Logo

Ալեքսանդր Պետրակով․ «Փորձում եմ փոխել հայ ֆուտբոլիստների մտածելակերպը» (տեսանյութ)

17:01 / 24.03.2023Հայկական ֆուտբոլ
null

«Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ունեն մեծ ներուժ։ Փորձում եմ մի քիչ փոխել նրանց մտածելակերպը, որպեսզի նրանք սկսեն երազել ինչ-որ բանի հասնելու մասին»։ Այդ մասին Թուրքիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական հանդիպման նախախաղային ասուլիսում հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ Երևանում կայացած ասուլիսում ուկրաինացի մասնագետը խոսել է Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկի ու տարբեր թեմաների մասին։

«Ընտրական փուլը նոր է մեկնարկում, այդ պատճառով բոլորի շանսերը դեռ հավասար են։ Թիմի ֆուտբոլիստների վիճակը նորմալ է, սկզբում կար ոչ մեծ դիսբալանս։ Խաղացողները տարբեր մարզավիճակում են միացել հավաքականին։ Վաղվա խաղում կտեսնենք, թե ինչ վիճակում են նրանք։

Թիմում շատ են նոր ֆուտբոլիստները։ Տղաների հետ ծանոթացել եմ, լավ տպավորություն են թողել ինձ վրա։ Շուրջ 6 ժամ եմ ծախսել բոլորի հետ զրուցելու համար։ Դա իմ սկզբունքներից է, որպեսզի ճանաչեմ մարդուն։ Տղաների հետ խոսել ենք իմ պահանջների մասին։ Երկու ֆուտբոլիստներ եկել են օվկիանոսի այն կողմից, դա շատ բարդ է և պետք է հասկանալ մարդկանց։ Սակայն նրանք չեն եկել զբոսնելու, սա ֆուտբոլ է և պետք է խաղալ։

Էդուարդ Սպերցյանի շուրջ խաղ կառուցելու մասին կասեմ, որ դա իմ սկզբունքների մեջ չի մտնում։ Դեմ չենք, որ Սպերցյանը լինի առաջատար ու իր հետևից տանի թիմին, սակայն չենք ցանկանում ունենալ մեկ լիդեր։ Ցանկանում ենք, որ ամբողջ թիմը լինի առաջատար։ Նախկինում դա Հենրիխ Մխիթարյանն էր, սակայն բոլոր մարզիչների պես ես էլ եմ ցանկանում, որ առաջատարները շատ լինեն։ 

Նաիր Տիկնիզյանը ևս շատ լավ տպավորություն է թողել մեր զրույցի ընթացքում։ Նա շատ դաստիարակաված տղա է։ Նա հայ է, այդ պատճառով նրան հրավիրել եմ Հայաստանի հավաքական։

Չեմ կարող ասել, որ Հայաստանի հավաքականի նախորդ ֆուտբոլիստները վատ խաղացողներ էին կամ որ նրանց մոտ ինչ-որ բան չէր ստացվում։ Սակայն գալիս է մի ժամանակ, երբ հավաքականը պետք է փոխվի ու երիտասարդացվի։ Դա շատ բարդ գործընթաց է։ Նոր խաղացողներն ունեն մեծ ներուժ։ Փորձում եմ զրուցել նրանց հետ, որպեսզի մի քիչ փոխեմ մտածելակերպը, և նրանք սկսեն երազել ինչ-որ բանի հասնելու մասին։ Որքանով կստացվի, ցույց կտա ժամանակը։ Եթե կսկսեք քննադատել ինձ, դա իմ աշխատանքի մի մասն է։ Առանց քննադատության չի լինում»,- նշեց ուկրաինացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Հայաստան – Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 21։00-ին։ Դա Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումը կլինի Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ։ Եվրո-2024-ի ընտրական D խմբում ընդգրկված են նաև Խորվաթիան, Ուելսը և Լատվիան։

Հայաստան - Թուրքիա․ Դիմակայությունների պատմությունը (տեսանյութ, ֆոտո)

Վարազդատ Հարոյան․ «Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը շատ կհեշտացներ մեր գործը»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա