Logo

Մխիթարյան. «Ամեն ինչ անում եմ, որ պատրաստ լինեմ եզրափակիչին»

10:25 / 06.06.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի գավաթակիր «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչպես է ընթանում վնասվածքից ապաքինումն ու խոսել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հանդիպման մասին: 

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը հունիսի 5-ին մասնակի մարզվել էր միլանյան ակումբի ընդհանուր խմբում ու մարզաբազայի միքս գոտում խոսել լրագրողների հետ:

Ինքնազգացողության մասին

«Ինչպես տեսնում եք՝ ինքնազգացողությունս լավ է: Ամեն ինչ անում եմ, որ պատրաստ լինեմ եզրափակիչին: Դեռ ժամանակ կա, և հույս ունեմ, որ կկարողանամ օգնել թիմին»:

Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու ցանկության մասին

«Իմ մրցանակների մեջ չկա այդ գավաթը, և ես ցանկանում եմ նվաճել այն: Չգիտեմ՝ դեռ որքան կխաղամ, սակայն ամեն ինչ կանեմ, որ երկարաձգեմ կարիերաս»:

«Մանչեսթեր Սիթիի» մասին

««Մանչեսթեր Սիթին» աշխարհի լավագույն թիմերից է, որն ունի հիանալի կիսապաշտպանություն, սակայն ուժեղ են նաև մեր կիսապաշտպանները, որոնք գիտեն՝ ինչպես խլել գնդակն ու գրոհ սկսել: Վերջիվերջո մենք պետք է հասնենք նպատակին ու հաղթենք այս խաղում: Չեմպիոնների լիգայի եզրափակիչներն ամեն օր չեն լինում, գիտենք, որ բարդ խաղ է սպասվում, սակայն պատրաստ ենք ընդունել այս մարտահրավերը, որպեսզի հասնենք հաղթանակի»:

«Ինտերում» իր անփոխարինելիության մասին

«Գալով «Ինտեր»՝ չէի պատրաստվում մնալ պահեստայինների նստարանին: Եկել եմ, որ խաղամ ու օգնեմ թիմին հաղթանակներ տանել: Ցավոք, վնասվածք ստացա «Լեչեի» դեմ խաղում, իսկ հետո շարքից դուրս մնացին Չալհանօղլուն ու Բրոզովիչը, և մարզիչը կրկին շանս տվեց ինձ»,- նշել է 34-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը մայիսի 16-ին վնասվածք էր ստացել իտալական «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում և փոխարինվել 44-րդ րոպեին։ Ախտորոշվել էր ձախ ազդրի մկանային լարվածություն:

Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում «Ինտերի» կազմում անցկացրել է 48 հանդիպում, դարձել 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

«Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում: Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: