտբոլիստի համար մրցավազքում ֆավորիտ էին Մադրիդի «Ռեալն» ու «Պարի Սեն Ժերմենը»: «Յուվենտուսը» նույնպես ցանկանում է վերադարձնել խաղացողին Ա Սերիա, «Բավարիայում» էլ երազում են որակյալ կենտրոնական պաշտպանի մասին, ու Ռյուդիգերը լավագույն թեկնածուներից է:

Անդրեաս Քրիստենսեն («Չելսի»)

«Չելսիից» ևս մեկ պաշտպան, որն ամռանը կազատվի պայմանագրի պարտավորություններից: Չնայած լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը պնդում է, որ Քրիստենսենը մեծ սխալ կգործի՝ հեռանալով անգլիական թիմից, սակայն այս պահին ոչինչ չի հուշում, որ տեղի կունենա հակառակը:

25-ամյա դանիացուն ցանկանում են իրենց կողմը քաշել «Բավարիան» ու «Բարսելոնան»: Սակայն վերջին օրերին ավելի հավանական է թվում կատալանոկան ակումբ տեղափոխությունը: Իսպանացի լրագրող Ժերար Ռոմերոն հայտնել է, որ կողմերն արդեն ստորագրել են նախնական պայմանագիր: Մյունխենյան ակումբի համար էլ Քրիստենսենը դիտարկվում է որպես Նիկլաս Զյուլեին փոխարինող, սակայն նրանց առաջարկը, ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, չի համոզել ֆուտբոլիստի ներկայացուցիչներին: Քրիստենսենը պարզ է դարձրել, որ չի տեղափոխվի Անգլիայի Պրեմիեր լիգայի այլ ակումբ՝ «Չելսիի» նկատմամբ հարգանքից ելնելով: 

Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ»)

Լուկա Մոդրիչ -Ռեալ Մադրիդ

36-ամյա Լուկա Մոդրիչը շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» կարևորագույն խաղացողներից: Դա կհաստատեն նաև «Պարի Սեն Ժերմենի» խաղացողները: Սակայն «Արքայական ակումբի» երկրպագուներն անհանգստանալու առիթ քիչ թե շատ ունեն, քանի որ խորվաթ ֆուտբոլիստը կարող է հեռանալ հունիսին: Մոդրիչի ու «Ռեալի» ցանկությունները, ըստ Marca-ի, համընկնում են, սակայն ոչ ոք չի կարող կանխագուշակել՝ ինչ տեղի կունենա, երբ կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Մամուլում խոսվում է, որ իսպանական գրանդն «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելային դիտարկում է որպես Մոդրիչի հետնորդ:

«Ինտերից» ու «Մանչեսթեր Սիթիից» էլ ուշադիր հետևում են Մադրիդում զարգացող իրադարձություններին ու ամեն պահի կարող են առաջարկով հանդես գալ:

«Ձրիից մի քիչ էժան». տրանսֆերային շուկան կարող է փոխվել առհավետ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա