Logo

Վարազդատ Հարոյան․ «Մխիթարյանի ներկայությունը շատ կհեշտացներ մեր գործը» (տեսանյութ)

16:40 / 24.03.2023Հայկական ֆուտբոլ
null

«Միանշանակ, Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը շատ կհեշտացներ մեր գործը, բայց ունենք այն, ինչ ունենք։ Այս խաղին կպատրաստվենք այն ֆուտբոլիստներով, որոնց ունենք»։ Այդ մասին հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը՝ Երևանում կայացած նախախաղային ասուլիսում խոսելով Թուրքիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի առաջին տուրի հանդիպման մասին։

«Հեգեբանական տեսանկյունից շատ լավ վիճակում եմ։ Պայմանագիր եմ կնքել «Աստանայի» հետ ու ֆիզիկական առումով ևս խնդիրներ չունեմ։ Ամեն ինչ լավ է։ Ընդհանուր առմամբ, թիմը շատ լավ տեսք ունի՝ չհաշված վնասվածքները։

Թուրքիայի հավաքականը լավ թիմ է, որն ունի որակյալ ֆուտբոլիստներ։ Շատերը խաղում են թոփ լիգաներում։ Ուսումնասիրել ենք Թուրքիայի հավաքականին, գիտենք ուժեղ և թույլ կողմերը։ Կփորձենք փակել ուժեղ կողմերը և օգտագործել թույլ տեղերը։ Հուսով եմ՝ կստացվի։ Շատ լավ ենք տրամադրված։ Բոլորս էլ գիտենք, թե սա ինչ խաղ է մեզ համար ու ամեն ինչ լավ կլինի։ Շատ ուրախ եմ, որ խաղի բոլոր տոմսերը սպառվել են․ դա կօգնի մեզ։

Մեկ շաբաթ է, ինչ ծանոթ ենք նոր մարզիչին։ Որոշ ֆուտբոլիստներ ավելի շուտ են ծանոթացել նրա հետ և ավելի լավ հասկացել մտքերը։ Այս մեկ շաբաթվա ընթացքում շատ մեծ աշխատանք է կատարվել։ Մեր հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն էլ մեծ պրոֆեսիոնալներ են և կարծում եմ՝ շատ հեշտ ընտելացել են։

Իհարկե, Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը բացասաբար կազդի թիմի վրա։ Հենրիխը մեծ պրոֆեսիոնալ է ու մեծ ֆուտբոլիստ է։ Միանշանակ, նրա ներկայությունը շատ կհեշտացներ մեր գործը, բայց ունենք այն, ինչ ունենք։ Այս խաղին կպատրաստվենք այն ֆուտբոլիստներով, որոնց ունենք։ Միանշանակ, շատ-շատ կհեշտացներ մեր գործը, բայց դա նրա որոշումն է։ Հենրիխը բոլորիս ընկերն է, շատ սիրված ֆուտբոլիստ։ Բոլորս, երևի, հարգում ենք նրա որոշումը։

Հավաքականի նորեկ Հրանտ Լեոն-Ռանոսը շատ լավ տպավորություն է թողել։ Մարզումների ժամանակ միշտ այնպես էր ստացվում, որ իրար դեմ էինք խաղում։ Նա ունի շատ լավ որակներ, վստահ եմ՝ հատագայում շատ կօգնի մեզ։

Իհարկե, մենք այս խմբի ֆավորիտը չենք, բայց բոլոր հանդիպումներին պատրաստվում ենք վերջին խաղի պես։ Հատկապես այս խաղը տանն ենք անցկացնելու և նոր է սկսում ընտրական փուլը։ Պետք է շատ լավ խաղ ցուցադրենք, բոլորս էլ լավ հասկանում ենք դա։ Բոլորս հասկանում ենք Թուրքիայի դեմ խաղի նշանակությունը, մեր հիմնական մրցակիցն է։ Մեր խմբում կան շատ որակյալ թիմեր։ Փորձելու ենք քաղել առավելագույնը։ 

Թուրքիայի դեմ 2008 թվականին Երևանում կայացած խաղը հիշում եմ։ Ես եզրային գծի մոտից էի հետևում։ Մեր թիմը պարտվեց, բայց մեծ հիշողություններ պահպանվել են, քանի որ երիտասարդ էի»,- նշեց 30-ամյա պաշտպանը, որն օրեր առաջ խզել էր պայմանագիրը Կիպրոսի «Անորտոսիսի» հետ ու վերադարձել ղազախական «Աստանա»։

Հիշեցնենք, որ Հայաստան – Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 21։00-ին։ Դա Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումը կլինի Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ։ Եվրո-2024-ի ընտրական D խմբում ընդգրկված են նաև Խորվաթիան, Ուելսը և Լատվիան։

Հայաստան - Թուրքիա․ Դիմակայությունների պատմությունը (տեսանյութ, ֆոտո)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա