Logo

Պետրակով. «Ես այն մարզիչներից չեմ, որոնք արդարացումներ են փնտրում»

01:28 / 27.03.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Պրահայում կայացած ընկերական խաղում Չեխիայի հավաքականից կրած պարտությունը 1-2 հաշվով:

«Հենակետային կիսապաշտպանի գոտում Կալիզիր-Հարությունյան զույգով խաղալը հարկադրված քայլ էր, քանի որ Սպերցյանը որոշակի խնդիրներ ուներ և չէր կարող երկու խաղակես խաղալ, իսկ Իվուն, ինչպես գիտեք, վնասվածք ունի, այդ պատճառով խաղաց Կալիզիրը։ Ավանեսյանին չցանկացա մեկնարկային կազմում խաղացնել, քանի որ երիտասարդ է։ Կալիզիրը Շվեդիայի առաջնությունում չորս խաղ անցկացրել է այդ դիրքում։

Այս երկու խաղերում դրականն այն է, որ ֆուտբոլիստները լսում են մարզիչներին, մարզումների ժամանակ կատարում են առաջադրանքները։ Բացասականն արդյունքն է։ Եթե արդյունքը բացասկան է, արդեն վատ է։

Գոհ եմ Դավիդյանի և Սևիկյանի խաղից։ Դավիդյանը խաղաց առանց վախենալու, որևէ դժգոհություն չունեմ։ Շնորհավորում եմ Սևիկյանին առաջին գոլի կապակցությամբ։ Ես այն մարզիչներից չեմ, որոնք արդարացումներ են փնտրում։ Պարտության պատասխանատվությունը միայն ինձ վրա է։ Ֆուտբոլիստների խաղից գոհ եմ»,- նշել է ուկրաինացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 22-ին տնային ընկերական խաղում 0-1 հաշվով պարտվել էր Կոսովոյի թիմին, իսկ չեխերը նույն օրը 2-1 հաշվով արտագնա հաղթանակ էին տարել Նորվեգիայի հավաքականի նկատմամբ:

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 4-ին Լյուբլյանայում և կմրցի Սլովենիայի դեմ, իսկ հունիսի 7-ին Երևանում կընդունի Ղազախստանին։