Logo

«Ուրարտուն» վերջապես գտավ «Փյունիկի» դարպասի բանալին, 250 խաղ՝ 9 թիմի կազմում. VBET ՀՊԼ-ի 33-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:45 / 17.05.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Առաջնության 33-րդ տուրում կարող էր ժամկետից շուտ որոշվել չեմպիոնը, սակայն «Փյունիկն» «Ուրարտուի» հետ խաղում բավարարվեց ոչ-ոքիով, իսկ «Արարատ-Արմենիան», հաղթելով «Վանին», առաջատարից միավորների տարբերությունը կրճատեց՝ հասցնելով 3-ի: Մրցանակային 3-րդ տեղի համար պայքարը հասավ գագաթնակետին շնորհիվ «Արարատի» նկատմամբ «Ալաշկերտի» տարած  հաղթանակի: 

VNews-ը 10 փաստի տեսքով ներկայացնում է տուրի ամենաուշագրավ իրադարձությունները.

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտեցին ոչ-ոքի: «Նոա» - «Նորավանք» խաղում գրանցվեց ընթացիկ առաջնության ամենագոլառատ ոչ-ոքին՝ 3-3: Ընդ որում՝ «Նոան» խաղի ընթացքում զիջում էր 0-3 հաշվով: Հանդիպման մրցավար Շահեն Աղայանն էլ մրցող թիմերի ֆուտբոլիստներին 10 դեղին քարտ ցույց տվեց:

Առաջնությունում կայացած 144 հանդիպումներից 60-ում հաղթել են դաշտի տերերը, 47-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 37-ում գրանցվել է ոչ-ոքի: 

4 հանդիպումներում խփվեց 12 գոլ (միջինը՝ 3 գոլ մեկ խաղում): Միայն «Վանը» չգտավ մրցակցի դարպասի բանալին: Առաջնության գարնանային հատվածում կայացած 65 խաղում 146 գոլ է գրանցվել (միջինը՝ 2,24 գոլ մեկ խաղում): Առաջնությունում անցկացված 144 հանդիպումներում խփվել է 345 գոլ (միջինը՝ 2,39 գոլ մեկ խաղում): 

2. «Ուրարտուին» վերջապես հաջողվեց ընթացիկ առաջնությունում ոչ միայն գրավել «Փյունիկի» դարպասը, այլև առաջին միավորը վաստակել: Մինչև այդ մրցակիցների միջև կայացած 3 խաղերում էլ «Փյունիկը» հաղթել էր ընդհանուր 5-0 հաշվով:

3. Սերգեյ Վակուլենկոն բացեց գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում՝ խփելով VBET ՀՊԼ-ում 5-րդ գնդակը: Նա ընդգրկվեց ՀՀ առաջնությունների 100 ամենաարդյունավետ լեգեոնականների անվանացանկում:

Դիդիե Բորիս Կադիոն էլ բացեց գոլերի հաշիվն «Ալաշկերտում»՝ խփելով VBET ՀՊԼ-ում 7-րդ գնդակը: Նա ընդգրկվեց VBET ՀՊԼ-ում «Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականների անվանացանկում: Իսկ նորավանքցի Կարեն Նալբանդյանն առաջին գոլը խփեց VBET ՀՊԼ-ում:

4. VBET ՀՊԼ-ում խփած գոլերի քանակով (57) ընթացիկ առաջնության մասնակիցներից ամենաարդյունավետ ֆուտբոլիստը՝ Գեղամ Հարությունյանը, «Նոայի» կազմում 4-րդ գոլը խփեց և ընդգրկվեց թիմի լավագույն ռմբարկուների տասնյակում, որը 21 գնդակով գլխավորում է Մաքսիմ Մայրովիչը: Հետաքրքիր է, որ նախորդ գոլը Հարությունյանը խփել էր հենց «Նորավանքի» դարպասը մարտի 19-ին կայացած խաղում:

5. Ուգոչուկվու Իվուն գոլով նշեց VBET ՀՊԼ-ում 100-րդ խաղի հոբելյանը: Նա դարձավ 100-րդ խաղի սահմանագիծը հատած 18-րդ լեգեոնականը: Այդ խաղերից կեսն Իվուն անցկացրել է «Ուրարտուի» կազմում՝ դառնալով 7 գոլի հեղինակ: Նա ընդգրկվեց «Ուրարտուի» ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում, որը 16-ական գնդակով գլխավորում են Բրունո Կորեան և Դու Բալան:

