Logo

ՉԼ. «Բավարիան» հաղթեց «Արսենալին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ

00:54 / 18.04.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի երրորդ մասնակիցը:

Թոմաս Տուխելի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց Լոնդոնի «Արսենալին» և առավելության հասավ 1-0 հաշվով:

Հանդիպման միակ գոլը 63-րդ րոպեին խփեց գերմանացի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը: Ընդհանուր առմամբ՝ թիմերը երեքական դիպուկ հարված կատարեցին:

«Բավարիան» դիմակայությունում հաղթեց 3-2 հաշվով, Լոնդոնում թիմերը երկուական գոլ էին խփել՝ 2-2:

Զուգահեռ ընթացող խաղում էլ անգլիական «Մանչեսթեր Սիթին» և Մադրիդի «Ռեալը» հիմնական ժամանակում 1-1 հաշիվը գրանցեցին և հանդիպումը տեղափոխեցին լրացուցիչ ժամանակ: Դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 3-3 հաշվով:

«Էթիհադ» ստադիոնում ընթացող պատասխան խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց «Արքայական ակումբի» բրազիլացի եզրային հարձակվող Ռոդրիգոն: Մրցաշարի գործող գավաթակրի կազմում 76-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, որն Անդրեյ Լունինի դարպասը գրավեց «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի՝ գնդակը սխալ հեռացնելուց հետո:

«Բավարիան» կիսաեզրափակիչում երկխաղյա դիմակայություն կանցկացնի «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» զույգի հաղթողի հետ:

Նախօրեին գլխավոր եվրագավաթի կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել էին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն և Դորտմունդի «Բորուսիան»:

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

«Բավարիա» (Գերմանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 1-0 (առաջին հանդիպում՝ 2-2) (տեսանյութ)

Յոզուա Կիմիխ, 63