Logo

Հայաստանի հավաքականը պարտվեց Չեխիային

00:51 / 27.03.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պրահայի «Լետնա» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Չեխիայի թիմի դեմ` պարտվելով 1-2 հաշվով։

Խաղի հաշիվը 14-րդ հաշիվը բացեց հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որն առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կազմում։ Գոլային փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականում 80-րդ հանդիպումն անցկացնող Կամո Հովհաննիսյանը:



Չեխերի պատասխան գոլն առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին խփեց կենտրոնական պաշտպան Լադիսլավ Կրեյչին, և թիմերն ընդմիջման գնացին հավասար հաշվի պայմաններում:

78-րդ րոպեին տանտերերին հաղթանակ պարգևեց Պլզենի «Վիկտորիայի» հարձակվող Տոմաշ Հորին, որը փոխարինման էր մտել 5 րոպե առաջ:

Ալեքսանդր Պետրակովը երկրորդ խաղակեսում կատարեց 6 փոխարինում: 81-րդ րոպեին խաղադաշտ մտավ նաև Կալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը, որը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի կազմում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 22-ին տնային ընկերական խաղում 0-1 հաշվով պարտվել էր Կոսովոյի թիմին, իսկ չեխերը նույն օրը 2-1 հաշվով արտագնա հաղթանակ էին տարել Նորվեգիայի հավաքականի նկատմամբ:

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 4-ին Լյուբլյանայում և կմրցի Սլովենիայի թիմի դեմ, իսկ հունիսի 7-ին Երևանում կընդունի Ղազախստանին։

Ընկերական հանդիպում

Չեխիա - Հայաստան` 2-1

Լադիսլավ Կրեյչի, 45+2, Տոմաշ Հորի, 78 - Էդգար Սևիկյան, 14

Հայաստան. Օգնյեն Չանչարևիչ, Դավիդ Դավիդյան, Վարազդատ Հարոյան, Ստյոպա Մկրտչյան (Սերգեյ Մուրադյան, 90), Գեորգի Հարությունյան, Կամո Հովհաննիսյան, Անդրե Կալիզիր (Էդուարդ Սպերցյան, 46), Հովհաննես Հարությունյան (Տիգրան Ավանեսյան, 81), Էդգար Սևիկյան (Արթուր Սերոբյան, 81), Լուկաս Սելարայան (Հրանտ-Լեոն Ռանոս, 73), Նորբերտո Բրիասկո Բալեկյան (Արթուր Միրանյան, 73)։