6. Մաիլսոն Լիման դարձավ «Արարատ-Արմենիայում» պաշտոնական մրցումներում 100-րդ խաղի սահմանագիծը հատած երկրորդ ֆուտբոլիստը: Առաջինը թիմի ավագ Արմեն Համբարձումյանն էր, որը 100-րդ խաղի հոբելյանը նշել էր առաջնության գարնանային հատվածի մեկնարկային տուրում՝ փետրվարի 19-ին «Արարատի» հետ կայացած մրցավեճում:

Մաիլսոն Լիման VBET ՀՊԼ-ում խփած 30 գնդակով «Արարատ-Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկուն է, ինչպես նաև Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի քանակով (81) ռեկորդակիրը:

7. Դմիտրի Աբակումովն ընթացիկ առաջնությունում առաջին անգամ պաշտպանեց «Արարատ-Արմենիայի» դարպասը՝ անցկացնելով 66-րդ խաղը VBET ՀՊԼ-ում: 33-ամյա Աբակումովն այդ ցուցանիշով գերազանցեց Ֆուրջել Նարսինգի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում  «Արարատ-Արմենիայի» կազմում բոլորից շատ՝ 55 խաղ էր անցկացրել:

Իսկ ահա «Արարատ-Արմենիայի» հիմնական դարպասապահը դարձած Վալերիո Վիմերկատիի՝ ՀՀ առաջնություններում անընդմեջ, առանց փոխարինման անցկացրած 44 խաղերի տպավորիչ շարքն ընդհատվեց: Այն սկսվել էր «Նոայում» 2020թ. դեկտեմբերի 1-ին՝ «Ուրարտուի» հետ անցկացրած խաղից, և ավարտվել էր այս տարվա մայիսի 9-ին՝ «Արարատ-Արմենիայի» կազմում «Նոայի» հետ հանդիպումով: 

Վիմերկատիի արդյունքը զիջում է միայն Վսևոլոդ Երմակովի ցուցանիշին (50 խաղ): Նրա ռեկորդային շարքն ընդհատվել էր նախորդ առաջնության ավարտական տուրում՝ «Շիրակի» հետ խաղում, որում Երմակովը դարպասում տեղը զիջել էր Պողոս Այվազյանին: Ընթացիկ առաջնությունում Երմակովը նոր շարք է սկսել՝ առանց փոխարինման «Արարատի» դարպասը պաշտպանելով բոլոր 31 հանդիպումներում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված 2 խաղերը):

8. Վբեյմար Անգուլոն VBET ՀՊԼ-ում 166-րդ խաղն անցկացրեց ու շրջանցեց Գագա Թբիլաշվիլուն, որը «Գանձասար-Կապանի», «Ուլիսի», «Դինամո-Զենիթի» և «Իմպուլսի»  կազմերում ընդհանուր առմամբ 165 խաղի է մասնակցել: Այդ խաղերից 130-ը Վբեյմարն անցկացրել է «Գանձասար-Կապանում»: Լեգեոնականներից Վբեյմարից ավելի շատ հանդիպումներ անցկացրել է միայն «Միկայի» նախկին պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվան՝ 230:

9. «Նորավանքի» ավագ Արթուր Ավագյանը VBET ՀՊԼ-ում հոբելյանական՝ 250-րդ խաղն անցկացրեց: Արթուր Ավագյանը 15-րդ մրցաշրջանն է անցկացնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում: «Նորավանքը» հայկական 9-րդ ակումբն է, որի մարզաշապիկը կրում է փորձառու ֆուտբոլիստը՝ մասնակցելով 9 խաղի: Նա ելույթներն սկսել է 2005թ.՝ «Լեռնային Արցախի» կազմում (3 խաղ): Հետագայում ելույթ է ունեցել «Կիլիկիայում» (58), «Արարատում» (14), «Գանձասար-Կապանում» (87), «Ալաշկերտում» (8), «Բանանցում» (37), «Լոռիում» (30) և «Սևանում» (4): 

10. Վսևոլոդ Երմակովն ընթացիկ առաջնությունում 2-րդ 11մ հարվածը հետ մղեց՝ հաղթող դուրս գալով ալաշկերտցի Ժոզե Էմբալուի հետ մենամարտում: Մինչև այդ նա աչքի էր ընկել «Արարատ-Արմենիայի» հետ ապրիլի 15-ին կայացած խաղում՝ Մաիլսոն Լիմայի հարվածից հետո որսալով գնդակը: Ընթացիկ առաջնությունում Վսևոլոդ Երմակովի դարպասին 11մ 5 հարված է նշանակվել:

Մաքսիմ Մայրովիչն ամենաարդյունավետ ռուսաստանցի ֆուտբոլիստն է VBET ՀՊԼ-ում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա