Logo

ԱԱ-2022-ի մասնակիցները. Լևանդովսկին ու ընկերները խառնելու են հսկաների խաղաքարտերը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
20:45 / 07.11.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
ԱԱ-2022-ի մասնակիցներ

ԱԱ-2018-ում հիասթափեցնող ելույթից հետո, որում Լեհաստանի հավաքականն իր խմբում զբաղեցրեց վերջին տեղը՝ տանելով մեկ հաղթանակ ու կրելով 2 պարտություն, Ռոբերտ Լևանդովսկին ու ընկերները մտադիր են այս անգամ ավելի լավ մրցաշար անցկացնել: Սա կլինի երկրորդ անընդմեջ աշխարհի առաջնությունը լեհերի համար, որոնք այս անգամ էլ ընդգրկված են բավականին բարդ խմբում՝ Արգենտինա, Մեքսիկա և Սաուդյան Արաբիա:

VNews-ը շարունակում է ներկայացնել Կատարում նոյեմբերի 20-ին մեկնարկելիք Մունդիալ-2022-ի մասնակիցներին: Եկե՛ք պարզենք Լեհաստանի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը, ծանոթանանք խաղաոճին և ուսումնասիրենք թիմի գլխավոր աստղին:

Անցած ճանապարհ

Լեհաստանի հավաքականը որակավորման փուլում ընդգրկված էր I խմբում, որտեղ թիմը հրաշալի ելույթ ունեցավ, վաստակեց 20 միավոր, արդյունավետությունը նույնպես տպավորիչ էր՝ խփած 30 գոլ: Թվում էր՝ այս ցուցանիշը լիովին բավական կլիներ միանգամից Կատարի ուղեգիր նվաճելու հարցում: Համեմատության համար նշենք, որ A խմբից Սերբիան հենց 20 միավորով զբաղեցրեց առաջին տեղը, B խմբից՝ 19 միավորով Իսպանիան, C և D խմբերից էլ համապատասխանաբար 18-ական միավորով Կատարի ուղեգիր նվաճեցին Շվեյցարիայի ու Ֆրանսիայի հավաքականները: Բայց Լեհաստանի խմբում կար նաև Անգլիա, որը վաստակել էր 26 միավոր ու արդեն նվաճել խմբային փուլի ուղեգիր:

Լեհաստանի հավաքականը մարտին անցումային խաղեր անցկացրեց Շվեդիայի հետ: Մինչև վճռորոշ խաղերի անցկացումը եղավ գլխավոր մարզչի փոփոխություն. Պաուլո Սոուզայի փոխարեն հավաքականը գլխավորեց Չեսլավ Միխնևիչը, և կարողացավ հաղթահարել իր առջև դրված բավականին լուրջ մարտահրավերը: Շվեդիայում 0-1 հաշվով պարտվելուց հետո լեհերը պատասխան խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեցին սկանդինավյան թիմի դարպասն ու քամբեքի շնորհիվ ուղևորվում են Կատար:

ԱԱ-2022-ի մասնակիցներ-1

Խաղաոճ

Թիմի կազմը հիմնված է վետերանների ու երիտասարդների վրա. Վոյցեխ Շեսնին, Կամիլ Գլիկը, Գժեգոժ Կրիխովյակն ու Ռոբերտ Լևանդովսկին իրենց փորձն են փոխանցելու երիտասարդ ու տաղանդավոր Նիկոլա Զալևսկիին, Յան Բեդնարեկին ու Պիոտր Զելինսկիին: 

Միխնևիչի գլխավորությամբ Լեհաստանը տակտիկապես ճկուն է դարձել: 52-ամյա մասնագետը տարբեր սխեմաներ է փորձարկել։ Վերջին շրջանում լեհերը խաղում են 3-5-2 մարտավարությամբ, բայց նույնիսկ խաղի ընթացքում թիմը կարող է փոխել մարտավարությունը՝ անցնելով 4 պաշտպանով խաղի: 

Հարձակման գծում Լեհաստանը հույսը դնում է արագ ու կտրուկ փոխանցումների վրա: Լեհերը այնքան էլ չեն սիրում գնդակ վերահսկել, նրանք նախընտրում են հակապրեսինգ կիրառել, արագ վերադարձնել գնդակը մրցակցի կիսադաշտում, փնտրել ազատ գոտիներ մրցակցի պաշտպանության թիկունքում և ուղղահայաց փոխանցումներով հարվածային դիրք դուրս բերել հարձակման գծի ֆուտբոլիստներին. այստեղ ընտրության հնարավորություններ կան, քանի որ եզրերով ու կենտրոնով բացվում են հարձակվողները, բայց այդ կտրող փոխանցումներն ավելի հաճախ բաժին են հասնում Ռոբերտ Լևանդովսկիին:

ԱԱ-2022-ի մասնակիցներ-2

Լեհաստանը պաշտպանվում է ցածր բլոկով և հակված չէ դիմավորել մրցակցին դաշտի միջին հատվածում: Երբ լեհերը խաղում են 3 կենտրոնական պաշտպանով, առանց գնդակի այդ սխեման վերածվում է 5 պաշտպանի՝ լատերալները դառնում են եզրային պաշտպաններ, և թիմը, փաստացի, անցնում է երկշերտ պաշտպանության. 8 ֆուտբոլիստներ իրենց տուգանային հրապարակում/մատույցներում դիմավորում են մրցակցին: Մրցակիցը մեծ դժվարություններ չի ունենում տուգանային հրապարակ հասնելու հարցում, բայց այնտեղ մտնելը չափազանց բարդ է:

