Logo

ՉԼ. «Ռեալը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ

01:48 / 18.04.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը:

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթահարեց մրցաշարի գործող գավաթակիր, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգելքը:

Մանչեսթերի «Էթիհադ» ստադիոնում կայացած պատասխան հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց «Արքայական ակումբի» բրազիլացի եզրային հարձակվող Ռոդրիգոն, որը մադրիդցիների գեղեցիկ գրոհի եզրափակիչ հատվածում երկրորդ հարվածով գրավեց բրազիլացի Էդերսոնի դարպասը:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի կազմում 76-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, որն ուկրաինացի Անդրեյ Լունինի դարպասը գրավեց «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի՝ գնդակը սխալ հեռացնելուց հետո:

Անգլիայի չեմպիոնը պատասխան գոլը խփելուց հետո մեծացրեց ճնշումը մրցակցի դարպասի ուղղությամբ: Դե Բրույնեն խաղի վերջնամասում գոլ խփելու ևս մեկ լավ հնարավորություն ունեցավ, սակայն մոտ տարածությունից բարձր հարվածեց: Հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, դիմակայությունը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, քանի որ առաջին խաղում գրանցվել էր 3-3 հաշիվը:

«Մանչեսթեր Սիթին» լրացուցիչ ժամանակում որոշակի առավելություն ուներ, սակայն չկարողացավ գոլ խփել: Հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որում ավելի դիպուկ գտնվեցին մադրիդցիները՝ առավելության հասնելով 4-3 հաշվով:

Անգլիայի չեմպիոնի կազմում նշակետից վրիպեցին պորտուգալացի վինգեր Բերնարդու Սիլվան և խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը: «Ռեալից» դիպուկ չէր միայն խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

«Արքայական ակումբը» գլխավոր եվրագավաթի կիսաեզրափակիչում երկխաղյա դիմակայություն կանցկացնի Մյունխենի «Բավարիայի» հետ, որը քառորդ եզրափակիչում հաղթահարել է Լոնդոնի «Արսենալի» արգելքը:

Նախօրեին կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել էին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն և Դորտմունդի «Բորուսիան»:

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 1-1 (11-մետրանոցներով՝ 3-4) (առաջին հանդիպում՝ 3-3) (տեսանյութ)

Կևին Դե Բրույնե, 76 - Ռոդրիգո, 12