ԱԱ-2022-ի մասնակիցներ-3

Լեհերի ամենավտանգավոր կողմը հակագրոհներն են: Երբ նրանք խլում են գնդակը, կայծակնային արագությամբ պոկվում ու գտնում են մրցակցի խոցելի կողմերը: Այս առումով նրանք անհարմար մրցակից են դիրքային գրոհներ կազմակերպող թիմերի համար:

ԱԱ-2022-ի մասնակիցներ-4

Մարզիչը

Չեսլավ Միխնևիչը Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց 2022-ի փետրվարին: Նա ընդամենը մի քանի շաբաթ ուներ պատրաստվելու Շվեդիայի դեմ անցումային դիմակայությանը. մի քանի մարզում և ընկերական խաղ շոտլանդացիների դեմ: Բայց 52-ամյա մասնագետը լուծեց խնդիրը:

Նա շատ լավ ծանոթ է լեհական ֆուտբոլին. ժամանակին խաղացել է Լեհաստանի հավաքականում՝ դարպասապահի դիրքում: Մարզչական կարիերայում մարզել է բազմաթիվ լեհական թիմեր («Լեխ», «Պոգոն», «Տերմալիցա», «Լեգիա» և այլն), ինչպես նաև՝ Լեհաստանի Մ21 հավաքականը:

Միխնևիչի ուժեղ կողմը, որպես մարզիչ, ֆուտբոլիստների հետ լավ հարաբերություններ հաստատելու, հանդերձարանում մարտական մթնոլորտ ձևավորելու ունակությունն է: Նա նաև կարողանում է շատ լավ փոխանցել իր գաղափարները խաղացողներին և ստանալ այն ֆուտբոլը, որն ունի իր մտքում: Միխնևիչն ուսումնասիրում է մրցակիցներին և սիրում է թիմի մարտավարությունը հարմարեցնել մրցակցին՝ դառնալով «տհաճ» մրցակից և ունենալով հակախաղի բազմաթիվ տարբերակներ: 

ԱԱ-2022-ի մասնակիցներ-5

Գլխավոր աստղը

Լեհաստանի հավաքականի գլխավոր աստղը Ռոբերտ Լևանդովսկին է ավելի քան մեկ տասնամյակ: «Բարսելոնայի» 34-ամյա հարձակվողը ոչ միայն իր ժամանակի, այլև Լեհաստանի հավաքականի ու լեհական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից է (12 անգամ՝ Լեհաստանի լավագույն ֆուտբոլիստ), իր սերնդի լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկը: Լեհաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն անցկացրած 134 խաղում խփել է 76 գոլ:

Լևանդովսկին 2 տարի անընդմեջ ստացավ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, նվաճել է ՈւԵՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, 2021-ին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում երկրորդն էր, 2022-ին՝ 4-րդը: 2020-ին չեղարկվեց անհատական գլխավոր մրցանակը, այլապես Լևան, շատ մեծ հավանականությամբ, կնվաճեր նաև այդ մրցանակը: 7 անգամ Լևանդովսկին դարձել է Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու, իսկ թիմային մրցանակների առումով հարձակվողը նվաճել է հնարավոր ամեն ինչ: «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո էլ նա փայլում է ու միանձնյա գլխավորում է Լա լիգայի ռմբարկուների ցանկը:

ԱԱ-2022-ի մասնակիցներ-6

Լևանդովսկին, սակայն, մարտահրավեր ունի իր առաջ: Իր մասնակցած միակ աշխարհի առաջնությանը՝ 2018-ին, նա չկարողացավ գոլի հեղինակ դառնալ, և առաջիկա մրցաշարը Կատարում շատ լավ շանս է ցույց տալու լավագույն որակները և բացել գոլերի հաշիվը նաև Մունդիալներում՝ առաջնորդելով լեհերին:

Սպասելիքները

Լեհաստանի հավաքականն ընդգրկված է C խմբում, և թիմի հիմնական նպատակը խմբից դուրս գալն է: Այստեղ կա ընդգծված ֆավորիտ՝ Արգենտինան, որն արդեն 35 խաղ անընդմեջ անպարտելի է: Լեհերի գլխավոր մրցակիցը Մեքսիկայի հավաքականն է, որն իր խաղամակարդակով քիչ թե շատ հավասարազոր թիմ է: 

Ամենահավանական սցենարով Լեհաստանը դուրս կգա խմբից 2-րդ տեղով: C խմբի երկրորդ տեղը զբաղեցրած թիմը մրցելու է D խմբի հաղթողի դեմ: D խմբի ֆավորիտը աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն է:

Այսպիսով՝ Լեհաստանի հավաքականին, անկախ ամեն ինչից, հեշտ ճանապարհ չի սպասվում, բայց այս թիմն ունի փորձառու մարզիչ, հստակ խաղաոճ, աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին և մեծ ցանկություն՝ ավելի լավ մրցաշար անցկացնելու:

Կարդացեք նաև՝

ԱԱ-2022-ի մասնակիցները. «Տերանգայի առյուծները» սպառնում են դառնալ մրցաշարի անակնկալը 

ԱԱ-2022-ի մասնակիցները. Երիտասարդներով և աստղային վետերանով թիմը մտադիր է կրկին պատմություն կերտել
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա